Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
12-13. «Ու երբ այդ տունը մտնեք, նրան ողջո՛ւյն տվեք՝ ասելով. «Խաղաղություն այս տանը»»։ «Եվ եթե տունն արժանի լինի, ձեր խաղաղությունը նրա վրա կիջնի, իսկ եթե արժանի չլինի, ձեր խաղաղությունը ձեզ կվերադառնա»։
Նայի՛ր, թե Հիսուս մինչև իսկ ինչպիսի մանրամասներ է հաղորդում Իր ուսուցումներում, և դա անում է ոչ առանց պատճառի: Քրիստոս Իր առաքյալներին պատրաստում էր լինել բարեպաշտության շարժիչներ և ողջ աշխարհի քարոզիչներ:
«Ու երբ այդ տունը մտնեք, նրան ողջո՛ւյն տվեք՝ ասելով. «Խաղաղություն այս տանը»։ Եվ եթե տունն արժանի լինի, ձեր խաղաղությունը նրա վրա կիջնի, իսկ եթե արժանի չլինի, ձեր խաղաղությունը ձեզ կվերադառնա» - եթե մենք հրեշտակներ ունենք, ապա պետք է որ վարենք մեր ընթացքը զգուշորեն՝ կարծես նրանց որպես առաջնորդներ ունենալով, որովհետև մեր շուրջը նաև դև կա։ Հետևաբար, աղոթենք և աղաղակենք՝ խնդրելով խաղաղության հրեշտակին։ Մենք խաղաղություն ենք խնդրում ամենուրեք, որովհետև ոչինչ չի կարող համեմատվել դրա հետ՝ խաղաղություն եկեղեցիներում, աղոթքներում՝ թե՛ անձնական, թե՛ հանրային, և խաղաղություն՝ ողջույններում։ Եկեղեցու գլուխը՝ Քրիստոս, այդ խաղաղությունը տալիս է մեզ մեկ, երկու, երեք անգամ և բազմիցս՝ ասելով. «Խաղաղություն ձեզ»։ Ինչո՞ւ է այդպես։ Որովհետև խաղաղությունը բոլոր բարիքների աղբյուրն է. այն իր հետ ուրախություն է բերում։ Ահա թե ինչու Քրիստոս առաքյալներին պատվիրեց մեկի տուն մտնելիս անմիջապես խոսել խաղաղության մասին՝ որպես բոլոր բարիքների խորհրդանիշ. «Երբ տուն մտնեք, ասացեք. «Խաղաղություն այս տանը», որովհետև առանց դրա ոչինչ արժեք չունի։ Եվ կրկին, Հիսուս Իր աշակերտներին ասում է. «Խաղաղություն եմ թողնում ձեզ, Իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ» (Հովհ․ 14։27), որովհետև սերն ինքնին պայմանավորված է դրանով։ Եվ եկեղեցու գլուխը՝ Քրիստոսմ պարզապես չի ասում՝ «խաղաղություն ձեզ», այլ «խաղաղությունը թող լինի ձեզ բոլորիդ հետ»։
Հովհաննես Ծործորեցի (†1338)
Եւ երբ այն տունը մտնէք, ողջո՛յն տուէք նրան ու ասացէ՛ք. «Ողջո՜յն այս տանը»:
Եվ երբ մտնեք այդ տուն, ողջույն տվեք նրան՝ ասելով. «Ողջո՜ւյն այս տանը»:
Քանի որ ամեն տեղ [առաքյալներին] ուղարկում էր իբրև աստվածպաշտության նահատակ և քարոզիչ, ուստի ողջույնի միջոցով ամենքի համար ցանկալի էր նրանց դարձնում, որպեսզի, [ասում էր], ոչ թե դուք շատերից ողջույն ակնկալեք ձեր առաջնորդության համար, այլ նախ դուք տաք՝ նրանց պատվելով և իբրև դաս նրանց: Երկրորդ՝ որովհետև ողջույնն ինքը մեր Տերն է՝ ըստ առաքյալի. «Նա է մեր խաղաղությունը» (Եփես. 2:14). ուրեմն կամենում է, որ նախ Ինքը մտնելով բազմի, ինչպես Մարիամի մոտ, և ապա աշակերտները մտնեն: Երրորդ՝ [ողջույնն] իբրև կարապետ է ուղարկում հավատացյալների մոտ, որպեսզի խաղաղություն հաստատի և Իր մուտքի ճանապարհը պատրաստի, և այնուհետև Ինքը գալով՝ Իրենն առանձնացնի: Այս օրինակով էր բոլոր դարերում այցելում՝ գիտությամբ պատմելով, անվամբ քարոզելով և այժմ էլ՝ ճշմարտությամբ կատարելագործելով: Չորրորդ՝ երբ նյութական լույսը բացվում է, արարածները [սկսում են] գործել՝ միմյանց սիրո ողջույն տալով, որով թշնամությունը վերացվում է, պատերազմը՝ լռում, և ծանոթանում են միմյանց: Սա եղավ նոր աշխարհի նկարագրությունը, որովհետև արդարության Արեգակի ճշմարիտ ծագմամբ, սուրբ առաքյալների քարոզության ողջույնի միջոցով, կռապաշտության մոլությունը վերացավ, Աստվածության դեմ մեղքերով պատերազմը խափանվեց, և արարածները ճանաչեցին իրենց Արարչին ու մոտեցան Նրան: Եվ հինգերորդ՝ ինչպես որ ողջույնի ձայնը, այն տվողից դուրս գալով, գնում է լսողի մոտ՝ չընդհատվելով ասողի մոտ, այդպես էլ Հայրն Իր էությամբ ամենքի մոտ է և ամենքից անխառն վերադառնում է Ինքն Իրեն, և Որդին էլ, երբ Հոր մոտ էր՝ ըստ Հովհաննեսի (Հովհ. 1:2) , հայտնվեց մեզ մոտ, ամենքի հետ ամեն ինչ եղավ, սակայն կատարելապես և անբաժանաբար մնաց Հոր մոտ: [Տերն] այս խորհուրդն է ներկայացնում ողջույնի [պատվերով]:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Եւ երբ այն տունը մտնէք, ողջո՛յն տուէք նրան ու ասացէ՛ք. «Ողջո՜յն այս տանը»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 10:5
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: