Մեկնություն Ավետարան ըստ Ղուկասի 1:39

Մաղաքիա արք. Օրմանյան

39-56․ Այդ օրերին Մարիամը վեր կացաւ եւ շտապով գնաց Յուդայի լեռնային շրջանի քաղաքներից մէկը, մտաւ Զաքարիայի տունը ու Եղիսաբեթին ողջոյն տուեց։ Եւ երբ Եղիսաբեթը Մարիամի ողջոյնը լսեց, մանուկը խաղաց նրա որովայնում, եւ Եղիսաբեթը լցուեց Սուրբ Հոգով եւ բարձր ձայնով աղաղակեց ու ասաց. «Օրհնեա՜լ ես դու կանանց մէջ, եւ օրհնեա՜լ է քո որովայնի պտուղը։ Որտեղի՞ց ինձ այս ուրախութիւնը, որ իմ Տիրոջ մայրը ինձ մօտ գայ. որովհետեւ ահաւասիկ, երբ քո ողջոյնի ձայնը հասաւ իմ ականջին, մանուկը ցնծալով խաղաց իմ որովայնում։ Եւ երանի՜ նրան, որ կը հաւատայ, թէ Տիրոջ կողմից իրեն ասուածները կը կատարուեն»։ Եւ Մարիամն ասաց. «Իմ անձը կը փառաւորի Տիրոջը, եւ իմ հոգին ցնծաց իմ Փրկիչ Աստուծով, որովհետեւ նա իր հայեացքը դարձրեց իր աղախնի խոնարհութեան վրայ: Եւ ահա, այսուհետեւ բոլոր սերունդները ինձ երանի կը տան, որովհետեւ ամենազօր Աստուած մեծամեծ գործեր արեց ինձ համար, եւ նրա անունը սուրբ է: Նրա ողորմութիւնը սերնդից սերունդ իր երկիւղածների վրայ է: Նա իր բազուկով զօրութիւն ի գործ դրեց, ցրեց ամբարտաւաններին իրենց սրտի խորհուրդներով․ հզօրներին տապալեց իրենց աթոռներից եւ բարձրացրեց խոնարհներին: Քաղցածներին լիացրեց բարիքներով եւ մեծահարուստներին ձեռնունայն արձակեց: Նա պաշտպան կանգնեց իր ծառային՝ Իսրայէլին, յիշելով իր ողորմութիւնները, ինչպէս ասել էր մեր հայրերին՝ Աբրահամին եւ նրա սերնդին, յաւիտեան»: Մարիամը գրեթէ երեք ամիս մնաց Եղիսաբեթի մօտ եւ դարձաւ իր տունը:
   

    Գաբրիել հրեշտակապետի հաղորդած այն լուրը, թե Եղիսաբեթը ևս հղի է, ստիպեց Մարիամին անձամբ այցելել և շնորհավորել նրան: Նազարեթից եկավ Քեբրոն և ողջունեց իր մորաքեռորդուն:  Եղիսաբեթը երկնային զորությամբ իմացել էր Մարիամին տրված մեծ շնորհի մասին, ուստի օրհնեց թե´ նրան և թե´ նրա որովայնում եղող պտուղը: Մի հրաշալի երևույթ էլ պատահեց: Մայրերի փոխադարձ ուրախությանը մասնակից եղան նաև իրենց զավակները, որ դեռ լույս չէին տեսել: Վերջինս էլ Եկեղեցին բացատրում է հետևյալ կերպ՝ Հովհաննես Կարապետը որովայնից որովայն երկրպագող է: Այդ առիթով Մարիամն արտասանեց իր «Մեծացուսցէ» օրհներգությունը, որ երախտապարտ ու խոնարհամիտ իղձերով բարձրացնում է Աստվածային ողորմությունը և հայտարարում նրա սքանչելի կարողությունը:

    «Մեծացուսցէ»-ն մի շարք նմանություններ ունի Սամվելի մոր՝ Աննայի «Հաստատեցաւ» օրհնաբանության հետ (Ա. Թագ. 1-10), որն էլ ցույց է տալիս, թե Մարիամը կրթվել էր Տաճարի հովանու ներքո և քաջ գիտեր Սուրբ Գիրքը:

    Մարիամը մոտ երեք ամիս հյուրընկալվեց Քեբրոնում, Զաքարիայի տանը և այնտեղից վերադարձավ Նազարեթ՝ հայրական տուն: