Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 11:13

Հովհաննես Ծործորեցի

քանի որ ամբողջ Օրէնքը եւ մարգարէները մարգարէացան մինչեւ Յովհաննէսը:

   

   Որովհետև ամբողջ Օրենքն ու մարգարեները մինչև Հովհաննեսը մարգարեացան:

   Սրանով նույնպես հայտնում է, որ Ինքը եկել է՝ ցույց տալով Օրենքի տվչության և մարգարեների ուղարկման պատճառը, որպեսզի, [ասում է], կանխահայտնելով Իմ գալուստը, սակավ առ սակավ ընտելացնեին ձեզ՝ դեպի Ինձ բերելով, ինչով Աստծո կանխագիտական զորությունն էր ճանաչվում և Հոր կամքով եղած Իմ մարդացումն էր քարոզվում: Հետևաբար, եթե մարգարեները մինչև Հովհաննեսը խոսեցին և նրան հասնելով՝ լռեցին ու դադար առան, ուրեմն Ես եմ, որ գալու էի, և ուրիշին մի՛ սպասեք, քանի որ Հովհաննեսը նույնպես Ինձ էր մատնացույց անում իբրև Աստծո Գառի՝ եկած իրականացնելու մարգարեների կանխատեսումները: Այլև ինչպես որ Հովհաննեսն է Խոսքի Ձայնը, այդպես էլ ամբողջ Օրենքն ու մարգարեներն էին ձայնի պես ազդարարում Իմ գալուստը: Իսկ քանի որ Խոսքը հայտնվել է, Օրենքի ու մարգարեների ձայները պիտի լռեն, և Խոսքն առաջ ընթանա, ինչպես որ ինքը [Հովհաննեսն] էր ասում. «Նա պիտի աճի, իսկ ես նվազեմ» (հմմտ. Հովհ. 3։30):

   Բայց պատշաճ էր, որ հարցնեին [Հիսուսին] թե՝ «Եթե եկել ես, ո՞ւր է Եղիան», ինչպես որ այլուր ասում էին. «Նախ Եղիան է գալու» (Մատթ. 17։10):
   

Ստեփանոս Սյունեցի

13-15․ քանի որ ամբողջ Օրէնքը եւ մարգարէները մարգարէացան մինչեւ Յովհաննէսը: Եւ եթէ ուզում էք ընդունել, Յովհաննէ՛սն է Եղիան, որ գալու է: Ով լսելու ականջ ունի, թող լսի:

   

   «Օրենքը և մարգարեները մարգարեացան մինչև Հովհաննես: Եվ եթե ուզում եք ընդունել, նա՛ է Եղիան, որ գալու է: Ով լսելու ականջ ունի, թող լսի»:

   Ինչպես Մովսեսը և մարգարեները Քրիստոսի վերաբերյալ մարգարեացան և Նրան էին ակնկալում, նույնպես և՝ Հովհաննեսը: Եվ Քրիստոս գալով ժառանգեց հայրենի ժառանգությունը, ըստ [մարգարեների խոսքի]. «Ազգերին քեզ կտամ ծառայության և երկրի բոլոր ծագերը՝ քեզ ժառանգություն» (հմմտ. Սաղմ. 2։8): Իրապես կատարվեց ամեն մարգարեություն, որ Քրիստոսի գալստյան և գործերի մասին էր:

   Իսկ որ ասաց, թե նա է Եղիան, որ գալու է, ոչ թե [այն իմաստով, որ] Հովհաննեսը Եղիա Թեղբացու հոգին ուներ, քանզի եկեղեցին չի ընդունում հոգիների փոխադրումը օտար մարմինների մեջ, այլ միայն այն, թե Սուրբ Հոգին, որ Եղիայի վրա էր, նմանողությամբ [հանգչել էր նաև] Հովհաննեսի վրա: Եվ ինչպես Քրիստոսի երկրորդ գալստյան ժամանակ նախապես Եղիան է գալու, նույնպես և Հովհաննեսը նախապես գալով [առաջին գալստյան ժամանակ] ճանապարհ պատրաստեց քարոզության ձայնով: Դրա համար էլ կոչվեց Եղիա:

   Տե՛ս, միգուցե խոսքը Մովսեսն է, և Մովսեսին էլ ձայնակից է Եղիան, կամ այլ մեկը մարգարեներից միչև Հովհաննեսը, որ ցույց տվեց կատարյալ խոսքը, որ մեզ մոտ է, և մեր հոժարությամբ է ընդունելը կամ չընդունելը, որի համար և ասաց. եթե կամենաք ընդունել, նա՛ է Եղիան: Այլև, Մովսեսն ու Եղիան այն լեռան վրա վեհագույն ու փառավորագույն երևացին Քրիստոսի հետ, ուստի և ավելացրեց. «Ով լսելու ականջ ունի, թող լսի»:

   

Մաղաքիա արք. Օրմանյան

քանի որ ամբողջ Օրէնքը եւ մարգարէները մարգարէացան մինչեւ Յովհաննէսը:

   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 11:7