Տարվա առաջին ձյունը եկավ նոյեմբերի սկզբին` ամեն բան ճերմակ ներկելով և բարկասիրտ մարդկանց որդիների միջև խաղաղության դաշինք հաստատելով: Առաջին ձյան հարթած խանդավառությամբ վանքի բնակիչները հրապարակ էին լցվել՝ երկնքից իջած սպիտակ շնորհը վայելելու: Բոլորը մի կողմ քաշվեցին` դեպի դարպաս ընթացող պատվական հյուրին ճանապարհ տալու. Մանուկ վարդապետը մեկնում էր: Նրա ամրդոլցի աշակերտներն արդեն դարպասի առջև ճամփան կտրեցին ու շրջապատեցին նրան:
– Հա՛յր սուրբ, ո՞ւր այսպես,– հարցրեց Գրիգոր վանահայրն անակնալ ձևով և տխրությանը միաձուլված շեշտով:
– Կարոտեցի լեռները, տղա՛ք, անշուշտ հասկանում եք:
Հասկանում էին: Ճամփա տվեցին ու նրա հետ գլխիկոր դեպի դարպաս քայլեցին: Ասելիք չունեին: Արդեն երեք շաբաթ իրենց մոտ էր: Նրա այդ այցելությունը մեծ պատիվ ու շնորհ էր թե՛ վանքի և թե՛ իրենց համար, որ կենդանի սուրբի էին հանդիպել և նրա իսկ ձեռքով օրհնվել: Բոլորն արդեն ճշմարիտ առասպել ունեին` իրենց ողջ կյանքում հպարտությամբ պատմելու: Գրիգորը զարմացավ, կարծես լեզուն բռնվել էր, միտքն ասելիք չեկավ, պարզապես տխրագին մռմռաց.
– Մենք էլ ենք քեզ հետ գալիս:
Եվ գրեթե ամբողջ վանքի բնակիչները դարպասից դուրս ելան և կես ժամ ընկերացան Մանուկ վարդապետին: Գրիգորը հրամայեց, որ բոլորը, բացի ամրդոլցիներից, ետ դառնան: Ամբողջ ժողովուրդը ծնրադրեց ճանապարհի վրա և նախքան վանք վերադառնալը Մանուկ վարդապետի օրհնությունը ստացավ: Ամրդոլցիները ևս կես ժամ լուռ քայլեցին նրա հետ: Մանուկ վարդապետը ճանապարհից թեքվեց` զառիվեր ուղղություն ընտրելով: Կարծես եղնիկ լիներ. գավազանի օգնությամբ շատ դյուրին էր վեր մագլցում: Երբ արդեն բլրի վրա էր, բոլորի տեսադաշտից կորավ: Մյուսների հասնելուն պես այլևս ոչ մի հետք չէր մնացել Մանուկ վարդապետից, բացի սպիտակ անապատից, մերկ լեռներից ու հորիզոնին վրա կռթնած սառը լեռնաշղթաներից: Գիտեին և սովորել էին սուրբից, որ այդ ամայություններն այդքան էլ ամայի չեն, որքան մարդիկ են կարծում:
Մանուկ վարդապետի կարճ այցելության շնորհիվ վանքի հոգևոր կյանքը նոր թափ ու վերելք էր ստացել: Կարծես թե երկնային մեղր էր մատով քսվել բոլորի շուրթերին, և ցանկանում էին ավելին ճաշակել: Օրերն ու ամիսներն անցան ջրի նման, և թերևս առաջին անգամ վանականները չէին ուզում, որ ձմեռը վերջանա, և գարունը գա: Բոլորը փորձառությամբ գիտեին, որ նույնիսկ խստաշունչ ձմեռն այնքան դաժան չէր կարող լինել, որքան արյունահեղ պատերազմը: Մարտի երկրորդ շաբաթը շիթ-շիթ, լացող կաթիլների նման սկսվեց ձնհալը գալիք ողբերգության վրա:
Վանքում բնակվող միակ եպիսկոպոսը՝ Դանիել սրբազանը, խոր ծերության մեջ կնքեց իր մահկանացուն: Հրաժարվել էր Թոմարզայի առաջնորդությունից և իր նախկին վանքն էր վերադարձել` իր վերջին օրերն այնտեղ անցկացնելու: Նա էր, որ ի պահանջել հարկին կատարում էր բոլոր ձեռնադրությունները: Մեծ վանքերը, որպեսզի պահպանեին իրենց ինքնավարությունն ու ներքին ծիսական կարգերը, անպայման ունեին եպիսկոպոսներ: Վանահայրը ևս ուներ «արքեպիսկոպոսի» տիտղոս, ինչպես օրինակ` Վարդան վարդապետն Ամրդոլի վանքի արքեպիսկոպոսն էր: Սուրբ Կարապետ մեծ վանքն իր երդիկի տակ այլևս չուներ եպիսկոպոս, ուստի մոտ ժամանակներում նոր ձեռնադրությունների կարիք կար: Վանքն այդպիսով անժամանակ ու անտեղի վարչական տագնապի էր մատնվել, ինչի համար պատասխանատուն էին համարում Գրիգոր վարդապետի անտեղի խոնարհությունը, որ միշտ մերժում էր եպիսկոպոսանալ` պատրվակ բռնելով, թե դրա կարիքը չկա, որովհետև Դանիել սրբազանն արդեն իսկ կատարում է անհրաժեշտ ձեռնադրությունները: Բուն պատճառը, սակայն, անանուն նախազգացումն էր, որ երբեմն նրա ականջին փսփսում էր, թե Սուրբ Կարապետը նրա մնայուն վայրը չի լինելու: Զգում էր, որ վանահայրությունը ստիպողաբար էր իր վրա վերցրել և առիթ էր փնտրում, որպեսզի այդ պաշտոնը Կոլոտի վրա թողնի, իսկ ինքը ետ քաշվի և ավելի ներամփոփ վանականի կենցաղով ապրի: Սակայն չէր կարող այլևս խուսափել վանահայրության իր ծառայությունը կատարելագործելուց՝ վանքի արքեպիսկոպոսը դառնալով: Արդեն վեց տարի ծառայել էր աբբայության պաշտոնում, և բոլորը շատ գոհ էին նրա առաջնորդությունից: Պատերազմական այս վիճակում, սակայն, ինչպե՞ս հեռանալ և Սուրբ Էջմիածին գնալ եպիսկոպոս ձեռնադրվելու համար: Շեյխ Ջեմալի այցելությամբ հարցին լուծում տրվեց:
– Մինչև մայիս մայրաքաղաքից նոր բանակներ չեն կարող հասնել: Նույնիսկ դա էլ է կասկածելի, քանի որ եվրոպական պատերազմները դեռ չեն ավարտվել, ուստի և պետք է ենիչերիներին այդ ճակատի համար էլ պահեն:
Այս լուրի հետ կապված` անմիջապես միաբանական ժողով գումարվեց: Խնդիրը պարզ էր. եթե պատվիրակությունն առանց հապաղելու մի քանի օրից Սուրբ Էջմիածին մեկներ, Ավագ Շաբաթին կժամանեին այնտեղ և Սուրբ Զատիկը տոնելուց հետ` հաջորդ կիրակի, կարող էին ձեռնադրություն ստանալ և անմիջապես մայիսից առաջ վերադառնալ: Ժողովը, առիթից օգտվելով, որոշեց Աբրահամ վարդապետին էլ եպիսկոպոսության արժանացնել:
Ճանապարհորդությունը տևեց երկու շաբաթ, և հասան Հայ Եկեղեցու սրբազնագույն քաղաքը: Մայր Տաճարի միայն արտաքին տեսքը բավարար էր բոլորի աչքերից արտասուք բերելու համար: Նրանց աչքերի առջև վերակենդանացավ մեծն Գրիգորի սրբազան տեսիլքը, և իրենք ևս տեսան Քրիստոսին՝ Աստծո Միածնին, որ իջավ և նույն թարմությամբ իր ոսկեղեն մուրճով զարնեց հին հեթանոսական տաճարի տեղում` այն ջախջախելով ու գետնին հավասարեցնելով և նրա տեղում լուսաճաճանչ մի նոր տաճար ուրվագծելով: Պատմության մեջ Սուրբ Էջմիածինը հիմքից կառուցված առաջին եկեղեցին էր, և Սողոմոնի տաճարի նման նրա ճարտարապետության գաղտնիքները Սուրբ Գրիգոր Լուսավորչին փոխանցվել էին երկնքից՝ անձնապես Քրիստոսից, 301 թվականին: Հետևաբար այս ուխտավայրը ոչ միայն հայերի, այլև ողջ քրիստոնեության համար մեծ արժեք էր ներկայացնում: Գրիգոր վանահայրը հիշեց տարիներ առաջ Վարդան վարդապետի հետ որպես երիտասարդ աբեղա իր կատարած առաջին այցելությունը: Վարդանը` այն ժամանակ արդեն արքեպիսկոպոս, Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հրավիրվել էր գաղտնի ժողովի` ազգային-ազատագրական խնդիրներ քննարկելու Իսրայել Օրու հետ, ով ազատագրության մեծ գործիչ էր` խիզախ ու աշխույժ ծրագրերով խանդավառված: Նա Վարդան վարդապետի մեկնելուց առաջ վերջինիս օրհնությունն էր խնդրել. «Անշուշտ, օրհնում եմ ծրագրերդ, իմ ազնվասի՛րտ որդյակ, որովհետև դրանք հավատքի մեծ արտահայտություններ են: Դու, որ Մովսես մարգարեի տեսիլքն ունես` քո շղթայված ժողովրդի համար ազատ և անկախ, կաթ ու մեղր ծորող երկիր երազելով, թող մովսիսյան նույն օրհնությունն անմար մնա քեզ վրա: Նույնիսկ եթե նրա նման չմտնես մեզ խոստացված ավետյաց երկիրը, բայց և այնպես հավատացյալ աչքերդ թող միշտ տեսնեն այն` հեռվից ըմբոշխնելով նրա վայելչությունը: Գնա՛ և մարդ արա- րածի փոքր քայլերով կտրի՛ր ազգերի անվերջ ճանապարհը` իմանալով հանդերձ, որ ուրիշները պիտի այնտեղ հասնեն»:
Եվ ձեռքով Մայր Տաճարը ցույց տալով` ասաց. «Այն ամենը, ինչ որ դու երազում ես, և որի մասին մենք այսօր խո- սում ենք, այս Տաճարը վկա, միլիոնավոր հայորդիներ և դեռ ավելին պիտի իրականացած տեսնեն: Դրա համար գնա՛ և աշխատի՛ր առանց հոգնելու և վհատվելու: Աղոթքներս և օրհնություններս քեզ հետ են, ո՛վ հզոր սերմնացան»:
Տաճարից հարյուր մետր հեռավորության վրա ծնկի իջան և ծնկների վրա ապաշխարության աղոթքներով, արցունքներով և իրենց կուրծքներն անդադար ծեծելով` դանդաղորեն առաջ ընթացան, ինչպես սովորաբար բոլոր ուխտավորներն էին անում: Եվ այդպես ծնկների վրա Քրիստոսակերտ Սուրբ Տաճար մտան` իրենց համբույրներով եկեղեցու գետինը լվանալով: Երբ հասան Իջման Սուրբ Սեղանի մարմարե աստիճաններին, մյուս միլիոնավոր ուխտավորների նման իրենց շուրթերի դրոշմը դողդողալով կնքեցին դրանց վրա: Մի քանի ժամ տաճարում մնացին` գրեթե ամեն անկյունում կանգ առնելով, աղոթելով ու խոկալով:
Երեկոյան ժամերգության զանգերը սկսեցին հնչել: Միաբանների տպավորիչ թափորի առընթերությամբ Ալեքսանդր Կաթողիկոսն իջնում էր Ավագ Երեքշաբթի օրվա «Տասը Կու- սանաց» գողտրիկ արարողության: Ուխտի շրջան էր, և տաճարը լի էր հավատացյալների բազմությամբ: Վերադարձի թափորին մասնակցեց նաև Սուրբ Կարապետի ութհոգիանոց պատվիրակությունը, որի անակնկալ այցելության նպա- տակի մասին կարճ բացատրություն տվեցին ծերունազարդ Հայրապետին, ով ջերմորեն նրանց դիմավորեց և տեղում անմիջապես հյուրասիրության կարգադրություններ արեց: Երբ Վեհափառն իմացավ, որ եպիսկոպոսության եկողները Վարդան վարդապետի աշակերտներն են, նրանց հեշտությամբ շնորհեց իր հետ ամենօրյա տեսությունների հնարավորությունը:
Սուրբ Կարապետի միաբաններն այցելեցին շրջակա վանքերը և ուխտավայրերը, մասնակցեցին արարողություն- ներին, զրուցեցին ժողովրդի հետ ու լսեցին նրանց հուզող խնդիրները: Զրույցների գլխավոր թեման հայրենիքի ազատագրման հարցն էր: Նրանք զարմացան, որ գյուղացիները, առանց քաշվելու պարսիկ իշխանությունից, այդ նյութերի շուրջ բացեիբաց կարող էին խոսել: Նորմալ ժամանակներում այդպիսի խոսակցությունների համար մարդիկ ծանր պատիժ էին կրում, և միայն պատերի ետևում նրանք կարող էին ազատության մասին փսփսալով արտահայտվել: Սակայն
ահա վարակիչ մեծ խանդավառություն էր ապագայի մասին ժողովրդի մեջ տիրում: Պարսկաստանն իր պատմության ամենատկար պահերից մեկն էր ապրում, իսկ ռուսները զինվորական մեծ հաղթանակներով իջնում էին հարավ: Հայերն իրենց քաղաքական ազատությունը նրանց օգնությամբ պիտի շուտով ձեռք բերեին: Ցարի՝ Պետրոս Մեծի անունը սուրբի նման հարգանքով էր ամենուրեք հնչում, և երեխաները փողոցներում փայտե սրերով ու հրացաններով պատերազմի խաղեր էին խաղում: Դա հարյուրավոր տարիներ իսլամական լծի տակ կքած ժողովրդի հարության պոռթկումն էր, զատկական ուրախությամբ ընդխառն հուզիչ ալեկոծումը, որի հմայքին Սուրբ Կարապետի միաբաններն էլ իրենց հոգիներն անձնատուր հանձնեցին: Նրանց առջև մի տեսակ ուրիշ պատուհան էր բացվում, կարծես առանց ցանկապատի մի նոր պատշգամբի էին մոտենում, որտեղից դիտում էին մի հոյակապ տեսարան` անդունդների ահարկությամբ ու գեղեցկությամբ:
– Մեր ազգային բարձրագույն իդեալը,– ինքնիրեն մռմռաց Գրիգորը և դառնալով ուրախությամբ թփթփացրեց Աբրահամի ուսին:
– Ի՞նչ կասես, քեռորդի՛, մեր ազատ, անկախ թագավորությունը վերստին կարո՞ղ ենք հիմնել, մենք էլ կարո՞ղ ենք թշնամու դեմ հազարավոր բանակներ հանել` մեր ժողովրդին պաշտպանելու, և նրանք, ովքեր գան մեզ մորթելու ոչխարների նման, իրենց առջև հանկարծ հայոց արծիվը գտնեն հառնած:
Այս հուզումներով խանդավառ՝ մեր հյուրերն իրենց կյանքի ամենաուրախ և տարբերվող Զատիկը տոնեցին: Օդի մեջ ուրախություն ու լավատես ժպիտ կար, որ բոլորին պարու- րել էր ապագայի նկատմամբ լավ օրեր ավետող վարդագույն ակնկալիքով: Ճիշտ Զատիկը դա էր: Իսրայելի ժողովուրդն էլ, երբ առաջին բաղարջն էր Եգիպտոսում ուտում, հաստատապես նույն հուզումներով էր սպասում` գերությունից փրկվելու և դեպի խոստացյալ երկիր առաջ ընթանալու:
Զատկվա ճրագալույցի խրախճանքի ընթրիքին միաբանների բերաններից սկսեցին ազատագրական ու հայրենասիրական խրոխտ երգեր հնչել: Գրիգորի և Աբրահամի աչքից չվրիպեց, որ պարսկական Հայաստանի սահմանների մեջ այլ տեսակ եկեղեցականություն էր թթխմորվում: Այդ եկեղեցական սերնդին այլևս լոկ հոգու փրկության քորոզչությամբ զբաղվելը բավարար չէր. Քրիստոս եկավ ոչ միայն մարդկային հոգին, այլև մարմինը փրկելու և Աստծո արքայության արդար և անաչառ չափանիշները ազգերի համար կիրառելու:
Նոր Կիրակիին, ինչպես արդեն ծրագրվել էր, Գրիգոր և Աբրահամ վարդապետները Վրաստանից եկած մեկ այլ վարդապետի հետ եպիսկոպոս ձեռնադրվեցին: Երբ Վեհափառի ձեռքերը նրանց գլխների վրա դրվեցին, նրանք զգացին Քրիստոսի հպումը, որ երկնային իշխանություն էր իրենց փոխանցում, իսկ երբ նրանց ճակատներն ու ձեռքերը սուրբ Մյուռոնով օծվեցին, Սուրբ Հոգու զեփյուռը նրանց հոգիների միջով անցավ` առաքելական աստիճանի բոլոր շնորհները նրանց վրա հեղելով: Հուզվեցին ու տամկացած աչքերով հիշեցին իրենց մանկությունը, վանք մտած առաջին օրը, իրենց սարկավագության ու քահանայության ձեռնադրությունները և վեղար ստանալու պահը: Եվ ահա այժմ Տիրոջ շնորհով հասնում էին իրենց ասպարեզի բարձրագույն աստիճանին՝ եպիսկոպոսու- թյան:
Նրանց վերադարձի օրը չորեքշաբթին էր: Երկուշաբ- թի օրը Վաղարշապատ քաղաքի տարբեր վանքերում իրենց անդրանիկ Պատարագը մատուցեցին: Երկուշաբթի գիշերը բավական հոգնած՝ արդեն գնում էին քնելու, երբ դուռը թակեցին: Մի վարդապետ լուր էր բերել. Կաթողիկոսն անմիջապես կանչում էր երկու եպիսկոպոսներին: Զարմացած այս անսպասելի հրավերից` վարդապետին հետևեցին: Արդեն իսկ հաջորդ օրը Կաթողիկոսի հետ ժամադրություն ունեին ու պիտի տեսնեին Վեհափառին` հրաժեշտ տալու նրան: Մի մութ դահլիճ մտան և առաջնորդվեցին դեպի իրենց նստելիք աթոռները: Տասնհինգ հոգուց բաղկացած գաղտնի ժողով էր հրավիրվել: Բոլոր աթոռներն իրարից հեռու էին շարված. մասնավոր մթացված դահլիճում մեկը մյուսին ամբողջությամբ չէր կարող տեսնել: Գրիգոր և Աբրահամ սրբազանները վերջին եկողներն էին: Բոլորը սպասում էին Վեհափառ Հայրապետի ժամանմանը: Դուռը բացվեց, և Ալեքսանդր Կաթողիկոսը ներս մտավ ու իր գահին բազմեց: Նրա առջևում փոքր սեղան էր դրված` երկու աշտանակներով, որոնք վառվող միակ լույսերն էին ողջ սրահում: Սեղանի վրա` ափսեի մեջ, փայլփլող, արծաթապատ Ավետարան ու ձեռաց Խաչ կար: Կաթողիկոսի երեսն էր միայն հստակ երևում, որովհետև աշտանակներին մոտ էր նստած: Ժողովը բացվեց աղոթքով: Վեհափառը ոտքի կանգնած սկսեց խոսել.
– Ինչպես տեսնում եք, սա գաղտնի ժողով է: Այստեղ մեր ազգին հուզող մի շարք խնդիրների մասին պիտի խոսենք ու դրանց վճիռ տանք: Դուք բոլորդ էլ` եպիսկոպոսներ, վարդապետներ և աշխարհականներ, հատուկ ձևով եք իմ կողմից ընտրվել: Եթե կատարյալ գաղտնապահություն չպահենք, բոլորի` ներառյալ իմ կյանքը վտանգի կմատնվի, որովհետև այստեղ քաղաքական լուրջ հարցեր պիտի շոշափենք: Ըստ իմ սովորության՝ ժողովը սկսենք գաղտնապահության երդումով: Նա, ով չի ուզում այս երդումը տալ, կարող է անմիջապես հեռանալ:
Կաթողիկոսը մի պահ սպասեց և տեսնելով, որ ոչ ոք չի լքում դահլիճը, գլխով նշան արեց գավազանակիր վարդապետին, ով Ավետարանն ու Խաչը պարունակող ափսեն վերցրեց ու նախ Վեհափառին մոտեցրեց: Վեհը, երկու ձեռքերը Խաչի և Ավետարանի վրա դնելով, ուխտեց` ասելով.
– Լռության ու գաղտնապահության երդում եմ տալիս ի գին հավիտենական կյանքիս:
Վարդապետն ափսեն պտտեցրեց, և բոլոր ներկաները մեկ առ մեկ նույն երդումն արեցին:
– Նախ ուզում եմ, որ խոսենք կաթոլիկ շարժման մասին, ինչը մեր ազգային միությանը մեծ վտանգ է սպառնում: Ուզում եմ սրբազան Պապին նամակով դիմել, որպեսզի ճիզվիտ ու դոմինիկյան միսիոներների ոտնձգությունները սանձի: Նամակիս մեջ պիտի խնդրեմ, որ հազարավոր տարիներ քրիստոնյա դարձած ազգին լատինացնելու իրենց ձգտումներին վերջ տան, ինչը մեր քրիստոնյա եղբայրության մեջ անբուժելի վերքեր է բացում:
– Այդ նամակը մի՛ գրեք ու մի՛ ուղարկեք, Վեհափա՛ռ Տեր,– խոսք առավ ժողովականներից մեկը,– որովհետև կաթոլիկներն այդ նամակն անպայման իրենց օգտին կգործածեն ու կշահարկեն խեղաթյուրելով:
– Ես էլ եմ համակարծիք,– մեկ ուրիշը մասնակցեց խոսակցությանը,– ինչ որ այս կողմերում պատահում է, սրբազան Պապը շատ լավ գիտի և անկասկած քաջալերում է: Մենք նրանց համար լոկ մոնոֆիզիտ հերետիկոսներ ենք, և մեր հավատքը բավարար չէ մեր հոգիների փրկության համար: Հետևաբար հանգիստ սրտով կշարունակեն իրենց պառակտիչ գործունեությունը մեր հոգիները փրկելու պատրվակով:
– Բայց Հռոմի հետ մեր կապերը պետք է պահենք, քանի որ Արևմտյան աշխարհի հետ հաստատվելիք հարաբերությունների կարելիությունը Հռոմի հետ մեր հաշտությունից է կախված,– առարկեց մեկը,– մեր ազատագրական պայքարի համար էական է Հռոմի և սրբազան Պապի օգնությունն ապահովել: Հետևաբար կապերը պետք է զորացնել անհրաժեշտ բոլոր միջոցներով: Ձերդ Սրբության նամակը բախտառիթ սկիզբ կարող է դառնալ հարաբերությունները բարելավվելու ուղղությամբ:
– Ավետարանն ասում է, որ «եթե եղբորդ հետ խնդիր ունես, նախ գնա՛, խոսի՛ր նրա հետ»: Պետք է պատշաճ նամակով մեր հավատքը բացատրենք ու փաստենք, որ մերը հնագույն հավատքն է, և մենք միշտ ուղղափառ ենք մնացել` փարվելով երեք տիեզերական ժողովների վարդապետություններին: Եթե կաթոլիկները հասկանան, որ մեր և իրենց հավատքները գրեթե նույնն են էութեամբ, իսկ տարբերությունը միայն ձևի ու մշակութային ավանդույթների մեջ է, կհրաժարվեն մարդորսությունից:
– Չեն հրաժարվի, պետք չէ այդքան միամիտ լինել, որովհետև հավատքը սոսկ պատրվակ է, իսկ բուն հարցը միշտ էլ քաղաքական է եղել: Նրանց կրոնական միապետություն է հարկավոր, իսկ մեզ՝ կրոնական անկախություն,– հեղինակավոր ձայնը գալիս էր սրահի ամենամութ անկյունից, որտեղից հազիվ մի վեղար էր նշմարվում խավարի մեջ:
– Ես էլ եմ կողմնակից, որ այդ նամակը և այլ նամակներ ևս ուղարկվեն, ու կապեր հաստատվեն Արևմուտքի հետ` քաղաքական պատճառներից ելնելով: Իսրայել Օրին քաղաքական անկախության համար պատրաստ էր մեր կրոնական անկախությունը զոհելու, բայց Եվրոպայից գալիք օգնությունը շատ հեռու էր, և մեր կողմից այդքան մեծ զոհողություն արդարացնելի չէր: Ուստի մեր ազգն ու Եկեղեցին մերժեցին իսլամական վանդակից փրկվելու համար կաթոլիկյան վանդակ մտնելու երկընտրանքը: Հիմա, սակայն, ուրիշ դաշնակից ունենք` մեզ շատ ավելի մոտ ու քաղաքական գործակցության համար մեզ կրոնական պայմաններ չպար- տադրող: Ռուսիո ցարը` Պետրոս Մեծը, խոստացավ հարգել մեր Եկեղեցու անկախությունն ու հավատքի ազատությունը: Հզոր բանակով հարավ պիտի իջնի, իսկ մենք պիտի նրան դիմավորենք և մեր կազմելիք բանակներով նրա արշավանքներին աջակցենք:
– Դու ո՞վ ես, որ այսքան վստահ ես խոսում, կարծես թե ցարի մոտից ես գալիս:
– Ես Մինաս վարդապետ Տիգրանյանցն եմ, և ճիշտ է, Ցարի մոտից եմ գալիս:
Զարմանքի շշուկը լցրեց մութ դահլիճը: Բոլորն ուշադիր նայեցին վարդապետի կողմը` նրա երեսը տեսնելու, բայց վեղարի ստվերից զատ ոչինչ չէր երևում: Մինաս վարդապետը հանրածանոթ անձնավորություն էր: Գիտեին, որ Իսրայել Օրու հանկարծակի մահից հետո ազգային-ազատագրական դրոշը նա էր պահում: Միջազգային ընդարձակ կապեր ուներ ու պետական մակարդակով շփումներ էր մշակում և գաղտնի բանակցություններ վարում նույնիսկ թագավորների հետ: Նա էր ազատագրական շարժման ուղեղը և հայոց մելիքների ու մեծավորների հետ զինյալ ապստամբություններ էր կազմակերպում: Պարսիկ լրտեսներն ամենուրեք նրան էին փնտրում, իսկ հայերը կարծում էին, թե նա գտնվում է արտասահմանում: Սակայն, ահա, առասպելն ընդամենը մեկ քայլ էր իրենցից հեռու: Վեհափառի շուրթերից ժպիտ էր կախվել:
– Այս հանդիպման ուղղակի նպատակը Մինաս վարդապետի հետ ձեզ ծանոթացնելն էր: Ուզում էի, որ ազատագրական շարժման հետ կապված վերջին լուրերը նրա բերանից լսեք և ձեր հարցերն ու կասկածները նրան ուղղեք: Քանի որ մինչ այժմ դուք այդ շարժման մեջ չէիք, հիմա ես ուզում եմ, որ դուք այսուհետ մաս կազմեք դրան ու դառնաք ձեր ապրած վայրերի ազատատենչ գաղափարների առաքյալները:
– Ես անհանգստանում եմ ապստամբության գաղափարից,– խոսք առավ մեկը` ծերունու ձայնով:
– Մենք պարսիկ շահի ու պետության հետ կնքած հնազանդության ուխտեր ունենք: Գիտեմ, որ պարսկական լուծը երբեմն ծանր և անտանելի է դառնում, սակայն միաժամանակ վայելում ենք նրա ապահովությունն ու կայսրության բարիքները: Ինչո՞ւ ենք մեր խաղաղությունը վտանգի տակ դնելով` մեր ազգի զավակներին մղում աննախատեսելի արկածախնդրության:
– Նախ` հստակեցնենք: Մենք Պարսկաստանի դեմ ապստամբելու միտք չունենք, և այդ տեսակ որևէ ապստամբություն հաջողության հավանականություն չունի: Նույնիսկ իր ներկա տկարագույն վիճակով կայսրությունը կարող է ճզմել ամեն տեսակ ապստամբություն,- ասաց Մինաս վարդապետը ու մի պահ լռեց` զարմանք պատճառելով բոլորին, նույնիսկ Կաթողիկոսին:
– Սակայն կայսրությունը այլևս իր միությունը պահելու չափ հզոր չէ և մոտ ապագայում իր բնական մահը կունենա: Այսինքն` անխուսափելիորեն բաժան-բաժան կլինի: Կայսրության մեջ գտնվող բոլոր ազգերը կփորձեն իրենց թագավորությունը հիմնել, իսկ բոլոր մահմեդական ազգերը, մեր հողերն իրենց թագավորության մեջ տեսնելով, իրար դեմ կկռվեն մեր հողերին տիրելու համար: Բոլորն էլ ինչ-որ բաժին կխլեն: Նրանց մտքով երբեք չի անցնելու, որ հայերն իրենց ունեցած իրավունքով կարող են իրենց հողերը ետ պահանջել: Ահա, մենք պատրաստվում ենք գալիք այդ օրերի, այսինքն` մեր հողերը պաշտպանելու և Պարսկաստանի անկման պարագայում հայոց թագավորությունը վերականգնելու համար:
– Մենք ի՞նչ ուժ ունենք, որ այս մեծ կռիվների մեջ ինչ-որ կողմ լինելու հավակնությունն ունենանք: Ո՞վ է հային հաշվի առնում: Զենք չունեցող և արդեն սուր բռնել մոռացած ազգը պետք է հանդարտ մնալու և սպասելու իմաստություն ունենա: Մահմեդական ծովի մեջ մի կղզի է մեր հայրենիքը: Նույնիսկ եթե մի պահ շահենք ազատությունը, հնարավոր չէ երևակայել, որ հայկական անկախ թագավորությունը երկար կյանք կունենա:
– Ահա, պատմությունը մեզ չքնաղ առիթ է մատուցում` այդ կղզին թերակղզու վերածելու` քրիստոնեական ցամաքամասին` Ռուսաստանին միանալով ու նրա հետ կապվելով: Մեր վրացի եղբայրներն էլ են պատրաստ մեզ համագործակցելու: Արդեն գոյություն ունեն սպաներ ու զինյալ ջոկատներ որպես մեր ապագա ազգային բանակի կորիզ, որ արդեն սկսել են գաղտնի կերպով կրթել հազարավոր հայորդիների:
– Ես դեռ համոզված չեմ, որ այդքան հեշտ է լինելու: Եթե ռուսները Պարսկաստան մտնեն, օսմանցիներն էլ անպայման մեր հողերի վրա կարշավեն: Կարո՞ղ եք պատկերացնել, որ մեր երկիրը տարիներով, թերևս տասնյակ տարիներով ամենադաժան պատերազմների թատերաբեմ ու կռվախնձոր դառնալուց հետո քարուքանդ պիտի լինի: Խաղաղ նստենք ու սպասենք: Շարունակենք ամենահզորին հպատակվելու մեր ավանդական քաղաքականությունը: Աճենք ու բազմանանք` կառչած մնալով մեր հողին: Ապագան մերն է լինելու` մեզ ավելի հեշտ ու հարմար առիթներ ընծայելով մեր անկախության ձեռքբերման համար:
– Դու ես այդպես մտածում, իսկ կարծում ես` մահմեդական պետությունները չե՞ն մտածում այդպես: Նրանք մեզնից էլ լավ գիտեն մեր բնակչության աճի և տնտեսական կարողությունների մասին, որոնց վրա աչալուրջ հսկում են, որպեսզի իրենց համար վտանգավոր համեմատությունների երբեք չհասնեն: Երբ թվով ավելանանք, մեզ կցրեն, իսկ եթե դիմադրենք, կջարդեն: Երբ հարստանանք, անտանելի տուրքերով մեզ կկողոպտեն և մեր հողերի վրա մեզ ստրու- կի կվերածեն: Ծրագրավորված կերպով մեր բերրի հողերը կբնակեցնեն մահմեդական գաղթականներով, իսկ տեղացի հայերն իրենք կդառնան աղքատ գաղթականներ: Երբեմն սպառնալիքով, երբեմն կաշառելով մերթ ընդ մերթ կստիպեն հավատուրացություն ու հավատադարձություն, և մենք ոչ թե աճ կունենաք, ինչպես դու ես կարծում, այլ հետզհետե կնոսրանանք մեր հայրենիքում: Եթե այս առիթը բաց թողնենք, հարյուր տարի հետո ավելի դժվար պիտի լինի տիրել մեր հողերին:
– Լույսը շատ վտիտ չէ՞, Վարդապե՛տ: Փրկության հույսը շատ հեռու չէ՞:
– Այո՛, Արուսյակն էլ շատ հեռու է, սակայն նրա լույսը բավարար է` կորած ճամփորդներին փրկության ճանապարհ ցույց տալու: Լույսը վտիտ է, բայց այն ընդարձակելը մեզնից է կախված: Երբ մանուկ էի, երկրաշարժը քանդեց մեր տունը, և մենք ընտանիքով մնացինք փլատակի տակ: Ամբողջ գիշեր ահուսարսափի մատնված, վիրավոր ու հուսահատ` բացար- ձակ խավարի մեջ տառապեցինք. կարծես ողջ-ողջ թաղված լինեինք դագաղի մեջ: Հետո հանկարծ ասես ասեղի անցքի չափ մի լույս տեսա ու սկսեցի այդ ուղղությամբ փորել: Լույսի մի ճեղք բացվեց, և մյուսները եկան մեզ օգնելու, և ճեղքը հետզհետե այնքան մեծացավ, որ մենք կարողացանք ելնել այնտեղից: Աստվածային բոլոր խոստումներն այդ
փոքրիկ ճեղքին են նման, որի լույսն ավետում է փրկության հույսը: Բսրայելի փրկությունը Հայր Աբրահամին տրված խոստման իրականացումն էր. մի ազգ, երկնքի աստղերի և ծովափի ավազների չափ բազմացած, պիտի խաղաղ ու երջանիկ ապրեր կաթ ու մեղր ծորող իր երկրում: Այդ խոստումն էր, ահա՛, այդ լույսի ճեղքը: Երբ հրեաները Եգիպտոսում ստրուկ էին ու չարաչար հալածվում էին, Մովսեսը տեսավ ու սկսեց ընդարձակել այդ ճեղքը, նույնիսկ Կարմիր Ծովի միջով անցնելու չափ, և Հեսուն ճեղքը դարձրեց փրկության դուռ: Եվ ահա, պատմությունը կրկին խոստումնալից մի ճեղք էլ մեզ` հայերիս է շնորհել. Պարսկական կայսրությունը կործանվում է մեր աչքերի առջև: Ազատագրման պայծառ լույսն է այնտեղից ծորում: Եկեք Մովսեսի նման պեղենք ու հասնենք լույսին և խոստումը վերածենք ոսկեղեն իրականության: Կայսրությունը պիտի մասնատվի, եկեք ետ վերցնենք մեր պատմական պատառը՝ մեզնից ուժով խլված մեր սրբազան հայրենիքը:
Մինաս վարդապետը խոսում էր և հետզհետե ընդարձակում ճեղքը` իր կանգնած խավար անկյունից լույսով ողողելով ունկնդիրներին: Այդ խավարի միջից լսում էին դարերի վիշտն ու հեծեծող տառապանքը: Կործանված քաղաքների ու խոնարհված տաճարների ուրվականները դուրս էին գալիս խավարից և աներևույթ ձեռքերով խեղդում էին ունկնդիրներին: Դեռ ծխում էր այրված բյուրավոր մատյանների, մատենադարանների անմխիթար հիշատակը: Պղծված կույսերը լալիս էին իրենց անպաշտպան պատվի վրա, իսկ գողացված մանուկները` խոշոր, անճարակ աչքերով, ետ դարձած ճչում էին: Աքսորի ու պանդխտության վիշտն էր բաբախում խավարի միջից` ալիք-ալիք նրանց երեսներին ապտակելով, ու նրանք լսում էին ստրկության շղթաների` դահլիճում արձագանքող դժխեմ զրնգոցը, որ նույնիսկ իրենց ձեռքերն ու ոտքերն էր բռնել ու բիրտ ձևով կոկորդները սեղմել: Եվ այս դժբախտությունների երգչախումբը Մինաս վարդապետի բերանով միաբերան աղաղակում էր. «ԱԶԱՏՈՒԹՅՈ՜ՒՆ»: Հզոր կախարդ էր այս վարդապետը, որ խավարի մեջ կանգնած` իր խոսքերով արևներ հագած, ջերմ ու ծաղկավետ, ավետյաց երկիր էր հորինում. հորիզոնը կապույտով էր ներկված, և Աստծո ժպիտը նրա սեգ լեռներին էր դրոշմված: Վարդապետը երկնքից վերստին իջեցնում էր Քրիստոսին, որ Իր ոսկի մուրճով կրկին հարվածեր գետնին` այս անգամ, սակայն, հայոց շղթաները ջարդ ու փշուր անելով և դարերի արցունքները հարսանիքի գինու հրաշքով փոխելով:
Բոլորը գիտեին, որ վարդապետի բոլոր ասածներն էլ ճիշտ են, ուստի սիրահոժար իրենց սրտերը նրա սրտին հանձնեցին և իրենց աչքերով նրա տեսիլքները դիտեցին: Հասկացան, որ ազատության իդեալից հրաժարվելու իրավունք չունեն. նույնիսկ հազարավոր զոհերի գնով այն մշտավառ պահվելիք մի ջահ էր, սերնդեսերունդ փոխանցվելիք սրբություն սրբոց: Ազատագրական շարժումն այդ գիշեր տասնհինգ նվիրյալ սիրտ, տասնհինգ փայլուն ուղեղ ու տասնհինգ հզոր առաջնորդ էր շահել, որ եկել էին Մինաս վարդապետի մոտ ու նրանից սովորել, որ առանց ազատությամբ վերածնվելու հնարավոր չէ կատարյալ մարդ դառնալ: Աստված շղթայվելու համար չստեղծեց Ադամին: Շղթաների դեմ կռվելը համահավասար է չարի դեմ պայքարելուն: Շղթաները և մարդը... երբեք իրար կողք կողքի չեն կարող լինել, հակառակ դեպքում մեկը մյուսին անպայման ուտելու է ջրի և հրի նման:
Հաջորդ օրը վերջին անգամ շրջեցին մոտակա ուխտատեղիներով և խոսեցին նախորդ գիշերվա խորհրդավոր հանդիպման մասին. ջանում էին մարսել այնտեղ արծարծված խնդիրներն ու գաղափարները: «Ազատության» գաղափարը ներխուժել էր նրանց հոգիներ, որ հավատքի և անմահության գաղափարները հրելով` երկու նորաօծ եպիսկոպոսների ներաշխարհում որպես մի նորածին սրբություն` իր համար կամաց-կամաց տեղ էր բացում:
Երեկոյան այնքան հոգնած իրենց խուցը վերադարձան, որ Գրիգոր արքեպիսկոպոսն անմիջապես գնաց հանգստանալու. հաջորդ օրը՝ չորեքշաբթի, մեկնելու օրն էր: Աբրահամ սրբազանը, սակայն, դիտում էր արևամուտի տեսարանի առջև կոթողացած Ս. Էջմիածնի Մայր Տաճարը, որ հեքիաթային հմայքով էր շողշողում. այն կարծես ուրիշ աշխարհների պատկանող գաղտնախորհուրդ շինություն լիներ: Արևն իջնում էր տաճարի վրա Քրիստոսի նման և իր կարմիր արյամբ լվանում էր նրա գմբեթներն ու պատմություն ներծծած հնաբույր քարերը: «Տաճարն աղոթում է»,– մտածեց սրբազանը,– «և ջանում է ընդգրկել արևը»: Սրբազանն այդ չքնաղ տեսարանի առջև իր մեջ աղոթելու խոր ծարավ զգաց, բայց ինքն էլ էր շատ հոգնած, և ոտքերն արդեն ապստամբության նշաններ էին սկսել տալ: Նստելու տեղ փնտրեց, սակայն չգտավ: Նկատեց, որ իրենց միհարկանի խցերի տանիքները տափակ են: Ետ շրջվեց` տեսնելու, թե արդյոք հնարավոր էր դեպի վեր` տանիքը բարձրանալ: Խցերից մեկի պատին կից մի խոշոր թզենի իր ընդարձակ ճյուղերն էր տարածել տանիքի վրա: Առանց դժվարության այն աստիճանի պես գործածելով` վեր ելավ ու նստեց` իր մեջքը թզենու մեկ հաստ ճյուղին դեմ տալով: Ըմբոշխնում էր հրաբոց հորիզոնի վրա բռնկված մայրամուտը և ջանում էր չփախցնել տաճարի վրա պար բռնող ոչ մի ոսկեզօծ երանգ: Ապրիլյան ջերմ օդը տաքացնում էր նրա ոսկորները, և երբ արևը դանդաղորեն թաղվում էր իր օրորոցի մեջ, նրա հետ մեր սրբազանն էլ քուն մտավ:
Մրսելու զգացումը պատճառ դարձավ, որ Աբրահամ սրբազանն արթնանա իր քնից: Մութն ամբողջովին ընկել էր: Քանի՞ ժամ էր քնած մնացել, չգիտեր: Երկինքը մասամբ ամպոտ էր, կիսալուսինը՝ երկնքից կախված միակ ջահը, ամպերով էր ծածկվել` մերթ ընդ մերթ կատարյալ մթության մատնելով ամեն ինչ:
Սրբազանը ոտքի ելավ և ամպերից փրկված լուսնի շնորհած լուսավորումից օգտվելով` փորձեց վար իջնել, սակայն ամպերը կրկին ձերբակալեցին ամեն ճառագայթ, և ահա դարձյալ կատարյալ խավար եղավ:
Մի փոքր սպասեց, և արծաթե ջահը մեկ անգամ ևս վրա հասավ և լուսավորեց թզենու որոշ ճյուղերն ու պատի վրայի մի քանի քարերը: Հապճեպ շարժումներով, ծառն ու պատը գործածելով` վար ցատկեց. իջնելն ավելի նման էր ընկնելուն: Ոտքի վրա ցավ զգաց, կքանստեց ու սկսեց շոյել գարշապարը ցավն ամոքելու համար: Ցավն անցավ. փա՛ռք Աստծո, լուրջ բան չէր պատահել: Եվ հենց այն պահին, երբ պիտի ոտքի ելներ, հանկարծ դեպի իր կողմը մոտեցող մարդկանց ձայներ լսեց: Անհարմար զգաց նրանց առջև ելնելու և բացատրություն տալու, թե այդ ժամին ինչ գործ ունի այնտեղ, ուստի այդպես սպասեց, մինչև մարդիկ անցնեն, հեռանան: Սակայն նրանք կանգ առան ճիշտ թզենու տակ և շարունակեցին մեղմ ձայնով իրար հետ զրուցել` կատարյալ ապահով զգալով, որ ոչ ոք չի կարող իրենց խոսակցությունը լսել: Սակայն սրբազանն իր գտնված տեղից ամեն բան հստակ լսում
էր, նույնիսկ փսփսուքով ասվածները: Զրուցակիցները երկու հոգի էին. մեկը` եպիսկոպոս, իսկ մյուսը` վարդապետ: Աբրահամը շուտով հասկացավ, որ նրանք անմեղ զրույց չէ, որ վարում էին. վանական զզվելի որոգայթ էին լարում, որին ինքն ակամա ականջալուր էր դառնում:
– Սրբազա՛ն Հայր, ինչպե՞ս խոչընդոտենք այս ապստամբության ձգտումների առաջխաղացմանը: Անզգամները մեր հանգիստն ու խաղաղությունը պիտի խանգարեն:
– Դժբախտաբար, սարդի ոստայնի պես տարածվել են մեր ժողովրդի մեջ, նույնիսկ Կաթողիկոսն է նրանց ճիրաններն ընկել: Շատ վտանգավոր խաղ են մեր խեղճ ժողովրդի գլխին սարքում: Կրկին արյունահեղություն, ավերում, աքսոր և անտեղի ջարդ պիտի հետևի այս «ազատագրություն» կոչված շարժման պատճառով:
– Ամբողջն այդ Մինաս վարդապետի սատանայություններն են: Շրջում է աշխարհով մեկ, որպեսզի ամենուրեք իր թույնը տարածի: Առանց նրան սատկեցնելու այս շարժումը երբեք չի մարի:
– Մինաս վարդապետն այստեղ` Մայր Աթոռում է:
– Իսկապե՞ս, սրբազա՛ն, ճի՞շտ եք ասում: Որտե՞ղ է թաքնվում: Եթե տեղն իմանանք, սրիկային կվերացնենք, և այդպես մեր ազգն ու Եկեղեցին մեծագույն պատուհասից փրկված կլինեն:
– Տեղը գիտեմ, սիրելի՛ հայր սուրբ, ավելի ճիշտ` ես եմ նրան խնամում: Վեհափառն ինձ է հանձնարարել նրա խնամքը: Իհարկե, անմիջապես տեղյակ եմ պահել Երևանի պարսիկ կառավարիչ բդեշխին, ով շատ է անհանգստանում այս համաճարակ դարձած հայկական դավաճանության համար:
– Իրավունք ունի ազնվասիրտ բդեշխը, որովհետև ամենքս էլ լավ գիտենք նրա բարյացամակությունը մեր Եկեղեցու հանդեպ ու հատկապես առատաձեռն օգնությունները Մայր Աթոռին: Սա ոսկե առիթ է, սրբազա՛ն հայր, այդ կարիճին ոչնչացնելու, Նախախնամության նվերն է՝ մեր ազգին ուղարկված: Ինչպե՞ս կարող եմ օգնել այդ օձին ոչնչացնելու, խնդրում եմ, ասե՛ք, սրբազա՛ն հայր: Գիտեք, որ պատրաստ եմ բոլորանվեր ծառայության հօգուտ Ձեզ և պետության:
– Մինաս վարդապետին ոչ մի վնաս չպիտի տրվի, հա՛յր սուրբ, այստեղ իր գտնված օրերին նրա քիթն անգամ չպիտի արյունոտվի: Իր գործը կատարելուց հետո նա ողջ-առողջ պիտի մեկնի Էջմիածնից: Գիտեմ, որ զարմանում ես, բայց նրա մահն այլևս որևէ օգուտ չունի, որովհետև ազատագրական ապստամբությունն այնքան է մեծացել ու արմատավորվել, որ, դժբախտաբար, առանց նրա էլ այն կարող է շարունակվել: Բդեշխի փափագն է, որ պետության հավատարիմ եկեղեցականները թափանցեն այս շարժման մեջ և, եթե հնարավոր է, պարագլուխներ դառնան: Ես շահեցի Կաթողիկոսի և Մինասի վստահությունը, և ուզում ենք քեզ էլ ընդգրկել մեր գործունեության մեջ: Դու իմ ամենավստահելի ու հավատարիմ եկեղեցականն ես: Ուստի դու պիտի լինես մեր գործակալը, և մինչ Մինասն այստեղ է, նրա հետ պիտի սերտ հարաբերություններ մշակես ու զինվորագրվես որպես նրա կամավոր: Դու նրան պիտի ներկայանաս որպես մի խումբ համակիր եկեղեցականների պարագլուխ և առաջնորդ: Ամեն ինչ պիտի անենք, որպեսզի Մինասը քեզ հավատա և իր որջից քեզ ներս ընդունի, հասկացա՞ր:
– Իհարկե, հասկացա, բայց վստահ չեմ, որ կարող եմ այդ անզգամին համոզել, երբ մանավանդ սրտիս մեջ նրա հանդեպ այսքան բարկություն ունեմ հավաքած: Գիտեք, ես լավ դերասան չեմ:
– Մի՛ արա այդպես, հա՛յր սուրբ, պետք է տիրապետես զգացումներիդ ու սառնասրտորեն պատերազմես: Բդեշխը շատ լուրջ է նայում այս ձեռնարկին ու հարյուրտոկոսանոց հաջողություն է պահանջում:
– Այդ աղվեսը կարող է մերժել մեր` իրեն մերձենալու փորձերը, կամ էլ կասկածել մեզ: Այսքան կարճ ժամանակում ինչպե՞ս պիտի համոզեմ նրան: Հնարավոր է` մի քանի օրից մեկնի ու կրկին անհայտանա:
– Այո՛, հետևաբար գործը պետք է արագացնել` առավել լուրջ հանգամանք տալով նրան: Փողն ամեն ինչ լրջացնում է, այդպես չէ՞: Այս պայուսակի մեջ յոթը քսակ ոսկի կա, ամեն մեկի մեջ` քսան ոսկի, այսինքն` ընդհանուրը հարյուր քառասուն է: Քսան ոսկի քեզ համար է՝ աշխատանքիդ ու ծախսերի համար, իսկ հարյուր քսանը պիտի տաս Մինաս վարդապետին որպես նվիրատվություն, իբրև թե ազատատենչ եկեղեցականների կողմից հավաքված գումար: Պա՞րզ է:
– Սա գանձ է, սրբազա՛ն, ինչո՞ւ ենք այս խոշոր դրամագլխով օգնում ապստամբության շարժմանը. մենք, որ այդքան հակառակ ենք դրան:
– Ա՛հ, երբեմն ինձ ջղայնացնում ես, հա՛յր սուրբ: Այս գումարը բդեշխն ինքն է տվել, ու նրա ծրագիրն է, հասկացա՞ր: Այնպես որ դու հենց այս գիշեր պիտի Մինաս վարդապետի վստահությունը շահես ու նրան փաստես, որ դու գործի մարդ ես և ամբողջովին նվիրված ես ազատագրական շարժմանը: Սակայն եթե չկարողանաս այս գործից գլուխ հանել, հիմա՛ ասա ինձ, որպեսզի ուրիշ մեկին գտնեմ, և քո անճարակության պատճառով այսքան դրամ իզուր չվատնվի:
– Ո՛չ, ո՛չ, սրբազա՛ն հայր, հարյուր տոկոսով կարող եք ինձ վստահել, պարզապես ծրագրի խորամանկությունն ինձ մի պահ զարմացրեց: Մինասն իր առջև հաստատապես տեսնելու է ամենամոլեռանդ կողմնակիցի, դուք մի՛ անհանգստացեք: Պատրաստ եմ, ասե՛ք, ի՞նչ պիտի անեմ:
– Հիմա գնալու ենք նրա բնակարանը: Քո մասին արդեն նրան ասել եմ, քեզ է սպասում: Երբ սենյակի լույսը մարի, երեք անգամ հարվածելով` դուռը կծեծես, չմոռանաս՝ երեք անգամ: Երբ լույսը վառի, այս անգամ պատուհանին երեք անգամ կհարվածես: Սա է այն նշանը, որ իր սպասած անձը դու ես: Դե՜, գնա՛նք:
Աբրահամի ոտքերն ինքնաբերաբար հետևեցին երկու օձակերպ ստվերներին: Գիշեր էր, Գեթսեմանիի գիշեր: Խավարը ծանրաբեռնված էր Հուդայի դավադրությամբ, և ահա, այս աշխարհի Իշխանը հասել էր` իր խավարի մեջ խեղդելու անպաշտպան մի լույսի որդու ևս: Աբրահամ սրբազանն այդ խավարի մեջ էր ներքաշվել արևի կողմից` չարի և բարու դաժան պատերազմին մասնակցելու, և մինչև ոսկորների ծուծը
զգում էր, որ իր ներկայությունն այդ չարահնար զրույցին որպես վկա պատահական չէր: Վարդանի ասածի համաձայն` «Պատահականությունն Աստծո մեկ այլ անունն է և Նրա խորախորհուրդ երեսներից մեկը»: Աբրահամը նայեց լուսնին, խաչակնքեց երեսին ու վճռակամ մխրճվեց խավարի մեջ որպես լույսի լրտես, աներևույթ հրեշտակ` լույսի ու խավարի միջև տեղի ունեցող տիեզերքի հնագույն խաղին մասնակցելու:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: