Հովհաննես Ծործորեցի
Այն ժամանակ նա սկսեց պարսաւել այն քաղաքները, որոնց մէջ նրա բազում զօրաւոր գործերը տեղի ունեցան, բայց նրանք չապաշխարեցին:
Այդ ժամանակ սկսեց նախատել այն քաղաքները, որոնցում Նրա բազմաթիվ զորությունները ցույց տրվեցին, սակայն նրանք չապաշխարեցին:
Շատ ժամանակ անց և հրաշքներով ու խոսքերով եղած բազմաթիվ հնարքներ բանեցնելուց հետո նրանց պախարակում և հեգ ու թշվառ է կոչում, որպեսզի թերևս դրանից վախենալով զգաստանան, որովհետև շատեր կան, որ ոչ այնքան հրաշքներից ու խրատական խոսքերից են ուղղության գալիս, որքան եպերական խոսքերից: Ուստի [Տերն] այս մեկն էլ կիրառեց նրանց հանդեպ, ովքեր ընդունեցին բազմաթիվ շնորհներ, բայց մոռացան, և նախատում է նրանց: Եվ տես, որ միայն ապաշխարությունը բավական էր փրկության համար, բայց նրանք չկամեցան:
Ստեփանոս Սյունեցի
20-21․ Այն ժամանակ նա սկսեց պարսաւել այն քաղաքները, որոնց մէջ նրա բազում զօրաւոր գործերը տեղի ունեցան, բայց նրանք չապաշխարեցին: «Վա՜յ քեզ, Քորազին, վա՜յ քեզ, Բեթսայիդա. որովհետեւ եթէ Տիւրոսում եւ Սիդոնում տեղի ունեցած լինէին այն զօրաւոր գործերը, որ ձեր մէջ արուեցին, վաղուց արդէն քուրջով եւ մոխրով ապաշխարած կը լինէին:
Այն ժամանակ նա սկսեց պարսավել այն քաղաքները, որոնց մեջ եղան Նրա բազում զորավոր գործերը, բայց նրանք չապաշխարեցին: «Վա՜յ քեզ, Քորազին, վա՜յ քեզ, Բեթսայիդա, որովհետև, եթե Տյուրոսում և Սիդոնում տեղի ունեցած լինեին այն զորավոր գործերը, որ ձեր մեջ արվեցին» և այլն:
Ինչպես ասվեց, նախատում է այն քաղաքներին, որոնցում բազում հրաշքներ և զորություններ արեց: Եվ նախատինքները խոսքերի վրա ավելանալով հանցանքներն են հիշեցնողնում, մանավանդ ծանրանալով անշնորհքի և երախտամոռի վրա:
Քորազին այստեղ թարգմանվում է «իմ խորհուրդը», [ըստ] եբրայական անունների թարգմանության: Իսկ Բեթսայիդա, որ Պետրոսյանց և Հովհաննիսյանց գավառն է, թարգմանվում է՝ որսողների տուն, Կափառնայումը՝ մխիթարության վայր, Տյուրոսը, որը Ծուրն է, եբրայերենից թարգմանվում է պնդություն: Սիդոնը, որը Ծայդանն է, թագմանվում է որսողներ, Սոդոմը՝ կուրություն կամ ամլություն: Ահա ուրեմն սրանք, ինչպես կարծում եմ, ժամանակին մխիթարված, հորդորված և հափշտակված են եղել աստվածային խոսքերի վարդապետությամբ, որից հետո մեղք են գործել հեթանոս վարդապետների [ազդեցությամբ]:
Իսկ այն, որ ասաց, թե [դատաստանի] օրը Սոդոմից և Գոմորից ավելի սոսկալի է լինելու, մեզ ցույց տալու համար ասաց, թե կա տանջանքների զանազանություն և զատորոշում:
Մաղաքիա արք. Օրմանյան
20-24. Այն ժամանակ նա սկսեց պարսաւել այն քաղաքները, որոնց մէջ նրա բազում զօրաւոր գործերը տեղի ունեցան, բայց նրանք չապաշխարեցին: «Վա՜յ քեզ, Քորազին, վա՜յ քեզ, Բեթսայիդա. որովհետեւ եթէ Տիւրոսում եւ Սիդոնում տեղի ունեցած լինէին այն զօրաւոր գործերը, որ ձեր մէջ արուեցին, վաղուց արդէն քուրջով եւ մոխրով ապաշխարած կը լինէին: Բայց ասում եմ ձեզ, Տիւրոսի եւ Սիդոնի երկրի համար աւելի տանելի կը լինի դատաստանի օրը, քան ձեզ համար: Եւ դո՛ւ, Կափառնայո՛ւմ, միթէ մինչեւ երկի՞նք պիտի բարձրանաս. ո՛չ, պիտի իջնես մինչեւ դժոխք. որովհետեւ եթէ Սոդոմում եղած լինէին այս զօրաւոր գործերը, որ եղան քո մէջ, արդարեւ մինչեւ այսօր նրանք կանգուն կը լինէին: Բայց ասում եմ ձեզ, որ սոդոմացիների երկրի համար դատաստանի օրը աւելի տանելի կը լինի, քան քեզ համար»:
Երբ Հիսուս աշակերտներին հիշեցնում էր քարոզության չենթարկվողների մասին և հրահանգում թողնել նրանց ու հեռանալ: Իր մտքի առջև պատկերվեցին մինչ այդ, այդքան երկար ժամանակ Գալիլիայում կատարած քարոզությունները, որոնք թեպետ մի պահ ողովրդական շարժում առաջացրին, սակայն արդյունքում ճշմարիտ դարձ չեղավ: Պարզապես բժշկություններից օգտվելու շահադիտական ձգտումն էր, այլ ոչ թե Ավետարանի վարդապետությանը հետևելու գործնական կամքը: Ո՛չ դարձ կար, ո՛չ զղջում և ո՛չ ապաշխարություն, այլ թեթևսոլիկ և անձնասեր մի խանդավառություն էր, որ դեմ հանդիման չկանգնեց անգամ փարիսեցիների ու դպիրների հակառակասեր ճիգերին, անզոր ու անհիմն խոսքերով իսկույն մարեց, փոխվեց անտարբեր սառնության և հասավ անգամ լուռ ու խուլ հակառակության: Այդ հիշողություններն այնչափ ազդեցին Հիսուսի մտքին, որ չկարողացավ զսպել իր ներքին հուզումը և, ընդմիջելով Յոթանասունին տրվելիք հրահանգը՝ «Սկսաւ նախատել զքաղաքսն, յորս եղեն բազում զօրութիւնք նորա, եւ ոչ ապաշխարեցին»: Այդ նախատյալ և հանդիմանյալ քաղաքները Գալիլիայի բոլոր քաղաքներն էին, ու քարոզեց, վարդապետեց, հիվանդներ բժշկեց, դևեր հալածեց, ախտավորներ առողջացրեց և ամեն տեսակի զորություններ՝ հրաշքներ գործեց: Թեև համակրողներ եղան, բայց ապաշխարություններ տեղի չունեցան: Հիսուսի կողմից հիշատակված քաղաքները երեքն են միայն՝ Քորազին, Բեթսայիդան և Կափառնայում: Իսկ պատմությունից հիշված ունենք նաև Նազարեթը, Կանան, Նայինը, Մագդաղան և ուիրշները ևս: Գուցե Հիսուս դրանց անուններն է՞լ թվարկեց, իսկ ավետարանիչները զանց արեցին, որովհետև գիտենք, որ Հիսուսի բերանից բառ առ բառ դուրս եկած խոսքերը չեն կարողացել սղագրել:
Հիշատակված երեք քաղաքներից, անշուշտ, ամենից ավելի է հանդիմանության արժանի Կափառնայումը, որը եղավ Հիսուսի գործունեության կենտրոնը, գործողությունների ընդարձակ ու տևական ասպարեզը: Մյուս կողմից, Կափառնայումը՝ Գալիլիայի կենտրոնը, ընդհանուր ճանապարհի մեծ կայարանը, առևտրի շահաստանը, մյուսներից գլխավորն էր համարվում և իրեն մինչև երկինք բարձրացած էր կարծում, բայց հակառակ այս դիրքին և Հիսուսի ցուցաբերած խնամքին, ամենաանպտուղ տեղը մնաց և Հիսուս իրավամբ ասում էր «Եւ դու, Կափառնաում, որ մինչեւ յերկինս բարձրացեալ ես, մինչեւ ի դժոխս իջեցես»: Քանի-քանի անգամ, Հիսուսի ուղևորությունների առիթով. Հիշեցինք Բեթսայիդայի անունը: Թե՛ այս և թե՛ ուրիշ անգամներ Հիսուսի այնտեղ քարոզած և հրաշագործություններ կատարած լինելն աներկբա է, մանավանդ, որ աշակերտներից մի քանիսը բեթսայիդացիներ էին: Բոլորովին նորություն է, սակայն, Քորազինի անունը: Երբեք չի հիշատակվում Հիսուսի Քորազին գնալը: Մինչդեռ Հիսուս, հանդիմանությունն սկսելիս, առաջինը Քորազինն է նշում. «Վա՛յ քեզ Քորազին, վա՛յ քեզ Բեթսայիդա»: Քորազինը կամ Քորոզայինը՝ այժմ Քերազե, Գալիլիայի ծովակի հյուսիսակողմում գտնվող մի կարևոր քաղաք էր: Հորդանանի արևմտակողմում էր, Կափառնայումից երկու ժամի չափ ճանապարհ դեպի ցամաք: Ուստի անհնար էր, որ Հիսուս, իր պտույտների ընթացքում, երբեմն այնտեղ անցած չլիներ: Մանավանդ Կափառնայումի հույժ մերձավորությունը ենթադրել է տալիս, թե Կափառնայումի քարոզությունների մի մասը Քորազինում է կատարվել: Այլապես Հիսուս հենց Քորազինով չէր սկսի վայրերի թվարկումը:
Հանդիմանության ընթացքում Հիսուս բաղդատության եզրեր է դնում Տյուրոս և Սիդոն քաղաքների միջև: Դրանք ժամանակին փյունիկեցիների հռչակավոր մայրաքաղաքներն էին: Տակավին մեծ անուն ու լավ դիրք են գրավում՝ իբր վաճառականության շահաստան և հարստության կենտրոն: Ճանաչված են նաև որպես բարեկեցության, շռայլության ու շվայտության վայրեր, որը համանշանակ է զեղծ, մեղավոր ու ամբարիշտ կյանք ունենալուն: Հիսուս, Գալիլիայի քաղաքների մասին խոսելով, ասումե. «Եթե ձեզանում խոսված քարոզները և կատարված հրաշքները լինեին Տյուրոսի կամ Սիդոնի մեջ, ապա վաղուց այդ ամբարիշտ քաղաքներն անգամ դարձի եկած, քուրձ հագած, մոխրի վրա նստած ու ապաշխարություն սկսած կլինեին. մինչ դուք այնչափ քարոզություն լսելով և այնչափ հրածք տեսնելով, տակավին մնում եք ձեր անզղջության մեջ: Բայց իմացած եղեք, որ դատաստանի օրը Տյուրոսի և Սիդոնի դատաստանը նվազ ծանր պիտի լինի, քան ձերը, որովհետև նրանք չունեցան այն շնորհները, որոնք դուք ունեիք: Սոդոմն ու Գոմորն էլ ձեզ հետ բաղդատելիս, ավելի թեթև պիտի համարվի նրանց դատապարտությունը, որովհետև եթե այդչափ շնորհներ Սոդոմում և Գոմորում կատարված լինեին, գուցե չէին կործանվի և մինչ այսօր կանգուն կլինեին»:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: