Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 19:2

Հովհաննես Ծործորեցի

Եւ նրա յետեւից բազում ժողովուրդ գնաց, եւ այնտեղ նրանց բժշկեց:
   

    Նրա հետևից շատ ժողովուրդ գնաց, և բժշկեց նրանց այնտեղ:

    Ոչ միշտ ուսուցանում է երկար, ոչ էլ շարունակ հրաշքներ գործում, այլ երբեմն մեկը, երբեմն էլ մյուսն է անում, որպեսզի հրաշքներով հավաստի դառնա վարդապետությունը, իսկ վարդապետությամբ էլ հրաշագործության օգուտը շատանա և երկուսն էլ իբրև փրկության միջոց և աստվածգիտության առաջնորդ գործածի նրանց համար, ովքեր հոգում էին այս մասին: Ուշադրություն դարձրու, թե ինչպես են ավետարանիչները զանց առնում բազմաթիվ մարդկանց բժշկությունները` մեկ խոսքով [բավարարվելով] թե` «շատերին բժշկեց», որպեսզի անպարծություն և անանձնասիրություն սովորեցնեն: Այդ բժշկությունը շատերին էր օգտակար, որովհետև բժշկվածների հոգիներին [նույնպես] երախտիք էր գործում, և նրանց հիվանդությունների բժշկությունն այլոց համար աստվածգիտության պատճառ էր դառնում, բացի փարիսեցիներից, ովքեր օգուտ չէին ստանում, այլ առավել էին զայրանում և [Հիսուսին] մոտենում էին փորձելու համար, իսկ քանի որ չէին կարողանում Նրա գործերին արատ վերագրել, շինծու պատմություն էին [Նրան] ներկայացնում:

    Այլաբանորեն` այս խոսքերի իմաստը հետևյալն է: Քանի որ «Գալիլեա»ն «հայտնություն» է թարգմանվում, իսկ «Հրեաստան»ը` «աստվածապաշտների գավառ» կամ «խոստովանություն» 989, ուստի հասկանում ենք, որ երբ Հոր կատարյալ Խոսքն իբրև մարմնով Աստված հայտնվեց երկրում` Երուսաղեմ քաղաքում, հրեաներից ու հեթանոսներից շատ ժողովուրդ գնաց Նրա հետևից հավատով, ինչպես նաև [Նրա] խաչի չարչարանքներով, և բժշկվեց մեղքերի նախկին հիվանդություններից և Օրենքի անեծքից: Ուրիշ կերպ ևս [կարելի է մեկնել]. երբ [Տերը] տնօրենությունն ավարտին հասցրեց և երկինք գնաց, որն աստվածապաշտ հրեշտակների ճշմարիտ գավառն է, ովքեր մնացին անմահության սահմաններում` Հորդանանից այն կողմ, որովհետև մկրտությամբ այնտեղ ենք բարձրանում` ջրով և Հոգով ըստ Տիրոջ 999, այդ ժամանակ շատ ժողովուրդ գնաց Նրա հետևից` ըստ այսմ. «Բարձրացավ Աստված օրհնությամբ» (Սաղմ. 46։6), և Նա բժշկեց նրանց` [ազատելով] կասկածներից թե` «Այս ո՞վ է, որ դիմել գալիս է Եդոմից` ասելով. «Ես արդարությունն եմ խոսում և իրավունքը պատմում» (հմմտ. Ես. 63։1):
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Եւ նրա յետեւից բազում ժողովուրդ գնաց, եւ այնտեղ նրանց բժշկեց:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 19:1