Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 22:41

Հովհաննես Ծործորեցի

41-42. Եւ երբ փարիսեցիները հաւաքուեցին, Յիսուս նրանց հարցրեց ու ասաց. «Ի՞նչ կարծիք ունէք Քրիստոսի մասին, ո՞ւմ որդին է»: Նրան ասացին՝ Դաւթի:

 

Երբ փարիսեցիները հավաքվեցին, Հիսուսը նրանց հարցրեց` ասելով . «Ի՞նչ է ձեզ թվում Քրիստոսի մասին. ո՞ւմ որդին է»: Ասացին Նրան` Դավթի:

Երբ ամենքը մի վայրում գումարվեցին և հարց տալու ժամանակ ըմբերանվեցին վայելուչ պատասխանով, այնուհետև նաև [Հիսուսն] Ինքն է հարց տալիս, որովհետև հենց սա է տրամաբանական արվեստն ու վարդապետական եղանակը` ուրիշի հարցին լուծում տալ և սեփական տարակույսները ներկայացնել: Սա ավելի շուտ չ[եղավ], այլ շատ նշաններից, հրաշքներից ու Օրենքի համաձայն [ուսուցանելուց] հետո, որպեսզի չասեին. «Թեպետ հրաշքներ է գործում, բայց Օրենքին հակառակ է և Աստծո թշնամի»: Ուստիև այսքան դեպքերից հետո է [Հիսուսն] այս հարցը տալիս, որպեսզի կամացկամաց Իր աստվածության դավանությանը բերի, քանի որ մոտ էր չարչարանքների [ժամանակին]: Իսկ թե ինչու է հենց այս հարցը տալիս, պատճառն այն է, որ նրանք Քրիստոսին Բեթղեհեմից չէին համարում, ինչպես մարգարեության մեջ էր 1239, և ինչպես որ ավելի առաջ մոգերին էին ասել, և Հերովդեսը [Բեթղեհեմի] մանուկներին կոտորեց 1240քանի որ կարծում էին, որ [Հիսուսն] էլ էր մյուսների հետ մեռել: Նրան Նազովրեցի էին կոչում, այսինքն` ուխտավոր: Թեպետև սա [ևս] մարգարեության համաձայն էր 1241, սակայն Նրան արհամարհում էին, իբր` չես համապատասխանում այն մարգարեությանը, որն ասում է, որ [Քրիստոսն] ըստ մարմնի` Դավթից է: Այդ պատճառով էլ ասացին. «Քրիստոսը Դավթի որդին է»:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

41-46․ Եւ երբ փարիսեցիները հաւաքուեցին, Յիսուս նրանց հարցրեց ու ասաց. «Ի՞նչ կարծիք ունէք Քրիստոսի մասին, ո՞ւմ որդին է»: Նրան ասացին՝ Դաւթի: Յիսուս նրանց ասաց. «Իսկ Դաւիթն ինչպէ՞ս նրան Սուրբ Հոգով կոչում է Տէր եւ ասում է. «Տէրն իմ տիրոջն ասաց՝ նստի՛ր իմ աջ կողմում, մինչեւ որ քո թշնամիներին դնեմ քո ոտքերի տակ իբրեւ պատուանդան»: Իսկ եթէ Դաւիթը նրան Տէր է կոչում, ինչպէ՞ս նրա որդին կը լինի»: Եւ ոչ ոք նրան մի բառ պատասխան չկարողացաւ տալ: Եւ այդ օրուանից ոչ ոք չէր համարձակւում նրան մի որեւէ բան հարցնել:
   
    Երեքշաբթի առավոտյան Հիսուսի վարած պայքարը պաշտպանողական էր, եթե կարելի է պայքարներին հատուկ այդ բառը օգտագործել: Հակառակերդները խնդիրներով և հարցումներով Հիսուսի վրա էին գալիս և Հիսուս հեռացնում էր հակառակորդներին Իր պատասխաններով ու լուծումներով: Երբ հակառակորդները լռում են և տեղի են տալիս, Հիսուս Ինքն է սկսում նրանց նեղել, և այդ պայքարը հարձակվողականի է փոխվում, եթե ասենք պայքարներին հատուկ այդ բառով: Վերջին երեքշաբթի օրվա մնացած մասում ավետարանիչների գրածներն այդ ոճն ունեն, որովհետև կամ Հիսուսի կողմից առաջարկված խնդիրներ են, կամ Հիսուսի կողմից ասված հանդիմանություններ:
    Հիսուսի առաջին խոսքը Ս. Գրքից վերցված մի ծնդիր է, ինչպիսին որ սադուկեցիների և փարիսեցիների Իրեն առաջարկած խնդիրներն էին: Այն սաղմոսից վերցված մի երկտողի իմաստի մասին է. «Ասաց Տէր ցՏէր իմ՝ նիստ ընդ աջմէ իմմէ, մինչեւ եդից զթշնամիս քո պատուանդան ոտից քոց» Սաղմ. 109։1: Արդ, Հիսուսի ընդդիմախոսներն ընդունում էին, թե այդ սաղմոսը մեսիական է, և որ նա, ում խոստացվում էր Աստծու աջակողմյան աթոռն ու ապահովություն՝ իր թշնամիներին հաղթելու, հենց ինքը Մեսիան է: «Տեր»-ը՝ որ խոսում է, Աստված է, և «Տեր իմ», որին խոստացվում են մեծությունները՝ Մեսիան է: Թեպետ ընդունված է, որ բոլոր 150 սաղմոսների հեղինակը միայն Դավիթը չէ, և որ, մանավանդ վերջին մասում, Դավթի ոճով ուրիշների գրված սաղմոսներ էլ կան, սակայն այս ՃԹ սաղմոսը Դավթին վերագրելը ընդհանուր կերպով է ընդունված. և Հիսուսի ընդդիմախոսների համար էլ կասկածելու կետ չէր, որով Նա վստահորեն կազմում էր Իր հարցումը. «Դուք,- ասում էր,- ընդունել եք, թե Մեսիան պետք է Դավթի որդին լինի, և բոլորդ էլ Որդի Դավթի անունը նույնացնում եք Մեսիա անվան հետ և այդպես էլ գործածում եք»: «Այո, այդպես է,-ասում են փարիսեցիները»: «Արդ,-ասում է Հիսուս,- Դավիթն Ինքը՝ Մեսիային իր տերն է անվանում: Եթե Մեսիան Դավթի որդին է, ինչպե՞ս կարող է նրա տերը լինել, և եթե Դավթի տերն է, ինչպե՞ս կարող է նրա որդին լինել: Ինչպե՞ս կմեկնեք այդ կետը, և ի՞նչ գաղափար պետք է կազմել Մեսիայի ինքնության մասին»:
    Հիսուսի նպատակն էր Մեսիայության գաղափարը ճշտելով՝ հայտնել իր Աստվածորդիության ստուգությունը, որովհետև նա, որ ըստ մարմնի Դավթի որդին պիտի լիներ, ըստ հոգու՝ Դավթի տերն էր: Եվ որովհետև Հիսուս համարձակորեն Իրեն էր վերագրում Մեսիայությունը, դրանով հասկացվում էր, որ փարիսեցիներն անտեղի են հակառակվում Իրեն և աշխատում են Իրեն սպանել, որովհետև որպես Դավթի որդի կարող է մեռնել, իսկ որպես Դավթի Տեր՝ կենդանի կմնա, եթե որպես Դավթի որդի հաղթված է երևում, որպես դավթի Տեր հաղթական կդառնա:
    Փարիսեցիներ և նրանց համախոհները չկարողանալով տալ այդ հարցի լուծումը՝ ստիպված լռեցին: Բայց չենք կարծում, որ իրոք իմացած չեն լինի հարցի նպատակը և լուծման հետևանքը: Լռել էին նաև Հովհաննեսի մկրտության հարցումի վերաբերյալ և չէին պատասխանել, բայց ոչ թե չիմանալով, այլ իմացածը չցանկանալով խոստովանել (Մատթ. 21:23-27): Այս անգամ էլ մենք ուզում ենք նույն տեսակետն ընդունել, որովհետև իրենք, որ համոզված էին հիշյալ սաղմոսի Մեսիականության վերաբերյալ իրենց տեսակետին, այսքան հեշտ համեմատության համար անհրաժեշտ գիտությունն ու մեկնությունն էլ ունեին, անհնար էր, որ եզրակացությունը չիմանային: Բայց շատ հնարավոր էր, որ խուսափում էին իրենց իմացածը խոստովանելուց: Երբ որ փարիսեցիներն անամոթաբար լռում էին, Հիսուսին համակրող բազմությունը և գլխավորապես գալիլիացի և բերեացի ուխտավորները ուրախանում էին, տեսնելով Հիսուսի փառավորվելը և հակառակորդների ընկճվելը: