Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 10:28

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Եվ մի՛ վախեցեք նրանցից, ովքեր մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող․ այլ ավելի վախեցե՛ք Նրանից, Ով կարող է և՛ հոգին, և՛ մարմինը կորստյան մատնել գեհենի մեջ»։
   

    Տեսնո՞ւմ ես, թե Քրիստոս ինչպես է նրանց միտքն ամեն ինչից վեր բարձրացնում։ Ոչ միայն վեր է բարձրացնում հոգսերից, զրպարտություններից, վտանգներից և մեղադրանքներից, այլև «համոզում» է նրանց արհամարհել այն, ինչն ամենասարսափելին է՝ բուն մահվանը, և ոչ թե պարզապես մահվանը, այլև բռնությամբ վրա հասնող մահվանը։ Հիսուս չի ասում, թե «դուք կսպանվեք», այլ Իրեն հատուկ վսեմությամբ բացահայտում է ամեն եղելություն՝ ասելով. «Մի՛ վախեցեք նրանցից, ովքեր մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող․ այլ ավելի վախեցե՛ք Նրանից, Ով կարող է և՛ հոգին, և՛ մարմինը կորստյան մատնել գեհենի մեջ» (Մատթ. 10:28)։ Սա Հիսուսին բնորոշ մի խոսելաձև է, որը Նա մշտապես էլ գործածում է՝ ասվածն առավել ընդգծելով հակադրության միջոցով։

    Իսկ ո՞րն է, իրականում, Փրկչի բուն ասելիքը․ «Դուք վախենում եք մահից և դրա համար չեք համարձակվում քարոզել։ Բայց հենց ա՛յն բանի համար պետք է քարոզեք, քանի որ վախենում եք մահից։ Դա ձեզ կազատի իրական մահից (կործանումից)։ Թեկուզ և սպանեն էլ ձեզ, բայց չեն կործանի այն, ինչ ձեր մեջ ամենալավն է, թեկուզ և ամեն ջանք գործադրեն դա անելու համար»։

    Ահա թե ինչու Հիսուս չի ասում՝ «ովքեր չեն սպանում հոգին», այլ՝ «հոգին սպանել չեն կարող»։ Թեկուզ և ուզենան էլ դա անել, բայց «չեն կարող»։ Այսպիսով, եթե դու վախենում ես տանջանքից, ապա քեզ համար ավելի լավ կլինի, եթե վախենաս շատ ավելի սոսկալի տանջանքից։ Տեսնո՞ւմ ես, որ Քրիստոս աշակերտներին դարձյալ չի խոստանում ազատել մահից, այլ թույլ տալով մեռնել՝ առավել մեծ բարիք է պարգևում, քան եթե չթույլատրեր նրանց այդպես չարչարվել։ Եվ իսկապես, մահն արհամարհել ուսուցանելը շատ ավելի կարևոր է, քան մահից ազատելը։

    Այսպիսով, Հիսուս Իր աշակերտներին չի մատնում վտանգների, այլ բարձրացնում է վտանգներից էլ վեր և հակիրճ խոսքերով նրանց մեջ հաստատում է հոգու անմահության ուսմունքը, երկու-երեք խոսքով տնկում է փրկարար վարդապետությունը և մխիթարում է նրանց այսօրինակ այլ դատողություններով։
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Եւ մի՛ վախեցէք նրանցից, որ մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող. այլ դուք առաւել վախեցէ՛ք նրանից, ով կարող է գեհենի մէջ կորստեան մատնել հոգին եւ մարմինը:
Եվ մի՛ վախեցեք նրանցից, ովքեր սպանում են մարմինը, բայց հոգին սպանել չեն կարող:
   
    Նորից է վշտերն աճեցնում. ասում է, որ ոչ միայն չարախոսներից չվախենան, այլև նույնիսկ վրա հասնող մահից, որովհետև ամենուր հակառակով է հակառակը հաստատում: Ինչպես որ այնտեղ սովորեցրեց հեզությամբ հաղթել չարախոսներին, այդպես էլ այստեղ սովորեցնում է մահվա՛մբ գերազանցել կյանքը սպանողներին: Որովհետև չասաց. «Մի՛ վախեցեք, քանի որ Ես կազատեմ [ձեզ]», այլ՝ «կզորացնեմ, որ մահը ոտնակոխ անեք՝ ոչ միայն բնական մահը, այլև բռնակալների [ձեռքից պատահելիքը], և դրանով կյանքը ժառանգեք»:

    Բայց ի՞նչ է [նշանակում] մարմինը սպանելը, իսկ հոգին՝ ոչ: Նշանակում է՝ [սպանողները] բնությամբ մահկանացու մարմնի՛ վրա իշխանություն ունեն, իսկ հոգին, որքան էլ կամենան, չեն կարող սպանել, այլ միայն ա՛յս կյանքից ու զգայարաններից զրկել, իսկ ձեր փառքին չեն կարողանա հաղթել: [Կարելի է հասկանալ] նաև այլ կերպ. հոգին, անմահ լինելով, չի մեռնում երբեք, ինչը երևում է բազմաթիվ բաներից: Նախ՝ որ Աստծո պատկերն է, իսկ Աստված անմահ է: Երկրորդ՝ [Սուրբ] Գիրքն է վկայում՝ ըստ այսմ. «Նրանց հույսը լի է անմահությամբ» (Իմաստ. 3:4): Երրորդ՝ [մարդկային] միտքն է տեսնում [սա]. որովհետև եթե հոգին մեռներ, ոչ ոք չէր վախենա նրա մեռած մարմնից, ինչպես որ չեք վախենում անասունի մեռած մարմնից. նշանակում է՝ մի կենդանի զորություն կա, որի պատճառով և վախենում ենք մարդու մեռած մարմնից: Չորրորդ՝ ամեն սպանություն հակառակությունից է ծագում, իսկ հոգու գոյացությունը չի հակառակում, բացի այն դեպքից, երբ մեղանչում է, որովհետև մեղքն է հոգու մահը. «Ով մեղք գործի, նա էլ կմեռնի» (Եզեկ. 18:4, 20): Ուրեմն եթե հանցանքներից զերծ լինեք, մահը բնավ չի տիրի ձեզ՝ ըստ առաքյալի  (Հռոմ. 6:1-11), որովհետև բռնակալները չեն կարող ձեզ հանցանքների մեջ մեղադրել: Ուստի [Տերն այս խոսքով] ցույց է տալիս, որ [առաքյալները] բարու մեջ կատարյալ դարձան:

    Այլ առավել վախեցեք Նրանից, Ով կարող է թե՛ հոգին, թե՛ մարմինը կորստյան մատնել գեհենում:

    [Այս խոսքը] նախ ցույց է տալիս, որ հոգիների ու մարմինների տերն Աստված է, Ումից և պետք է վախենալ, որովհետև կարող է հոգին մարմնով հանդերձ կորստյան մատնել գեհենում, այսինքն՝ [երկուսին] միասին դառը տանջանքների մատնել (սա է ահավոր վախճանի հանդեպ վախի [պատճառը]), և ոչ թե [ցույց տալիս], թե չարիք գործողը կորչելու է, ինչպես ինքն է ակնկալում: [Տերը] մահվան միջոցով նաև ավետարանում է հարությունը, որովհետև ովքեր, [մարմնով բարի գործեր կատարելով], այստեղ մեռնում են, փառքի մեջ են կենդանանալու, իսկ ովքեր այստեղ խնայում են մարմինը, գեհենում կորստյան են մատնվելու: Նաև քանի որ ասաց՝ բռնակալները ձեզ հանցանքների մեջ են մեղադրելու, [բայց հանդուրժե՛ք], ապա, որպեսզի չկարծես, թե անձնիշխանությունից զրկեց, ավելացնում է՝ վախեցե՛ք մեղքերից, որովհետև երկյուղի պատճառով մարդը խուսափում է չարից, քանի որ [չարն] է, որ հոգին մարմնով հանդերձ կորստյան է մատնում գեհենում: Իսկ որպեսզի [առաքյալները] չկարծեին, թե [Աստծուց] ասես լքված են կրելու վշտերը, իբրև [Նրանից լքված չլինելու] ապացույց [Տերը] բերում է [հետևյալը].
   

Ստեփանոս Սյունեցի (†735)

Եւ մի՛ վախեցէք նրանցից, որ մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող. այլ դուք առաւել վախեցէ՛ք նրանից, ով կարող է գեհենի մէջ կորստեան մատնել հոգին եւ մարմինը:
   
    «Մի՛ երկնչեք նրանցից, որ մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող: Այլ դուք առավել վախեցե՛ք նրանից, ով կարող է գեհենի մեջ կորստյան մատնել հոգին և մարմինը»:
Այժմ էլ ուսուցանում է, թե նրանք, ովքեր սպանում են, հոգի՛ն չէ, [որ սպանում են], այլ մարմինը՝ [այն] զգայությունից փոխելով անզգայության: Իսկ հոգու մահը փոխումն է առաքինությունից չարության և անմեղությունից մեղավորության: «Եվ այն անձը, ով մեղանչում է, պիտի մեռնի», նախապես ասաց մարգարեն (Եզեկ. 18:4):
Այլ դուք առավել վախեցե՛ք նրանից, ով կարող է գեհենի մեջ կորստյան մատնել հոգին և մարմինը:
Հոգու և մարմնի կորուստ, ասում է հավիտենական և դառը տանջանքները, միաժամանակ հայտնելով, որ հոգին և մարմինը միասին պիտի տանջվեն:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Եւ մի՛ վախեցէք նրանցից, որ մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող. այլ դուք առաւել վախեցէ՛ք նրանից, ով կարող է գեհենի մէջ կորստեան մատնել հոգին եւ մարմինը:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 10:17