Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 18:23

Հովհաննես Ծործորեցի

«Այսպէս, երկնքի արքայութիւնը նմանւում է մի թագաւորի, որ կամեցաւ ծառաների հետ իր հաշիւները կարգադրել:

   

   Ուստի երկնքի արքայությունը նմանվեց մի թագավոր մարդու, ով կամեցավ հաշիվ տեսնել իր ծառաների մեջ:

   Այս համեմատությամբ ուսուցանում է՝ [նախ]՝ որ յուրաքանչյուր ոք պիտի հաշիվ տա իր գործերի համար, մասնավորը՝ այս աշխարհում, իսկ ընդհանուրը՝ երբ բեմ հաստատվի և դատաստան արվի:
Երկրորդ՝ հիշեցնում է, որ Ինքը ոչ միայն դատավոր է, այլև ստեղծիչ, Ում համար [մարդիկ], արարված լինելով, ծառաներ են՝ ըստ մարգարեի. «Բոլորը Քո ծառաներն են» (Սաղմ. 118։91), և նրանք, բյուրավոր երախտիքներ ընդունելով, ապստամբեցին, ուստիև հաշվետվության են կանչվում՝ ըստ Տիրոջ իշխանական դատաստանի:
Երրորդ՝ աննպատակ չէ, որ [Տերը] երկնքի արքայությունը նմանեցնում է թագավորի, այլ որպեսզի ցույց տա, որ մարդն իբրև թագավոր ստեղծվեց Նրա պատկերով, և թեպետ մեղանչեց, սակայն նույն ցանկությամբ վառված՝ ոմանք թագ դրեցին և տիրեցին շատերին: Եվ չորրորդ՝ Իր զորությունն է հայտնում, թե երբ և կա մենա, կարող է քննություն պահանջել՝ թե՛ այս կյանքում, թե՛ հանդերձյալում:
   

Ստեփանոս Սյունեցի

«Այսպէս, երկնքի արքայութիւնը նմանւում է մի թագաւորի, որ կամեցաւ ծառաների հետ իր հաշիւները կարգադրել:
   
    «Դրա համար երկնքի արքայությունը նմանվեց մի թագավորի» և այլն:

   Այս առակի մտքերը հետևյալն են. մեզ ուսուցանել, թե պարտավոր ենք մեր հանդեպ եղած հանցանքները մարդկանց ներել՝ պարտական ամեն մարդու միջոցով, և սրանից հետո [ներել] արտաքիններին, բանսարկուին և կամ նրան, ով ինչ ունի այս աշխարհից: «Քանքարը»՝ բարի մարդիկ են, որոնցով Աբրահամը և այլ մարդիկ մեծանուն եղան: Չար քանքարը կապարից է, որի վրա նստած է անիրավ կինը, ինչպես տեսավ Զաքարիան (Զաք. 5։7):
   

Մաղաքիա արք. Օրմանյան

23-35․ «Այսպէս, երկնքի արքայութիւնը նմանւում է մի թագաւորի, որ կամեցաւ ծառաների հետ իր հաշիւները կարգադրել: Եւ երբ սկսեց հաշիւն ընդունել, նրա մօտ բերուեց տասը հազար քանքարի մի պարտապան: Եւ քանի որ նա վճարելու բան չունէր, նրա տէրը հրամայեց վաճառել նրան եւ նրա կնոջն ու որդիներին եւ այն ամէնը, ինչ նա ունէր, եւ պարտքը հատուցել: Եւ ծառան գետին ընկնելով՝ երկրպագում էր նրան եւ ասում. «Համբերո՛ղ եղիր իմ հանդէպ, եւ բոլորը կը վճարեմ քեզ»: Այդ ծառայի տէրը, գթալով, արձակեց նրան եւ պարտքը նրան շնորհեց: Իսկ ծառան դուրս ելնելով՝ գտաւ իր ծառայակիցներից մէկին, որ իրեն հարիւր դահեկան պարտք էր: Եւ նրան բռնելով՝ խեղդում էր ու ասում. «Վճարի՛ր ինձ, ինչ որ պարտք ես»: Իսկ ծառայակիցը, ընկնելով նրա ոտքերը, աղաչում էր նրան եւ ասում. «Համբերո՛ղ եղիր իմ հանդէպ, եւ կը վճարեմ քեզ»: Իսկ սա չէր կամենում. գնաց նրան բանտ նետել տուեց, մինչեւ որ պարտքը վճարէր: Նրա ծառայակիցները, երբ տեսան եղածը, շատ տրտմեցին եւ եկան ու իրենց տիրոջը պատմեցին այն ամէնը, ինչ եղել էր: Այն ժամանակ տէրը կանչեց նրան եւ ասաց. «Չա՛ր ծառայ, քո ամբողջ պարտքը քեզ շնորհեցի նրա համար, որ աղաչեցիր ինձ. իսկ պէտք չէ՞ր, որ դու էլ գթայիր քո ծառայակցին, ինչպէս ես էլ քեզ գթացի»: Եւ նրա տէրը բարկանալով՝ նրան յանձնեց դահիճներին, մինչեւ որ հատուցէր բոլոր պարտքերը: Նոյնը պիտի անի ձեզ եւ իմ Հայրը, որ երկնքում է, եթէ ձեզանից իւրաքանչիւրը սրտանց չների իր եղբօրը՝ նրա յանցանքները»:
   
    Ներման խնդիրն առիթ է ընծայում Հիսուսին՝ նույն նյութի վերաբերյալ ասել մի գեղեցիկ ու հուզիչ առակ։ Առակները հաճախ պատմված են Երկնից Արքայության, այսինքն՝ Ավետարանի նմանողությամբ, եւ այս անգամ նույնպես բաղդատությունը հաստատված է Ավետարանի եւ իշխանություն ունեցեղ մի մարդու միջեւ։
    Օրերից մի օր իշխանություն եւ հարստություն ունեցող մի մարդ կամենում է իր բոլոեւ պաշտոնյաների հաշվետվությունները տեսնել։ Շատերն են ներկայանում եւ ներկայացնում իրենց հաշվիչները եւ դիտողության տեղիք չեն տալիս։ Գալիս է պաշտոնյաներից մեկը, սակայն պարզերես չի կարողանում դուրս գալ, որովհետեւ հաշվի մեջ տասը հազար քանքարի բաց ուներ, որը բավականին մեծ գումար է։ Առակից չի իմացվում քանքարները ոսկի՞ էին, թե՝ արծաթ։ Այնուամենայնիվ ասենք, որ մի արծաթ քանքարը մոտավորապես արժեր 190 օսմանյան ոսկի, հետեւաբար տասը հազար քանքարը կկազմի 1.900.000 օսմանյան ոսկու արժողության մի գումար, իսկ ոսկի քանքարը՝ տասնվեց անգամ ավելի։ Սակայն առակը չի պահանջում թվաբանական ճշգրտություն։ Հիսուս, մեծ գումարը հիշատակելով, կամենում է առակն ավելի ազդեցիկ դարձնել։ Պարտապան պաշտոնյայից պահանջվում է վճարել պարտքը, բայց նա անկարող է լինում մարել այն։ Բոլոր ունեցվածքն ու կալվածքները գրավ դնելուց հետո էլ բավականին շատ պիտի մնար։ Ուստի տերը հրամայում է, ժամանակի օրենքներին համապատասխան, զավակներին եւ կնոջը եւս, իբրեւ ստացվածք, վաճառել եւ արդյունքը վերցնել պարտքի դիմաց։ Անշուշտ, եթե նորից պարտքը չփակվեր, պարտապան պաշտոնյան էլ պիտի որպես ստրուկ վաճառվեր, կամ բանտարկվեր։ Խեղճ պաշտոնյան, հետին հուսահատության մատնված, դիմում է տիրոջ գթությանը, աղաչում, պաղատում, ընկնում գետնին, համբուրում ոտքը, ժամանակ խնդրում, մինչեւ մի ելք գտնի ու վճարի պարտքը։ Տերը խղճում է եւ ոչ միայն ժամանակ է տալիս, այլ ներում է ողջ պարտքը եւ պարտապանին ազատ արձակում։
    Հազիվ դուրս եկած՝ այդ նույն պաշտոնյան հանդիպում է ընկերներից մեկին, որն իրեն հարյուր դահեկան էր պարտք՝ մոտավորապես օսմանյան երեք ոսկու արժողության գումար։ Պարտապանին կանգնեցնում է եւ անմիջապես պահանջում գումարը։ Նեղում է նրան, բռնադատում, խեղդելու չափ անհանգստացնում։ Մարդը ժամանակ է խնդրում, նա չի ցաննկանում տալ, եւ քանի որ պարտապան ընկերն անկարող էր վճարել, դահիճ է կամչում, բանտարկել տալիս, մինչեւ վճարի պահանջված հարյուր դահեկանը։
    Պաշտոնակից մյուս ընկերները տեսնում են պատահածը, զայրանում, չեն հանդուրժում, որ վերջինս մեծ գումարի ներումն ստանալով, ընկերոջը չնչին գումարի համար նեղություն է պատճառում։ Որոշում են նրա արածը իր գլխին դարձնել եւ կամացուկ եղելությունը տիրոջ ականջին են հասցնում։ Հազիվ լսած անցուդարձի մասին՝ տերը սաստիկ բարկանում է։
Որքան նախկինում գթասիրտ էր եղել, այժմ նույնչափ խստապահանջ է դառնում։ Իր մոտ է կանչում ներել չկամեցող ծառային եւ ծանր շեշտով ասում. «Տասը հազար քանքարի հսկա պարտք ունեիր, անկարող էիր վճարել, սկսեցիր աղաչել, պաղատել, խղճացի քեզ եւ պարտքդ շնորհեցի։ Դու, որ այսքան մեծ շնորհ ստացար ինձանից, մի՞թե չպետք է փոխադարձաբար նույն զգացումն ունենայիր քո պարտապանի հանդեպ. այդ ինչպե՞ս կլինի, ուրեմն, որ հարյուր դահեկան չնչին գումարի համար անկարող ընկերակցիդ նկատմամբ
անգութ գտնվեցիր եւ նրան դահիճ ու բանտին մատնեցիր։ Եթե ճշմարտություն ես սիրում, ուստի ճշմարտուրյուն էլ գտիր։ Պետք է տասը հազար քանքարն ամբողջությամբ վճարես. դու ներման արժանի մեկը չես»։ Այս խոսքերից հետո տերը եւս կանչում է դահիճներին եւ պարտապան պաշտոնյային հանձնում նրանց, որպեսզի աչքերը գրավեն, կնոջն ու զավակին վաճառեն, իրեն էլ բանտարկեն, գործադրեն օրենքի բոլոր խստությունները, մինչեւ որ տասը հազար քանքարն ամբողջությամբ ու ճչտությամբ գանձվի։ Այստեղ առակն ավարտվում է։ Անշուշտ ծառան կրկին աղաչելու երես չունեցավ, եւ ամեն ինչ տալուց հետո, ինքն իրեն եւս կորցրեց, վաճառվեց կամ բանտարկվեց։
    Առաջին բացատրությունը տալիս է Հիսուսն Ինքը։ Թեպետ եւ սկզբում ասել էր, որ Երկնից Արքայությունը նման է իշխանավոր եւ հարուստ մի մարդու, սակայն վերջում ավելի հստակորեն է կրկնում, որ Երկնից Արքայության տեր Երկնավոր Հայրը նման է իշխանավոր եւ հարուստ մարդուն, որովհետեւ անձն անձի հետ բաղդատելն ավելի հարմար է, քան անձն իրի հետ։ Առակի իմաստն է. թողություն ստանալու համար պետք է թողություն տալ, ներում ստանալու համար պետք է ներել ճիշտ այն իմաստով, որով ասվում է տերունական աղոթքում. «Թող մեզ զպարտիս մեր, որպես եւ մենք թողումք մերոնց պարտապանաց»։ Մատթ. 6:12: Ուշադրության արժանի երկրորդ կետն էլ այն է, որ կանխավ ստացված ներումը նույնպես ոչինչ է դառնում, երբ մեկը նորից մեղքի կամ չներելու հանցանքի մեջ է ընկնում։ Ի վերջո առակն իր կազմության եւ բացատրության մեջ նույնպես մատնանշվում է. «Եթե ոչ թողուցուք իւրաքանչիւ եղբօր իւրում զյանցանս նոցա»։ Արդ, ինչպես վերը նշեցինք, անձնական հանցապարտության ակնարկը Հիսուսի սկզբնական խոսքում եւս կար «Թէ մեղիցէ ինձ եղբայր իմ»։ Պետրոսի հարցում էլ կար՝ «Եթէ մեղիցի եղբայր քո»։ Այսուհանդերձ, թե՛ Ղուկասի հետ բաղդատելիս եւ թե՛ նյութի ընթացքից հայտնի է, որ Հիսուս մեղուցյալի դարձի եւ ներման խնդրում ավելի ընդարձակ տեսակետ ունի եւ Իր խոսքն ուղղում է ընդհանրապես մեղանչած ու սխալներ գործած անձերին։ Իր առակը ամենեւին էլ ներքին կերպով կապված չէ ընդհանուր հարցումի հետ եւ անմիջապես նրա հաստատման համար ասված լինելն էլ հայտնի չէ, քանի որ ավետարանները գրված են քաղվածո ոճով։ Ինչպես միշտ տեսնում ենք, ոչ բոլոր հատվածներն են, որ միմյանց են հաջորդում եւ ներքին կապվածություն ունեն։ Այս առակի համար եւս կարող ենք ասել, թե նույն կերպ է հաջորդում նախընթաց խնդրին՝ առանց միեւնույն նյութին միացած լինելու։