Ծննդոց գրքի մեկնություն 2:2

Սրբ. Եփրեմ Ասորի

Աստուած վեցերորդ օրն աւարտեց արարչագործութիւնը եւ իր կատարած բոլոր գործերից յետոյ՝ եօթներորդ օրը, հանգստացաւ:

   

Տե՜ս Ծննդոց գրքի մեկնություն գլուխ 2:1

   

Ա. Լոպուխին

Եվ Աստված յոթերորդ օրը ավարտեց իր բոլոր գործերը որոնք Նա կատարում էր և յոթերորդ  օրը հանգստացավ իր բոլոր գործերից որ կատարում էր: (Սինոդական թարգ․)[2]
   

      Եվ Աստված յոթերորդ օրը ավարտեց … Ռուսերեն(եբրայերենից թարգմանված)և սլավոներեն(հունարենից թարգմանված) Աստվածաշնչում այդ օրը անվանվում է տարբեր կերպ . առաջինում գրված է յոթերորդ, իսկ երկրորդում՝ վեցերորդ օրը: Դրա պատճառը այն տարբեր բնագրերն են, որոնցից կատարվել են այդ թարգմանությունները. հատկապես եբրայերեն տեքստում, ինչպես և Վուլգաթեում և արաբերեն թարգմանության մեջ, նշվում է «յոթերորդ» օրը, բայց հունարեն LXX թարգմանության մեջ (բացառությամբ որոշ համարների), ինչպես նաև Հովսեփոս Փլաբիոսի մոտ, ասորական թարգմանության մեջ և սամարիական բնագրում գրված է «վեցերորդ» օրը: Խոսքի ենթատեքստը, որտեղ «յոթերորդ օրվա» մասին խոսվում է միայն շարունակության մեջ և որտեղ, ըստ երևույթին, արարչագործության ավարտի օրը տարբերվում է առաջին օրվա սկզբից, առավել նպաստում է վերջին ընթերցմանը, որի երաշխավորն է նաև սամարիական բնագրի հեղինակությունը:

      Եվ յոթերորդ օրը, հանգստացավ... «Հանգստացավ» - եբրայական տեքստում արտահայտվել է «շաբաթ» բառով: Այստեղից էլ շաբաթվա յոթերորդ օրը՝ նվիրված այդ աստվածային հանգստի մասին հիշողությանը, հետագայում էլ Հրեաների մոտ պահպանվեց շաբաթ անվամբ (մեզ մոտ այդ օրվա նշանակությունը անցել է կիրակի օրվան, ընդ որում փոխվել է նաև հիշողության բովանդակությունը):

   Ինչպես հասկանալ Աստծո այդ «հանգիստը», երբ մեր Տեր Հիսուս Քրիստոս ասաց. Իմ Հայրը մինչև այժմ գործում է, ուրեմն ես ևս գործում եմ (Հովհ. 5։17): Դրա պատասխանը գտնվում է հենց մեր կողմից քննվող հատվածում, որտեղ հստակ նշված է այն գործը, որից Աստված յոթերորդ օրը հանգստացավ. դա հատկապես Աստծո նախորդ վեց օրերի արարչական-ստեղծագործական գործունեությունն է.
   «...Աստված ... յոթերորդ օրը հանգստացավ իր բոլոր գործերից որ կատարում էր», գործեր որոնց մասին խոսվում էր մինչ այդ, այն է՝ «դադարեց արարել մինչ այդ արարվածների նմանությամբ», ինչպես պարզաբանում է Աստվածաշնչի արաբական բնագրի վերաշարադրանքը: «Աստված, - ասում է երանելի Օգոստինոսը, կենդանիների նոր տեսակներ ստեղծելուց հանգստացավ, որովհետև Նա այլևս նոր տեսակներ չէր արարում»: «Հանգստացավ, - ասում է սբ. Հովհան Ոսկեբերանը, - նշանակում է դադարեց արարել և կոչել անգոյությունից գոյության»: Բայց դադարեցնելով արարչագործությունը, Աստված երբեք չի դադարեցրել աշխարհի և մարդու հանդեպ Իր նախախնամական տնօրինությունը (Սաղմ. 103։28, Ժող. 12։7, Ելք. 57։16, Երեմ. 38։16, Նավ. 9։6, Հովհ. 5։16–17, Եբր. 4։9–10):
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Աստուած վեցերորդ օրն աւարտեց արարչագործութիւնը եւ իր կատարած բոլոր գործերից յետոյ՝ եօթներորդ օրը, հանգստացաւ:
(Արարատ թարգ․) Եվ Աստված յոթերորդ օրն ավարտեց արարչագործությունը և յոթերորդ օրը հանգստացավ Իր արած բոլոր գործերից:
(Գրաբար) Եւ կատարեաց Աստուած յաւուրն վեցերորդի զամենայն զգործս իւր՝ զոր արար: Եւ հանգեա՛ւ յաւուրն եւթներորդի յամենայն գործոց իւրոց՝ զոր արար: