Ծննդոց գրքի մեկնություն 1:31

Սրբ. Եփրեմ Ասորի

Աստուած տեսաւ, որ այն ամէնը, ինչ ստեղծել էր, շատ լաւ է: Եւ եղաւ երեկոյ, եւ եղաւ առաւօտ՝ օր վեցերորդ:

   

Տե՜ս Ծննդոց գրքի մեկնություն  գլուխ 1:26

   

Ա. Լոպուխին

Եվ Աստված տեսավ, որ այն ամենը, ինչ ստեղծել էր, շատ լավ է:  Եվ եղավ երեկո, և եղավ առավոտ՝ օր վեցերորդ: (Սինոդական թարգ․)[31]

   

   Արարման ողջ գործի աստվածային հավանության եզրափակիչ բանաձևումն իր ուժով էապես տարբերվում է բոլոր նախորդողներից. եթե նախկինում տարբեր տեսակի բույսեր ու կենդանիներ արարելիս Աստված գտնում էր, որ դրանց ստեղծումը բավարարել է Իրեն և լավ է եղել (Ծննդ. 1։4, 8, 10, 12, 18, 21, 25), ապա այժմ, մի ընդհանրական հայացք գցելով արդեն իսկ ավարտված արարման ամբողջական պատկերին և տեսնելով դրա լիարժեք ներդաշնակությունն ու նպատակահարմարությունը, Արարիչը, ինչպես ասում է Սաղմոսերգուն, հրճվեց իր արարչությամբ (Սաղմ. 103։31) և գտավ, որ այն իր ամբողջականության մեջ շատ լավ է, այսինքն՝ լիովին համապատասխանում է մարդու ու աշխարհի արարման աստվածային տնօրինության նախասկզբնական ծրագրին:

   Օր վեցերորդ... Այս օրը եղավ տիեզերածնության տեսիլքի վերջին գործողությունը, արարչական ողջ վեցօրյայի ավարտը: Աստվածաշնչյան տիեզերածնության խոր պատմական վաղեմությունը հաստատվում է հնագույն լեզուներում պահպանված բավականաչափ համահունչ հետքերով (argumentum ex consensu gentium):

   Դրանց շարքում հատուկ նշանակություն և արժեք ունեն քաղդեացիների՝ Քաղդեական Ուրի բնակիչների հնագույն ավանդությունները, որտեղից էլ հետագայում ելավ և Աբրահամը՝ հրեա ժողովրդի նախահայրը: Քաղդեացիների այս ավանդությունները մեզ են հասել քաղդեացի քուրմ Բերոսոսի (Ք.Ա. III դար) ստեղծագործությունների պատառիկներով և, որ ավելի արժեքավոր է, վերջերս հայտնաբերված (անգլիացի գիտնական Ջորջ Սմիթի կողմից, 1870 թ.) այսպես կոչված «քաղդեական ծագումնաբանություն» կոչվող սեպագիր սալիկներով: Վերջինիս մեջ մենք հանդիպում ենք արարչագործության սուրբգրային պատմությանը իր  հարազատությամբ ապշեցնող (թեև՝ բազմաստվածությամբ հագեցված) մի զուգահեռ. այստեղ նույնպես, ինչպես և Աստվածաշնչում, առկա է՝ վեց հաջորդական գործողությունների բաժանում, որոնցից յուրաքանչյուրին նվիրված է իրեն հատուկ սալիկը. յուրաքանչյուր սալիկում պարունակվում է աստվածաշնչյան ամեն մի օրվա պատմությանը համապատասխան գրեթե նույն բովանդակությունը, նույն հաջորդականությամբ և, որ հատկապես հետաքրքրական է՝ [կիրառված են] միևնույն բնութագրական հնարքները, արտահայտչաձևերն ու նույնիսկ եզրույթները: Այս տեսանկյունից Աստվածաշնչյան տիեզերածնության և քաղդեական ծննդաբանության տվյալների համեմատությունը ստանում է մեծ հետաքրքրություն և ջատագովական հսկա կարևորություն (այս մասին ավելի մանրամասն տես՝ Ա. Պոկրովսկու «Աստվածաշնչյան ուսմունքը նախնական կրոնի մասին» ատենախոսությունը, էջ, 86-90):
--------------------------------
[31](Էջմիածին թարգ․) Աստուած տեսաւ, որ այն ամէնը, ինչ ստեղծել էր, շատ լաւ է: Եւ եղաւ երեկոյ, եւ եղաւ առաւօտ՝ օր վեցերորդ:
(Արարատ թարգ․) Եվ Աստված տեսավ ամեն բան, ինչ արել էր, ահա շատ բարի էր: Եվ եղավ իրիկուն և առավոտ. օր վեցերորդ:
(Գրաբար) Եւ ետես Աստուած զամենայն զոր արար, և ահա բարի՛ են յոյժ: Եւ եղև երեկոյ, և եղև վաղորդայն, օր վե՛ցերորդ: