Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 24:15

Հովհաննես Ծործորեցի

«Արդ, երբ տեսնէք սարսափելի սրբապղծութիւնը, - որի մասին ասուած է Դանիէլ մարգարէի միջոցով, - որ հաստատուած է սուրբ վայրում (ով ընթերցում է, թող հասկանայ),

   

   Արդ` երբ տեսնեք ավերվածի պղծությունը, որ կա սուրբ տեղում, և որի մասին ասված է Դանիել մարգարեի միջոցով (ով ընթերցում է, թող հասկանա):

   Ինչպես ասացինք, [Տերը] նախ աշխարհի ավերումը Երուսաղեմի ավերման հետ է անորոշ կերպով միացնում և մասնավորի ստույգ լինելով կնքում ընդհանուրը: Ուստի Երուսաղեմի «ավերման պղծություն» է կոչում կամ այն կուռքը, որը զորավարը մտցրեց Տաճար, երբ գրավեց քաղաքը 1308, որովհետև թեպետ շատ անգամ էր այն ավերվել, սակայն վերակառուցվել էր, իսկ այս անգամ այլևս չ[կառուցվեց], քանի որ ավերվելու հետ նաև ապականվեց ու նրա սրբությունը պղծվեց, կամ էլ որ հռոմեացիները Տաճարի ներսում արծվի նկարով դրոշներ կանգնեցրին: Ուրիշներ էլ ասում են, թե ավերվածի նշանն այն է, որ խոզի գլուխ բերել տվեցին հռոմեացիների մոտից և Պիղատոսի ձեռքով դրեցին Տաճարի ներսում 1309: Ոմանք էլ մանկակեր կնոջն են համարում Դանիել մարգարեի ասած «ավերվածի պղծությունը» 1310:

   «Որ կա»` անապատի պիղծը 1311, «սուրբ տեղում», ուր վայել չէ, [որ նա լինի]: «Ով ընթերցում է, թող հասկանա», այսինքն` [Տերը] սովորեցնում է [Դանիելի] մարգարեությունը, և այն, որ [աշակերտներից] ոմանք ողջ են մնալու մինչև այդ ժամանակը: Կամ էլ զորքերն է [Տերը] «ավերվածի պղծություն» կոչում: Եվ կամ «ավերվածի պղծություն» է կոչում նեռին, որ բարիքներից անապատացնելու (ամայացնելու) է այս աշխարհը, նստելու է տաճարում և իրեն իբրև աստված ցույց տալու, սկսելու է հայհոյել Բարձրյալին մինչև ժամանակ, ժամանակներ և ժամանակների կեսը, ինչպես ասաց Դանիելը 1312: Կամ էլ` [պիղծը] ավեր անապատից է ելնելու, կուռքեր պաշտելու և հպարտ մեկն է լինելու, [այդ պատճառով էլ Տերը նրան] «ավերվածի պիղծ» կոչեց: Արդ` ով ընթերցում է [Դանիելի] մարգարեությունը, թող նշված նշաններից հասկանա [նեռի] գալուստը, որից հետո էլ այս աշխարհի վախճանն է լինելու: Իսկ ինչո՞ւ է [Տերն] այս մասին նշում: Որովհետև նախ ասաց, որ ավետարանը քարոզվելու է ի վկայություն հեթանոսների, ովքեր չեն հավատալու, այդ ժամանակ էլ գալու է «անօրինության մարդը... որի գալուստն ըստ սատանայի ազդեցության է» (Բ Թես. 2:3,9), և հավատալու են իր անունով այդ եկածին 1313 նրանք, ովքեր չհավատացին Քրիստոսին, Ով Իր Հոր անունով էր գործում ու խոսում:
   

Ստեփանոս Սյունեցի

«Արդ, երբ տեսնէք սարսափելի սրբապղծութիւնը, - որի մասին ասուած է Դանիէլ մարգարէի միջոցով, - որ հաստատուած է սուրբ վայրում (ով ընթերցում է, թող հասկանայ),

   

   «Երբ տեսնեք ավերածության պղծությունը»:
   Դանիելի խոսքը այսպես գրվեց. «Մեկ ու կես յոթնյակում պիտի վերանան զոհերն ու ընծաները, ավերածության պղծությունը պիտի մնա տաճարի վրա, ու մինչև ժամանակի վախճանը վերջ պիտի տրվի ավերվածին» (Դան. 9:27): Վախճանը պիտի վերացնի ավերվածությունը:

   Հրեաները կարծում էին՝ պիղծի տաճար մտնելը [այն է], որ հռոմեացիները խոզի գլուխ ուղարկեցին, սակայն Պողոսը մեզ ուսուցանում է. թե պիղծը նեռն է, որ գալու է աշխարհ ավերածության և ապականության համար և նստելով տաճարում [իր] անձը ցույց է տալու որպես թե Աստված է (Բ Թեսաղ. 2:4):

   

Մաղաքիա արք. Օրմանյան

«Արդ, երբ տեսնէք սարսափելի սրբապղծութիւնը, - որի մասին ասուած է Դանիէլ մարգարէի միջոցով, - որ հաստատուած է սուրբ վայրում (ով ընթերցում է, թող հասկանայ),
   

    Վերջին և մերձավորագույն նշանը Հիսուս համարում է Արբության պղծությունը, որը տաճարի Սրբություն Սրբությանց մասն է, երբ Երուսաղեմը բոլոր կողմերից պաշարվի: Պաշարման պարագան հայտնի լինելով` խնդրո առարկա չի դառնա: Սակայն Սրբության պղծությունը զանազան մեկնաբանությունների տեղիք է տվել: Ոմանք ցանկացան այն բացատրել Պիղատոս Պոնտիոս դատավորի ժամանակ հռոմեացիների արծվանիշ դրոշների Երուսաղեմում հաստատվելով. Հեթանոսների կարծիքով իբրև թե այդ դրոշները նվիրական նշանակություն ունեին և դրանց ներկայությամբ սուրբ քաղաքը պղծված էր համարվում: Բայց այդ իրողությունը վաղուց կատարված դեպք էր և բնավ կապ չուներ Սրբության տեղի հետ:
    Ուրիշները կամեցան համապատասխանեցնել Տիտոսի բանակի արծվանիշ դրոշները տաճարում հայտնվելու հետ, սակայն այս փաստը կործանման սկսվելու հետևանքն էր և չէր կարող որպես նախընթաց նշան ծառայել:
    Ուստի ավելի ճիշտ է այն համարել որպես հրեաների` իրենց ձեռքով կատարված պղծությունը: Հռոմի 823 և Քրիստոսի 70 թվականի գարնանն էր, երբ Տիտոսի բանակը ուժգին պաշարման ենթարկեց Երուսաղեմ քաղաքը: Այդ ժամանակ երեք գլխավոր վարիչները` Եղիազարը, Սիմեոնը և Հովհաննեսը, քաղաքի պաշտպանության համար գրավեցին տաճարը և իբրև միջնաբերդ գործածեցին` միաժամանակ անտեսելով Սրբության պահանջները, անարգելով դրանք: Սրբություն Սրբությանցը, իբրև հասարակ մի տեղ գործածելով ու պղծելով, զենքեր ու զինվորներ, վիրավորներ ու մահացածներ էին լցրել տաճարի բոլոր կողմերը:
    Սա էր ճիշտ պղծութիւն աւերածոյ ասվածը, որ կատարվեց ի տեղւոջն սրբութեան: Հիսուս, այս նշանը տալիս, հիշատակում է նախօրոք Դանիելի բերանով ասված մարգարեությունը յոթանասուն յոթնյակների, այսինքն` 490 տարինորի հաշվի առիթով: Հրեաներն այդ հաշվի վրա էին հիմնում Մեսիայի գալստյան ժամանակը: Դանիելը, վերջին յոթներորդը նշելուց հետո, ասել էր. «Եւ ի վերայ տաճարին աւերածոյն կացցէ եւ մինչեւ ի վախճան ժամանակի կատարած տացի ի վերայ աւերածին» Դան. 9:27: «Ով կարդա այդ կտորը,- ավելացնում է Հիսուս,- թող լավ ուշադրություն դարձնի և այն ժամանակ դյուրությամբ կհասկանա, թե երբ պիտի տեղի ունենա Երուսաղեմի տաճարի կործանումը, Հին Ուխտի, իր զոհերի ու սրբությունների կատարածը»: