Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 10:31

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Արդ, մի՛ վախեցեք. դուք բազում ճնճղուկներից ավելին եք»։
   

    Այսպիսով՝ «մի՛ վախեցեք. դուք բազում ճնճղուկներից ավելին եք»։ Տեսնո՞ւմ ես, որ այն ժամանակ արդեն վախը տիրել էր առաքյալներին։ Իսկ Հիսուս էլ գիտեր նրանց գաղտնի մտածումները։ Դրա համար էլ ավելացրեց՝ «մի՛ վախեցեք» նրանցից․․․։ Եթե նույնիսկ նրանք հաղթեն էլ, ապա կհաղթեն միայն ավելի նվաստին, այսինքն՝ մարմնին, որը թեկուզ եթե նրանք էլ չսպանեին, բնությո՛ւնն ամեն դեպքում կկործաներ։

    Այսպիսով, «նրանք» իշխանություն չունեն նույնիսկ մարմնի վրա, քանի որ այդ մարմինն էլ կախված է բնությունից։ Իսկ եթե դու դրանից վախենում ես, ապա պետք է սարսռաս, պետք է սարսափես Նրանից, Ով շատ ավելի մեծ է, Ով կարող է և՛ հոգին, և՛ մարմինը կորստյան մատնել գեհենի մեջ։ Քրիստոս թեկուզ և ուղղակիորեն չի ասում, թե Ով է այդ «Նա»-ն, որ կարող է կորստյան մատնել հոգին և մարմինը, սակայն արդեն իսկ վերևում ասվածից պարզ է դառնում, որ Աստված Ինքն է Դատավորը։

    Մինչդեռ մեզ մոտ այժմ հակառակն է լինում. մենք չենք վախենում Նրանից, Ով կարող է կորստյան մատնել հոգին, այսինքն՝ պատժել մեզ, մինչդեռ դողում ենք մարմինը սպանողներից։ Սակայն չէ՞ որ Աստված կարող է կորստյան մատնել և՛ հոգին, և՛ մարմինը, իսկ մարդիկ ոչ միայն չեն կարող կործանել հոգին, այլև մարմինը. թեկուզ և մարմնին անթիվ պատիժների էլ ենթարկեն, բայց դրանով միայն ավելի փառավոր կդարձնեն այն։ Տեսնո՞ւմ ես, թե Հիսուս ինչպես է պայքար մղելու (սխրանք գործելու) ուղին ներկայացնում որպես դյուրահաղթ մի ճանապարհ։ Մահը խիստ ցնցել էր նրանց (աշակերտների) հոգին՝ նրանց երկյուղով համակելով հատկապես ա՛յն պատճառով, որ մահը դեռևս դյուրությամբ հաղթահարելի մի երևույթ չէր, և քանի որ նրանք, ովքեր կոչված էին արհամարհելու մահը, դեռևս չէին արժանացել Սուրբ Հոգու շնորհներին։
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Արդ, մի՛ վախեցէք, քանի որ բազում ճնճղուկներից լաւ էք դուք:
   
    Ուրեմն մի՛ վախեցեք, որովհետև դուք բազմաթիվ ճնճղուկներից լավն եք

    Նա, Ով տեսնում էր [առաքյալների] սրտերի ծածուկ [խորհուրդները], տեսավ, որ նրանք զարհուրած են, ուստի կրկնում է՝ մի՛ վախեցեք: [Մի՛ վախեցեք], եթե նույնիսկ մեղքերը տիրեն ձեզ, քանի որ միայն մարմնին են տիրում, իսկ Նա՝ ավելի մեծին՝ հոգուն ու մարմնին, և Նրանի՛ց է հարկավոր վախենալ: Կամ էլ՝ մի՛ վախեցեք Նրա խնամքից անտեսվածների պես, որովհետև սաստիկ սիրում է ձեզ, ինչպես հայրը՝ որդուն, ձեզ ավելի լավը համարում, քան տանիքներում մեկուսացած ճնճղուկներին, որ փախել են որսորդների որոգայթներից, և ձեզ համար երկնքում տներ է պատրաստել: Իսկ դուք նրանցից ավելի լավն եք ձեր անձերի զոհաբերման և Հոր սեղանի շուրջ նստելու պատճառով:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Արդ, մի՛ վախեցէք, քանի որ բազում ճնճղուկներից լաւ էք դուք:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 10:17