Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
«Եվ դուք կառավարիչների ու թագավորների առաջ կտարվեք Իմ պատճառով ՝ նրանց ու հեթանոսներին վկայություն տալու համար»։
Որքա՜ն մեծ է Նրա զորությունը, Ով խոսում էր այսպես։ Որքա՜ն մեծ է նրանց իմաստասիրությունը, ովքեր լսում էին Նրան։ Պետք է խիստ զարմանալ, թե ինչպե՛ս առաքյալները՝ այդ վախկոտ մարդիկ, որոնք երբեք չէին հեռացել այն լճից, որտեղ ձուկ էին որսում, այսպիսի խոսքեր լսելով՝ անմիջապես չհեռացան Հիսուսից։ Ինչպե՞ս նրանք չմտածեցին և իրենք իրենց չասացին. «Ո՞ւր փախչենք»։
Մեր դեմ են դատարանները, մեր դեմ՝ թագավորներն ու իշխանները, հրեաների ժողովարանները, հույն ժողովուրդները, իշխանավորները և ենթակաները, քանի որ Քրիստոս նրանց կանխագուշակեց ոչ միայն Պաղեստինում սպասվող աղետների մասին, այլև նախապես հայտնեց համայն տիեզերքի դեմ նրանց մարտնչումի մասին՝ ասելով. «Դուք կառավարիչների ու թագավորների առաջ կտարվեք Իմ պատճառով» (Մատթ. 10:18), ու այդպիսով ցույց տալով, որ հետագայում նրանց որպես քարոզիչներ ուղարկելու է նաև հեթանոսների մոտ։
Դու մեր դեմ հանեցիր ամբողջ տիեզերքը, մեր դեմ զինեցիր բոլոր նրանց, ովքեր ապրում են երկրի վրա՝ ժողովուրդներ, իշխաններ, թագավորներ։ […] Արդյոք մյուսները կհավատա՞ն մեզ, երբ տեսնեն, որ մեր պատճառով հայրերը ոչնչացնում են իրենց զավակներին, եղբայրները՝ եղբայրներին, և ամեն ինչ լեցուն է սպանությամբ։ Մեզ ամենուրեք չե՞ն վտարի իբրև չար դևեր, իբրև հանցագործներ և աշխարհի կործանիչներ, երբ տեսնեն երկիրը՝ լցված իրենց ազգակիցների արյունով և նմանօրինակ սպանություններով։ Լավ կլինի՞ արդյոք այն խաղաղությունը, որը մենք կփոխանցենք՝ մտնելով այն տները, որոնք լցրել ենք այդքան սպանություններով։ Քանի որ նույնիսկ եթե մենք շատ լինեինք, այլ ոչ թե գեթ տասներկուսը, եթե անգրագետ պարզամիտներ չլինեինք, այլ իմաստուններ և հռետորներ՝ խոսքի մեջ հմուտ, և նույնիսկ եթե մենք ինքներս թագավորներ լինեինք, զորքեր ու շատ փող ունենայինք, ապա անգամ այդժամ ինչպե՞ս կարող էինք հավատքի մեջ համոզել որևէ մեկին՝ միաժամանակ բորբոքելով ներքին պատերազմներ և դեռ մի բան էլ՝ շատ ավելի վատ՝ քան ներքին պատերազմներն են։ Եթե մենք անտարբեր լինենք մեր փրկության հանդեպ, ուրիշ ո՞վ կլսի մեզ։ Բայց [առաքյալները] նմանօրինակ ոչինչ չխորհեցին, չասացին և բացատրություն չպահանջեցին իրենց տրված այդպիսի պատվիրանների համար, այլ միայն համաձայնվեցին և հնազանդվեցին։ Եվ սա ոչ միայն նրանց առաքինության վկայությունն էր, այլև իրենց Ուսուցչի գերիմաստության ցուցիչը։ Իրոք որ, տե՛ս, թե յուրաքանչյուր աղետի համար Քրիստոս ինչպես է ցույց տալիս նաև մխիթարությունը։ Իսկ ահա առաքյալներին չընդունողների մասին ասում է. «Սոդոմացիների և գոմորացիների երկրի համար դատաստանի օրն ավելի հեշտ կլինի, քան այդ քաղաքի համար» (Մատթ. 10:15)։ Նույն կերպ նաև այստեղ, ասելով՝ «դուք կառավարիչների ու թագավորների առաջ կտարվեք», ավելացնում է՝ «Իմ պատճառով՝ նրանց ու հեթանոսներին վկայություն տալու համար»։ Իսկ ահա հանուն Քրիստոսի և հեթանոսների դատապարտության համար տառապելը փոքր մխիթարություն չէ։
Հովհաննես Ծործորեցի (†1338)
ձեզ պիտի տանեն կուսակալների ու թագաւորների առաջ իմ պատճառով, որ իմ մասին վկայութիւն տաք նրանց եւ հեթանոսներին:
Դատավորների ու թագավորների առաջ կտանեն ձեզ Իմ պատճառով՝ ի վկայություն նրանց և հեթանոսների:
Թեպետ սակավ առ սակավ մեծացրեց վշտերի թիվը՝ ցույց տալով, որ բոլոր հեթանոսների մոտ է նրանց ուղարկելու քարոզության և երկրի բոլոր բնակիչները պայքարելու են նրանց դեմ՝ ազգեր ու դատավորներ, իշխաններ ու թագավորներ, սակայն նրանք հաճելով ու համաձայնելով հանձն էին առնում [այդ ամենը], որովհետև վստահ էին ոչ միայն սեփական առաքինությունների, այլև Ուսուցչի իմաստության ու զորության վրա:
Բայց ի՞նչ է նշանակում «ի վկայություն նրանց ու հեթանոսների»[խոսքը]:
Նրանց վկայություն է համարում [առաքյալների] դատապարտությունը, բայց ո՛չ որովհետև [առաքյալները] սա կամենում էին կամ իրենց տանջանքների վրա ուրախանում, այլ որովհետև Քրիստոսի համար չարչարվելը շատ մեծ բան է, մանավանդ երբ [Նա] ամենուր նրանց կողքին է: Որովհետև կանխավ հայտնում է այն, ինչ նախօրոք գիտի, ուստիև ասում է՝ «Իմ պատճառով», և ոչ թե ինչ-որ ուրիշ բանի:
Իսկ ըստ [մեկնության] երկրորդ՝ [այլաբանական] եղանակի՝ [կարելի է հասկանալ] այսպես. քանի որ դևերը մարդկանց խաբում են նաև այսպիսի խաբեությամբ՝ «[Աստծո] պատճառով» մեզ գցելով մտքի ու հոգու քննության ատյանի առաջ (որոնք [Տերը] «դատավոր» ու «թագավոր» կոչեց), և [մեր] փրկությանը նախանձելով՝ [ասում են]. «Աստված չարությունն ի բնե է դրել ձեր կազմության մեջ», ուստի, ասում է [Տերը], այն, որ շատերն այդ նույն բնությամբ առաքինացան, հանդիմանություն կլինի [դևերին] համաձայնողներին ու դևերից խաբված հեթանոսներին:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
ձեզ պիտի տանեն կուսակալների ու թագաւորների առաջ իմ պատճառով, որ իմ մասին վկայութիւն տաք նրանց եւ հեթանոսներին:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 10:17
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: