Դուք ձրի վաճառվեցիք և արծաթով չեք բժշկվելու 1: (52։3)
Սա նախ վերաբերում է հրեաներին, որովհետև արծաթով չվաճառվեցին գերության ժամանակ, և ոչ էլ արծաթով պիտի գնվեին, ինչպես ասվում է. «Ես արձակեցի կամ վաճառեցի ձեզ. ու՞ր է գրավականը կամ ապահարզանի թուղթը» (Ես․ 50։1): Այլ ի՞նչ եղավ. մեղքերի պատճառով գերվեցինք, բայց արդարության պատճառով ազատվելու ենք: Ինչպես ասաց. «Թող ձեր մեղքերը թողնվեն» (Ղուկ. 7։ 48,49), որպեսզի Տիրոջից կրկնակի վարձատրություն ընդունեք: Դարձյալ. «Իմ բարկության պատճառով գերեվարվեցիք և Իմ քաղցրության պատճառով դարձյալ ազատվելու եք» (հմմտ. Ես․ 60։10): Իսկ հոգևոր իմաստով՝ Եկեղեցին փրկվեց մեղքերի բազմությունից, բայց ոչ թե արծաթով փրկագնվեց, այլ՝ շնորհով, այսինքն՝ Աստծո Գառան ամբիծ արյամբ: Ինչպես բանսարկուի հարվածներն էին «ձրի», այդպես էլ ձրիաբար տրվեց այն բալասանը, որով մարդասեր բժիշկը ամոքեց մարդկությանը: Մարդը ոչնչով «չվճարեց» սատանային, որը հարվածեց իրեն, ուստի նաև ոչինչ չտվեց Բարերարին, Որը բժշկեց իրեն: Այս պատճառով էլ ասաց մեզ. «Ձրի առեք և ձրի տվեք»:
Ձեր պատճառով Իմ անունը հայհոյվում է հեթանոսների մեջ (52։5)
Սա կամ նշանակում է, որ իրենք էին հայհոյում այլազգիների մեջ՝ վիշտ ունենալու պատճառով, կամ էլ հեթանոսներն էին հայհոյում: Սա երկու տեսանկյունից է դիտարկելի: Չէ՞ որ եթե գերեվարեն Աստծո ժողովրդին, գերողները կհայհոյեն՝ ասելով, թե ձեր Աստվածը տկար և անզոր է, կամանգութ է և անողորմ, կամ էլ մեր աստվածներն են զորեղ, որի շնորհիվ գերում ենք ձեզ: Իսկ եթե Աստված Իր հզոր բազկով ու զորեղ ձեռքով ազատի գերությունից, այդ դեպքում ևս հակառակորդները կհայհոյեն՝ ասելով, թե Տերն ապերախտ ազգի հանդեպ է անում այս բարությունները: Բայց դուք կարծում եք, թե Աստծո բարիքները ձեր արժանիքների շնորհիվ են, և հետո էլ դյուրին [կյանքով] եք ապրում ու մոռանում եք Աստծուն: Նույնպես և այժմ մեզանում՝, քրիստոնյաներիս ծուլության պատճառով բոլոր ազգերի մեջ հայհոյվում է քրիստոնեության ահեղ անունը:
Որքան գեղեցիկ են Ավետարանիչների ոտքերը լեռների վրա, ուր ավետում են խաղաղություն ու բարություն են քարոզում (52։7)
Այն, ինչ քարոզվեց ավետաբերների շուրթերով, հետևյալն էր. մեծ արքաներից՝ Կյուրոսից ու Դարեհից իրենց բովանդակ իշխանության մեջ հրաման արձակվեց, որ հրեաները պետք է ազատ լինեին ու գնային Երուսաղեմ, վերակառուցեին տաճարը, քաղաքի պարիսպներն ու դռները: Եվ շրջակա ազգերին էլ հրամայեցին օգնական լինել նրանց, ինչպես պատմում են Եզրասը և Նեեմիան: Արդ, քաղցր, ախորժելի ու վայելուչ են այդպիսի ավետաբերների ընթացքը խաղաղության ու բարության մեջ, ինչպես ասում է մարգարեն: Իսկ այս խոսքիճշմարիտ ընկալմամբ գեղեցիկ ոտքերը առաքյալներինն են, որոնք քայլեցին հպարտացած լեռների վրայով և կոխեցին օձերին ու կարիճներին: Նրանց ոտքերը գեղեցիկ են արեգակի ճառագայթներից էլ ավելի, որովհետև արեգակը միայն մի մասին է [լուսավորում], իսկ նրանք բոլորին լուսավորեցին: Արեգակը միայն երբեմն է լուսավորում, իսկ նրանք՝ մշտապես: Արեգակը նյութեղեն աչքերին է լույս տալիս, իսկ նրանք պայծառացրին հոգեղեն միտքը: Նրանք մեզ եռակի խաղաղություն բերեցին, քանի որ մեր պատերազմը Աստծո, մեկմեկու և [սեփական] անձի դեմ էր: Բայց Միածին Որդին, երկնքից երկիր իջնելով, հաշտություն հաստատեց Աստծո, և սեր՝ մեկմեկու նկատմամբ, իսկ մեր հոգու և մարմնի մեջ էլ արդարություն սերմանեց ու մեզ լցրեցայնպիսի բարությամբ, որ ոչ միտքը կարող է իմանալ, և ոչ լեզուն՝ ճառել:
Ահավասիկ իմ մանուկը 2: խելահաս պիտի դառնա (52։13)
Ոմանք Դանիելի, մյուսները՝ Զորաբաբելի, և ուրիշներ էլ ժողովրդի վերաբերյալ են կարծում այս խոսքը, մինչդեռ այն չի պատշաճում վերջիններիս վերաբերյալ ասված խոսքերի ոճին: Այլ բովանդակ խոսքն [իրապես] վերաբերում է մեր Տիրոջը: Հայր Աստված նրան մանուկ է անվանում ըստ տնօրինության, ըստ որի Նա ծառայի կերպարանք առավ, ինչպես ասում էլ էր. «Մեզ մանուկ ծնվեց, որդի տրվեց մեզ» (9։6), և թե՝ «Դու ես Իմ որդին, և Ես այսօր ծնեցի Քեզ» (Սաղմ. 2։7): Խելահաս պիտի դառնա, այսինքն՝ պիտի իմանա մարգարեների խոսքերը: Դարձյալ՝ խելահաս պիտի դառնա [խոսքը] հակառակ է նրանց, ովքեր Քրիստոսի մարդեղությունը մտքից զուրկ են համարում և ասում են, թե Որդին միայն մարմինն է առել, և ոչ թե նաև միտքը 3, ու այդպիսով մեր կատարյալ փրկությունը թերի են հռչակում, որովհետև ինչ որ առավ՝ թե՛ հոգին և թե՛ մարմինը, դրանցով էլ փրկեց մեզ: Մինչդեռ նրանց հերձվածի համաձայն, մյուս անգամ գալուց Բանը հոգի պիտի առնի ու այդժամ միայն պիտի փրկի հոգին: Արդ, ասում է՝ խելահաս է լինելու: Իսկ ինչպե՞ս պետք է խելահաս լինի, եթե միտք չունի: Չէ՞ որնաև Ավետարանն է ասում. «Աճում էր՝ լի իմաստությամբ» (Ղուկ. 2։40): Դարձյալ, խելահաս լինելը ցանկանալն է, այսինքն՝ Խաչը ելնելու պատրաստակամությունը, ինչպես ասում էլ էր. «Ցանկանալով ցանկացա այս զատիկը ուտել» (Ղուկ. 22։15): Ուստի թող չթվա, թե Քրիստոս ակամա ու պարտադրված է եկել դեպի Խաչը, այլ՝ հոժար կամքով: Այս պատճառով և Խաչը փառք է անվանում, քանի որ Խաչով պիտի բարձրանար և հույժ փառավորվեր: Նախ, երբ հրաշքների զորության ուղեկցությամբ Խաչ բարձրացավ, հույժ փառավորվեց, որպեսզի բոլոր ազգերը, այդ թվում՝ հեթանոսները, երկրպագեն Խաչյալին, ըստ այն խոսքի, որ ասում էր. «Երբ բարձրացնեք մարդու Որդուն, այն ժամանակ կիմանաք, թե Ես եմ» (Հովհ. 8։28): Այսինքն՝ Քրիստոսի Աստվածությունն այնժամ հայտնի դարձավ հրաշքներից, որոնք տեղի ունեցան խաչելության ժամանակ. լուսատուները խավարեցին, երկիրը ցնցվեց (Մատթ. 27։51, Ղուկ. 23։44), և այլն: Ու դարձյալ, թեպետ Խաչը պատճառ էր անարգության, մահվան և անեծքի, սակայն Նա փառքի, կյանքի և օրհնության առիթ դարձավ, ըստ այն խոսքի, թե՝ «Այնժամ Ես բոլորին կբարձրացնեմ» (Հովհ. 12։22), և թե՝ «Տնկակից եղանք Նրա մահվան նմանությամբ» (Հռոմ. 6։5), և թե՝ «Քրիստոս մեզ գնեց օրենքի անեծքից» (Գաղատ. 3։15), և այլն:
Ինչպես շատերը Քեզ վրա պիտի զարմանան, երբ անշքանա Քո մարդկային տեսքը (52։14)
Զարմանալն այն էր, երբ մարդիկ ասում էին. «Իսրայելում այսպիսի մարդ երբեք չերևաց» (Մատթ. 9։33), և թե՝ «Հիրավի, սա Աստծո Որդի է» (Մատթ. 27։54): Այսինքն՝ ամենքը զարմանում էին՝ տեսնելով մեծամեծ հրաշքները, որոնք Հիսուս կատարում էր, և լսելով իմաստուն խոսքերը, որոնք Նա խոսում էր, քանզի հիանում էին այն շնորհալի խոսքերով, որոնք ելնում էին Փրկչի շուրթերից: Իսկ կանշքանա Քո մարդկային տեսքը խոսքը նշանակում է, որ Նրա կերպարանքը անարգվելու է, սակայն ո՛չ Աստծո և աստվածային մարդկանց կողմից (Մատթ. 17։5): Չէ՞ որ Սիմեոն ծերունին աղերսում էր կյանքի ու մահվան Տիրոջը (Ղուկ. 2։25-32), իսկ Հովհաննեսը՝ աշխարհի մեղքերը վերացնողին (Հովհ. 1։29): Ուրեմն ումի՞ց անարգվեց Քրիստոս. ա՛յն մարդկանցից,- ասում է,- որոնք միայն մարմնասեր մարդիկ էին: Արդ, նախ ա՛յն էր անարգությունը, որ ասում էին. «Սա հյուսնի որդի է», և Նրան սամարացի ու մոլեգնոտ էին անվանում (Մատթ. 13։55, Հովհ. 8։48):
Երկրորդ՝ անարգում էին, որովհետև Նրան տեսնում էին աղքատ կերպարանքով՝ զուրկ մարմնական ճոխությունից, որը հատուկ էր աշխարհի բռնակալներին:
Երրորդ՝ Նա անշուք էր մարմնի կերպարանքով, բայց ոչ թե՝ տգեղ էր դեմքով, սակայն, այնուամենայնիվ, Աստվածության հետ համեմատած անշուք էր մարմնի կերպարանքը:
Չորրորդ՝ դարձյալ Նրա անշուք կերպարանքի մասին է խոսում, քանի որ Նա այդպիսին էր համաձայն Աստվածության, որովհետև Տերը ծառա դարձավ, և Արարիչը՝ արարած: Հինգերորդ՝ անշքացած կոչվում, քանի որ Խաչի վրա մերկացած, գանակոծված, ապտակված, թքված, նախատված, բևեռված ու մինչև իսկ մեռած էր: Սակայն անարգության մեջ տե՛ս մեծասքանչ զորությունը, որ դրսևորվում էր հրաշքների միջոցով, որոնք էին. արեգակի խավարելը, ժայռերի պատռվելը, երկրի ցնցվելը, գերեզմանների բացվելը և այլն: Եվ եթե անարգության ժամանակ Նա զորությամբ այնքան ահավոր էր, որքա՜ն ավելի սարսափելի կլինի, երբ գա Հոր փառքով, ահեղ ու սաստիկ զորությամբ՝ դատելու աշխարհը: Ոմանք էլ «անշքանալու» վերաբերյալ մարգարեությունը մեկնաբանում են հետևյալ կերպ, ըստ որի այլափոխվելու է Նրա տեսքը մարդկանց մեջ, ինչպես որ եղավ այն ժամանակ, երբ Քրիստոս այլակերպվեց Թաբոր լեռան վրա, կամ էլ Փրկիչը մշտապես այլակերպելու է ավազանով ծնվածներին՝ ի կերպ Աստծո որդեգրության դարձնելով:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: