Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 23:8

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

8-12․ «Բայց դուք թույլ մի՛ տվեք, որ ձեզ «Ռաբբի» կոչեն, որովհետև ձեր ուսուցիչը մեկն է՝ Քրիստոս, իսկ դուք բոլորդ եղբայրներ եք»։ «Եվ երկրի վրա ոչ մեկին ձեզ «Հայր» մի՛ կոչեք, որովհետև ձեր Հայրը մեկն է՝ նա, որ երկնքում է»։ «Ոչ էլ «առաջնորդներ» կոչվեք, որովհետև ձեր Առաջնորդը մեկն է՝ Քրիստոս»։ «Եվ ձեզանից ամենամեծը թող ձեր սպասավորը լինի»։ «Ով իր անձը բարձրացնի, կխոնարհեցվի, և ով իր անձը խոնարհեցնի, կբարձրացվի»։
   
   Մինչ այժմ, փարիսեցիների արատները հանդիմանելով, Փրկիչը դիմում էր միայն նրանց, քանի որ այդ արատները մեծ ու կարևոր չէին, և հարկավոր չէր աշակերտներին ևս զգուշացնել՝ հեռու մնալ դրանցից։ Բայց երբ գործը հասավ բոլոր չարիքների պատճառին՝ իշխանասիրությանը և ուսուցչության գահերը զավթելուն, այդժամ Փրկիչը, այս արատը մատնացույց անելով, ողջ խստությամբ հանդիմանում է այն, ողջ նախանձախնդրությամբ ու եռանդով պայքարում է դրա դեմ՝ դիմելով նաև Իր աշակերտներին։ Իսկ մասնավորապես ի՞նչ է ասում Հիսուս։ «Բայց դուք թույլ մի՛ տվեք, որ ձեզ «Ռաբբի» կոչեն» (Մատթ. 23:8)։ Ապա անմիջապես էլ մատնանշում է նաև դրա պատճառը. «որովհետև ձեր ուսուցիչը մեկն է՝ Քրիստոս, իսկ դուք բոլորդ եղբայրներ եք», և մեկը մյուսին ոչնչով չի գերազանցում, որովհետև ոչ ոք սեփական ոչինչ չունի։ Դրա համար էլ Պողոսն ասում է. «Ո՞վ է Պողոսը, կամ՝ ո՞վ է Ապողոսը. Պաշտոնյաներ (ծառաներ)» (Ա Կորնթ. 3:5), և չի ասում, թե ուսուցիչներ են։ Բացի այդ նաև. «Եվ․․․ոչ մեկին ձեզ «Հայր» մի՛ կոչեք» (Մատթ. 23:9)։ Սա չի նշանակում, թե նրանք ոչ ոքի «Հայր» չպիտի կոչեն, այլ ասում է, որպեսզի իմանան, թե հատկապես ո՛ւմ պիտի «Հայր» կոչել։ Ինչպես ուսուցիչը ուսուցիչ չէ բառի բուն իմաստով, այնպես էլ հայրը։ Մեկն է ամեն ինչի Աստվածը՝ և՛ ուսուցիչների, և՛ հայրերի «Պատճառը»։ Ու նաև ավելացնում է. «Ոչ էլ «առաջնորդներ» կոչվեք, որովհետև ձեր Առաջնորդը մեկն է՝ Քրիստոս» (Մատթ. 23:10)։ Նա չասաց՝ «Ես առաջնորդն եմ»։ Նմանապես, ինչպես ավելի վաղ Հիսուս ասել էր՝ «Ի՞նչ եք մտածում Քրիստոսի մասին», ու չէր ասել՝ «Իմ մասին», - այնպես էլ այստեղ է անում։ Բայց կցանկանայի այստեղ հարցնել. այս մասին ի՞նչ կասեն նրանք, ովքեր «Մեկ» ու «մեկն է» բառերը հաճախ վերագրում են միայն Հորը՝ մերժելով Միածնին։ Արդյոք կասե՞ն, թե Հայրն առաջնորդ է։ Սա կհաստատեն բոլորը, և ոչ ոք չի հակասի։ Եվ, այնուամենայնիվ, «մեկն է, - ասում է Փրկիչը, - ձեր Առաջնորդը՝ Քրիստոս»։ Ինչպես որ ասելով՝ «ձեր Առաջնորդը մեկն է՝ Քրիստոս», Փրկիչը չի մերժում այն, թե Հայրն էլ է Առաջնորդ, այնպես էլ Հորը «միակ Ուսուցիչ» կոչելով չի մերժում, որ Որդին էլ Հոր հետ կարող է Ուսուցիչ լինել։ «Մեկ» ու «մեկն է» բառերն ասվում են մարդկանցից ու մյուս արարածներից տարբերելու համար։ Այսպիսով, աշակերտներին զգուշացնելով հեռու մնալ այս դաժան հիվանդությունից և հանդիմանելով այն՝ Փրկիչը ցույց է տալիս նաև դրանից խուսափելու միջոցները՝ խոնարհամտության միջոցով։ Դրա համար էլ ավելացնում է. «Ձեզանից ամենամեծը թող ձեր սպասավորը լինի։ Ով իր անձը բարձրացնի, կխոնարհեցվի, և ով իր անձը խոնարհեցնի, կբարձրացվի» (Մատթ. 23:11-12)։ Իսկապես, ոչինչ չի կարող հավասարվել խոնարհությանը, ինչի համար էլ Փրկիչը հաճախ է հիշեցնում նրանց այս առաքինության մասին. և՛ երբ փոքրիկ երեխաներին կանգնեցրեց նրանց առջև, և՛ ներկա խոսակցության ժամանակ, և՛ երբ, լեռան վրա երանությունների մասին խոսելով, հենց այս առաքինությունից սկսեց Իր խոսքը, և՛ այժմ, երբ արմատախիլ է անում հպարտությունը՝ ասելով. «Ով իր անձը խոնարհեցնի, կբարձրացվի»։ Տեսնո՞ւմ ես, թե Քրիստոս այստեղ ինչպես է ունկնդրին առաջնորդում հպարտությանը բոլորովին հակառակ գործեր կատարելուն։ Նա ոչ միայն արգելում է փնտրել առաջնայնությունը, այլև պատվիրում է ընտրել վերջին տեղը։ «Այդպիսով, - ասում է Նա, - դու կստանաս ցանկալին»։ Այսպես, առաջնայնություն ցանկացողը պետք է ինքն իր համար բոլորից ցածր տեղն ընտրի. «Ով իր անձը խոնարհեցնի, կբարձրացվի»։

   «Բայց դուք թույլ մի՛ տվեք, որ ձեզ «Ռաբբի» կոչեն, որովհետև ձեր ուսուցիչը մեկն է՝ Քրիստոս, իսկ դուք բոլորդ եղբայրներ եք» - Ինչպես նա, ով պատմում է տեսիլքը և մեջբերում է Աստծու խոսքը, ինքն իրենից չի խոսում, այդպես էլ նա, ով իրեն առաքյալ է կոչում, ուսուցանում է ոչ թե իր ուսմունքը, այլ ա՛յն, ինչ իրեն պատգամել է Առաքողը։ Առաքյալի (ուղարկվածի) արժանավորությունն է՝ ինքն իրենից ոչինչ չավելացնել։ Դրա համար էլ Քրիստոս ասում էր՝ «Եվ երկրի վրա ոչ մեկին ձեզ «Հայր» մի՛ կոչեք․․․որովհետև ձեր Առաջնորդը մեկն է՝ Քրիստոս»՝ այդպիսով ցույց տալով, որ մեր բոլոր վարդապետությունների սկիզբնաղբյուրը բխում է ի վերուստ՝ երկնային Տիրոջից, թեև մարդիկ են սպասավորում դրանք ուսուցանելու առաքելությանը։
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Բայց դուք որեւէ մէկին ուսուցիչ մի՛ կոչէք, որովհետեւ ձեր ուսուցիչը մէկ է, եւ դուք բոլորդ եղբայրներ էք:
   
   Բայց դուք ոչ ոքի «ուսուցիչ» մի՛ կոչեք, որովհետև մեկն է ձեր Ուսուցիչը, և դուք ամենքդ եղբայրներ եք:

   Սա՛ է գթառատ ուսուցչի և ճշմարիտ բժշկի գործը, որ աշակերտներին թախանձանքով հավանության է բերում, ինչպես նաև ասածս բաների մեջ նրանցից պահանջում առավել լինել, որովհետև եթե [մեկի] գործերին [մասնակից են], ապա նաև նրա դեմ մեղադրանքը կկիսեն: Այդ պատճառով էլ [Տերն] ասում է. «Ոչ ոքի «ուսուցիչ» մի՛ կոչեք, որովհետև մեկն է ձեր Ուսուցիչը»` Քրիստոսը, «և դուք ամենքդ եղբայրներ եք», այսինքն` հավասար ընկերներ, և ոչ ոք մյուսից ավելի շատ չպետք է ունենա, թեկուզ շատերից գերազանց լինի: Ինչո՞ւ. որովհետև [այդպիսին] ինչ որ գիտի, իրենից չգիտի. ըստ առաքյալի` «Ո՞վ է Պողոսը, կամ ո՞վ Ապողոսը, կամ ո՞վ է Կեփասը. Աստծո սպասավորներ» (հմմտ. Ա Կոր. 3:45). [առաքյալն «Աստծո սպասավորներ»] է ասում և ոչ թե «ուսուցիչներ», մանավանդ որ իրենց անձի համար չստացան [քարոզության շնորհը], այլ շատերի համար: Ուստի պարզ է, որ հավասար են ամենքը` [Աստծո] շնորհներով հարստացած:

   Բայց ինձ թվում է, թե այս խոսքը նախորդի հետ տարաձայնություն ունի. որովհետև այնտեղ մեղադրվում էին ոչ թե կոչողները, այլ կոչվել ցանկացողները, իսկ այստեղ [Տերն] ասում է. «Դո՛ւք ոչ ոքի «ուսուցիչ» մի կոչեք»: [Նշանակում է]` կամ` «ոչ ոքի մի՛ կոչեք», այսինքն` մի՛ հոժարեցրեք, ձեզ «ուսուցիչ» կոչելու, ինչպես [փարիսեցիներն ու օրենսգետները], որպեսզի [ձեր քարոզության] հատուցումը նրանցից չպահանջեք, կամ էլ, ինչպես օրինակների մի մասում գտա, «Դո՛ւք մի կոչվեք 2, «ուսուցիչ»»: Եվ նշում է պատճառը. «Որովհետև ձեր ուսուցիչը Քրիստոսն է»:
--------------------------------
2 . Երկու տպագիրներում էլ «մի՛ կոչիցէք» («մի՛ կոչեք»), սակայն թարգմանեցինք ՄՄ ձեռ. 1279-ի (էջ 267ա) «մի՛ կոչիցիք» կրավորական ձևը, որն ավելի ճիշտ է թվում:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

8-12. Բայց դուք որեւէ մէկին ուսուցիչ մի՛ կոչէք, որովհետեւ ձեր ուսուցիչը մէկ է, եւ դուք բոլորդ եղբայրներ էք: Եւ երկրի վրայ ոչ մէկին ձեզ հայր մի՛ կոչէք, որովհետեւ մէ՛կ է ձեր Հայրը, որ երկնքում է: Եւ ուսուցիչներ չկոչուէք, որովհետեւ Քրիստոս է ձեր ուսուցիչը: Եւ ձեզնից մեծը ձեր սպասաւորը պիտի լինի: Ով իր անձը բարձրացնում է, կը խոնարհուի. եւ ով խոնարհեցնում է իր անձը, կը բարձրանայ:
   
   Փարիսեցիների չափազանցված և կեղծավոր ձգտումը և ժողովրդի կողմից իբրև վարդապետ ողջունվելու անհագ տենչանքը, առիթ են տալիս Հիսուսին այդ կոչման իսկական իմաստը բացատրելու: Վարդապետը կամ ուսուցիչը նա է, որ տեղյակ է իր ավանդած ճշմարտությանը, նրա ներքին և հիմնական ծանոթությունն ունի կամ ուրիշ բացատրությամբ` իր վարդապետության տերն է: Իսկ նա, որ մեկից վերցրածը մյուսին է ավանդում` ուսման միջնորդ է, և ոչ իսկական ուսուցիչ. վարադպետության միջնորդ է, և ոչ իսկական վարդապետ: «Հետևաբար, -ասում է Հիսուս,- իսկական ուսուցիչ և վարդապետ` միայն Երկնավոր Վարդապետ Քրիստոսն է, որ ճշմարիտ վարդապեության սկիզբը, արմատը և տերն է, ինքը` երկնային իմաստություն: Իսկ մարդիկ իրար հավասար են, ու եթե մեկը մյուսին վարդապետ և ուսուցիչ է լինում, նա իրենից բան չունի: Երկնավոր վարդապետից բխած վարդապետությունն է, որ հաղորդում է իր ընկերներին»: Հայրությունն էլ նման է վարդապետության և ուսուցչության: Հայրը, որ զավակի լինելիության պատճառն ու սկիզբն է, լինելիության սկզբնապատճառը չէ, այլ առաջին պատճառից, այսինքն` Աստծուց առած լինելիությունն է հաղորդում ուրիշին, ինքը ոչ թե սկիզբ ,այլ միայն միջնորդ լինելով զավակի լինելիության, ոչ թե տիրապես հայր է, այլ միայն միջնորդաբար հայր:
   Այդ իմաստով է,որ Հիսուս ժողովրդին դառնալով ասում է. «Փարիսեցիները սիրում են ամենուրեք ողջունվել որպես վարդապետ, սակայն ոչ բուն վարդապետ են, ոչ բուն ուսուցիչ և ոչ էլ հայր. և պետք չէ, որ դուք այս անունը որևէ մեկին տաք` իմանալով, որ վարդապետության սկիզբ ու աղբյուրը երկնքից է. վարդապետը` Քրիստոսն է, և հայրը` Երկնավորն է, ու միայն նրանց իսկապես վայել են այդ անունները»:
   Սակայն մենք այդ անունները անխտիր օգտագործում ենք թե մարմնավոր և թե հեգևոր իմաստով, և մեզ հայր ենք ճանաչում և կոչում ենք մարմնավոր ծնողներ ու հոգևոր գլուխներ, դաստիարակներ ու կրոնականներ: Եվ շատ հանգիստ գործածում ենք այդ անունները, եկեղեցին էլ նվիրագործում է ասածն ու արածը: Բայց այս անելով, չի նշանակում, թե չենք լսում Հիսուսի հրամանը, որովհետև մեր համոզմամբ էլ այդ անունները բացարձակ իմաստով չենք վերցնում,այլ` միջնորդական իմաստով ենք ընդունում, և գործածում ենք որպես պարզ պատվանուն:
   Այդ առթիվ Հիսուս նորից կրկնում է խոնարհության և համեստության մեծ սկզբունքը, ինչ որ ուրիշ տեղերում, ուրիշ առիթներով կրկնել էր, թե` մեծն ինքն իրեն պետք է փոքրի տեղ դնի, և որ ինքն իրեն խոնարհեցնողը կբարձրանա (Մատթ. 20:26), (Ղուկ. 14:11, 18:14), ինչպես որ մենք էլ իր տեղում խոսել ենք դրանց մասին Մատթ. 20:20-28,  Ղուկ. 14:7-11,  Ղուկ. 18:9-14: