Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
28-35․ «Երբ այդ ծառան դուրս եկավ, գտավ իր ընկերներից մեկին, որն իրեն հարյուր դինար էր պարտք, և բռնեց նրան ու խեղդում էր՝ ասելով. «Պարտքդ վերադարձրո՛ւ»»։ «Այդ ժամանակ ընկերը նրա առաջն ընկավ, աղաչում էր նրան և ասում. «Համբերատա՛ր եղիր իմ նկատմամբ, և բոլորը կհատուցեմ քեզ»»։ «Բայց նա չկամեցավ, այլ գնաց և նրան բանտ գցեց, մինչև պարտքը հատուցեր»։ «Երբ նրա ընկերները տեսան պատահածը, շատ տրտմեցին և եկան, ամեն ինչ հայտնեցին իրենց տիրոջը»։ «Այդ ժամանակ տերը նրան իր մոտ կանչեց և ասաց. «Չա՛ր ծառա, ես ամբողջ պարտքդ քեզ ներեցի, որովհետև դու ինձ աղաչեցիր»»։ «Պետք չէ՞ր, որ դու էլ քո ընկերոջը ողորմեիր, ինչպես ես քեզ ողորմեցի»։ «Եվ տերը բարկանալով՝ նրան հանձնեց դահիճներին, մինչև հատուցեր ամբողջ պարտքը»։ «Այդպես էլ Իմ երկնավոր Հայրը կանի ձեզ, եթե ձեզանից յուրաքանչյուրն իր եղբոր հանցանքները սրտանց չների»։
«Երբ դուրս եկավ», այսինքն՝ անմիջապես, ու թե ոչ որոշ ժամանակ անց, այլ միանգամից, դեռ շատ թարմ զգալով իրեն արված բարերարությունը, ծառան չարաշահեց թե՛ պարգևը, և թե՛ իրեն տրված ազատությունը։ «Գտավ, - ասվում է, - իր ընկերներից մեկին, որն իրեն հարյուր դինար էր պարտք, և բռնեց նրան ու խեղդում էր՝ ասելով. «Պարտքդ վերադարձրո՛ւ»»։ (Մատթ. 18:28)։ Մի՞թե ակնհայտ չէ տիրոջ մարդասիրությունը, մի՞թե ակնհայտ չէ նաև ծառայի դաժանությունը։ Սա նկատի ունեցեք դուք բոլորդ, որ այդպես եք վարվում ձեր շահույթի պատճառով։ Եթե չի կարելի այդպես վարվել, որովհետև այդ վարմունքն ինքնին մեղք է, ապա որքա՜ն առավել՝ հանուն շահույթի՛ չպիտի այդպես վարվես։ Այսպիսով, ի պատասխան ի՞նչ ասաց այս մյուս պարտապանը։ «Համբերատա՛ր եղիր իմ նկատմամբ, և բոլորը կհատուցեմ քեզ» (Մատթ. 18:29)։ Բայց անիրավ ծառան չհուզվեց այս խոսքերից, որոնք փրկել էին հենց իրեն. չէ՞ որ ինքը ևս, նույն խոսքն ասելով, անպարտ համարվեց տասը հազար քանքարից։ Մինչդեռ նա չհիշեց նավահանգիստը, իր փրկությունը, որով նա փրկվեց խեղդվելուց. իր այդ միևնույն խնդրանքը նրան չհիշեցրեց տիրոջ մարդասիրության մասին։ Այլ այս անիրավը ագահությունից, դաժանասրտությունից ու չարությունից, արհամարհելով նախորդիվ իր հետ պատահածը, խեղդում էր իր ընկերոջն այնպիսի դաժանությամբ, որը հատուկ չէ նույնիսկ վայրի գազաններին։ Ի՞նչ ես անում, ո՛վ մարդ։ Մի՞թե չես զգում սեփական մոլորությունդ։ Մի՞թե սուր չես մխրճում ինքդ քո սիրտը՝ քո դեմ զինելով տիրոջդ ողորմությունն ու նրա կողմից քեզ շնորհված պարտքի թողությունը։ Բայց այս ծառան ամենևին էլ չմտածեց այդ մասին, իր հետ պատահածը չհիշեց, և դրա համար էլ ոչ մի ներողամտություն չցուցաբերեց իր պարտապանի նկատմամբ, թեև վերջինս խնդրում էր ոչ այնքան մեծ պարտքի համար։ Նա ինքը տիրոջից խնդրում էր տասը հազար քանքարի ներում, իսկ սա՝ միայն հարյուր դինարի համար էր խնդրում։ Այս վերջինը իրեն հավասարից էր խնդրում, իսկ այն առաջինը՝ տիրոջից։ Այդ առաջինն ամբողջական ներում ստացավ, մինչդեռ նրա ընկերը միայն ժամանակի հետաձգում էր խնդրում, բայց նա նույնիսկ սա էլ մերժեց նրան և, ինչպես ասվում է, «նրան բանտ գցեց...երբ նրա ընկերները տեսան պատահածը․․․» (Մատթ. 18:30-31), մեղադրեցին նրան տիրոջ առջև։ Եթե սա նույնիսկ մարդկանց համար էլ տհաճ էր, ի՞նչ ասենք ուրեմն Աստծու մասին։ Այսպես այդ անիրավ ծառայի դեմ վրդովվում էին նույնիսկ նրանք, ովքեր իրենց վրա պարտք չունեին։ Եվ ի՞նչ է ասում ի վերջո նրանց տերը։ «Չա՛ր ծառա, ես ամբողջ պարտքդ քեզ ներեցի, որովհետև դու ինձ աղաչեցիր։ Պետք չէ՞ր, որ դու էլ քո ընկերոջը ողորմեիր, ինչպես ես քեզ ողորմեցի» (Մատթ. 18:32-33)։ Նկատի՛ր կրկին տիրոջ հեզությունը։ Նա դատում է իր ծառային և ասես ինքնապաշտպանվում է իր իսկ պարգևը ոչնչացնելու մտադրության համար (չնայած որ, ավելի ճիշտ կլինի ասել, որ ոչ թե տերն ի չիք դարձրեց այդ պարգևը, այլ հենց ինքը՝ ստացողը), ուստի դրա համար էլ ասում է. «Ես ամբողջ պարտքդ քեզ ներեցի, որովհետև դու ինձ աղաչեցիր։ Պետք չէ՞ր, որ դու էլ քո ընկերոջը ողորմեիր»։ Թեև քեզ համար ծանր է թվում ներել մերձավորիդ պարտքը, բայց դու պիտի ուշադրություն դարձնես նաև ա՛յն օգուտին, որը դու արդեն իսկ ստացել ես և դեռ պիտի ստանաս։ Չնայած որ հրամանը ծանր է, բայց հարկավոր էր մտածել դրա կատարման համար տրվող պարգևատրության մասին։ Ի դեպ, քո ընկերը քեզ չէր վիրավորել, ընդհակառակը, դո՛ւ վիրավորեցիր Աստծուն, Որը քեզ ներեց միայն քո մեկ խնդրանքի համար։ Եթե նույնիսկ նա քեզ վիրավորած էլ լիներ, և քեզ համար անտանելի լիներ նրա հետ բարեկամ մնալը, այդուհանդերձ, սակայն, ավելի անտանելի է գեհենում հայտնվելը։ Եթե դու սա ու մյուսը միմյանց հետ համեմատեիր, ապա կտեսնեիր, որ առաջինը շատ ավելի դյուրին է, քան վերջինը։ Երբ նա տասը հազար քանքար պարտք ուներ, տերը նրան «չար» չկոչեց, և չհանդիմանեց, այլ ողորմեց նրան։ Մինչդեռ հենց որ այդ ծառան դաժանորեն վարվեց իր ընկերոջ հետ, այդժամ տերն ասաց. «Չա՛ր ծառա»։ Լսե՛ք, փողատերե՛ր, ձեզ է ուղղված այս խոսքը։ Լսե՛ք, անգութնե՛ր ու դաժանագույննե՛ր։ Դուք դաժան չեք ուրիշների, այլ ինքներդ ձե՛ր հանդեպ։ Երբ դու չարություն ես գործում, ապա իմացի՛ր, որ դու այն քո մեջ ես կրում՝ հենց ինքդ քո հանդեպ, և ոչ թե ուրիշի։ Դու ինքդ քեզ ես ծանրաբեռնում մեղքերով, և ոչ թե քո մերձավորին։ Ինչ էլ որ դու անես վերջինիս, ամեն ինչ կանես որպես մարդ, և այն էլ միայն՝ ներկա կյանքում, բայց Աստված այդպես չի վարվի. Նա գալիք կյանքում քեզ կենթարկի ավելի մեծ ու հավերժական տանջանքի։ «Նրան հանձնեց դահիճներին, մինչև հատուցեր ամբողջ պարտքը» (Մատթ. 18:34), - այսինքն՝ հավիտենապես, որովհետև ծառան երբեք ի վիճակի չէր լինի վճարել իր պարտքը։ Եթե քո հանդեպ եղած բարերարությունը քեզ ավելի լավը չի դարձրել, ապա մնում է քեզ ուղղել պատժով։ Թեև Աստծու բարերարություններն ու պարգևներն անփոփոխելի են, բայց մարդկանց չարությունն այնպես ուժգնացավ, որ խախտեց նաև այս օրենքը։ Այսպիսով, ի՞նչն է ավելի վատ, քան ոխակալությունը, երբ այն կարող է մեզ զրկել Աստծու այսպիսի մեծ պարգևից։ Տերն իր ծառային ոչ միայն մատնեց տանջողներին, այլև բարկացավ նրա վրա։ Երբ նա հրամայում էր վաճառել ծառային, այդժամ հրամանը տրված էր առանց բարկության. դրա համար էլ չկատարեց այն, և սա տիրոջ մարդասիրության ամենապարզ ապացույցն է։ Բայց այժմ վճիռը կայացվում է մեծ վրդովմունքով, ու սահմանվում է վրեժի ու պատժի վճիռ։ Այսպիսով, ուրեմն ի՞նչ է նշանակում այս առակը։ «Այդպես էլ Իմ երկնավոր Հայրը կանի ձեզ, եթե ձեզանից յուրաքանչյուրն իր եղբոր հանցանքները սրտանց չների» (Մատթ. 18:35)։ Չի ասում՝ «ձեր Հայրը», այլ՝ «Իմ Հայրը», որովհետև վայել չէ, որ Աստված «Հայր» կոչվի այդպիսի չար ու այդպիսի մարդատյաց ծառայի համար։
«Այդ ժամանակ ընկերը նրա առաջն ընկավ, աղաչում էր նրան և ասում. «Համբերատա՛ր եղիր իմ նկատմամբ, և բոլորը կհատուցեմ քեզ»» - հենց այն նույն խոսքերով, որոնց միջոցով առաջին ծառան ներում գտավ, այդ նույն խոսքերով այս երկրորդ ծառան էլ է փրկություն խնդրում։ Բայց աանիրավ ծառան իր անչափ դաժանության պատճառով բնավ չհուզվեց այդ խոսքերից և չմտաբերեց, որ ինքը նույնպես փրկություն էր գտել այդ նույն խոսքերի միջոցով։ Եթե նա նույնիսկ ներեր էլ, ապա դա էլ արդեն մարդասիրության դրսևորում չէր լինի, այլ պարտականություն ու պարտավորություն։ Իսկապես, եթե նա այդպես վարվեր (ներեր իր ծառայակցին) նախքան տիրոջը հաշիվ տալը, որից հետո միայն հետևեր վճիռը, և նա այդպիսի բարերարության արժանանար, ապա այդ դեպքում նրա արարքն իր սեփական մեծահոգության դրսևորումը կլիներ։ Իսկ այժմ, այդպիսի պարգևից և այդքան մեղքերի ներումից հետո, նա արդեն պարտավոր էր, ասես անխուսափելի ինչ-որ պարտքի զգացումով, ընկերոջ հանդեպ որևէ ոխ չպահել։ Սակայն նա սա չարեց, և չմտածեց, թե որքան մեծ է տարբերությունն ա՛յն ներման միջև, որ ինքն ստացավ, և ա՛յն, որ ինքը պիտի ցուցաբերեր ընկերոջ հանդեպ։ Իրապես, մեծ տարբերություն կտեսնես ոչ միայն պարտքերի քանակի մեջ, ոչ միայն անձերի արժանավորության մեջ, այլև հենց ներման ձևի մեջ։ Այնտեղ պարտքը տասը հազար քանքար էր, իսկ այստեղ՝ հարյուր դինար։ Առաջին, անիրավ ծառան մեղանչել էր տիրոջ առջև, իսկ այս վերջին պարտապանը՝ ընկերոջ առջև։ Անիրավ ծառան ողորմություն գործած կլիներ՝ բարիքի արժանանալով, մինչդեռ տերն ամեն ինչ ներել էր նրան՝ ոչ մի, ոչ՛ փոքր, ո՛չ մեծ բարիք չտեսնելով նրանից։
«Երբ նրա ընկերները տեսան պատահածը, շատ տրտմեցին և եկան, ամեն ինչ հայտնեցին իրենց տիրոջը»- Նրա ընկերները, պատահածը տեսնելով, - ինչպես ասվում է, խիստ վրդովվեցին։ Այդպիսով ընկերները դատապարտեցին էլ ավելի վաղ, քան տերը, որպեսզի սրանից ևս դու ճանաչես տիրոջ հեզությունը։ Այս մասին լսելով՝ անիրավ ծառայի տերը, նրան իր մոտ կանչելով, կրկին սկսում է դատել նրան, և ոչ թե պարզապես վճիռ է կայացնում, այլ նախևառաջ քննում է նրա գործը։
«Այդ ժամանակ տերը նրան իր մոտ կանչեց և ասաց. «Չա՛րծառա, եսամբողջպարտքդքեզներեցի, որովհետևդուինձաղաչեցիր»»- «Չա՛ր ծառա, ես ամբողջ պարտքդ քեզ ներեցի»․ տեսնո՞ւմ եք որքա՜ն բարի է տերը։ Երբ ծառան տասը հազար քանքարի պարտք էր ունեցել նրան, նա նույնիսկ մեկ խոսքով իսկ չվիրավորեց նրան, «չար» էլ չկոչեց, այլ միայն հրամայեց վաճառել, և դա էլ ա՛յն բանի համար, որպեսզի ծառային ազատի պարտքերից։ Իսկ երբ ծառան իր ընկերոջ հանդեպ չարաբար վարվեց, այդժամ տերն արդեն բարկանում ու վրդովվում է, որպեսզի իմանաս, թե Աստված ավելի հեշտ է ներում Իր հանդեպ գործված մեղքերը, քան մերձավորների հանդեպ գործվածները։ Եվ Տերն այսպես է վարվում ոչ միայն այստեղ, այլև ուրիշ դեպքերում։ «Եթե սեղանի վրա քո ընծան մատուցելու լինես, - ասում է, - և այնտեղ հիշես, թե քո եղբայրը քո դեմ մի ոխ ունի, քո ընծան թո՛ղ սեղանի առաջ և գնա՛ նախ հաշտվի՛ր քո եղբոր հետ և ապա ե՛կ քո ընծան մատուցի՛ր» (Մատթ. 5:23-24)։ Տեսնո՞ւմ ես, թե ինչպես է Տերն ամենուր մեր մասին հոգում Ինքն Իր մասին հոգալուց էլ ավելի, և որևէ բան խաղաղությունից ու մերձավորի հանդեպ սիրուց բարձր չի դասում։ Ու մեկ այլ տեղում կրկին ասում է. «Ամեն մարդ, որ իր կնոջն արձակում է առանց պոռնկության պատճառի, նա՛ է, որ նրան շնության է մղում» (Մատթ. 5:32), իսկ Պողոսի միջոցով այսպիսի օրենք է տալիս. «Եթե մի եղբայր անհավատ կին ունենա, և նրան հաճելի լինի ապրել նրա հետ, նրան թող չթողնի» (Ա Կորնթ. 7:12)։ Եթե նա, - ասում է, - շնություն գործի, մերժի՛ր նրան, իսկ եթե անհավատ լինի, մի՛ մերժիր, այսինքն՝ եթե մեղանչի քո դեմ, լքի՛ր նրան, իսկ եթե Իմ դեմ մեղանչի, պահի՛ր նրան քո մոտ։ Այդպես էլ այստեղ, երբ ծառան այդքան մեղքեր էր գործել Իր՝ Աստծու դեմ, Աստված ներեց նրան, իսկ երբ մեղանչեց ընկերոջ դեմ, թեև շատ ավելի փոքր ու թեթև էր այդ մեղքը, քան տիրոջ դեմ գործվածը, այն ժամանակ չներեց, այլ պատժի ենթարկեց։ Այժմ այդ ծառային նաև «չար» էլ կոչեց, իսկ այն ժամանակ նույնիսկ մեկ խոսքով իսկ չվիրավորեց։ Դրա համար էլ այստեղ ավելացվում է, որ տերը «բարկանալով՝ նրան հանձնեց դահիճներին»։ Սակայն Տերը սա չասաց այն ժամանակ, երբ ծառայից տասը հազար քանքարի պարտքն էր պահանջում, որպեսզի իմանաս, որ այն նախորդ վճիռը բխել էր ոչ թե բարկությունից, այլ շուտափույթ ներման արժանացնելու հոգածությունից, և Տիրոջն ամենից շատ վրդովեցրեց հենց այս վերջին՝ մերձավորի դեմ գործված մեղքը։
Հովհաննես Ծործորեցի (†1338)
Իսկ ծառան դուրս ելնելով՝ գտաւ իր ծառայակիցներից մէկին, որ իրեն հարիւր դահեկան պարտք էր: Եւ նրան բռնելով՝ խեղդում էր ու ասում. «Վճարի՛ր ինձ, ինչ որ պարտք ես»:
Իսկ ծառան դուրս եկավ, գտավ իր ծառայակից ներից մեկին, ով նրան հարյուր դահեկան էր պարտք, և բռնելով նրան՝ խեղդում էր ու ասում. «Հատուցի՛ր ինձ պարտքդ»:
Ո՛չ շատ ժամանակ անց, այլ հենց այն ժամանակ, երբ երախտիքը նոր էր ընդունել [թագավորից], պարգևն առած՝ չար գործի էր ձեռնամուխ լինում: Որովհետև գտավ, ասում է [Տերը], իր ծառայակիցներից մեկին և խեղդում էր. չհիշեց այն խոսքը, որով ինքն ազատվեց, և ոչ նավահանգիստը, որում փրկվեց: Այլ այդ ամենը սրտի խստությամբ, ագահությամբ ու ոխակալությամբ մոռանալով և գազաններից էլ վայրենի դառնալով՝ խեղդում էր ծառայակցին հարյուր դահեկանի համար, այսինքն՝ [այսպես ենք վարվում] միմյանց փոքրիկ սխալների համար, որոնք մարդկանց աչքին հարյուրի պես մեծ են թվում: Կամ ունեցվածքի վնաս, կամ լեզվի բամբասանք, կամ ձեռքի հարված և այլ այսպիսի բաներ են, որ չենք կամենում ներել միմյանց՝ ըստ առաքյալի (Ղուկ. 13։6-9), այլ վիշտը ծանրացնում ենք՝ չարի փոխարեն չարը հատուցելով:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Իսկ ծառան դուրս ելնելով՝ գտաւ իր ծառայակիցներից մէկին, որ իրեն հարիւր դահեկան պարտք էր: Եւ նրան բռնելով՝ խեղդում էր ու ասում. «Վճարի՛ր ինձ, ինչ որ պարտք ես»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 18:23
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: