Ծննդոց գրքի մեկնություն 11:27

Ա. Լոպուխին

Թարայի սերունդը այս է. Թարան ծնեց Աբրամին, Նաքորին ու Առանին, իսկ Առանը ծնեց Ղովտին: (Սինոդական թարգ․) [27]
   
   Թարայի սերունդը այս է…Այստեղից սկսվում է աստվածաշնչյան մի նոր բաժին՝ «տոլեդոտ», կամ Աբրահամի հայր Թարայի սերնդաբանությունը: Հեղինակն, ըստ մեկնիչների դիտարկման, զարմանալի աստիճանականությամբ է մոտենում հավատացյալների հայր Աբրահամի պատմությանը: Նա ավելի ու ավելի է նեղացնում սեմական սերունդների շրջանակը և ահա, ի վերջո, հասնում է այն տանն ու ընտանիքին, որտեղ ծնվել է Աբրամը:

     Թարան ծնեց Աբրամին, Նաքորին ու Առանին... Այստեղ էլ Ծննդոցի հեղինակն ուղղակիորեն չի խոսում միայն Աբրամի մասին, այլ ցույց է տալիս նաև նրա ընտանեկան դրությունը, թվարկում է նրա եղբայրներին՝ չմոռանալով նշել նրա զարմիկ Ղովտին ևս: Աբրամը, որ նշանակում է «բարձունքի հայր», այստեղ դրվում է առաջին տեղում ոչ թե ավագը լինելու պատճառով, այլ, ակնհայտորեն, Աստծո թագավորության մեջ ունեցած իր դերակատարության համար: Աբրամի երկրորդ եղբոր՝ Նաքորի անունը մեզ արդեն հայտնի է, քանի որ այն, ըստ երևույթին, տրվել է ի պատիվ պապի (Ծննդ. 11:26), իսկ Թարայի երրորդ որդու՝ Առանի կամ Խառանի անունն Աստվածաշնչում բացի անձնանուն լինելուց ունի նաև տեղանքային (տեղագրական) նշանակություն: Վերջին իմաստով Խառան բառով էին կոչում Միջագետքի հյուսիս-արևմտյան հատվածը: Աբրամն այստեղ գտնվում է ամեն ինչի կենտրոնում՝ իբրև ընտրյալ ցեղի նախահայր, Նաքորը հիշվում է իբրև Ռեբեկայի պապ (Ծննդ. 22:20–23), իսկ Խառանը՝ Ղովտի հայր:
--------------------------------
[27](Էջմիածին թարգ․) Թարայի սերունդը այս է. Թարան ծնեց Աբրամին, Նաքորին ու Առանին, իսկ Առանը ծնեց Ղովտին:
(Արարատ թարգ․) Եվ սրանք են Թարայի սերունդները. Թարան ծնեց Աբրամին, Նաքորին և Առանին, և Առանը ծնեց Ղովտին:
(Գրաբար) Եւ զՅոդորամ, և զԵզէլ, և զԴէկլա,