Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
7-9. «Կեղծավորնե՛ր, Եսային ձեր մասին լավ է մարգարեացել՝ ասելով. «Այս ժողովուրդն Ինձ շրթունքներով է մոտենում, և լեզվով են պատվում Ինձ, իսկ նրանց սիրտն Ինձանից շատ է հեռացել»։ «Բայց զուր են Ինձ պաշտում, երբ ուսուցանում են մարդկանց կողմից հորինված պատվիրաններ»։
Այսպիսով, ցույց տալով, որ Աստծու օրենքն արհամարհողները չպետք է մեղադրեն նրանց, ովքեր խախտում են նախնիների ավանդությունը, Նա նույնը ցույց է տալիս նաև մարգարեի խոսքերով։ Խիստ մեղադրանքից հետո Հիսուս Իր խոսքն ուղղում է ավելի հեռուն, ինչպես որ միշտ անում է՝ Ավետարանը որպես վկայություն բերելով և այդպիսով ցույց տալով Աստծու հետ Իր համաձայնությունը։ Ի՞նչ է ասում մարգարեն։ «Այս ժողովուրդն Ինձ շրթունքներով է մոտենում․․․իսկ նրանց սիրտն Ինձանից շատ է հեռացել։ Բայց զուր են Ինձ պաշտում, երբ ուսուցանում են մարդկանց կողմից հորինված պատվիրաններ» (Ես. 29։13)։
Տեսնո՞ւմ ես, թե ինչպե՛ս է մարգարեությունը լիովին համաձայնում Հիսուս Քրիստոսի խոսքերի հետ և թե ինչպե՛ս է այն նախապես իսկ հռչակում հրեաների չարությունը։ Այն, ինչ Քրիստոս այժմ դատապարտում է, դրա մասին նախապես խոսել էր Եսային, այսինքն՝ այն մասին, որ հրեաներն արհամարհում են Աստծու պատվիրանները։ «Զուր են, — ասում է, — Ինձ պաշտում», իսկ իրենց կանոնները պահելու համար մեծ ջանք են գործադրում. «Երբ ուսուցանում են մարդկանց կողմից հորինված պատվիրաններ»։ Հետևաբար, աշակերտներն արդարացիորեն չեն պահում այդ կանոնները։
Այսպիսով, հրեաներին մահացու հարված հասցնելով և մեղադրանքն ուժեղացնելով թե՛ գործով, թե՛ սեփական դատողությամբ, և թե՛ մարգարեի խոսքերով՝ Տերը դադարում է խոսել նրանց հետ, քանի որ նրանք այլևս չէին կարող ուղղվել, այլ Իր խոսքը դարձնում է դեպի ժողովուրդը՝ նրան վսեմ, մեծասքանչ և խորիմաստ ուսուցում տալու համար։ Այս առիթն օգտագործելով՝ Քրիստոս հավելում է ավելին և ամբողջովին մերժում է կերակուրի մասին կանոնները։ Բայց նկատի առ՝ ե՞րբ է դա անում։ Երբ բորոտին մաքրեց, երբ խախտեց շաբաթի հանգստյան պատվիրանը, երբ Իրեն հայտնեց որպես երկրի և ծովի թագավոր, երբ օրենք հաստատեց, երբ մեղքերը ներեց, երբ մեռելներին հարություն տվեց, երբ բազմաթիվ ապացույցներ ներկայացրեց Իր աստվածության վերաբերյալ, այդուհետ միայն սկսում է խոսել նաև կերակուրի մասին։
Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
7-9. Կեղծաւորնե՛ր, Եսային լաւ է մարգարէացել ձեր վրայ եւ ասել. «Այս ժողովուրդը շրթունքներով է ինձ մեծարում, բայց իրենց սիրտը հեռացած բաժանուած է ինձնից. զուր են ինձ պաշտում. մարդկանց կողմից պատուիրուած վարդապետութիւններ են ուսուցանում»»:
Կեղծավորնե՛ր, Եսային լավ մարգարեացավ ձեր մասին և ասաց. «Այս ժողովուրդը շուրթերով է պատվում ինձ, իսկ սրտով հեռացել մեկուսացել են Ինձնից: Զուր են պաշտում Ինձ. սովորեցնում են մարդկանց կողմից պատվիրված ուսմունքներ»:
Կեղծավոր է ստուգապես, ով մի բան ասում, հակառակն է անում, ինչպես որ սրանք էին իրենց օրինապահ համարում և աստվածապաշտ անվանում, բայց հակառակը գործում: Եվ որպեսզի չժխտեին իրենց այդպիսին լինելը, [Հիսուսը] մարգարեական խոսքով է կնքում, թե [դեռևս] Եսային է կանխատես ստուգությամբ խոսել ձեր չարության մասին (Ես. 29։13): Նաև դրանով Իրեն միավորում է Աստծո հետ, երբ ասում է. «Զուր են պաշտում Ինձ», այսինքն՝ սուտ աստվածապաշտներ են կոչվում և կամ էլ վարձատրություն չեն գտնում՝ Ինձ շուրթերով պատվելու պատճառով, որովհետև խորհուրդներով ու գործերով հեռացել են Ինձնից: «Սովորեցնում են մարդկանց կողմից պատվիրված ուսմունքներ». Աստծունն արհամարհում են, ասում է, և իրենցն են կամենում հաստատել՝ ըստ առաքյալի. «Իրենց արդարությունն են կամենում հաստատել» (հմմտ. Հռոմ. 1։3): Հետևաբար, Իմ [օրենքները] նրա համար են պահում, որ իրենցը պահեն, որից երևում է նրանց մարդապաշտ և ոչ թե աստվածապաշտ լինելը:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Կեղծաւորնե՛ր, Եսային լաւ է մարգարէացել ձեր վրայ եւ ասել.
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 15:1
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: