Սրբ. Եփրեմ Ասորի
1-6. Այսպիսով Աստուած ստեղծեց երկինքն ու երկիրը եւ կարգաւորեց դրանք: Աստուած վեցերորդ օրն աւարտեց արարչագործութիւնը եւ իր կատարած բոլոր գործերից յետոյ՝ եօթներորդ օրը, հանգստացաւ: Աստուած օրհնեց եօթներորդ օրը եւ սրբագործեց այն, որովհետեւ այդ օրը Աստուած հանգստացաւ իր այն բոլոր գործերից, որ սկսել էր անել: Այս է երկնքի ու երկրի արարչութեան պատմութիւնը: Այն օրը, երբ Աստուած ստեղծեց երկինքն ու երկիրը, երկրի վրայ դեռ ոչ մի տունկ չէր բուսել, դեռ ոչ մի դաշտային բոյս չէր աճել, որովհետեւ Տէր Աստուած անձրեւ չէր տեղացրել երկրի վրայ, եւ մարդ չկար, որ մշակէր հողը, բայց աղբիւր էր բխում երկրից եւ ոռոգում ողջ երկիրը:
Աստված վեց օրում ավարտեց արարչությունը` իր գործերի հաջորդականությունը հաստատելու, առաջինը, միջինը և վերջինը ցույց տալու համար, որպեսզի չկարծեն, թե աշխարհը խառնված է ու չունի սկիզբ և ավարտ: Սրանով Նա ուզում էր ցույց տալ նաև, թե որը որից հետո է և որը որից` առավել: Աստված կարող էր ամեն ինչ ստեղծել ընդամենը մեկ ակնարկով, սակայն, ինչպես մեզ համար ստեղծեց ամեն ինչ, այնպես էլ հոգում է մեր մասին. այդ պատճառով արարչությունը կարգով եղավ, որպեսզի մենք չընկնենք հարցերի ալիքների մեջ: Եվ ասում է. «Յոթերորդ օրը հանգստացավ» հանգստանալը վերաբերում է գործի կատարմանը, քանի որ մինչև շաբաթ օրը գործերն ավարտվեցին և հանգստացավ իր գործերից, ինչպես ասվում է. «Աստված տեսավ, որ շատ բարի է»: Եվ որպեսզի սրանով կրկին պատկերվեն շաբաթի ճշմարիտ խորհուրդները, ինչպես ասվում է, շաբաթը կա և մնում է Աստծունը: Քանի որ շաբաթ օրը ոչ մի գործ չի եղել, այն գործերով չի կարող մեծարվել և կարևորվում է խոսքով, որպեսզի պատվով հավասարեցվի մյուս օրերին, որոնց ընթացքում գործեր կատարվեցին, և ավարտվի աշխարհի արարման շաբաթվա օրերի թիվը:
Աստված Մովսեսին դարձրեց իր անձի և բոլոր արարածների վկան: Եվ քանի որ Մովսեսն Աստծու վկան էր, նրան տվեց Աստծու անունը և իշխանությունը, որպեսզի Աստված վկայի Աստծու մասին: Աստված ինքը կարող է վկայել իր անձի մասին, ինչպես որ ասաց «խիստ բարի է», սակայն այս բանը, ինչպես նաև շաբաթի և նրա սրբության մասին մինչև Մովսեսը ոչ ոք չգիտեր, այս պատճառով դրանց գեղեցկության մասին վկայում է Արարիչը: Նա, ով ծանոթ է Գրքին, գիտի, թե ինչ կա գրված նրա մեջ: Նմանապես, Աստված է միակ արարիչը, և Նա գիտի, թե ինչ կա ամփոփված աշխարհի մեջ:
Այսպիսով, Արարիչն իր արարածներին ստեղծեց խոսքով: Այդ պատճառով բոլոր արարածների վրա տիրում է նրա իշխանությունը և բոլոր ականջները լսելով հնազանդվում են նրա տերությանը: Բոլոր շրթունքները զանազան խոսքերով և լեզուները զանազան ձայներով ծառայում են նրա գործերին: Եվ եթե խոսքի զորությամբ արարածները ստեղծվում էին ոչնչից, որքան ևս առավել ստեղծվածները պետք է լսեին Նրան: Նրանց գցում է ինչի մեջ, որ կամենում է, այնպես, ինչպես իր կամքի համաձայն նրանց առաջ բերեց ոչնչից: Արարիչը խոսքի իշխանությունը դրեց մարդու մեջ իր կարիքները հոգալու համար: Քանի որ Աստծու զորությունը ծածկված է ինչպես Նրա լռության, այնպես էլ ձայնի մեջ, ապա արարածները Նրա լռությանը հնազանդվում են այնպես, ինչպես և Նրա ձայնին: Այսպիսով, նրանց ստեղծեց խոսքով ...
Ա. Լոպուխին
Այսպես ստեղծվեցին երկինքն ու երկիրը և նրանց բոլոր զորքերը: (Սինոդական թարգ․)[1]
Երկրորդ գլխի առաջին երեք համարները իրենց բովանդակությամբ ամբողջովին առնչվում են նախորդ գլխին՝ հանդիսանալով այնտեղ շարադրված աշխարհի արարման պատմության բնական ավարտը:
Այսպես ստեղծվեցին երկինքն ու երկիրը... Այսպիսով ավարտված է,կատարված է ամբողջ տիեզերքի արարչագործությունը:
Եվ նրանց բոլոր զորքերը, այսինքն երկնքի և երկրի զորքը: Առաջին արտահայտությունը՝ երկնքի զորքերը, բավականին կիրառելի է Աստվածաշնչում և մատնանշում է կամ Ամենակալ Աստծո երկնային գահը շրջապատող Հրեշտակներին, ըստ երևույթին, գահի շուրջը երկրային տիրակալների պահապանների նմանությամբ (Նավ. 5։14, Գ Թագ. 22։19), կամ՝ երկնակամարում վառվող աստղերին, որոնք իրենց կարգավորության ճշգրտությամբ հիշեցնում են զորքերի կանոնավոր շարքերը (Բ Օր. 4։19, 17։3, Դ Թագ. 17։16, Ես. 40։26, Եր. 8։2, Դան. 8։10 և ուր.): Իսկ «Երկրի զորքեր» արտահայտությունը այլևս Սուրբ Գրքում չի հանդիպում, թեպետ որոշակի նմանություն առկա է Նեեմիայի գրքում (Նավ. 9։6) և Եսայի մարգարեի մոտ (34։1), որտեղ խոսքը երկրի բարձրագույն ներկայացուցիչների մասին է, այսինքն՝ մարդկանց և կենդանիների:
Այսպիսով, «երկնքի և երկրի զորք» արտահայտությունը հասկացվում է որպես այն ամենավեհագույնը և լավագույնը, ինչ կա այս և այն ոլորտում և որը, հետևաբար, կարծես զարդ է ծառայում նրանցից յուրաքանչյուրի համար: Այդ վերջին միտքը հրաշալի արտահայտում են Աստվածաշնչի հունարեն LXX և լատիներեն թարգմանությունները, որտեղ եբրայերեն «ցեվա» (զորք) բառը ներկայացվել է համապատասխան հոմանիշներով κόσμος և ορνατυσ, որ նշանակում է «զարդ»:
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Այսպիսով Աստուած ստեղծեց երկինքն ու երկիրը եւ կարգաւորեց դրանք:
(Արարատ թարգ․) Այսպիսով ստեղծվեցին երկինքն ու երկիրը և նրանց բոլոր զարդերը:
(Գրաբար) Եւ կատարեցան երկինք և երկիր և ամենայն զարդ նոցա:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: