Հովհաննես Ծործորեցի
«Օձե՛ր, իժերի՛ ծնունդներ, ինչպէ՞ս պիտի փախչէք գեհենի դատապարտութիւնից:
Օձե՛ր, իժե րի՛ ծնունդներ, ինչպե՞ս եք փախչելու գեհենի դատաստանից:
Կանխագետ զորությամբ տեսավ, որ չեն զղջալու և չար գործից չեն հրաժարվելու, ինչպես առաջին օձը, ուստի խիստ բարկանալով` ասաց. «Օձե՛ր, իժերի՛ ծնունդներ»: Այսինքն` չարեր, չարերի որդիներ և ծնողներից էլ ավելի՛ հակված չարին, կամ` մարդասպաններ, մարդասպանների ծնունդներ, որովհետև [հայրերը] ծառաներին կոտորեցին, իսկ դուք` Որդուն և նրանց, ովքեր կանչեցին հարսանիքի 1273: Նաև սա ասելով` [Տերը] հիշեցնում է Հովհաննես [Մկրտչի] հանդիմանությունը, ինչպես նաև ցույց տալիս, որ Ինքն է նա, ում մասին Հովհաննեսը վկայեց 1274:
«Ինչպե՞ս եք փախչելու գեհենի դատաստանից».
ասում է` անհնար է ազատվել տանջանքներից այն մեծ հանդգնության պատճառով, որ գործեցիք: Այլ կերպ ևս [կարելի է մեկնել]. մեղքի սպեղանին ապաշխարությունն է. իսկ դուք, ասում է, ոչ միայն չզղջա ցիք ձեր հայ րերի չարիքների վրա, այլև նրանց գործն եք անում և նույնի մեջ համառում առանց զղջման: Ուրեմն ինչպե՞ս եք ազատվելու մարդասպանների հանդեպ վրեժխնդրությունից, երբ նրանց համար գեհենն է պատրաստված. «Գնացե՛ք կրակի մեջ, որ պատրաստված է սատանայի համար» (հմմտ. Մատթ. 25։41), «ով մարդասպան էր ի սկզբանե» (Հովհ. 8։44):
Մաղաքիա արք. Օրմանյան
33-39. «Օձե՛ր, իժերի՛ ծնունդներ, ինչպէ՞ս պիտի փախչէք գեհենի դատապարտութիւնից: Դրա համար ահա ես ձեզ մօտ ուղարկում եմ մարգարէներ, իմաստուններ ու օրէնսգէտներ. նրանցից ոմանց դուք պիտի սպանէք եւ խաչը պիտի հանէք. նրանցից ոմանց էլ պիտի տանջէք ձեր ժողովարաններում ու քաղաքից քաղաք պիտի հալածէք, որպէսզի ձեր վրայ ընկնի մեղքը երկրի վրայ թափուած ամէն արդար արեան՝ արդար Աբէլի արիւնից մինչեւ արիւնը Բարաքիայի որդի Զաքարիայի, որին սպանեցիք տաճարի եւ զոհասեղանի միջեւ: Ճշմարիտ եմ ասում ձեզ, այս բոլորը պիտի գայ այս սերնդի վրայ»: «Երուսաղէ՜մ, Երուսաղէ՜մ, որ կոտորում էիր մարգարէներին եւ քարկոծում էիր քեզ մօտ ուղարկուածներին. քանի՜ անգամ կամեցայ հաւաքել քո մանուկներին, ինչպէս հաւն է հաւաքում իր ձագերին թեւերի տակ, բայց չկամեցաք: Ահա ձեր տունը աւերակ կը թողնուի ձեզ. բայց ձեզ ասում եմ, որ այսուհետեւ ինձ այլեւս չէք տեսնի, մինչեւ որ ասէք՝ օրհնեա՜լ է նա, որ գալիս է Տիրոջ անունով»:
Վայերի եզրակացությունն ուրիշ ձև չէր կարող լինել, քան գործված չարիքի մեծության համեմատ և կատարված ոճիրին համաչափ պատիժը: Հիսուս էլ այս ձևով է վերջացնում իր հանդիմանությունը, որ եռամյա ժամանակում կատարված քարոզչությունների ամփոփումն էր:
«Ա՜յ խաբեբա օձեր, ա՜յ իժերի խայթող ձագեր. թերևս աշխարհի առջև և մարդկանց աչքին հաջողացնեք ծածկել անօրինությունները, բայց ի՞նչ պիտի անեք ամենատես և ամենագետ Աստծո դատաստանի առջև, ինչպե՞ս պետք է խուսափեք հավիտենական գեհենի դատապարտությունից: Ինձ հալածեցիք, հակառակվեցիք և դեռ պիտի սպանեք, բայց Ավետարանի քարոզությունը չպիտի խափանեք, չպիտի կարողանաք փակել Երկնքի Արքայության դռները: Ինձնից հետո պետք է ուղարկեմ ավետարանի պաշտոնյաներ ու մարգարեներ, որ պիտի ավետարանեն, իմաստուններ, որ պիտի քարոզեն, դպիրներ, որ պիտի վարդապետեն: Գիտեմ, որ նրանց դեմ էլ հալածանք պիտի հանեք, պիտի խաչեք, պիտի սպանեք: Իմ պաշտոնյաներին հանգիստ չպիտի տաք, բայց դրանով էլ չեք կարող արգելել Ավետարանի քարոզությունն ու տարածումը: Ավետարանը պիտի տարածվի. Երկնքի Արքայությունը պիտի հաղթանակի. միայն դուք պիտի պարտավոր մնաք այդքան արդար արյուններին, Աբելից մինչև Զաքարիա: Վա՜յ քեզ Երուսաղեմ, որ սպանում էիր մարգարեներին ու քարկոծում աստվածառաք պաշտոնյաներին: Այդքան բաներ անելուց հետո էլ Ես ուզեցի քեզ ողորմել և քեզ քո բնակիչներով պահել իմ գթության հովանի ներքո, ինչպես հավն է պահում իր ճուտիկներին` թևի տակ: Այս նպատակով քեզ մոտ եկա. այս նպատակով մինչև հիմա քարոզեցի, սովորեցրի, հրաշագործեցի, բայց դու չճանաչեցիր քեզ մոտ եկած բարերար այցելությունը և չուզեցիր հետևել ինձ. քո չարության մեջ հաստատուն մնացիր: Ուրեմն հասավ պատժիդ ժամանակը, տրվեց վճիռը: Այլևս Ինձ չպետք է տեսնես, Իմ ձայնը չպիտի լսես, Իմ քարոզությունն այլևս չպետք է հնչի քո մեջ` եթե չզղջաս և ճամփադ փոխես, Մեսիային չճանաչես, Ավետարանը չընդունես ու անկեղծ սրտով չխոստովանես մեսիական գալուստս և հայտարարես. «Օրհնյալ լինես Դու, որ Աստծո կողմից ես գալիս»»:
Ահա Հիսուսի քարոզչության վերջին խոսքերը, ահա Ավետարանի Քարոզությունների ավարտը: Այլևս Հիսուս ընդհանուր կերպով չքարոզեց ժողովրդին, և ինչ որ սրանից հետո պիտի խոսված տեսնենք` մասնավոր և հատուկ ձևով ուղղված են Իր առաքյալներին ու Իրեն դիմողներին:
Այս հատվածը չվերջացրած` պետք է մի բացատրություն տանք. «Աբելի արդարոյ» և «Զաքարեայի որդւոյ Բարաքեայի» անունների համար, որոնք Հիսուս նշեց հրեաների վրա ծանրացած պատասխանատվության մասին հիշատակելիս: Աբելի մահը, ճիշն ասած, հրեաների վրա չպետք է ծանրանար: Այն տեղի էր ունեցել շատ վաղուց` Կայենի ձեռքով, մինչ հրեաների ազգությունը Աբրահամից ստացավ իր կազմությունը: Իսկ Զաքարիան` Բարաքիայի որդին, Բաբելոնի գերությունից հետո փայլող վերջին մարգարեներից է Զաք. 1:1, սակայն նա խաղաղությամբ է վախճանվել և չի սպանվել տաճարում և իրեն հարմար չեն. «Զոր սպանէաք ընդ մէջ տաճարին եւ սեղանոյ» խոսքերը: Ոմանք կարծեցին, թե հիշված Զաքարիան Հովհաննես Մկրտչի հայրն էր, սական հայտնի չէ նրա ո՛չ տաճարում սպանված լինելը և ո՛չ էլ Բարաքիայի որդի լինելը: Զաքարիային` Բարաքիայի որդուն հիշում է Եսային 8:2, սակայն սա ոչ քարոզիչ է և ոչ սպանված: Հովսեփոս պատմիչը հիշում է, որ Զաքարիան, Բարուքա անունով մեկի որդին, սպանվեց տաճարում Երուսաղեմի կործանման ժամանակ, սակայն սա էլ Հիսուսից հետո պատահած մի գործ է, իսկ Հիսուսի խոսքերը մարգարեական չէին, այլ` պատմական: Ամենից հավանական մեկնությունն այն է, որ Հիսուս ակնարկում է Ազարիա քահանայապետին, որ Հովասի հրամանով սպանվեց տաճարում (Բ Մնաց. 24:22), քանի որ այս քահանայապետի անունը եբրայեցերեն բնագրում և լատիներեն թարգմանության մեջ էլ գրված է Զաքարիա և Հիսուս այդպես էլ պետք է հիշեր: Իսկ հայրանունը ոչ թե Բարաքիա, այլ Հովիդայա էր, և հավանական է, որ «Որդւոյ Բարաքեայի» հավելվածը պատահական մուծում լինի, քանի որ նույն հիշատակությունը Ղուկասի մոտ էլ կա, բայց առանց այդ հավելման, այլ պարզապես ասված է. «Մինչեւ զարիւնն Զաքարիեան՝ կորուսելոյ ընդ սեղանն եւ ընդ տաճարն» Ղուկ. 11:51: Հիսուս` հիշելով արդար Աբելին և քահանայապետ Զաքարիային, ուզում է ընդհանուր կերպով սպանված արդարներին ակնարկել, որ հիշված են Ս. Գրքում, և սրանք էլ իրոք այս երկուսն են, առաջինը` Աբելը և վերջինը` Զաքարիան:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: