Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 24:1

Հովհաննես Ծործորեցի

Յիսուս տաճարից դուրս ելած՝ գնում էր. եւ աշակերտները մօտեցան՝ նրան ցոյց տալու տաճարի շինութիւնները:
   

    Հիսուսը Տաճարից դուրս եկավ ու գնում էր, և աշակերտները մոտեցան` Տաճարի շինվածքները Նրան ցույց տալու:

    Քանի որ Տաճարի բնակիչները չլսեցին Նրան, թողեց նրանց ու գնում է, ինչպես այն ժամանակ, երբ թողնելով նրանց` գնաց քաղաքից դուրս` Բեթանիա, և այնտեղ գիշերեց 1286: Ինչպես այնտեղ «քաղաքից դուրս»ը հեթանոսներին էր խորհրդանշում, որ [Տերը], հրեաներից հեռանալով, հեթանոսների մեջ բնակվեց, նույնպես էլ այստեղ Տաճարից Նրա դուրս գալը ցույց է տալիս [հրեաների] մերկանալը շնորհից, քանի որ այլևս փրկություն չեն գտնելու, ինչպես երեկ և եռանդ 1287, որովհետև «Հիսուս»ը «փրկիչ» է նշանակում, և Նրա գնալը խորհրդանշում է հեթանոսների Եկեղեցին [գնալը]: Իսկ աշակերտների մոտենալը` ցույց տալու համար Տաճարի շինվածքները, այն պատճառով էր, որ լսեցին Նրանից. «Ձեր տունը ձեզ ավերակ կթողնվի», և այգին էլ ուրիշներին է տալու 1288, ասես զարմանալով` մոտեցան ու ցույց էին տալիս Նրան Տաճարի գեղեցկությունն ու ամրությունը` [կարծեք ասելով]. «Ինչպե՞ս այդքան գեղեցկությունը կապականվի, և արվեստի տեսակտեսակ նյութերով ու հնարքներով, հաստահեղույս քարերով ամրացած ու աշտարակներով զարդարված [շինությունը] կտապալվի»: «Տաճարի շինվածք» էին կոչում նաև զոհերի ու սպասավորների կարգավորությունը` ցույց տալով, թե որքա՛ն կանոնավոր էր, որպեսզի [Հիսուսը] թերևս գթար և կամենար ավերման վճիռը փոխել:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

1-2․ Յիսուս տաճարից դուրս ելած՝ գնում էր. եւ աշակերտները մօտեցան՝ նրան ցոյց տալու տաճարի շինութիւնները: Եւ նա պատասխանեց ու նրանց ասաց. «Տեսնո՞ւմ էք այդ ամէնը. ճշմարիտ եմ ասում ձեզ, այդտեղ չպիտի մնայ քար քարի վրայ, որ չքանդուի»:

   
    Վերջին եռանդուն խոսքերն արտասանելով` Տեր Հիսուս ավարտում է իր հրապարակային քարոզությունների ընթացքը` ավարտելով միանգամայն իր քարոզչական պաշտոնը: Կարեկցանքով նայում է չորս կողմը, հրաժեշտ տալիս տաճարին և ժողովրդին, տխուր շեշտով հրամայում աշակերտներին ճանապարհ ընկնել, առաջանում է դեպի տաճարի մեծ դուռը: Կարծես թե այդքան քարոզություններն ու աշխատանքը, այդքան նշաններն ու հրաշքները, այդքան սերն ու գորովը անպտուղ էին մնացել, և այդ պահին Տեր Հիսուս իր թափած ջանքերը ապարդյուն էր տեսնում: Բայց Տեր Հիսուսի սիրտն ավելի շատ ճնշվում և ճմլվում էր անհավատ հակառակորդների իրենց վրա հրավիրած դատապարտությունից, քան Իր անօգուտ աշխատանքից: Հին Ուխտը դադարելու էր, ընտրյալ ժողովուրդը` մերժվելու, այն հոյակապ տաճարը, որ հաջորդելով Մովսեսի կազմած խորանին, Դավիթի պատրաստած հարկին, Սողոմոնի շինած տաճարին և Զորաբաբելի վերաշինած տաճարին` այդքան տարիներ եղել էր ճշմարիտ և միակ Աստծուն նվիրված սրբավայրը և նրա անվանը մատուցած պաշտամունքի կենտրոնը, վերանալու էր, կործանվելու, քանդվելու և ավերակ էր մնալու: Առաքյալները հաճախ էին լսել Տեր Հիսուսից այդ խոսքերը, մանավանդ վերջին օրերին և հիմա, երբ հրաժեշտ տալով մեկնում էին տաճարից` այլևս չվերադառնալու դիտավորությամբ, հավանաբար, տաճարի դռնից սրտի թրթիռով ելնելիս այս էր նրա խոսակցության նյութը, թե ինչպես է կործանվելու և քանդվելու այս հոյակապ չքնաղակերտ շինությունը: Թեև արդեն դուրս են գալիս տաճարի դռնից, բայց հայացքները ետևն են, կարծես չեն ուզում այնտեղից հեռանալ. ամեն մի քար, ամեն մի զարդ, ամեն մի կտոր իրենց աչքին ավելի մեծ ու կարևոր նշանակություն է ստանում, նայում են ու ցավում, խոսում են ու տխրում: Մի պահ լռություն է տիրում, քայլերը դեպի առաջ ուղղած, հայացքները դեպի ետ, կարծես չեն ուզում տաճարից հեռանալ:
    Վերջապես, նրանցից մեկը, ում անունը չի հիշատակվում և ենթադրություն անելն ավելորդ է, խզում է լռությունը և, դիմելով Տեր Հիսուսին, ասում. «Մեկ անգամ էլ չե՞ս ուզում նայել տաճարին, մեկ անգամ էլ դիտել այն: Տես ինչ ընտիր քարերով է շինված, ինչ գեղեցիկ զարդերով է կազմված, ի՜նչ գեղեցիկ աշտարակներով է շրջապատված, ինչ հոյակապ շենք է մեր աչքի առջև կանգնած»:
    Առաջին խոսողին հետևում է երկրորդը, երրորդը, և բոլորը միաբերան նույն են կրկնում, կարծես ուզում են ասել. «Մեղք չէ՞, որ այսպիսի չտեսնված և հրաշալի շենքը կործանվի, մեղք չէ՞ քանդվի Աստծու անվանը նվիրյալ տաճարը»:
    Տեր Հիսուս պատասխանում է. «Իսկապես, շենքը հրաշակերտ է և Աստծու տաճարը` նվիրական: Բայց այս տաճարի պաշտոնյաները և հետևողները չճանաչեցին իրենց արված այցելությունը, չիմացան մեսիական խորհուրդը, չընդունեցին Երկնային Արքայությունը, հալածեցին ու կհալածեն աստվածառաք վարդապետին ու վարդապետությունը: Այդ պատճառով նրանց դատապարտությունը կնքված է, որովհետև անզեղջ են մնալու մինչև վերջ: Պիտի մերժվի ընտրյալ ժողովուրդը, պիտի դադարի Հին Ուխտը, պիտի կործանվի նաև Հին Ուխտի հոյակապ տաճարը և այդ ամբողջ չնաշխարհիկ շինությունից մնալու է ավերակների մի կույտ միայն, ամբողջը պիտի քանդվի ու վերջանա, քարը քարին չի մնալու»:
    Եվս մի անգամ Տեր Հիսուս բացահայտորեն նախագուշակում էր տաճարի կործանումը և հին Ուխտի անկումը: Առաքյալները պատասխանելու խոսք չգտան, վերջին անգամ տխուր հայացք նետեցին տաճարին և շարունակեցին իրենց ճանապարհը, քաղաքից դուրս եկան, անցան Կեդրոնի ձորը և սկսեցին բարձրանալ Ձիթենյաց լեռը: