Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
28-32. Բայց դուք ի՞նչ եք կարծում։ Մի մարդ երկու որդի ուներ, և Նա եկավ ու առաջինին ասաց. «Որդի՛, այսօր գնա՛, իմ այգում աշխատի՛ր»»։ «Իսկ նա պատասխանեց ու ասաց. «Չեմ ուզում», բայց հետո զղջաց ու գնաց»։ «Եվ գնաց մյուսի մոտ և նույնն ասաց։ Նա էլ պատասխանեց ու ասաց. «Կգնա՛մ, տե՛ր», ու չգնաց»։ «Այդ երկուսից ո՞վ հոր կամքը կատարեց»։ Նրան ասացին՝ առաջինը։ Հիսուս նրանց ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ մաքսավորներն ու պոռնիկները ձեզանից առաջ կմտնեն Աստծու արքայություն»»։ «Որովհետև Հովհաննեսը ձեզ մոտ արդարության ճանապարհով եկավ, իսկ դուք նրան չհավատացիք, բայց մաքսավորներն ու պոռնիկները նրան հավատացին։ Դուք դա տեսաք, բայց հետո էլ չզղջացիք, որպեսզի հավատայիք նրան»։
Քրիստոս կրկին առակներով հանդիմանում է հրեաներին՝ ակնարկելով և՛ նրանց անհնազանդության, և՛ նախկինում մերժված հեթանոսների հնազանդության մասին։ Այստեղ երկու որդիների ներքո նկատի է առնվում այն, ինչ պատահեց հեթանոսների ու հրեաների հետ։ Առաջինները, հնազանդության խոստում չտալով և օրենքը չլսելով, հենց գործով էին հնազանդություն ցուցաբերում, իսկ վերջինները, թեև ասում էին. «Ամեն ինչ, ինչ Տերն ասաց, կկատարենք» (հմմտ․ Ելք 19:8), գործով, սակայն, հնազանդություն չէին ցուցաբերում օրենքին։ Դրա համար էլ, որպեսզի հրեաները չմտածեն, թե օրենքն իրենց օգուտ է բերում, Քրիստոս ցույց է տալիս, որ հենց օրե՛նքն է դատապարտում նրանց։ Սրան համաձայնություն է հայտնում նաև Պողոս առաքյալը՝ ասելով. «Օրենքը լսողները չեն, որ արդար են Աստծու առաջ, այլ օրենքը կատարողնե՛րը պիտի արդարացվեն» (Հռոմ. 2:13)։ Ահա թե ինչու, որպեսզի հրեաներն իրենք իրենց դատապարտեն, Փրկիչը ստիպում է նրանց անձամբ արտասանել իրենց իսկ վճիռը։ Քրիստոս ճիշտ նույն ձևով է վարվում նաև հաջորդող՝ այգու մասին առակում։
Այստեղ Քրիստոս հրեաներին ստիպում է նաև մեկ ուրիշ անձի միջոցով դատապարտել իրենց։ Քանի որ նրանք չէին ցանկանում ուղղակիորեն խոստովանել իրենց մեղքը, ուստի Քրիստոս առակի միջոցով է հասնում հրեաներին վերաբերող Իր նպատակին։ Իսկ երբ հրեաները, առակի նպատակը չհասկանալով, արտասանում են իրենց իսկ դատավճիռը, այդժամ արդեն Հիսուս Ինքն է նրանց բացահայտում առակի իմաստը և ասում է. «Մաքսավորներն ու պոռնիկները ձեզանից առաջ կմտնեն Աստծու արքայություն։ Որովհետև Հովհաննեսը ձեզ մոտ արդարության ճանապարհով եկավ, իսկ դուք նրան չհավատացիք, բայց մաքսավորներն ու պոռնիկները նրան հավատացին։ Դուք դա տեսաք, բայց հետո էլ չզղջացիք, որպեսզի հավատայիք նրան» (Մատթ. 21:31-32)։ Եթե Հիսուս պարզապես ասեր՝ «պոռնիկները ձեզնից առաջ կմտնեն Աստծու արքայություն», ապա Նրա խոսքերը հրեաներին ծանր կթվային, բայց հիմա, երբ իրենք իսկ հայտարարեցին իրենց կարծիքը, Փրկչի խոսքերը նրանց այդքան ծանր չեն թվում։ Դրա համար էլ Հիսուս նշում է նաև պատճառը։ Իսկ ո՞րն էր դա։ «Հովհաննեսը ձե՛զ եկավ մոտ, - ասում է Հիսուս, - ու ոչ թե՝ նրանց (հեթանոսների) մոտ, և ընդ որում՝ եկավ արդարության ճանապարհով։ Դուք չեք կարող նրան մեղադրել որպես անհոգ ու անօգուտ մի մարդու։ Նա և՛ անարատ կյանք վարեց, և՛ մեծ հոգածություն ցուցաբերեց, բայց և, այնուամենայնիվ, դուք չլսեցիք նրան․․․»։ Սրանից հետո հետևում է մեկ այլ դատապարտում, այսինքն՝ ա՛յն, որ մաքսավորները հավատացին Հովհաննեսին, և ապա՝ ևս մեկ մեղադրանք, այն է՝ «դուք նույնիսկ նրանցից հետո չհավատացիք Հովհաննեսին, մինչդեռ ձեզ հարկավոր էր դա անել մաքսավորներից էլ ավելի առաջ։ Իսկ որ դուք դա նույնիսկ մաքսավորներից հետո չարեցիք, ոչ մի ներման արժանի չէ, և դրա համար էլ մաքսավորներին ավելի մեծ գովեստ է սպասվում, իսկ ձեզ՝ դատապարտում։ Հովհաննեսը եկավ ձեզ մոտ, և դուք չընդունեցիք նրան. նա չեկավ մաքսավորների մոտ, բայց նրա՛նք ընդունեցին Հովհաննեսին, իսկ դուք չմտափոխվեցիք՝ նրանց օրինակին հետևելով»։
Նկատի՛ր, թե որքան ապացույցներ են ներկայացվում մաքսավորների գովեստի և հրեաների դատապարտման համար։ «Հովհաննեսը ձե՛զ մոտ եկավ, - ասում է Հիսուս, - և ոչ թե՝ նրանց մոտ, սակայն դուք չհավատացիք նրան։ Դա մաքսավորներին չգայթակղեցրեց. նրանք հավատացին, և դա ձեզ ոչ մի օգուտ չբերեց։ Իսկ «ձեզանից առաջ» (կամ՝ «ավելի վաղ») բառը կիրառված է ոչ թե ցույց տալու համար, որ հրեաներն էլ պիտի հետևեն մաքսավորներին, այլ որ՝ նրանք նույնպես, եթե ցանկանան, կարող են Աստծու արքայություն մտնել։ Իսկապես, խստասիրտ մարդկանց ոչինչ այնպես չի արթնացնում թմբիրից, ինչպես նախանձախնդրությունը։ Դրա համար էլ Քրիստոս միշտ ասում է՝ «վերջինները առաջին կդառնան, և առաջինները՝ վերջին»։ Դրա համար էլ Նա որպես օրինակ ներկայացնում է պոռնիկներին ու մաքսավորներին, որպեսզի հրեաները նախանձախնդրությամբ լցվեն։ Պոռնիկների մեղքն ու մաքսավորների մեղքը երկու մեծագույն մեղքեր են, որոնք առաջանում են բռնավոր սիրուց, առաջին դեպքում՝ մարմնի հանդեպ, վերջինում՝ փողի հանդեպ։ Ի դեպ, Քրիստոս ուսուցանում է, որ Հովհաննեսին հավատալը նշանակում է ճշմարտապես հնազանդվել Աստծու օրենքին։ Այսպիսով, պոռնիկները մտնում են Աստծու արքայություն ոչ միայն շնորհով, այլև ճշմարտությամբ, որովհետև մուտք են գործում արդեն ոչ թե որպես պոռնիկներ, այլ որպես հնազանդ ու հավատացյալ, մաքուր ու փոփոխված անձինք։ Տեսնո՞ւմ ես, թե Քրիստոս ինչպես է նախ՝ առակով, ապա՝ պոռնիկների մասին մատնանշումով Իր խոսքը հրեաների համար դարձնում ոչ այնքան ծանր, բայց, միևնույն ժամանակ, շատ զորեղ։ Հիսուս անմիջապես չասաց հրեաներին. ինչո՞ւ դուք չհավատացիք Հովհաննեսին։ Այլ, ինչը շատ ավելի խոցող էր, Փրկիչը նախ մատնանշում է մաքսավորներին ու պոռնիկներին, և ապա միայն ասում է սա՝ հենց գործերով ապացուցելով, որ հրեաները ներման արժանի չէին, և ցույց տալով, որ նրանք ամեն ինչ անում են մարդկանց հանդեպ վախից ու փառամոլությունից դրդված։ Իսկապես, հրեաները նաև Քրիստոսի՛ն չէին հավատում վախի պատճառով, որպեսզի ժողովարանից չհեռացվեն։ Հավասարապես նաև Հովհաննեսին չէին համարձակվում դատապարտել ոչ թե բարեպաշտությունից ելնելով, այլ դարձյալ՝ վախի՛ պատճառով։ Հանդիմանելով հրեաներին այս ամենում՝ Քրիստոս, վերջապես, նրանց է հասցնում ամենածանր հարվածը՝ ասելով. «Դուք դա տեսաք, բայց հետո էլ չզղջացիք, որպեսզի հավատայիք նրան»։ Վատ է հենց սկզբից բարին չանելը, բայց ավելի մեծ դատապարտման է արժանի նա, ով նույնիսկ դրանից հետո էլ չի ուղղվում։ Հատկապես հենց սա՛ է շատերին ամբարիշտ դարձնում։
Հովհաննես Ծործորեցի (†1338)
28-31. «Բայց ինչպէ՞ս է ձեզ թւում. մի մարդ երկու որդի ունէր: Առաջինին մօտենալով՝ նա ասաց. «Որդեա՛կ, գնա՛ այսօր աշխատի՛ր այգում»: Սա պատասխանեց ու ասաց. «Գնում եմ, տէ՛ր». ու չգնաց: Մօտեցաւ միւսին էլ եւ նոյնն ասաց: Սա պատասխանեց ու ասաց. «Չեմ ուզում»: Բայց յետոյ զղջաց եւ գնաց այգին: Արդ, երկուսից ո՞վ կատարեց հօր կամքը»: Նրանք ասացին՝ վերջինը: Յիսուս նրանց ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ մաքսաւորներ ու պոռնիկներ ձեզնից առաջ պիտի հասնեն արքայութիւն,
Ինչպե՞ս է ձեզ թվում. մի մարդ ուներ երկու որդի և մոտենալով առաջինին` ասաց. «Որդյա՛կ, գնա այսօր աշխատի՛ր այգում»: Նա պատասխանեց` ասելով. «Գնո՛ւմ եմ, տեր», բայց չգնաց: Մոտեցավ մյուսին էլ և նույնն ասաց: Նա պատասխանեց` ասելով. «Չեմ կամենում», բայց հետո զղջաց ու գնաց այգի: Արդ` երկուսից ո՞ր մե ը կատարեց հոր կամքը»: Ասացին` վեր ջինը:
[Տերը] երկու որդիով նկատի ունի հրեաներին ու հեթանոսներին, որով նստեցնում է նրանց փքված միտքը, ովքեր Օ րենքի վրա էին հենվում և Աբրահամով պարծենում: Ցույց է տալիս, որ հեթանոսներն էլ են Աստծո արարածներ և Նրա խոսքի ծնունդներ: Իսկ «մարդ» [է կոչում] Աստծուն ներգործական ու կատարյալ զորության պատճառով կամ էլ մարմնազգեցության, [այսինքն]` որ մարդ դարձավ Ադամի զանգվածից: «Մոտենալ»ն Աստծո մարդասիրությունն է ցույց տալիս, որ իջավ Աբրահամի մոտ, նաև Քորեբ ու Սինա (Ծննդ. 18, Ելք 3, 19), տվեց Օրենքն ու գգվանքով ասաց. «Որդյա՛կ, գնա այսօր աշխատի՛ր այգում»: «Այգի» է կոչում Օրենքը, որպեսզի ցույց տա, որ քաղցր է Օրենքի պտուղը և կցորդվում է գործերին, այլև կատարելագործ է, իմաստնագործ և լուսավորիչ, ինչը [Տերն] «օր»-ով նկատի ունի` ըստ Դավթի. «Քո խոսքերի հայտնությունը լուսավորում ու իմաստնացնում է մանուկներին» (Սաղմ. 118։130): Կամ էլ «օր» է կոչում մեր ամբողջ կյանքի ընթացքում, քանի ողջ ենք, Օ րենքի մեջ մնալը, որովհետև մարդու կյանքը մեկ օրվա նման է:
[Առաջին որդին] ծնողի ազդու կերպարանքի պատճառով պատասխանեց. «Գնում եմ, տեր». սա այն է, որ ասացին. «Այն ամենն, ինչ ասի մեր Տեր Աստվածը, կլսենք ու կանենք» (հմմտ. Ելք 19։8), բայց հետո գործերով հետ կանգնեցին` ըստ այսմ. «Գիրացավ ու աքացի տվեց և հետ կանգնեց իր Փրկիչ Աստծուց» (հմմտ. Բ Օր. 32։15): Նաև երկրորդ տնտեսության 2 ժամանակ [Տերը] նույնն արեց, որովհետև նախ [հրեաներին] մոտեցավ հանուն [նրանց] հայրերի սիրո և նրանցից մարմին առավ` ըստ այսմ. «Ուրիշ տեղ չուղարկվեցի, քան Իսրայելի տան կորած ոչխարների մոտ» (Մատթ. 15։24), և նրանց կանչեց հնազանդության` Եկեղեցու այգուն և Իրեն, Ով եղավ ճշմարիտ որթատունկ:
Բայց պետք է պարզել, թե երբ [և ինչպես] մոտեցավ: [Մոտեցավ] կամ բնական օրենքով, որը խիղճն է և որն Աստված դրեց [մարդու] մեջ, կամ նրանով, որ Հորդանանն անցնելուց հետո Օրենքը գրեց ծեփածո սեղանին (Բ Օր. 27։2-3), կամ մարգարեների միջոցով, ովքեր հրավիրվեցին, ինչը երևում է նրանց խոսքերից, ինչպես որ Հովնանն անձամբ գնաց Նինվե (Հովն. 3։3): Բայց [ամենից] ճիշտն այն է, որ [Աստված] առաքյալների միջոցով կանչեց [մարդկությանը]` ըստ այսմ. «Գնացեք աշակերտ դարձրեք բոլոր հեթանոսներին» (Մատթ. 28։19): Եվ [ժողովուրդը], անառակ [որդու] նման սկզբում անհնազանդ գտնվելուց հետո ուշքի գալով, զղջաց, մտավ Եկեղեցի և ծառայեց Երկնավորի Որդուն, ինչպես տեսնում ենք այժմ:
«Արդ` երկուսից ո՞ր մեկը կատարեց հոր կամքը», հարցնում է [Տերը]: Այստեղից մի գեղեցիկ դաս ենք սովորում, որ թեպետ խոսքն էլ է պատժի ենթակա կամ պսակի արժանի, սակայն ո՛չ այնքան, որքան գործը: Ինչո՞ւ: Որովհետև մարդը երկու [գոյացությունից է կազմված]` հոգուց ու մարմնից, և խոսքը ծնողը հոգին է, իսկ կատարողը` մարմինը: Ուստի երբ միտքը խոկում կամ լեզուն խոսում է սխալը, թեպետ հանցավոր է, սակայն ո՛չ կատարելապես, քանի որ առանց մարմնի է, իսկ երբ մարմինն էլ է գործով օժանդակում, [մարդը] կատարելապես է կշտամբվում կամ փառավորվում` ըստ առաքյալի. «Իր մարմնով է ժառանգելու բարին կամ չարը» (հմմտ. Բ Կոր. 5։10): Այդ պատճառով էլ [Տերը] խոսքի արտաբերումը բանի տեղ չդրեց` [կարևորելով] գործը. ասաց. «Ո՞վ կատարեց հոր կամքը», այսինքն` գործեց իր հոգու փրկությունը: «Ասացին` վերջինը»: Որպեսզի չկարծեն, թե Օրենքը որևէ կերպ օգնում է նրանց, [Տերը] ցույց է տալիս, որ հենց նա է նրանց դատախազը, երբ այն չեն կատարում` ըստ այսմ. «Կա՛ մեկը, որ դատում է ձեզ. Մովսե՛սը, որի վրա եք ձեր հույսը դրել» (հմմտ. Հովհ. 5։45), այսինքն` Օրենքը. և` «Այն խոսքը, որ ասացի, նա՛ է դատելու նրանց» (հմմտ. Հովհ. 12։48): Ուստի [դատաստանը] նրանց թողեց, և նրանք իրենք իրենց դատապարտեցին` իրենց վրա վճիռ սահմանելով, և Աստծո կամքից օտարացած ցույց տվին իրենց:
