Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 14:28

Հովհաննես Ծործորեցի

28-29. Պետրոսը նրան պատասխանեց ու ասաց. «Տէ՛ր, եթէ դու ես, հրամայի՛ր ինձ ջրի վրայով քեզ մօտ գալ»: Եւ նա ասաց՝ արի՛: Եւ Պետրոսը նաւակից իջնելով՝ քայլեց ջրի վրայով ու եկաւ Յիսուսի մօտ:

 

   Պետրոսը պատասխանեց Նրան՝ ասելով. «Տե՛ր, եթե Դու ես, հրամայի՛ր ինձ ջրի վրայով գալ Քեզ մոտ»: Նա ասաց՝ ե՛կ:

   Պետրոսը հասկացավ, որ մարմինը նկատի ունենալով [Հիսուսն] ասաց՝ «Ես եմ», ուստի ասում է. «Եթե այդպես է, ես էլ եմ մարմնով. եթե ես էլ քայլեմ ջրերի վրայով, կիմանամ, որ Դու նույնպես քայլեցիր այն մարմնով, որը ճանաչում եմ»: Բայց դու տե՛ս [Հիսուսի] հանդեպ ունեցած նրա ջերմ սերը, որ չասաց «աղաչիր» կամ «աղոթիր», այլ «հրամայի՛ր», ինչից հասկանում ենք, որ [քայլել ուզեց] ոչ թե ի ցույց կամ ի պարծանս, այլ միայն սիրուց մղված և պատահածի ստուգությունը ճշտելու համար: Իսկ «գալ Քեզ մոտ» ասելով ոչ այնքան ջրերի վրայով քայլելն էր խնդրում, որքան Նրա մոտ ընթանալու համար խնդությամբ էր լցվում:

   «Նա ասաց՝ ե՛կ». միայն խոսքով, որով երկինքը տարածեց, նաև Պետրոսի համար ծովը քայլելուն հարմար հատակ դարձրեց: Բայց զարմացի՛ր Պետրոսի հավատի վրա, որ հանձն առավ քայլել, ինչպես ասում է [ավետարանիչը]:

   Պետրոսը նավից իջավ և ջրերի վրայով քայլելով՝ եկավ Հիսուսի մոտ:

   [Այս խոսքը] Տիրոջ մեծ զորությունն է հայտնում, որ ոչ միայն Ինքն էր [ջրերի վրայով] ընթանում, այլև ուրիշներին հրամայում քայլել: Նաև ցույց է տալիս Պետրոսի խիզախությունն ու Նրա հանդեպ ունեցած ջերմ սերը:

   Իսկ այլաբանորեն՝ ոչ ոք չի կարող մերձենալ Հիսուսին, եթե մարմնավոր ու ախտավոր ծնունդից, որն [ավետարանիչը] «նավ» կոչեց, չիջնի ու չխոնարհվի՝ հոգևոր ջրից ծնվելու, որով [ծնվողի անունը] երկնքում կգրվի և նա արքայությունը կժառանգի:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Պետրոսը նրան պատասխանեց ու ասաց. «Տէ՛ր, եթէ դու ես, հրամայի՛ր ինձ ջրի վրայով քեզ մօտ գալ»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 14:24