Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 11:30

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Որովհետև Իմ լուծը քաղցր է, և Իմ բեռը՝ թեթև»։
   

    «Ի՞նչից ես վախենում, — ասում է Նա։ -Մի՞թե դու, խոնարհությունն ընդունելով, կնվազես։ Նայի՛ր Ինձ և Ինձնի՛ց սովորիր այն ամենը, ինչ Ես անում եմ, և այդ ժամանակ հստակ կիմանաս, թե ինչքա՜ն մեծ բարիք է խոնարհությունը։

Տեսնո՞ւմ ես, թե Հիսուս ինչպե՜ս է բոլոր միջոցներով նրանց ուղղորդում դեպի խոնարհամտությունը։ Նախ՝ Իր իսկ գործերով՝ «սովորե՛ք Ինձանից, որովհետև Ես հեզ եմ ու սրտով խոնարհ», ապա՝ խոստացված օգուտով՝ «և հանգստություն կգտնեք ձեր հոգիներին», նաև՝ Իր ողորմություններով՝ «Ես հանգիստ կտամ ձեզ», ինչպես և՝ Իր հետևորդների լծի թեթևացմամբ՝ «Իմ լուծը քաղցր է, և Իմ բեռը՝ թեթև»։
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

որովհետեւ իմ լուծը քաղցր է եւ իմ բեռը՝ թեթեւ»:
   
    Որովհետև Իմ լուծը քաղցր է, և Իմ բեռը՝ թեթև»:

    Սա այն պատճառով է ասում, որ՝ քանի որ «լուծ» ասացի, մի՛ կարծիր, թե դժվարին է, և որ «բեռ» անվանեցի, մի՛ վախեցիր, թե շատ ծանր է, այլ խոստացված բարիքների հույսի պատճառով քաղցր է ու թեթև: Ըստ առաքյալի՝ «Այս ժամանակի չարչարանքներն արժանի չեն գալիք փառքին, որ հայտնվելու է մեզ» (Հռոմ. 8։18), և՝ «Ինչ որ աչքը չտեսավ...., պատրաստեց Աստված Իրեն սիրողների համար» (Ա Կոր. 2։9): Իսկ եթե խոսքերիս չհավատաս, նայիր մարտիրոսների դեմքին, թե ինչպես էին տանջանքի բազմատեսակ միջոցներն իբրև ծաղիկ հավաքում և, անմահ կյանքի հույսով պրկված, տապակի մեջ կանգնում՝ ասես շուշանի մեջ զովանալով: Եթե մի ուրիշ տեղ [Տերն Իր ճանապարհը] «նեղ» կոչեց, ապա դա թույլերի ու ծույլերի համար ասաց, իսկ արիներին այն հույժ թեթև ու քաղցր է թվում: Նաև՝ առաքինություններ գործողները քաղցրանում են [դրանք] գործելիս և ասես թեթևացած՝ այժմ մտքով են բարձրանում, առաքյալի նմանությամբ (Բ Կոր. 12։2) մինչև երրորդ երկինք հափշտակվում՝ հոգով, մարմնով ու մտքով երկրպագելով Եռանձնյա Աստվածությանը և ընդունելով Նրա անճառ խոսքերը, իսկ ապագայում ամպերով են ընդառաջ [գնալու] Տիրոջը օդում (Ա Թես. 4։16):
   

Ստեփանոս Սյունեցի (†735)

որովհետեւ իմ լուծը քաղցր է եւ իմ բեռը՝ թեթեւ»:
   
    «Որովհետև իմ լուծը քաղցր է, և իմ բեռը՝ թեթև»։

    Ովքեր անօրենության լուծը գցեն ու մտնեն Քրիստոսի ծառայության լծի տակ, սրանց [համար] թեպետև որոշ ժամանակ բեռը ծանր կթվա, և լուծը՝ խստագույն, սակայն այն բարիքների հույսը. «որ աչքը չտեսավ, և ականջը չլսեց, և մարդու սիրտը չընկավ» (Ա Կորնթ. 2։9), և այդ պատրաստված բարիքներից օգտվելու ակնկալությունը, այս լծի ու բեռների ծանրությունն ու խստությունը ավելի քաղցր կդարձնի՝ քան ամենաքաղցրները, և ավելի թեթև՝ քան ամենաթեթևները: Ինչպես [երբ մեկը] գոտեմարտի մտնի հաստատապես [հաղթության պսակի] ակնկալությամբ, այսպիսի [մեկի համար] հակառակորդի զորությունը՝ անզորություն և տկարություն է համարվում:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

որովհետեւ իմ լուծը քաղցր է եւ իմ բեռը՝ թեթեւ»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 11:25