Սրբ. Եփրեմ Ասորի
24-25. Այդ իսկ պատճառով տղամարդը թողնելով իր հօրն ու մօրը՝ պէտք է միանայ իր կնոջը, եւ երկուսը պէտք է լինեն մի մարմին: Եւ երկուսն էլ՝ Ադամն ու իր կինը, մերկ էին ու չէին ամաչում:
Եվ ինչպես կողը մարմնից բաժանված չէր, քանի դեռ Եվան ծնված չէր, այդպես էլ ամուսնանալուց հետո չբաժանվեց նրանից, կարծես թե իր տեղում կրկին ամրացավ և հաստատվեց: «Թող լինեն, ասում է երկուսը մի մարմին»: Եվ քանի որ ասում է «Ոսկոր է իմ ոսկորներից», այսինքն ուրիշ մարդու մարմին չէ: Ադամը երազի մեջ զգաց սա, որովհետև նա քնած էր, երբ նրա կողից վերցվեց: Աստված Եվային բերեց Ադամի մոտ, որպեսզի ինքը՝ կինը գա տղամարդու մոտ: Եվ «Այժմ սա ոսկոր է իմ ոսկորներից» խոսքի փոխարեն եբրայերենում ասվում է, թե «Իմ ամուսինը ոսկոր է իմ ոսկորներից»: Այն ժամանակ երբ ստեղծվեց, մեկն էր, իսկ օրհնվելուց հետո նրանք բազմացան: Եվ մինչ Եվան Ադամի մէջ էր, նրա հետ ստացավ այն օրհնությունը, որ ասում է. «Աճեցե´ք և բազմացե´ք»: Նմանապես քանի դեռ նրա մէջ էր նրա հետ ստացավ հրամանի պատվերը:
Ա. Լոպուխին
Այդ իսկ պատճառով տղամարդը թողնելով իր հորն ու մորը՝ պետք է միանա իր կնոջը, և երկուսը պետք է լինեն մի մարմին: (Սինոդական թարգ․)[24]
Այդ իսկ պատճառով տղամարդը թողնելով իր հորն ու մորը… Հազիվ թե այս բառերը կարելի է վերագրել Ադամին, քանի որ նա, իբրև ամբողջ մարդկության նախահայր, ոչ մի ծնող չճանաչելով,նրանց մասին խոսելու ոչ կարիք ուներ, և ոչ էլ հնարավորություն : Դա նկատի ունենալով, հարկ է մեծ իրավունքով դրանք վերագրել կամ Մովսեսին՝ որպես հրեաների ամուսնական միության օրենսդրի (Ելք. 21, Բ Օր. 10–11, 22։13–28) և Ծննդոց Գրքի հեղինակի, կամ էլ, ավելի լավ է, հիմնվելով Հիսուս Քրիստոսի խոսքերի վրա (Մտթ. 19։5), այդ խոսքերը վերագրել Աստծուն, Ով դրանով իսկ սրբագործեց ամուսնական միության խորհորդը՝ հաստատելով այն որպես հիմնադրույթ հետագա ժամանակների համար: Այդ բառերում ամփոփված միտքը, մի կողմից, հավաստիացնում է ամուսնության աստվածադիր բնույթը, մյուս կողմից՝ հայտարարում է ամուսնության երկու հիմնական օրենքը՝ միասնությունը և անբաժանելիությունը, ինչպես մեկնում է հենց Սուրբ Գիրքը (Մտթ. 19։4–5, Մաղ. 2։14–15, Ա Կորն. 6։16, Եփես. 5։31 և ուր.):
Պետք է միանա իր կնոջը. և երկուսը պետք է լինեն մի մարմին... «Միանալ» բառը եբրայերենում արտահայտվել է «դաբակ» բայով, որ նշանակում է կլանվել, միաձուլվել, նմանվել (Բ Օր. 10։20, Գ Թգա. 11։2), և, հետևաբար, մատնանշում է ոչ այնքան ֆիզիկական կապը ամուսինների միջև, որքան նրանց հետաքրքրությունների հոգևոր միավորումը, և որն այնքան սերտ է, որ նրանք իրենց պետք է ներկայացնեն ոչ թե որպես երկու առանձին անձեր, այլ ասես մեկ ընդհանուր անձ: Ինչպես Սուրբ Գրքում, այնպես էլ Եկեղեցու հայրերի մոտ ամուսինների այդպիսի սերտ հոգևոր-բարոյական միության պատկերն է Քրիստոսի և Եկեղեցու միությունը (Եփես. 5։30-31, Ոսկեբերան, Օգոստինոս և ուր.):
--------------------------------
[24](Էջմիածին թարգ․) Այդ իսկ պատճառով տղամարդը թողնելով իր հօրն ու մօրը՝ պէտք է միանայ իր կնոջը, եւ երկուսը պէտք է լինեն մի մարմին:
(Արարատ թարգ․) Դրա համար մարդը կթողնի իր հորն ու մորը և կմիանա իր կնոջը, և նրանք մեկ մարմին կլինեն:
(Գրաբար) Վասն այնորիկ թողցէ այր զհայր իւր՝ և զմայր իւր, և երթիցէ՛ զհետ կնոջ իւրոյ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: