Ծննդոց գրքի մեկնություն 19:9

Ա. Լոպուխին

Նրանք ասացին. «Հեռո՛ւ կաց» և ասացին. «Իբրև պանդուխտ է եկել և դատում էլ է: Հիմա քեզ ավելի շատ կչարչարենք, քան նրանց»: Նրանք հարձակվեցին այդ մարդու՝ Ղովտի վրա, և մոտեցան, որ դուռը ջարդեն: [9] (Սինոդական թարգ․)
   

   Նրանք ասացին… «Իբրև պանդուխտ է եկել և դատում էլ է»… Անուղղելի մեղավորների հասարակության մեջ ապրող արդարի ապրելակերպն ու վարքը նրանց անօրինության լուռ, բայց միևնույն ժամանակ պերճախոս մերկացումն էր: Նույն վիճակում էր գտնվում և Ղովտը․ նա ապրում էր սոդոմացիների մեջ և, ինչպես ասում է Պետրոս առաքյալը (Բ Պետր. 2:8), ամեն օր տանջվում էր՝ նայելով նրանց անօրենություններին։ Տեսնելով նրա մեջ այլ բարքերի պատկանող կատարյալ մարդուն՝ սոդոմացիները արդեն թշնամաբար են վերաբերվում նրան (Բ Պետր. 2:7)։ Եվ այժմ, երբ Ղովտը համարձակվում է հանդիմանել և ընդդիմանալ նրանց գարշելի մտադրություններին, սոդոմացիների վրդովմունքը այնքան է մեծանում, որ սկսում է վտանգ սպառնալ նրա կյանքին։

   և մոտեցան, որ դուռը ջարդեն… Այսինքն՝ արդեն սկսեցին իրագործել իրենց սպռնալիքները։
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) Նրանք ասացին. «Հեռո՛ւ կաց: Դու մեր երկիրը մտար իբրեւ պանդուխտ բնակուելու. միթէ դատաստա՞ն էլ ես ուզում տեսնել: Հիմա քեզ աւելի շատ կը չարչարենք, քան նրանց»: Նրանք շատ էին բռնանում այդ մարդու՝ Ղովտի վրայ, եւ քիչ էր մնացել, որ ջարդէին դուռը:
(Արարատ թարգ․) Բայց նրանք ասացին. «Հեռո՛ւ գնա: Այստեղ եկավ որպես պանդուխտ և հիմա դատաստան է ուզում տեսնել: Հիմա քեզ նրանցից վատ կանենք»: Եվ սաստիկ բռնացան այդ մարդու՝ Ղովտի վրա ու մոտեցան, որ դուռը կոտրեն:
(Գրաբար) Եւ ասեն. Ի բա՛ց կաց. մտեր բնակել պանդխտութեամբ. միթէ և դատաստա՞ն ևս դատել։ Այժմ և զքե՛զ ևս չարչարեսցուք առաւել քան զնոսա։ Եւ բռնադատէին զայրն զՂովտ յոյժ, և մերձ էին զդուռն խորտակել։