Հիսուսն ասաց նրանց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ մաքսավորներն ու պոռնիկները ձեզնից առաջ կմտնեն Աստծո արքայություն:
Տեսնո՞ւմ ես, թե ինչպես հայտնեց [այս մասին], ինչը եթե ավելի առաջ ասեր, խոսքը ծանր ու տհաճ կթվար նրանց, բայց երբ իրենք իրենց վճիռը սահմանեցին, խոսում է այս մասին, թե իսկապե՛ս այնպես է, ինչպես ասացիք, «մաքսավորներն ու պոռնիկները ձեզնից առաջ կմտնեն Աստծո արքայություն»: Հայտնապես չասաց` «հեթանոսները», որպեսզի ամբողջապես չվհատվեին, այլ թե` «մաքսավորներն ու պոռնիկները»: Սրանով ցույց է տալիս, նախ` որ հրեաներից շատերը հավատացին և հավատալու էին, ինչպես Մատթեոս մաքսավորը, Ալփեոսի Ղևին և Պողոսը, պոռնիկներից նույնպես, ինչպես այն կինը, ով արտասուքով լվաց [Տիրոջ] ոտքերը, մազերով սրբեց և յուղով օծեց: Եվ երկրորդ` հեթանոսներին «մաքսավոր» է կոչում` նկատի ունենալով միմյանց հանդեպ մեղանչելը, իսկ «պոռնիկ»` Աստծուց հեռանալը և քարի ու փայտի հետ շնանալը (Երեմ. 3։9): Սրանք առանց Օրենքի` միայն հավատքի արդարությամբ, ավելի առաջ մտան Աստծո արքայություն: Նաև` «ավելի առաջ մտնել»-ը չի նշանակում, թե սրանք [սկզբում] են գնալու, նրանք էլ` [սրանց] հետևից, այլ [Տերն այսպես է ասում], որպեսզի [բարի] նախանձով վարակի նրանց, եթե կամենան հավատալ, որով հետև ոչինչ այնպես չի համոզում թանձրամիտին, ինչպես նախանձը, ուստիև [Տերը] շարունակ ասում էր. «Առաջինները վերջին կդառնան, և վերջինները` առաջին» (Մատթ. 19։30, 20։16): Սրա հետ միասին այլ բան էլ է սովորեցնում, ա՛յն, որ արքայություն մուտքը Օրենքի պահպանությամբ է լինում. ովքեր զղջում են մեղքերի համար և մտնում [Տիրոջ] այգին` աշխատելու` խոստովանությամբ ու ապաշխարությամբ քավելու մեղքերը, թեկուզ հույժ ծանր մեղքեր ունենան, վերին կյանքը կժառանգեն` ըստ այսմ. «Եթե անօրենն իր անօրինությունից հրաժարվի, ապրելով կապրի» (հմմտ. Եզեկ. 18։21), ինչպես և սրան հակառակ` «Արդարը, եթե հրաժարվի իր արդարությունից, նրա գործած արդարությունը չի հիշվի, այլ նա իր մեղքի մեջ կմեռնի» (հմմտ. Եզեկ. 18։24): Ուրեմն թող հույժ ամաչեն նրանք, ովքեր ապաշխարությունն արհամարհում են:
Ստեփանոս Սյունեցի (†735)
«Բայց ինչպէ՞ս է ձեզ թւում. մի մարդ երկու որդի ունէր: Առաջինին մօտենալով՝ նա ասաց. «Որդեա՛կ, գնա՛ այսօր աշխատի՛ր այգում»:
«Ինչպե՞ս է ձեզ թվում. մի մարդ երկու որդի ուներ»:
Մարդը Քրիստոսն է, իսկ երկու որդիները՝ երկու ժողովուրդները՝ հրեաներն ու հեթանոսները: Նա ով ասաց, թե «Գնում եմ, Տե՛ր». ու չգնաց՝ հրեա ժողովուրդն է, որ ասաց, թե գնամ այգի ուրախ աշխատելու համար, սակայն չգնաց:
Իսկ երկրորդը՝ հեթանոս ժողովուրդը, որ ասաց. «Չեմ գնում». բայց հետո զղջալով՝ գնաց այգի» (Մատթ. 21։29-30):
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
28-32․ «Բայց ինչպէ՞ս է ձեզ թւում. մի մարդ երկու որդի ունէր: Առաջինին մօտենալով՝ նա ասաց. «Որդեա՛կ, գնա՛ այսօր աշխատի՛ր այգում»: Սա պատասխանեց ու ասաց. «Գնում եմ, տէ՛ր». ու չգնաց: Մօտեցաւ միւսին էլ եւ նոյնն ասաց: Սա պատասխանեց ու ասաց. «Չեմ ուզում»: Բայց յետոյ զղջաց եւ գնաց այգին: Արդ, երկուսից ո՞վ կատարեց հօր կամքը»: Նրանք ասացին՝ վերջինը: Յիսուս նրանց ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ մաքսաւորներ ու պոռնիկներ ձեզնից առաջ պիտի հասնեն արքայութիւն, «որովհետեւ Յովհաննէսը արդարութեան ճանապարհով եկաւ, եւ նրան չհաւատացիք. իսկ մաքսաւորներ ու պոռնիկներ հաւատացին նրան. եւ դուք այդ տեսաք եւ յետոյ էլ չզղջացիք, որ նրան հաւատայիք»»
Երբ միջադեպն ավարտվեց, Հիսուս սկսեց շարունակել Իր քարոզությունը միևնույն ոճով և միևնույն ուղղությամբ՝ ինչ որ Իր քարոզության ընթացքում պահել էր և որոնց ավարտն էլ այդ վերջին օրվա տաճարի քարոզությունը եղավ։ Հիսուսի ուղղվածությունն էր ցույց տալ Հին Ուխտի անկումը և Նոր Ուխտի հաստատումը ավետարանել, հրեաների բացարձակապես որպես ընտրյալ ժողովուրդ լինելու դադարումը հայտնել և հեթանոսների Ավետարանի և Երկնքի Արքայության մեջ ընդունված լինելը հասկացնել։ Իսկ այս նպատակի բացատրությունները միշտ առակով էին տրվում կամ մի նոր առակով, կամ հին առակի փոփոխված կրկնությամբ։ Ավետարանիչներն այս ամենը ավանդել են՝ չեն կարող ասել, թե Հիսուսի խոսքերը սղագրությամբ են հավաքել, այլ ներկայացնում են միայն գլխավորները և այն էլ ոչ բոլորը և ոչ բոլոր կտորները։
Ահա այս առակներից մեկը։ Հողագործ և հողատեր մի մարդ երկու զավակ ուներ, որոնք սովոր էին իր հետ իրենց հողերը մշակել։ Մի օր հայրը զավակներից մեկին ասում է. «Որդյակ, այսօր այգում շատ գործ կա, այգի կգնաս և գործը կկատարես»։ «Ինչո՞ւ չէ, հայրս, պարտքս է, կգնամ»,- ասում է տղան և տնից դուրս է ելնում։ Հայրը դառնում է մյուս տղային և նրան էլ է կրկնում նույն հրամանը, որ գնա աշխատի և եղբոր հետ գործն ավարտին հասցնի։ Տղան դժկամում է. «Այսօր,- ասում է,- ուզում էի մի փոքր հանգստանալ և այգին գնալու մտադրություն չունեի, ինձ այսօր ներիր»։ Հայրը բարկանում է, տղան չի համաձայնվում, մի փոքր էլ տրտմում է ու «չէ՛, չեմ ուզում գնալ չեմ գնա» ասելով, հեռանում է տնից։ Հայրն էլ կարծում է, թե առաջինը աշխատանքի գնաց, իսկ երկրորդը զբոսանքի։
Սակայն իրականությունը հակառակն էր եղել։ Կգնամ ասողը միայն ուզեցել էր խաբել հորը և փոխանակ այգի գնալու, տնից դուրս գալուց հետո, գնացել էր զվարճանալու։ Իսկ չեմ գնա ասողը տնից դուրս գալուց հետո խղճահարվել էր և հոր սիրտը կոտրելու համար ցավելով, փոխանակ զվարճության գնալու, ճանապարհը փոխել և ուղիղ գնացել էր այգի և մինչև երեկո աշխատելով, տուն էր վերադարձել և այդ ժամանակ հայրը իմացել էր եղելությունը։ Հիսուս եզրակացնում է Իր խոսքը՝ ներկա փարիսեցիներին և նրանց համախոհներին դառնալով. «Ի՞նչ է ձեր կարծիքը այս երկու զավակների մասին։ Երկուսից ո՞վ կատարեց հոր կամքը, պահեց հոր պատիվը և հոր հանդեպ իր որդիական պարտքը կատարած եղավ»։ Լսողները համարձակ պատասխանում են. «Երկրորդը՝ այսինքն, չեմ գնա ասելուց հետո այգի գնացողը»։ «Այդպես է,- շարունակում է Հիսուս,- ձեր գնահատակնը իրավացի է» և խոսքի ավետարանական իմաստը մեկնելով ավելացնում է. «Պետք է ուրեմն դուք էլ համոզվեք, թե դուք, որ օրենքն ենք պահում ասելով օրենքը չեք պահում, երբ Երկնքի Արքայությունը փափագող ենք ասելով, իրոք Երկնքի Արքայության պահանջները չենք գործադրում և Երկնավոր Հոր կամքը կատարած չենք լինում։ Իսկ ընդհակառակը, մաքսավորներն ու պոռնիկները, մեղավորներն ու հեթանոսները, ովքեր օրենքից ազատ են երևում, նրանք զղջման գալով և Երկնքի Արքայության քարոզությունը ընդունելով, ձեզնից առաջ պիտի անցնեն և նախապատվություն և գովեստ պիտի ընդունեն Երկնավոր Հոր կողմից»։
Այս եզրակացությունից հետո խոսքը բերում է քիչ առաջ տեղի ունեցած Հովհաննեսի մկրտության հարցմանը, որին չէին կարողացել պատասխանել, բայց իրենց բռնադատված լռությամբ խոստովանել էին ճշմարտությունը։ «Հովհաննեսը,- ասում է,- եկավ արդարության ճանապարհը սովորեցնելու աստվածային իշխանությամբ Երկնքի Արքայության մոտալուտ հայտնությունը քարոզելու, բայց դուք նրան չհհավատացիք և արժանի պտուղ չտվեցիք, մինչդեռ ընդհակառակը, մաքսավորներն ու պոռնիկները հավատացին, թե նա Աստծուց է եկել և նրա խոսքը լսեցին, զղջացին ու արդարացան։ Դրանից հետո էլ դուք այդ ամբողջ արդյունքը զգալով և Հովհաննեսի աստվածային առաքման նշաններն էլ տեսնելով, դեռևս չզղջացիք և չապաշխարեցիք, չհավատացիք ու չհետևեցիք նրան»։
Հիսուս այստեղ էլ Հովհաննեսի մասին խոսելով, լռելյայն ուզում էր հիշեցնել Իր աստվածային իշխանությամբ գործելը, Աստծուց եկած լինելը, Աստծու պատգամները քարոզելը և աստվածային զորությամբ հրաշագործելը։ Եվ Հովհաննեսին չհավատալը շեշտելով, հանդիմանում է, որ իրեն էլ չեն ուզում հավատալ։ Ավետարանի քարոզությունը ավարտելու վրա էր Հիսուս և այդ պատճառով բոլոր միջոցներով աշխատում էր հակառակորդներին վերջին ազդարարություններ անել և նրանց ընթացքի չարդարացող սխալները նրանց աչքի առջև դնել։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: