Ծննդոց գրքի մեկնություն 15:2

Ա. Լոպուխին

Աբրամն ասաց. «Տէ՛ր Ամենակալ, ի՞նչ ես տալու ինձ: Ես առանց զավակի եմ մնացել, և իմ տան տիրողն ահա Եղիազար Դամասկացին է»։ (Սինոդական թարգ․) [2]
   

   Աբրամն ասաց. «Տէ՛ր Ամենակալ... Տվյալ դիմելաձևը եբրայական տեքստում արտահայտված է «Ադոնայ-Եհովա» բառերով («Եհովան», «Ադոնայ»-ից հետո, եբրայերենում արտասանվում է արդեն ոչ թե առաջին անվանման ձայնավորով, այլ «Էլոհիմ» անվան ձայնավորով): Սա Աստվածաշնչում առաջին օրինակն է նման, ի միջիայլոց, բավականին հազվադեպ աստվածային երկու անունների համատեղման (Ծննդ. 15:8, հմմ. Բ Օր. 3:24, 9:26), որոնցից առաջինը մատնանշում է Աստծուն իբրև բարձրագույն Դատավորի («դան» — դատել), իսկ երկրորդը՝ իբրև Նախախնամողի և Քավիչի:

   Ի՞նչ ես տալու ինձ: Ես առանց զավակի եմ մնացել... «Երբ Աստված Աբրամին խստացավ պարգև, մեծագույն պարգև, այնժամ նա ցույց տալով իր հոգու վիշտն ու հարատև տանջող իր վհատությունն անզավակության պատճառով՝ ասաց. «Տե՛ր, ի՞նչ կտաս ինձ: Չէ որ ես արդեն հասել եմ խոր ծերության և հեռանում եմ անզավակ» (Սուրբ Հովհան Ոսկեբերան):

   Իմ տան տիրողն ահա Եղիազար Դամասկացին է... Սլավոնական Աստվածաշնչում այս արտահայտությունը մի փոքր այլ ձևով է սկսվում, այս բառերով՝ իմ ընդոծին Մասեկի որդին, ինչից ելնելով՝ փոխվում է նաև դրա իմաստը: Այսպիսի տարբերությունը բացատրվում է նրանով, որ եբրայական բնօրինակում դրված այս արտահայտության առաջին բառը՝ «Բեն-Մեշեկ»-ը, LXX-ում հասկացվել և թարգմանվել է անձնական անվան՝ «Մասեկի որդի» իմաստով, մինչ դեռ այդ բառերի ճիշտ թարգմանությունը տալիս է «տան կամ ունեցվածքի կառավարչի, կարգադրողի» գաղափարը (հեբրաիզմ՝ «սեփականատեր որդի», ինչպես նաև «սեփականատեր մարդ», պարզապես նշանակում է ինչ-որ մի բան տնօրինող կամ տիրապետող անձ): Եղիազար անունը նշանակում է նա, «ում օգնում է Աստված», իսկ իր ծագման վայրով՝ Դամասկոսի բնակիչ:
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Աբրամն ասաց. «Տէ՛ր ամենակալ, ի՞նչ ես անելու ինձ, չէ՞ որ ես անորդի եմ կորչում, եւ ինձ ժառանգելու է Եղիազար Դամասկացին՝ իմ ընդոծին Մասեկի որդին»:
(Արարատ թարգ․) Եվ Աբրամն ասաց. «Ո՛վ Տեր, ի՞նչ ես տալու ինձ, քանի որ անժառանգ եմ մնացել, և իմ տան տնօրինողն ահա դամասկացի Եղիազարն է»:
(Գրաբար) Եւ ասէ Աբրամ. Տէր՝ Տէր, զի՞նչ արասցես ինձ, զի ես կորնչի՛մ անորդի։ Եւ որդի Մասեկայ ընտոծնի իմոյ. ա՛յն է Եղիազար Դամասկացի։