Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
21-22․ «Նա պատասխան տվեց ու ասաց. «Ամեն տունկ, որ Իմ երկնավոր Հայրը չի տնկել, արմատախիլ կարվի»» «Եվ ահա քանանացի մի կին, որ գալիս էր այն սահմաններից, աղաղակում էր ու ասում նրան. «Ողորմի՛ր ինձ, Տե՛ր, Դավթի՛ Որդի, Իմ աղջիկը խիստ տառապում է դևից»»։
Մարկոս ավետարանիչն ասում է, որ Քրիստոս, «և մի տուն մտնելով․․․չկարողացավ թաքնված մնալ» (Մարկ. 7։24)։ Բայց ինչո՞ւ Քրիստոս գնաց հենց ա՛յդ երկրները («կողմերը»)։ Նա հրեաների համար չեղյալ համարելով սննդի ճաշակման հարցում խտրական վերաբերմունք ցուցաբերելու մասին օրենքը, այժմ էլ ավելի հեռուն է գնում և արդեն իսկ դուռ է բացում նաև հեթանոսների համար։ Այդպես նաև Պետրոսը սկզբում հրաման ստացավ՝ հեռանալու օրենքից (խոսքը կերակուրի ճաշակման օրենքի մասին է), իսկ այնուհետև ուղարկվեց Կոռնելիոսի մոտ։
Եթե մեկը հարցնի՝ ինչպե՞ս է Քրիստոս, աշակերտներին ասած լինելով՝ «հեթանոսների շրջաններով չգնաք» (Մատթ. 10։5), Ի՛նքը ոտք դնում այդ ճանապարհի վրա, ապա մենք կպատասխանենք, որ նախ, առաջին հերթին՝ Հիսուս պարտավոր չէր Ինքն անձամբ կատարել այն, ինչ պատվիրել էր Իր աշակերտներին։ Երկրորդը՝ Նա չէր գնում այդ երկրներ քարոզելու համար. այս իրողությունն է մատնացույց անում նաև Մարկոսը՝ ասելով, որ Տերը կամեցավ ծածուկ մնալ, բայց չկարողացավ թաքնվել։
Ինչպես Քրիստոսին վայել չէր լինի առաջինը գնալ հեթանոսների մոտ, այդպես էլ հակառակը՝ Նրա մարդասիրությանը վայել չէր լինի նրանց Իրենից հեռացնելը՝ այն դեպքում, երբ հեթանոսներն իրենք էին գալիս Փրկչի մոտ։ Եթե Հիսուսի համար պատշաճ չէր լինի Իրենից հեռացողներին իսպառ լքելը, ապա, առավել ևս, Նրան վայել չէր լինի փախչել նրանցից, ովքեր փնտրում էին Իրեն։ Տե՛ս, օրինակ, թե այդ կինը որքան էր արժանի Փրկչի բարերարությանը։ Նա չէր համարձակվում գնալ Երուսաղեմ, որովհետև վախենում էր և իրեն անարժան էր համարում. եթե այդպես չլիներ, ապա նա կգնար նաև այնտեղ, ինչպես երևում է նրա այս մեծ նախանձախնդրությունից և այն փաստից, որ այս կինը դուրս էր եկել իր երկրի սահմաններից։
Ոմանք, այլաբանաբար մեկնաբանելով այս խոսքերը, ասում են, որ Քրիստոսի՝ Հրեաստանից հեռանալուց հետո Նրան «համարձակվեց» մոտենալ Եկեղեցին, որը նույնպես դուրս եկավ իր սահմաններից, որովհետև Սուրբ Գիրքն ասում է. «Մոռացի՛ր քո ժողովրդին և քո հոր տունը» (Սաղմ. 44։11)։ Քրիստոս դուրս եկավ Իր երկրի սահմաններից, իսկ այդ կինը՝ իր երկրի սահմաններից, ու այդպիսով նրանք կարողացան հանդիպել։ «Եվ ահա քանանացի մի կին, — ասում է ավետարանիչը, — որ գալիս էր այն սահմաններից»։ Ավետարանիչն այդպես է անվանում այս կնոջը, որպեսզի այստեղ ևեթ ցույց տա հրաշքը և էլ ավելի փառավորի նրան։ Իրոք, «քանանացի» անվանումը լսելով՝ մենք պատկերացնում ենք այն անօրեն ժողովրդին, որը հիմնահատակ խեղաթյուրել էր բնության օրենքները, և դա պատկերացնելով՝ հասկացի՛ր Քրիստոսի գալստյան զորությունը։
Նրանք, ովքեր վտարվել էին, որպեսզի չապականեցնեին հրեաներին, այժմ հրեաներից էլ ավելի մեծ նախանձախնդրություն են ցուցաբերում։ Նրանք դուրս են գալիս իրենց երկրի սահմաններից և իրե՛նք են գալիս Քրիստոսի մոտ, մինչդեռ հրեաներն իրենցից հեռացնում են Իրենց մոտ եկած Քրիստոսին։ Այսպիսով, Հիսուսի մոտ գալով՝ կինը միայն մեկ բան է ասում. «Ողորմի՛ր ինձ», և իր աղաղակով ժողովրդի ուշադրությունը դեպի իրեն է գրավում։ Իրապես հուզիչ տեսարան էր՝ տեսնել այդ կնոջը, որն այդքան խղճալիորեն աղաղակում էր, հուզիչ էր տեսնել մորը, որն աղաչում էր իր դստեր՝ այդքան դաժանորեն տառապող դստեր համար։ Կինը չհամարձակվեց իր դիվահար դստերը տանել վարդապետի մոտ, այլ թողնելով նրան տանը՝ մահճում պառկած, ինքն էր եկել՝ աղաչելու Հիսուսին և հայտնելու միայն իր դստեր հիվանդության մասին՝ ոչինչ ավելին չասելով։ Եվ այս կինը Բժշկին իր տուն չի կանչում, ինչպես այն իշխանը, որն ասում էր. «Արի՛ և ձեռքդ դի՛ր նրա վրա» (հմմտ․ Մատթ. 9։18), կամ այն թագավորական պաշտոնյան, որն ասաց. «Իջի՛ր, քանի դեռ իմ որդին չի մեռել» (Հովհ. 4։49)։ Այս կինն իր վիշտն ու դստեր ծանր հիվանդությունը պատմելով՝ դիմում է Տիրոջ գթասրտությանը և բարձրաձայն աղաղակում է՝ ողորմություն խնդրելով ոչ թե իր դստեր, այլ ի՛ր համար. «Ողորմի՛ր ինձ»։ Նա կարծես ասեր. «Իմ դուստրը չի զգում իր հիվանդությունը, իսկ ես հազար տեսակի, տարբեր չարչարանքներ եմ կրում. ես հիվանդ եմ, ես զգում եմ հիվանդությունը, ես դիվահար եմ և գիտակցում եմ դա»։
«Եվ ահա քանանացի մի կին, որ գալիս էր այն սահմաններից, աղաղակում էր ու ասում նրան. «Ողորմի՛ր ինձ, Տե՛ր, Դավթի՛ Որդի, Իմ աղջիկը խիստ տառապում է դևից»» - Մենք մեծավ մասամբ Աստծուն չենք աղաչում՝ ուրիշների միջոցով խնդրելով, այլ մենք ինքներս՝ անձամբ ենք աղերսում։ Քանի որ Տերը ցանկանում է մեր նվիրումը և ամեն ինչ անում է, որպեսզի մենք վստահենք Իրեն, ուստի երբ տեսնում է, որ մենք դա ինքներս ենք անում, ապա հատկապես ա՛յդ ժամանակ է ուշադրություն սևեռում մեզ վրա։ Այդպես էլ Հիսուս վարվեց քանանացու հետ. երբ Պետրոսը և Հակոբոսը միջնորդում էին նրա համար, Նա չբավարարեց այդ խնդրանքը. իսկ երբ քանանացի կինն ինքն անձամբ շարունակեց խնդրել, ապա այդժամ միայն Փրկիչը շնորհեց նրան իր խնդրածը։ Եթե Քրիստոս, ինչպես երևում է, մի փոքր դանդաղեցրեց Իր շնորհի բաշխումը, ապա այդպես վարվեց ոչ թե այն բանի համար, որ այդ կինը սպասեր, այլ որպեսզի նա ավելի մեծ պսակի արժանանար և իր պաղատանքը չդադարեցնելով՝ էլ առավել մոտենար Փրկչին։
«Եվ ահա քանանացի մի կին, որ գալիս էր այն սահմաններից, աղաղակում էր ու ասում նրան. «Ողորմի՛ր ինձ, Տե՛ր, Դավթի՛ Որդի, Իմ աղջիկը խիստ տառապում է դևից»» - Ավետարանիչը զարմանում է. «Ահա մի կին»՝ ինձ դրախտից վտարած սատանայի հինավուրց «գործիքը», մեղքի մայրը, հանցանքի առաջնորդը, նույն այդ բնությամբ մի կին գալիս է Հիսուսի մոտ։ Նոր և անսովոր հրաշք։ Հրեաները փախչում են, իսկ կինը գնում է Նրա հետևից․ «Եվ ահա քանանացի մի կին, որ գալիս էր այն սահմաններից, աղաղակում էր ու ասում նրան. «Ողորմի՛ր ինձ, Տե՛ր, Դավթի՛ Որդի»։
Կինը դառնում է ավետաբեր, խոստովանում է և՛ Հիսուսի աստվածությունը, և՛ տնօրինությունը. «Տեր» բառով՝ իշխանությունը, իսկ «Դավթի Որդի» խոսքով՝ Նրա մարդեղացումը։ «Ողորմի՛ր ինձ», - ասում է քանանուհին։ Տե՛ս նրա իմաստուն հոգին։ «Ողորմի՛ր ինձ, — ասում է նա, — ես բարի գործեր չունեմ, չունեմ համարձակություն իմ ապրած կյանքի պատճառով, սակայն դիմում եմ քո ողորմությանը՝ մեղավորների համար նախատեսված ապաստանին արժանանալու համար։ Դիմում եմ Քո գթասրտությանը, որում չկա դատաստան, որում փրկությունը տրվում է առանց փորձության»։ Այսպիսով, մեղավոր և անօրեն լինելով՝ քանանացի այս կինը համարձակվեց մոտենալ Հիսուսին։
Նկատի՛ր նաև կնոջ իմաստությունը. նա չի խնդրում Հակոբոսին, չի աղաչում Հովհաննեսին, չի դիմում Պետրոսին, իր խոսքը չի ուղղում նրանց շարքից որևէ մեկին։ «Ես միջնորդի կարիք չունեմ, այլ ապաշխարությունը դարձնելով ինձ համար միջնորդ, դիմում եմ բուն Աղբյուրին. Նա հենց դրա՛ համար է եկել, հենց դրա՛ համար է մարմին առել, որպեսզի ես խոսեմ Նրա հետ»։ Վերևում Աստվածորդուց սարսռում են քերովբեները, ներքևում պոռնիկը խոսում է Նրա հետ։ «Ողորմի՛ր ինձ»․ սա մի պարզ խոսք է, բայց դրանում կինը գտնում է փրկության անսպառ մի ծով։ «Ողորմի՛ր ինձ. հենց դրա՛ համար ես եկել, հենց դրա՛ համար ես մարմին առել, հենց ա՛յդ պատճառով ես դարձել այնպիսին, ինչպիսին որ ես եմ»։ Երկնքում՝ սարսուռ, երկրի վրա՝ համարձակություն։ «Ողորմի՛ր ինձ. ես միջնորդի կարիք չունեմ. Դու ի՛նքդ ողորմիր ինձ»։ Հիսուս ասում է՝ «Ի՞նչ է պետք քեզ»։ Կինը պատասխանում է՝ «Ողորմություն եմ փնտրում»։ Հիսուս դարձյալ հարցնում է՝ «Ի՞նչով ես տառապում»։ Եվ ահա քանանացի այս կնոջ պատասխանը․ «Իմ աղջիկը խիստ տառապում է դևից. իմ ողջ էությունը տառապում է, խիղճս տանջում է ինձ»։ Այսպես քանանուհին եկել էր դստեր համար բարեխոսելու. նա իր հետ չէր բերել հիվանդին, այլ բերել էր իր հավատքն առ այն, որ Քրիստոս Աստված է և Նա ամեն ինչ տեսնում է։ «Իմ աղջիկը խիստ տառապում է դևից։ Դա մի սարսափելի տառապանք է, գթասրտության բնական զգացում, որը խայթոցի նման խոշտանգում է իմ որովայնը, խռովում է իմ ներաշխարհը։ Ի՞նչ անեմ։ Ես կործանվում եմ»։ Հիսուս հարցնում է «Ինչո՞ւ չես ասում՝ ողորմի՛ր իմ դստերը, այլ՝ ողորմի՛ր ինձ»։ Քանանուհին պատասխանում է․ «Նա հիվանդ է և արդեն ոչինչ չի զգում, չի գիտակցում իր տառապանքը, չի զգում իր ցավը. գիտակցության բացակայությունը, կամ ավելի ճիշտ՝ անզգայությունը նրա համար ծառայում է որպես դժբախտության ծածկոց։ Ողորմի՛ր ինձ՝ դստերս ամենօրյա տառապանքների ականատեսին. իմ տանը դժբախտության հանդես է բացված։ Ո՞ւր գնամ ես։ Անապա՞տ։ Բայց չեմ համարձակվում նրան մենակ թողնել։ Տա՞նը մնամ։ Բայց այստեղ ես առերեսվում եմ մի ներքին թշնամու, ալիքների, որոնք փոթորկում են նավահանգիստը, դժբախտության «հաղթահանդեսի»։ Ինչպիսի՞ն կոչեմ իմ դստերը։ Մեռա՞ծ․ բայց նա դեռ շարժվում է։ Ո՞ղջ․ բայց նա չի գիտակցում, թե ինչ է անում։ Չեմ կարողանում բառ գտնել այս հիվանդությունը բնութագրելու համար։ Ողորմի՛ր ինձ։ Եթե իմ դուստրը մեռներ, այդքան չէի տառապի. նրա մարմինը կհանձնեի հողի գիրկը, և ժամանակի ընթացքում կմոռանայի իմ դժբախտությունը, ու նրա վերքը կբուժվեր։ Իսկ այժմ իմ աչքերի առաջ անդադար նրա դիակն է, որ բորբոքում է իմ վերքերը, ուժեղացնում է իմ տառապանքները։ Ես ինչպե՞ս նայեմ նրա անսթափ աչքերին, թուլացած ձեռքերին, արձակված մազերին, նրա բերանից դուրս եկող փրփուրին, այն դահճին, որը նրա ներսում է և չի երևում, այն տանջողին, որն ինքը թեպետ անտեսանելի է, սակայն նրա հարվածները տեսանելի են։ Այժմ ես ականատեսն եմ այլոց դժբախտությունների, և այդ կարգավիճակում եմ բնության սահմանած անհրաժեշտությունից դրդված։ Ողորմի՛ր ինձ»։
Պատկերացրնո՞ւմ ես այս կնոջ իմաստությունը։ Նա չգնաց մոգերի մոտ, չկանչեց կախարդներին, կախարդանքների չդիմեց, չսկսեց վարձել մոլորեցնող կանանց, որոնք դևեր են կանչում և ուժեղացնում են վերքը։ Այլ, մերժելով սատանայի գործերը, դիմեց մեր հոգիների Փրկչին։ «Ողորմի՛ր ինձ, Իմ աղջիկը խիստ տառապում է դևից»։ Դուք հասկանո՞ւմ եք այս տառապանքը՝ [ձեզնից նրանք], որ արդեն իսկ հայրեր եք դարձել, հասկացե՛ք իմ խոսքը նաև դուք, որ մայրացել եք. ես չեմ կարող խոսքերով արտահայտել ա՛յն դժբախտությունը, որը կրում էր այս կինը։ «Ողորմի՛ր ինձ, Իմ աղջիկը խիստ տառապում է դևից»։ Տեսնո՞ւմ ես այս կնոջ իմաստությունը։ Տեսնո՞ւմ ես նրա ամրությունը, քաջությունը, համբերությունը։
«Եվ ահա քանանացի մի կին, որ գալիս էր այն սահմաններից, աղաղակում էր ու ասում նրան. «Ողորմի՛ր ինձ, Տե՛ր, Դավթի՛ Որդի, Իմ աղջիկը խիստ տառապում է դևից»» - Եվ որպեսզի դու իմանաս, որ Աստված ոչ միայն ցանկանում է բարերարություն անել և շնորհել Իր պարգևները, այլև միշտ ուզում է նաև փառավորել այդ պարգևներն ընդունողներին։ Տե՛ս, թե Քրիստոս դա ինչպես արեց քանանացու հետ՝ իբրև թե դանդաղեցնելով և խուսափելով նրա խնդրանքին ուշադրություն դարձնելուց, բայց այդպես վարվեց հենց ա՛յն բանի համար, որպեսզի նրան նշանավոր դարձնի ամբողջ աշխարհով մեկ։
Երբ կինը եկավ՝ աղաչելով և ասելով. «Ողորմի՛ր ինձ, Տե՛ր, … Իմ աղջիկը խիստ տառապում է դևից», այդժամ գթասիրտ ու մարդասեր և մշտապես մեր խնդրանքներին ընդառաջող [Տերը] նույնիսկ պատասխանի չարժանացրեց նրան։ Եվ Փրկչի աշակերտները նույնպես չգիտեին, թե ինչ է լինելու և թե ինչպես է Տերն Ինքը հոգում կնոջ մասին ու նրան պատասխան չի տալիս միայն այն պատճառով, քանի որ չի ուզում անհայտ թողնել նրա արժանիքները։ Ուստի «Նրա աշակերտները, - ինչպես նշվում է, կարծես թե ավելի շատ գթությամբ տոգորված լինելով, - մոտենալով՝ աղաչում էին Նրան ու ասում. «Արձակի՛ր նրան, որովհետև մեր հետևից աղաղակում է»՝ այդպիսով արտահայտելով իրենց բացասական վերաբերմունքը Փրկչին անհանգստացնող այդ կնոջ հանդեպ։ «Արձակի՛ նրան», — ասում են աշակերտները՝ նկատի ունենալով ոչ թե այն հանգամանքը, որ այդ կինն այդքան դժբախտ էր, կամ որ նրա խնդրանքը ճշմարիտ էր, այլ որովհետև՝ «մեր հետևից աղաղակում է»։
Ի՞նչ արեց Տերը։ Ցանկանալով աստիճանաբար հայտնել և՛ քանանացի կնոջ արժանիքը, և՛ աշակերտներին ցույց տալ, թե նրանք որքան քիչ են հասկանում Իր մարդասիրությունը, Հիսուս տալիս է այնպիսի պատասխան, որը կարող էր խոցել նաև այդ կնոջ սիրտը, եթե նա չունենար հոգու ամրություն, բոցավառ ցանկություն և զորեղ նախանձախնդրություն, և, միաժամանակ, Հիսուս Իր պատասխանով դադարեցնում է աշակերտների միջնորդությունը։ «Այլ տեղ չեմ ուղարկված, - ասում է Նա, -եթե ոչ Իսրայելի տան կորուսյալ ոչխարների մոտ»: Եվ իսկապես, դա լսելուց հետո աշակերտներն արդեն դադարեցին խնդրել քանանուհու համար, սակայն այս կինը բնավ չի ընկճվում, այլ դեռ հակառակը՝ էլ ավելի ջանասեր է դառնում Հիսուսին ուղղված իր աղաչանքի մեջ։ Այսպիսին է վշտացած հոգին և ջերմագին նախանձախնդրություն ունեցողը. նա ուշադրություն չի դարձնում, թե ինչ են ասում ուրիշները, այլ միայն մեկ բանի մասին է մտածում՝ թե ինչպես հասնել այն նպատակին, ինչի համար որ պայքարում է։ Հենց այդպես արեց նաև այս կինը։ Լսելով Փրկչի այդ խոսքերը՝ նա, ինչպես ասում է Սուրբ Գիրքը, նորից երկրպագում է Նրան՝ ասելով. «Տե՛ր, ողորմի՛ր (օգնի՛ր) ինձ»։ Նա գիտեր Տիրոջ գթասրտության մասին, ուստի և նման համառություն գործադրեց։
Դարձյալ, տե՛ս, թե որքան իմաստուն է Տերը, և թե որքան հրաշալիորեն է կարգավորում իրադարձությունների ընթացքը։ Եվ այժմ էլ Նա չի ընդառաջում կնոջ աղաչանքին, այլ տալիս է էլ ավելի սուր և խիստ պատասխան։ Հիսուս գիտեր քանանացի այս կնոջ հոգու ամրության մասին և կամենում էր, որ նա ոչ թե գաղտնիաբար արժանանա Իր բարերարությանը, այլ որ Իր աշակերտները նույնպես այս դեպքից իմանային Իր դանդաղելու (և ոչ թե՝ կնոջ խնդրածն անմիջապես տալու) պատճառը, ինչպես նաև՝ որպեսզի մյուս բոլորն էլ սովորեն, թե որքան մեծ է անդադար աղոթքի զորությունը և թե որքան վսեմ է այդ կնոջ առաքինությունը։ Հենց այդ պատճառով էլ Փրկիչն ասում է. «Լավ չէ մանուկների հացն առնել ու շներին գցել»։
Այստեղ նկատի՛ր կնոջ հոգու ամրությունը, թե ինչպես է նա՝ նախանձախնդրության կրակով բոցավառվելով և Աստծու հանդեպ հավատքով ոգեշնչվելով, այսպես ասած, մեծ տխրությամբ տանջահար լինելով իր որովայնի ծնունդը եղող սեփական դստեր պատճառով, այդուամենայնիվ, չի շեղվում խիստ խոսքից, այլ լսելով «շուն» անվանումը, դա էլ է ընդունում և ճանաչում է իրեն այդպիսին՝ ցանկանալով դուրս գալ անմիտ շների շարքից և հաշվվել որդիների շարքում։ Այսպիսով, լսի՛ր այս կնոջ խոսքերը, որպեսզի իմանաս, թե ինչպիսի պտուղ ունեցավ Տիրոջ այն նախախնամությունը, համաձայն որի՝ Աստված դանդաղեցրեց քանանացու խնդրանքի կատարումը։ Կնոջը հասցեագրված խոսքերի խստությունը նրան ոչ միայն չհեռացրին Փրկչից, այլև նույնիսկ ավելի մեծ նախանձախնդրություն բորբոքեցին։ Լսելով այդ խոսքերը՝ նա ասում է. «Այո՛, Տե՛ր, որովհետև շներն էլ կերակրվում են իրենց տիրոջ սեղանից ընկած փշրանքներով»:
Տեսնո՞ւմ ես, թե Տերն ինչու էր մինչև այժմ դանդաղեցնում Իր բարերարությունը։ Ա՛յն բանի համար, որպեսզի կնոջ խոսքերից իմանանք նրա հավատքի ամբողջ զորությունը։ Տե՛ս, թե, իսկապես, Տերն ինչպես է անմիջապես գովում և պսակում նրան՝ ասելով. «Ո՛վ կին, մեծ է քո հավատը»։ Հիսուս հիացմունքով և գովեստներով արձակեց նրան, ում սկզբում նույնիսկ պատասխանի չէր արժանացրել։ «Մեծ է, — ասում է, — քո հավատը»։ Իրապես, «մեծ հավատք» պետք է ունենալ՝ տեսնելով, թե ինչպես է Տերը ոչ թե մեկ կամ երկու անգամ, այլ բազմիցս մերժում քո խնդրանքը, և այդքանից հետո չընկճվել, չհեռանալ, այլ անձանձիր աղերսել Տիրոջն ու Նրա ականջը խոնարհեցնել սեփական խնդրանքը կատարելու համար։ Այսպես՝ «թող քեզ լինի, — ասում է, — ինչպես որ կամենում ես»։ Տեսնո՞ւմ ես, թե ինչպես է Նա, Ով նախկինում նույնիսկ պատասխանի չէր արժանացրել այդ կնոջը, այժմ գովեստով շնորհում է Իր պարգևները։ Հիսուս ոչ թե պարզապես ուշադրություն դարձրեց քանանուհու խնդրանքին, այլև փառավորեց և պսակազարդեց նրան։ «Ո՛վ կին» բառերով Քրիստոս ցույց տվեց, որ Ինքը զարմացած է նրա հավատքից, իսկ «մեծ է քո հավատը» խոսքերով բացահայտեց այդ կնոջ հոգևոր հարստությունը։ Այնուհետև Փրկիչն ասում է. «Թող քեզ լինի, ինչպես որ կամենում ես»։ Որքան ուզում ես, որքան ցանկանում ես, այդքան էլ տալիս եմ քեզ. քո անդադրում խնդրանքը ցույց է տալիս, որ դու արժանի ես դրա կատարմանը։ Հիմա տեսնո՞ւմ եք այս կնոջ ամրությունը։ Տեսնո՞ւմ եք, թե ինչն էր պատճառը, որ Տերը դանդաղեցնում և հետաձգում էր քանանացի այս կնոջ խնդրանքի կատարումը, այն է՝ որպեսզի նրան է՛լ ավելի փառավոր դարձներ։
Հովհաննես Ծործորեցի (†1338)
Յիսուս այդտեղից ելնելով՝ գնաց Տիւրոսի եւ Սիդոնի կողմերը:
Այդտեղից դուրս գալով՝ Հիսուսը գնաց Տյուրոսի ու Սիդոնի կողմերը: Եւ ահա, այդ շրջաններից եկած քանանացի մի կին աղաղակում էր ու ասում. «Ողորմի՛ր ինձ, Տէ՛ր, Դաւթի՛ Որդի, աղջիկս չարաչար դիւահարւում է»:
Տերը սովորություն ուներ, որ մեծ բաների և կատարյալ օրենքի մասին խոսելուց հետո խույս էր տալիս այդ վայրից, որպեսզի որևէ հակառակություն չծագեր: Նաև՝ այս կողմերը գալով՝ հեթանոսների հավատալու դուռն է բացում, որովհետև ոչ միայն հրեաների Աստվածն է, այլև հեթանոսների: Բայց որպեսզի [երևար], որ ոչ թե Նա է [սրա] պատճառը, այլ հրեաների անհավանությունն ու հեթանոսների հավատը, Մարկոսն ասում է, թե «տուն մտավ և չէր կամենում Իրեն հայտնի դարձնել, բայց չկարողացավ ծածուկ մնալ» (հմմտ. Մարկ. 7։24), որովհետև նրանց անարժան էր համարում Իր մարդասիրությանը, սակայն երբ տեսավ նրանց հավատը, ընդունեց [նրանց]: Նաև Իր խոսքերը հաստատելու համար գնաց այնտեղ, որովհետև ասել էր. «Տյուրոսի և Սիդոնի համար ավելի դյուրին կլինի Դատաստանի օրը, քան ձեզ» (Մատթ. 11։22). այդ կողմերը մի անգամ գնալով՝ աշակերտ դարձրեց քանանացիներին, իսկ այնքան ժամանակ [հրեաների] մեջ եղավ, և բնավ դարձի չեկան:
Ստեփանոս Սյունեցի (†735)
21-22․ Յիսուս այդտեղից ելնելով՝ գնաց Տիւրոսի եւ Սիդոնի կողմերը: Եւ ահա, այդ շրջաններից եկած քանանացի մի կին աղաղակում էր ու ասում. «Ողորմի՛ր ինձ, Տէ՛ր, Դաւթի՛ Որդի, աղջիկս չարաչար դիւահարւում է»:
«Եվ Հիսուս այդտեղից ելնելով՝ գնաց Տյուրոսի և Սիդոնի կողմերը: Եվ ահա, այդ շրջաններից եկած քանանացի մի կին աղաղակում էր»: Եւ ահա, այդ շրջաններից եկած քանանացի մի կին աղաղակում էր ու ասում. «Ողորմի՛ր ինձ, Տէ՛ր, Դաւթի՛ Որդի, աղջիկս չարաչար դիւահարւում է»:
Հիսուս գալիս էր ոչ թե Տյուրոսի սահմանները, այլ մոտենում է Տյուրոսին և Սիդոնին, իսկ քանանացին ելնում էր այդ սահմաններից, որովհետև եթե մնացած լիներ սահմաններում, չէր կարող աղաղակել առ Տեր:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: