Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
«Լսելով, որ Արքեղայոսը թագավորում է Հրեաստանի վրա իր հոր՝ Հերովդեսի փոխարեն, վախեցավ այնտեղ գնալ. բայց, երազում հայտնություն ստանալով, գնաց Գալիլեայի կողմերը»։
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 2:19
Սրբ. Ներսես Շնորհալի (†1173)
22-23․ Իսկ երբ լսեց, թէ Արքեղայոսը թագաւորել է Հրէաստանի վրայ իր հօր՝ Հերովդէսի փոխարէն, վախեցաւ այնտեղ գնալ. եւ երազի մէջ հրաման առնելով՝ գնաց Գալիլիայի կողմերը եւ եկաւ բնակուեց Նազարէթ կոչուող քաղաքում, որպէսզի կատարուի մարգարէների խօսքը, թէ՝ Նազովրեցի պիտի կոչուի:
Երբ լսեց, որ Հրեաստանում թագավորում է Արքեղայոսը՝ իր հայր Հերովդեսի փոխարեն, վախեցավ գնալ այնտեղ և երազում հրաման ստանալով՝ գնաց Գալիլեայի կողմերը: Եկավ բնակվեց Նազարեթ կոչվող քաղաքում, որպեսզի իրականանար մարգարեի այն խոսքը, թե [Հիսուսը] Նազովրեցի է կոչվելու: Սրա վրա կարելի է զարմանալ. եթե Հրեաստան վախենում էր մտնել, ապա Գալիլեա գնալ նույնպես պիտի վախենար, քանի որ այն ևս նույն [մարդու] իշխանության տակ էր: Բայց ինչո՞ւ հրեշտակը հրամայեց գնալ այնտեղ: Հավանաբար՝ տեղի առավել հեռավոր և չարախոհների աչքից հեռու լինելու պատճառով: Նաև որովհետև Արքեղայոսն այլևս չէր փնտրում [Մանկանը], քանի որ կարծում էր, թե շատերի հետ նաև սպանվել է այն մեկը, ում փնտրում էին: Այլև՝ ամենագլխավորը՝ որպեսզի իրականանար այն մարգարեությունը, թե Նազովրեցի էր կոչվելու Նա, Ով եկավ ամեն ինչ իրականացնելու:
Իսկ թե ո՛ր մարգարեն սա ասաց, մի՛ քննիր: Որովհետև ինչպես իմանում ենք «Մնացորդաց» [գրքերից] 96, հրեաները մարգարեների շատ գրքեր կորցրել են իրենց ծուլության ու ամբարշտության պատճառով: Սա պատմում է Երեմիան, ով գրել է «Թագավորությունների» չորրորդ գիրքը 97, թե շատ ժամանակներ հետո են գտել «Երկրորդ Օրենքի» [գիրքը]՝ մի անարգ տեղում թաղված ու աղտոտված 98: Եթե գերությունից 99 առաջ անփույթ էին [սրբազան] գրքերի հանդեպ, որքա՛ն առավել գերությունից հետո: Եվ քանի որ մարգարեներն ավելի շուտ էին այս մասին ասել, այդ պատճառով էլ «Նազովրեցի» էին Նրան կոչում: Թեպետ Նաթանայելն անգիտանալով ասաց. «Նազարեթից կարո՞ղ է մի բարի բան լինել» (Հովհ. 1:46), [ինչպես փարիսեցիները` Նիկոդեմոսին]. «Քննիր և տե՛ս, որ Գալիլեայից մարգարե դուրս չի գալիս» (Հովհ. 7:52), սակայն հետո, հասկանալով [Քրիստոսի մասին] գրված խոսքերը, հավատաց: [Այս տարակույսների պատճառն այն է], որ [Նազարեթը] նշանավոր բնակավայր չէր, ոչ էլ` [Գալիլեայի] երկրամասը: Սակայն [Հիսուսը] չգարշեց այնտեղ բնակվելու, այլ աշակերտներին էլ այնտեղ ընտրեց և նրանց հետ միասին «տեղ չուներ, ուր գլուխը դներ» (Մատթ. 8:20), որովհետև մսուրի մեջ դրվեց և Հերովդեսից փախավ, որպեսզի մեզ սովորեցնի օտար լինել աշխարհի համար և փութալ երկնային հանգստարանը, ուր և Ինքն է նստած Հոր աջ կողմում: Իսկ թե ինչո՛ւ Ղուկասը չի ասում, որ հրեշտակի հրամանով գնացին Նազարեթ, պատճառն այն է, որ նա պատմում է ոչ թե Եգիպտոսից վերադառնալուց հետո [Նազարեթ] գնալու մասին, ինչի մասին [ընդհանրապես] չի գրում, այլ այն մասին, որ Օրենքի [պահանջած] սրբությունը կատարելուց հետո վերադարձան Նազարեթ, քանի որ քառասուն օր Բեթղեհեմում մնալուց հետո Մանկանը բերեցին Երուսաղեմ` Տաճար, և այնտեղից գնացին Նազարեթ 100, որտեղից էլ` Եգիպտոս: Եվ [Եգիպտոսից] վերադարձից հետո է, որ հրեշտակի հրամանով բնակվեցին Նազարեթում: Ավետարանիչները գրել են ոչ թե իրենց [մտքի արդյունքը], այլ այն, ինչը հրաման են ստացել [Սուրբ] Հոգուց:
Ա. Պ. Լոպուխին (†1904)
«Լսելով, որ Արքեղայոսը թագավորում է Հրեաստանի վրա իր հոր՝ Հերովդեսի փոխարեն, վախեցավ այնտեղ գնալ. բայց, երազում հայտնություն ստանալով, գնաց Գալիլեայի կողմերը»։ (Սինոդական թարգ․)[22]
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 2:20
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
22-23․ Իսկ երբ լսեց, թէ Արքեղայոսը թագաւորել է Հրէաստանի վրայ իր հօր՝ Հերովդէսի փոխարէն, վախեցաւ այնտեղ գնալ. եւ երազի մէջ հրաման առնելով՝ գնաց Գալիլիայի կողմերը եւ եկաւ բնակուեց Նազարէթ կոչուող քաղաքում, որպէսզի կատարուի մարգարէների խօսքը, թէ՝ Նազովրեցի պիտի կոչուի։
Հերովդեսից հետո Հրեաստանը բաժանվեց չորս մասի՝ Հրեաստան, Գալիլիա, Իտուրիա և Աբյուլինիա: Առաջին երեքին իշխեցին Հերովդեսի զավակներից Արքեղայոսը, Անտիպասը և Փիլիպպոսը, որոնք նաև Հերովդես անունն էին իրենց անվանը կցել: Նազարեթը, ուր գնալու էր Հովսեփը, Գալիլիայում էր, Հերովդես Անտիպասի իշխանության տակ, և մինչ Հովսեփը խուսափում էր Արքեղայոսի իշխանությունից, Անտիպասի իշխանության վրա ավելի վստահություն էր ցուցաբերում, քանի որ, չնայած նա շվայտության և պղծության հետևող մարդ էր, բայց չար բռնապետի անուն չուներ: Նազարեթում Հովսեփն արդեն տուն ու տեղ ուներ, և չնայած Բեթղեհեմ էր տեղափոխվել, Նազարեթում ունեցածը ձեռքից բաց չէր թողել և հեշտությամբ վերադարձավ ու տեղավորվեց իր տանը՝ տարուց պակաս ժամանակ այնտեղից հեռանալուց, Բեթղեհեմում և Եգիպտոսում պանդխտելուց և բավական դժվարություններով լեցուն ժամանակ անցկացնելուց հետո, բայց նաև վայելելով այդ ընթացքում Հիսուսի ծննդյան և սքանչելի հայտնությունների և երկնային մխիթարությունների ուրախությունները:
Նազարեթում նորից մնայուն բնակություն հաստատելու մասին Ղուկասն էլ է գրում՝ հիշելով այդ մասին քառասնօրյա տաճար ընծայվելուց անմիջապես հետո: Սակայն, քանի որ Եգիպտոսի միջադեպը չի հիշում, բնական է, որ ընծայումը և Նազարեթ գնալն իրար ետևից պատմեր: Հիսուսի մանկությունը, առաջին տարուց մինչև 12 տարին լրանալը անցավ Նազարեթում, տղաների սովորական պայմանների նման:
Ղուկասը գրում է, որ Հիսուս մանուկը մեծանում էր և իմաստությամբ փայլում՝ Աստծու շնորհների հայտնի նշանները ցույց տալով, այսինքն՝ ուրիշ տղաներից տարբեր առավելություններ էր ցույց տալիս, և բոլորի աչքին կանխահաս իմաստության և զարգացման նշաններ էր ի հայտ բերում: Թե Հիսուս դաստիարակության և ուսման հետևեց՝ հայտնի բան գրված չկա, բայց դա որպես ստույգ բան պետք է ընդունել: Եվ իրոք, Հիսուսի համար մի տեղ գրված է, թե զարմանային հրեայքն և ասէին, զիարդ զԳիրս գիտէ սա, զի ուսեալ բնաւ չիք Հովհ․ 7:15: Բայց այդ չի ասում, թե կարդալ-գրել չի սովորել, քանի որ ոչ ոք չէր զարմանում, երբ ժողովարանում մարգարեական գրքերն էր կարդում, այլ զարմանում էին միայն, թե ինչպես Հիսուս դպիրների և օրինականների պես գիտնական դասակարգից չլինելով, խորունկ և կատարելապես տեղյակ էր Ս. Գրքին: Մյուս կողմից, երբ տեսնում ենք, որ Հիսուսի կյանքը ծնունդից սկսած մարդկային բնության օրենքների համեմատ ընթացավ, կարիք չկա ասելու, թե մարդկային հանգամանքներն էլ առանց մարդկային դաստիարակության ստացավ, և ամեն ինչ միայն աստվածային կարողությամբ ունեցավ: Այլ է, երբ խոսքը վերաբերում է այնպիսի բաների, որոնք վեր են մարդկային կարողությունից և միայն աստվածային կարողությանն են վերաբերում և փրկագործական տնօրինություններին են պատկանում:
--------------------------------
[22](Էջմիածին թարգ․) Իսկ երբ լսեց, թէ Արքեղայոսը թագաւորել է Հրէաստանի վրայ իր հօր՝ Հերովդէսի փոխարէն, վախեցաւ այնտեղ գնալ. եւ երազի մէջ հրաման առնելով՝ գնաց Գալիլիայի կողմերը
(Արարատ թարգ․) Երբ լսեց, որ Հրեաստանի վրա Արքեղայոսն է թագավորում իր հոր՝ Հերովդեսի փոխարեն, վախեցավ այնտեղ գնալ և երազում հրաման ստանալով՝ գնաց Գալիլեայի կողմերը։
(Գրաբար) Եւ իբրեւ լուաւ եթէ Արքեղաոս թագաւորեաց Հրէաստանի փոխանակ Հերովդի հօրն իւրոյ, երկեա՛ւ երթալ անդր. եւ հրամա՛ն առեալ յարուցեալ առ ի տեսլեան, գնաց ի կողմանս Գալիլեացւոց:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: