Իսրայելը և Հուդան դատապարտված են
1. Եփրեմն ինձ ստով է պաշարել, իսկ Իսրայելի տունը՝ խաբեությամբ. բայց Հուդան տակավին ճանաչում է Աստծուն և հավատարիմ է Սրբին։
2. Եփրեմը քամի է արածում և արևելյան քամուն հետապնդում, ամեն օր շատացնում է սուտն ու բռնությունը։ Դաշինք են կապում Ասորեստանի հետ և յուղ են տանում Եգիպտոս։
3. Տերը Հուդայի հետ ևս վեճ ունի և պիտի պատժի Հակոբին նրա ճանապարհների համեմատ, ըստ նրա արարքների պիտի հատուցի նրան։
4. Արգանդում բռնեց եղբոր գարշապարից և իր ուժով մենամարտեց Աստծու հետ։
5. Մենամարտեց հրեշտակի հետ և հաղթեց, լացեց և աղաչեց նրան։ Բեթելում գտավ նրան և այնտեղ խոսեց նրա հետ,
6. Տերը՝ Զորքերի Աստվածը, որի անունը Տեր է։
Դատապարտության այլ խոսքեր
7. Քո Աստծո՛ւն դարձիր, ողորմությունն ու իրավունքը պահի՛ր և միշտ քո Աստծո՛ւն ապավինիր։
8. Վաճառական է, որի ձեռքին խաբեության կշեռք կա. նա սիրում է հարստահարել։
9. Բայց Եփրեմն ասում է. «Իրոք հարստացա, ինձ համար ունեցվածք գտա, իմ ամբողջ վաստակում մի անօրենություն չեն գտնելու, որ մեղք լինի»։
10. Բայց ես եմ Տերը՝ քո Աստվածը, Եգիպտոսի երկրից ի վեր, հանդիսավոր տոնի օրերի պես քեզ դեռ վրանների մեջ եմ բնակեցնելու։
11. Ես խոսեցի մարգարեներին և շատացրի տեսիլքները և մարգարեների միջոցով առակախոսություն արեցի։
12. Եթե անօրենություն կա Գաղաադում, նրանք ունայն են դարձել. Գաղգաղայում արջառներ զոհեցին, նրանց զոհասեղանները քարակույտերի նման են արտի ակոսների վրա։
13. Հակոբը փախավ Արամի երկրի դաշտը, և Իսրայելը ծառայեց կնոջ համար. կնոջ համար հոտերի պահապան եղավ։
14. Եվ մի մարգարեով Տերն Իսրայելին հանեց Եգիպտոսից, և մի մարգարեով նա պահպանվեց։
15. Եփրեմը դառնությամբ բարկացրեց Աստծուն, ուստի նրա արյունը իր վրա պիտի թափվի, և Տերը նրա նախատինքը իրեն պիտի վերադարձնի։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: