Սրբ. Եփրեմ Ասորի
4-7․ Նրանք ասացին. «Եկէք մեզ համար քաղաք կառուցենք եւ աշտարակ, որի գագաթը հասնի մինչեւ երկինք: Համբաւ ձեռք բերենք ողջ աշխարհով մէկ սփռուելուց առաջ»: Տէրն իջաւ, որպէսզի տեսնի այն քաղաքն ու աշտարակը, որ կառուցում էին մարդկանց որդիները: Տէրն ասաց. «Սրանք մէկ ժողովուրդ են, ունեն մէկ լեզու եւ սկսել են այդ գործն անել: Արդ, ոչինչ չի խանգարում նրանց, որ կառուցեն այն, ինչ կամենում են: Արի իջնենք եւ խառնենք նրանց լեզուն այնպէս, որ ոչ մէկը չհասկանայ իր ընկերոջ ասածը»:
«Եկեք մեզ համար, - ասում է, - աշտարակ կառուցենք, որ դրա գագաթը բարձրանա մինչև երկինք» (Ծննդ. 11:4). քանի որ Աստված ազատության Աստված է: Հապա, որպես աստված հակառակ Աստծուն, և այս պատճառով շուտափույթ նրանց վրա պատուհասի պատիժ եկավ: «Արի, - ասում է, - իջնենք և բաժանենք նրանց լեզուները» (Ծննդ. 11:7), այն բանի պատճառով, որ նրանք խորհեցին, որ չբնակեցնեն և չկառուցեն երկիրը: Քանի որ այսպես ասաց, ոչ թե հանիրավի կերպով նրանց հատուցելու, այլ որպեսզի դրանում բնակվեն Իր արարածները: «Եվ աճեցեք, - ասում է, - բազմացեք, լցրեք երկիրը» (Ծննդ. 9:1): Եվ որովհետև ասում է. «Արդ, ոչինչ չի խանգարում նրանց, որ կառուցեն այն, ինչ կամենում են» (Ծննդ. 11:6), որպեսզի չցրվեն, հապա հենց այդ պատճառով ցրումը լինի: «Ոչինչ, - ասում է, - նրանց չի խանգարում», այսինքն, որ առանց պատժի չապրեն կամ սրանից հետո պակասի նրանցից, որպեսզի չիրականանան նրանց մտադրությունները:
Ա. Լոպուխին
Եվ նրանք ասացին. «Եկեք մեզ համար քաղաք կառուցենք և աշտարակ, որի գագաթը հասնի մինչև երկինք և համբավ ձեռք բերենք քանի դեռ չենք սփռվել ողջ աշխարհով մեկ»: (Սինոդական թարգ․) [4]
Եկեք մեզ համար քաղաք կառուցենք և աշտարակ, որի գագաթը հասնի մինչև երկինք… Քաղաքի կառուցման մասին առաջին տեղեկությունը Սուրբ Գիրքը տալիս է մեզ դեռ Կայենի պատմության մեջ (Ծննդ. 4:17), իսկ հետո՝ Քուշի որդի Նեբրոթի պատմության մեջ (Ծննդ. 10:10): Երկու դեպքում էլ քաղաքների կառուցումը մարդկության անօրեն ցեղերի ներկայացուցիչներին վերագրելով՝ Աստվածաշունչը քաղաքաշինության այս փաստի մեջ ևս վատ մտադրություն է կանխատեսում: Այդ մտադրությունն ակնհայտորեն արտահայտվեց աշտարակի շինությամբ, որի գագաթը պետք է հասնի մինչև երկինք. այս արտահայտությունն, իհարկե, չափազանցական է և ցույց է տալիս միայն աշտարակի արտասովոր բարձրությունը (Բ Օր. 1:28, 9:1; Դան. 4:17): Նման վիթխարի աշտարակ կառուցելով՝ շինարարները ցանկանում էին իրենց բացառիկ վարպետությունը վկայող հուշարձան կանգնեցնել՝ դրանով իսկ իրենց անմահացնել բոլոր սերունդների աչքերում: Հնարավոր է, որ դրան միանում էին նրանց իշխանատենչական ծրագրերը. տերության համար այնպիսի հզոր հենակետ ստեղծել, որտեղից հարմար կլիներ իշխանությունը տարածել հնարավորինս շատ մարդկանց վրա: Ի վերջո, հավանաբար, շինարարները մտադրված էին նաև խոչընդոտել աշխարհով մեկ տարածվելու մասին Նոյի սերունդներին տրված աստվածային մարգարեության (Ծննդ. 9:25–27) իրականացմանը՝ կառուցելով այնպիսի մի կենտրոն, որը տեսանելի կլիներ բոլորին և նորից կմիավորեր նրանց իր շուրջը:
համբավ ձեռք բերենք… Ահա Աստվածաշնչի ուղիղ և պարզ խոսքը, որը կասկածի տեղ չի թողնում բաբելոնյան աշտարակը կառուցողների փառասեր, իշխանատենչ և, առհասարակ, Աստծուն ատելի մտադրությունների մասին: Այս արտահայտությունը նման իմաստով (այսինքն իրենց հռչակի մասին ունեցած նախանձախնդրության իմաստով, ինչպես ցույց տրվեց), կիրառվում է նաև Սուրբ Գրքի այլ տեղերում (Բ Թագ. 8:13, Ես. 63:12–14, Եր. 32:20):
Քանի դեռ չենք սփռվել ողջ աշխարհով մեկ… Նախադասության առաջին բառերը՝ «քանի դեռ», եբրայական բնագրում արտահայտված են «կեն» շաղկապով, որը կարելի է թարգմանել հունարեն «μή»-ին և ռուսերեն «чтобы не»-ին
(որպեսզի չ…) համարժեք (որպեսզի չսփռվենք աշխարհով մեկ…): Այս վերջին տեսքով թարգմանությունը շեշտադրում է շինարարների մեղսավոր մտադրությունների մասին տեքստի հիմնական միտքը:
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Նրանք ասացին. «Եկէք մեզ համար քաղաք կառուցենք եւ աշտարակ, որի գագաթը հասնի մինչեւ երկինք: Համբաւ ձեռք բերենք ողջ աշխարհով մէկ սփռուելուց առաջ»:
(Արարատ թարգ․) Եվ ասացին. «Եկեք մեզ համար մի քաղաք ու մի աշտարակ շինենք, որը մինչև երկինք հասնի, և մեզ համար անուն հանենք, որ չցրվենք ողջ երկրով մեկ»
(Գրաբար) Եւ որդիք Յաւանայ՝ Եղիսա և Թարսիս. Կիտացիք, և Ռոդացիք։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: