Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
«Արդ նրանցից մի՛ վախեցեք, որովհետև չկա ծածուկ բան, որ հայտնի չդառնա, և գաղտնի բան, որ չիմացվի։
Թեև խոսքը, թվում է, ընդհանրական բնույթ է արտահայտում, սակայն ասված չէ բոլոր դեպքերի մասին ընդհանրապես, այլ միայն տվյալ պարագային է վերաբերում։ Փրկչի խոսքն ունի հետևյալ իմաստը. «Ձեր մխիթարության համար բավական է նաև այն, որ Ես՝ ձեր Ուսուցիչն ու Տերը, ձեզ հետ ենթարկվում եմ միևնույն նախատինքին։ Իսկ եթե դուք, սա լսելով, այնուամենայնիվ չեք դադարում խռովվել, ապա հաշվի առեք նաև ա՛յն, որ փոքր-ինչ ժամանակ անց դուք կազատվեք նաև այդ ամոթալի մեղադրանքներից։ Եվ ինչի՞ համար եք տրտմում։ Մի՞թե այն պատճառով, որ ձեզ կոչում են խաբեբաներ և շողոքորթներ։ Բայց սպասե՛ք մի քիչ, և բոլորը ձեզ կկոչեն համայն աշխարհի փրկիչներ և բարեգործներ։
Ժամանակը բացահայտում է ամեն գաղտնի բան. այն կբացահայտի նաև ձեր հակառակորդների զրպարտությունը և կհայտնի ձեր առաքինությունը։ Եթե դուք միայն ձեր գործով իսկ հանդես գաք որպես փրկիչներ և բարեգործներ ու աչքի ընկնեք ամեն տեսակի առաքինի գործերով, ապա մարդիկ ուշադրություն չեն դարձնի ձեր դեմ չարախոսողների խոսքերին, այլ կնայեն ձեր գործերի՛ ճշմարտությանը։ Այդ ժամանակ ձեր հակառակորդներն իրենք ամենքի աչքին կներկայանան որպես զրպարտիչներ, ստախոսներ և չարագործներ, իսկ դուք կփայլեք արեգակից էլ առավել պայծառ։ Անշուշտ, ապագայում ժամանակը կբացահայտի և կհայտնի, թե ովքեր եք դուք․ այդ բացահայտումն ավելի բարձրագոչ կլինի, քան փողահարության ձայնը, և բոլորին կդարձնի ձեր առաքինության վկաները։ Այսպիսով, Իմ խոսքերը, որոնք հիմա Ես ասում եմ, չպետք է ընկճեն ձեզ, այլ պետք է ոգևորեն գալիք բարիքների հույսով. հնարավոր չէ, որ ձեր գործերը անհայտության մեջ մնան։
Հովհաննես Ծործորեցի (†1338)
Այսուհետեւ նրանցից չվախենաք, որովհետեւ չկայ ծածուկ բան, որ չյայտնուի, եւ գաղտնի բան, որ չիմացուի:
Այսուհետև մի՛ երկնչեք նրանցից:
Քանի որ սովորել եք կռվի կերպը՝ թշնամիներին հեզությամբ ու համբերությամբ հաղթել, բնավ մի՛ վախեցեք ձեր մասին տարածվող չարախոսությունից:
Որովհետև չկա ծածուկ բան, որ չհայտնվի, և գաղտնի բան, որ չիմացվի:
Փոքր-ինչ հանդուրժեք, ասում է, և ներե՛ք, որովհետև ժամանակը կհայտնի այն, ինչ ծածկված է, չարախոսների զրպարտությունը կհանդիմանի և նրանց մեջ եղած կեղծավորությունը կխայտառակի, իսկ ձեր գաղտնի առաքինությունն արևի պես պայծառ կփայլի, որով նրանց առաջ կերևաք իբրև երախտավոր ու փրկիչ: Նաև՝ Տերն Իր գալստյան ժամանակ լուսավորելու է սրտի խավարի գաղտնիքները և հայտնելու մարդկանց ծածուկ գործերը՝ մարդկանց ամբարշտության վրա թափելով բարկության կնքված ու պահված պաշարը՝ արդար հատուցում անելով, քանի որ այստեղ ծածուկ պահված թե՛ բարին, թե՛ չարը այնտեղ հայտնի են դառնալու և հրապարակվելու՝ փառք ու պատիվ [բերելով] բարի գործեր կատարածներին և նեղություն ու տանջանք՝ չարագործներին:
Ստեփանոս Սյունեցի (†735)
Այսուհետեւ նրանցից չվախենաք, որովհետեւ չկայ ծածուկ բան, որ չյայտնուի, եւ գաղտնի բան, որ չիմացուի:
Նրանցից չվախենաք, որովհետև չկա ծածուկ բան, որ չհայտնվի, և գաղտնի բան, որ չիմացվի»:
Թեպետև ոմանց կողմից ինչ-որ գաղտնի և ծածուկ գործեր արվեն, որոնք մարդկանց անհայտ կմնան, սակայն այն ժամանակ, երբ Աստված դատի մարդկանց բոլոր գաղտնի գործերը, ամեն ինչ հայտնի դարձնելով պիտի հանդիմանի: Երբ Տերը գա ու լուսավորի խավարի գաղտնիքները, կհայտնի նաև սրտերի գաղտնիքները:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Այսուհետեւ նրանցից չվախենաք, որովհետեւ չկայ ծածուկ բան, որ չյայտնուի, եւ գաղտնի բան, որ չիմացուի:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 10:17
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: