Հովհաննես Ծործորեցի
Եւ մինչ դեռ նստած էր Ձիթենեաց լերան վրայ, աշակերտները առանձին մօտեցան նրան ու ասացին. «Ասա՛ մեզ, այդ ե՞րբ կը լինի, եւ կամ քո գալստեան ու այս աշխարհի վախճանի նշանն ի՞նչ կը լինի»:
Եվ մինչ նստած էր Ձիթենյաց լեռան վրա, աշակերտներն առանձին մոտեցան Նրան և ասացին. «Ասա՛ մեզ, ե՞րբ է լինելու դա, և կամ ի՞նչն է Քո գալստյան և այս աշխարհի վախճանի նշանը լինելու»:
Միշտ Ձիթենյաց լեռան վրա էր առանձնացած նստում` կամ ուսուցանելու համար, քանի որ այնտեղ ապահովության մեջ էր ուսուցանում ժողովրդին, կամ էլ աղոթելու համար էր ելնում [այնտեղ]` խորհրդանշելով Իր լուսապայծառ աստվածության բարձրությունը, Նրա, Ով «բնակվում է անմատույց լույսի մեջ» (Ա Տիմ. 6:16): Այնտեղ բարձրանալով` միաժամանակ նաև մեզ է խրատում բարձրանալ երկրային հովիտներից դեպի Աստծո երկնային խորությունների անծմակ լույսը: Աշակերտներն առանձին մոտեցան [Հիսուսին]` երկու կամ երեք հարց ուղղելու: Առանձին` որովհետև գիտեին, որ այսպիսի ծածուկ խորհուրդները Նա ամենքի առաջ չի հայտնում, քանի որ ժողովրդի հետ միշտ առակներով էր խոսում, և երբ աշակերտները հարցնում էին, առանձին էր բացատրում: «Ասա՛ մեզ, ե՞րբ է լինելու դա», այսինքն` Երուսաղեմի ավերումն ու հրեաների գերեվարությունը, որովհետև շատ էին տանջվում իրենց ժողովրդի համար և Տաճարի ավերման: Մե՛զ, ասում են, ասա, որ հավատացել ենք Քեզ և աշակերտ դարձել Քո աստվածային ուսմունքին, ե՞րբ է լինելու դա, որպեսզի զգուշացնենք մյուսներին. թերևս հեռանան չար գործերից և խուսափեն տանջանքներից: «Կամ ի՞նչն է Քո գալստյան և այս աշխարհի վախճանման նշանը լինելու». որովհետև մտատանջվում էին նաև Նրա գալստյան օրն իմանալու համար. ցանկանում էին Նրան այդ [մեծ] փառքի մեջ տեսնել, որը բազում բարիքների պատճառ էր, այլև աշխարհի վախճանն էին փափագում, որի ժամանակ է յուրաքանչյուրն ընդունելու իր հատուցումը, մանավանդ արդարները, որ ազատվելով այս վշտաշատ կյանքի պարագաներից` անճառելի հանգստին են ժամանելու:
Մաղաքիա արք. Օրմանյան
Եւ մինչ դեռ նստած էր Ձիթենեաց լերան վրայ, աշակերտները առանձին մօտեցան նրան ու ասացին. «Ասա՛ մեզ, այդ ե՞րբ կը լինի, եւ կամ քո գալստեան ու այս աշխարհի վախճանի նշանն ի՞նչ կը լինի»:
Ընդարձակ քարոզության հատված է բացվում մեր առաջ, որն ամենածավալունն է Մատթեոսի ավետարանում և գրավում է 24 և 25 գլուխները: Բայց քարոզությունը ուղղված չէ ժողովրդին, այն ասվել է առաքյալների նեղ շրջանակում: Տեղը միայն բացահայտ է նշված` Ջիթենյաց լեռան վրա, որն էլ իրավունք է տալիս մեզ այդ քարոզը կոչել Ձիթենյաց: Ժամանակը այնքան էլ հստակ գրված չէ, թեպետ երեքշաբթի երեկոյան մթնելուց սկսած մինչև չորեքշաբթի ցերեկը ընկած ժամանակահատվածից դուրս չի լինի ամբողջ տևողությունը: Երեքշաբթիից չորեքշաբթի գիշերը նիսանի 13-ին նախորդող գիշերն էր և համարյա լիալուսին երեկո պիտի լիներ գիշերը: Ինչպես արդեն ասացինք, այս էր առիթը, որ ոմանք հրապուրված կարծեցին, թե Ձիթենյաց քարոզը ասվել է գիշերը` լուսնի լույսի տակ: Մենք սիրում ենք նախընտրել մյուս մեկնիչների կարծիքը, թե Ձիթենյաց քարոզը խոսվել է չորեքշաբթի առավոտյան: Երեքշաբթի երեկոյան Տեր Հիսուսի տաճարից մեկնելը և ժողովրդից հեռանալը վերջնական եղավ, և նա չորեքշաբթի Երուսաղեմ չվերադարձավ, ուստի այդ կողմից էլ ավելի հարմար է Հիսուսի չորեքշաբթի օրվա գործունեությունը լրացնել այդ քարոզությամբ:
Ապրիլի 5-ի` նիսան 13-ի չորեքշաբթի առավոտը բացվեց, Տեր Հիսուս և առաքյալները արթնացան իրենց լեռնային բացօթյա քնից, կամաց-կամաց սկսեցին մոտենալ իրար, հավաքվել, բայց բոլորի միտքը գրավված էր նախորդ երեկոյի խոսակցություններից: Տեր Հիսուսի վախճանի հասնելը, հրեաների հակառակությունը, Երուսաղեմի կործանումը, Հին Ուխտի դադարումը բոլորն էլ հուզող գաղափարներ էին:
Սրանց զուգահեռ գնում էին Նոր Ուխտի սկսվելը, Տեր Հիսուսի Ավետարանի փառավորվելը, Երկնքի Արքայության հաստատվելը: Այս երկու տեսակ գաղափարների բախումից առաջանում էր մեծ հետաքրքրությունը` իմանալու թե ե՞րբ պիտի լրանա Հին Ուխտը և սկսվի Նորը, ե՞րբ պիտի ավարտին հասնի Հին ժամանակը և սկսվի նոր ժամանակը, ե՞րբ պիտի վերջանա երկրավոր կյանքը և գա հանդերձյալը: Առաքյալները հուզումների, հետաքրքրության և ներքին շփոթության էին մատնվել. ո՞վ գիտե, թե քանի-քանի անգամ գիշերվա լռության մեջ ընկեր ընկերի խորհուրդ ու կարծիք էր հարցրել, բայց բացատրություն չէին կարողացել գտնել և միայն հետաքրքրություններն էին ավելացել:
Տեր Հիսուս վաղ առավոտից արթնացած` նստել էր Ձիթենյաց լեռան կողքի բարձրավանդակին, որտեղից ընդարձակ պատկերի պես իր աչքին երևում էր Երուսաղեմը արևելյան կողմից, որի վրա դեռ նոր էին սփռվել արևի ճառագայթները և լուսավորում էին բոլոր շինությունները, իսկ ամենից ավելի` այդ տեսարանի առաջակողմում կանգնած հոյակապ տաճարը: Տեր Հիսուսին առաջին մոտեցողները առաքյալների առաջին քառյակն էր. Հովնանյան եղբայրներ Պետրոսն ու Անդրեասը, Զեբեդյան եղբայրներ Հակոբոսն ու Հովհաննեսը: Մի քանի խոսքերից հետո նրանք համարձակություն են ստանում, վերջապես, Հիսուսին հարց տալ, որ իմանան այս վերջին օրերի խոսակցությունների նյութ կազմող նշանավոր դեպքերի ժամանակը, որոնք կենտրոնանում են հիմնականում Երուսաղեմի և տաճարի կործանման վրա: «Աղաչում ենք,- ասում են,- Վարդապետ, խնդրում ենք ճիշտն ասես, ե՞րբ պիտի տեղի ունենան ասածներդ, և ի՞նչ նշան ես կարող ցույց տալ մեզ, որպեսզի այդ կործանման մոտեցած լինելը իմանանք և հարկ եղած զգուշությունը պահենք»:
Հենց նոր էին չորս առաքյալները այդ հարցը տվել, երբ հետզհետե մյուսներն էլ են հավաքվում և միաբերան կրկնում են նույն հարցը, որը հավասարապես բոլորի միտքը տանջող և մտածմունքները հուզող խնդիրն էր:
Երեք ավետարանիչներն էլ գրեթե նույն ձևով են բացատրում հարցումը. «Ասա մեզ ե՞րբ լինիցի այդ և կամ զի՞նչ նշան իցէ քոյոյ գալստեան: Ասա մեզ ե՞րբ լինիցի այդ, և զի՞նչ նշան է յորում կատարելոց իցէ այդ ամենայն: Վարդապետ, ե՞րբ լինիցի այդ, և զի՞նչ նշան իցէ յորժամ այդ լինելոց իցէ»: Այս խոսքերը բացահայտ ակնարկում են Երուսաղեմի և տաճարի կործանմանը, սակայն Մատթեոսը մի հավելում էլ ունի` Եւ վախճանի աշխարհիս, որը բավականին նյութ է տվել մեկնիչների բացատրություններին: Մանավանդ, որ կատարած աշխարհիս բացատրությունը այլ լեզուներում բառացի ճշտությամբ հնչում է որպես լրումն ժամանակաց և ոչ թե հրեական աշխարհի, կամ տաճարի կյանքի, կամ Հին Ուխտի ժամանակի վրայով է մեկնաբանվում, այլ հասկացվում է որպես աշխարհի վերջը և հանդերձյալ կյանքի սկզբնավորությունը:
Այս ենթադրությամբ առաքյալների հարցումը և Տեր Հիսուսի բացատրությունը երկու տարբեր կատարածների մասին պիտի լինեն. Հին Ուխտի կատարածը և աշխարհի կատարածը, տաճարի կործանումը և երկրի կործանումը, Տեր Հիսուսի գալուստը Ավետարանի հայտնությամբ և Տեր Հիսուսի գալուստը վերջին դատաստանի համար: Պատմական պարագաները, որ առաջ բերեցինք մինչև հիմա, բուն Երուսաղեմին, տաճարին և Հին Ուխտին էին վերաբերում, սակայն ոչ մի բան չի արգելում ասելու, թե այն երկար խոսակցությունների ընթացքում, որոնք տեղի ունեցան, անշուշտ, Երուսաղեմից մինչև Ձիթենյաց լեռը գնալիս, երեկոյից մինչև առավոտ, դեռ չքնած կամ արթնանալուց հետո, Տեր Հիսուս անմիջապես և մերձավոր կատարածին միացրեց նաև վերջնական և հեռավոր կատարածը` որպես մեկը մյուսի օրինակ, մեկը մյուսի իսկական տիպար: Առաքյալներն էլ դրանից հրապուրվեցին և երկու հարցումներն էլ իրար միացրին:
Մեկնիչներից շատերը աշխատել են Տեր Հիսուսի բացատրությունների մեջ բաժանում մտցնել, և բոլորը երկու մասի բաժանելով` մեկը Երուսաղեմի վերջին և մյուսն էլ` աշխարհի կատարածին հարմարեցնելով: Սակայն շատ դժվար է, չասեմ, որ բռնազբոսիկ, այդպիսի բաժանման կազմությունը: Հետևաբար, լավագույնն է այդ երկուսը իրար հետ խառնված տեսնել, շատ անգամ նույն խոսքի մեջ մերձավոր օրինակը և հեռավոր իսկականը միասին տեսնել և երբեմն էլ մեկին ու մյուսին հատուկ կետերը իրարից առանձնացնել և առանձին հասկանալ: Իրոք, այդպիսի ենթադրությունը որոշ [չափով] կշփոթեցնի ամբողջ հատվածի կանոնավոր նշանակությունը, սակայն մենք ասել ենք, որ ավետարանիչները ոչ թե իրենց կողմից կանոնավոր խմբագրություն կազմելու նպատակ են ունեցել` գրության արվեստի կանոններին հետևելով, այլ պարզապես քաղվածք են բերում Տեր Հիսուսի վարդապետական պատգամներից, հրաշալի գործունեությունից, փրկագործ տնօրինությունից, առանց ժամանակագրական կամ տրամաբանական կապ դնելով իրենց բերած քաղվածո հատվածների մեջ:
Այդպիսի ընդհանուր դիտողություններից հետո, անցնենք Ձիթենյաց քարոզի զանազան մասերի բաղդատությանը` որքան հնարավոր է համառոտ ոճով, ավելի շատ ակնարկներ անելով միայն Տեր Հիսուսի գուշակությունների և պատմական եղելությունների միջև եղած բաղդատություններին:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: