Հովհաննես Ծործորեցի (†1338)
14-15. Այն ժամանակ Տասներկուսից մէկը՝ Յուդա Իսկարիովտացի կոչուածը, գնաց քահանայապետների մօտ ու ասաց. «Ի՞նչ կը կամենաք ինձ տալ, որ ես նրան ձեզ մատնեմ»: Եւ նրանք երեսուն արծաթ դրամ խոստացան նրան:
Այդ ժամանակ տասներկուսից մեկը` Հուդա Իսկարիովտացի անվանվածը, գնաց քահանայապետերի մոտ և ասաց. «Ի՞նչ եք կամե նում ինձ տալ, որ Նրան մատնեմ ձեզ»:
Ե՞րբ [գնաց]: Այն բանից հետո, որ [Տերն] այն ամենն ասաց, նաև թաղվելու մասին խոսեց և հայտարարեց, որ ավետարանն ամբողջ աշխարհով էր քարոզվելու: Երբ պետք էր սրանց պատճառով զղջման գալ ու երկյուղել, ինչպես նաև ակնածել, ինչպես որ կանայք էին պատվում [Հիսուսին], [Հուդան] սատանայի գործ էր անում և շտապում մատնություն գործել: «Տասներկուսից մեկը,- ասում է [ավետարանիչը],- գնաց». ավետարանչի ճշմարտասիրության վրա զարմանալ կարելի է, որ չի թաքցնում նախատելի թվացող այս հանգամանքը. կարող էր ասել անորոշ կերպով` «Նրա աշակերտներից մեկը», քանի որ տասներկուսից բացի ուրիշներ էլ կային, իսկ սա ահա ասում է, որ [մատնիչը] առաջին` Պետրոսենց ու Հովհաննեսենց ազնվական ու ընտրյալ գնդից էր: Եվ ոչ միայն այս [ավետարանիչն] է հոգ տանում ճշմարտությունը խոսելու, այլև մյուսները: «Հուդա Իսկարիովտացի անվանվածը». ինչո՞ւ է [ավետարանիչը] սրան հայտնապես նշավակում. որովհետև կար նաև ուրիշ Հուդա` Թադեոս կոչվածը, ումից [ավետարանիչը] մատնիչին զատում է` նրա քաղաքի անունով «Իսկարիովտացի» կոչելով: Բայց դու տես, որ չի ասում` «Հուդա Իսկարիովտացին», այլ`«Հուդա Իսկարիովտացի անվանվածը», որովհետև «Հուդա»-ն խոստովանող է նշանակում 1449, իսկ սա միայն անունով ուներ դա, մինչ գործով ուրացող դարձավ:
«[Գնաց] քահանայապետերի մոտ և ասաց. «Ի՞նչ եք կամենում ինձ տալ, որ Նրան մատնեմ ձեզ»»:
Տե՛ս, թե որքան չար է, որ Հուդան ինքն է գնում, արծաթի համար, այն էլ այդպիսի՛ արծաթի: Իսկ Ղուկասն ասում է, որ նա գնաց խորհրդակցեց իշխանների հետ 1450: Քանի որ հրեաները միմյանց հետ մարտնչում էին, նրանց ստահակությունից զգուշանալու համար հռոմեացիները նրանց վրա զինվորներ էին կարգել, որովհետև, ըստ մարգարեության, [հրեաների] իշխանությունը սպառվել էր արդեն 1451 : Ուստի [Հուդան] գնաց նրանց մոտ և [ասաց]. «Ի՞նչ եք կամենում տալ»: Սրանով [ավետարանիչը] ցույց է տալիս նրա մեծ չարասիրությունը, որովհետև ոչ թե ասում է. «Ինձ այսինչ կամ այնինչ բանը տվեք», այլ թե` «Տվեք, ինչ էլ կամենում եք»` նրանց վճռին թողնելով կաշառքը: Եվ նրանք երեսուն արծաթ կշռեցին նրա համար: Ինչո՞ւ արծաթ տվեցին: Ինձ թվում է` ժողովրդի համար, որպեսզի երբ [Հիսուսն] Իր աշակերտից մատնվեր, ասեին. «Եթե մահապարտ չլիներ, աշակերտը Նրան մահվան չէր մատնի. ուստի դուք պիտի համաձայնեք և աշակերտից ավելի չսիրեք Նրան»: Նաև մարգարեությունն իրականացրին, որն ի դիմաց Տիրոջ` ասաց Զաքարիան` հրեաներին «քանանացի» կոչելով 1452. Նրա մահը գնող[ներ]ին [ասաց]. «Եթե լավ է թվում [ձեզ], տվե՛ք Իմ վարձը, ապա թե ոչ` զրո՛ւյց արեք»: Եվ կշռեցին Իմ վարձը երեսուն արծաթ» (Զաք. 11։12): Քանի որ մարգարեն չհամարձակվեց բացահայտորեն գրել իր Տիրոջ վաճառքի գինը, Ում որպես մի ծառայի վաճառեցին, ինչպես Հովսեփին` նրա եղբայրները 1452 (ինչպես գրում է Ամովսը. «Երեսուն արծաթով վաճառեցին արդարին», ով Նա Ինքը` Փրկիչ Հիսուսն էր, և «կոշիկի գնով` տնանկին» (հմմտ. Ամովս 2։6)` Հովհաննես [Մկրտչին], ով վաճառվեց` սպանվելու Հերովդիայի դստեր համար), ուստի «գին» [բառը] փոխեց և «վարձ» ասաց, ո՛չ աննպատակ, այլ որպեսզի հայտներ, որ մեր Տերն աշխատեց նրանց համար, բայց Նրան պատիվ չընծայեցին: «Կշռեցին նրա համար,- ասում է [ավետարանիչը],- երեսուն արծաթ»: Երեսունը երեք տասն է. երեքը` երեք տարի Տիրոջ կատարած ախտահալածության ու բժշկությունների պատճառով, կամ այն [երեք տարվա] պատճառով, որ պարտական են մեր Փրկչին, քանի որ երեսուն տարեկանից սկսած` հագեցրեց նրանց քաղցածներին ու կենդանացրեց նրանց մեռյալներին: «Երեսուն արծաթ» է ասվում, որովհետև կամ արծաթյա էր այդ ժամանակվա դահեկանը, կամ էլ, ինչպես ոմանք ասում են, դա երեսուն արծաթ [արժողությամբ կամ կշռով] պատկեր էր, որ մոգերը բերեցին մեր Տիրոջը և Մարիամը նվիրեց Տաճարին, երբ ընծայեց [մանուկ Հիսուսին], իսկ Հուդան դա տեսնելով ցանկացավ, խնդրեց և փոխարենը Ուսուցչին մատնեց, ինչպես ասում է [ավետարանիչը]: Իսկ այլաբանորեն` [Տերը] ցածրագին երեսուն արծաթով վաճառվեց, որպեսզի Իր թանկագին արյամբ «գնի այս աշխարհն Օրենքի անեծքից»` ըստ առաքյալի (Գաղ. 3։13):
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
14-16․ Այն ժամանակ Տասներկուսից մէկը՝ Յուդա Իսկարիովտացի կոչուածը, գնաց քահանայապետների մօտ ու ասաց. «Ի՞նչ կը կամենաք ինձ տալ, որ ես նրան ձեզ մատնեմ»: Եւ նրանք երեսուն արծաթ դրամ խոստացան նրան: Դրանից յետոյ նա առիթ էր որոնում, որ նրան մատնի նրանց:
Անակնկալ մի հաջողություն գալիս է ժողովականներին այդ մտածմունքից ու հսկողությունից ազատելու։ Դեռևս ժողովը չավարտված՝ լուր է տրվում, թե եկել է Հիսուսի աշակերտներից մեկը առանձին տեսակցության համար և Կայիափան գլխավորների հետ միասին շտապում է տեղեկանալու աշակերտի ասելիքի մասին։
Եկողը Սիմոնի որդի Իսկարիովտացի Հուդան է, Հիսուսի նախապատված Տասներկուսից մեկը, որ այդ խմբի մեջ հատուկ դիրք և գործունեություն ուներ, որովհետև Հիսուսի այդ փոքրիկ հասարակության գանձապահն ու մատակարարն էր։ Ինչ նպաստ որ նվիրվում էր իրենց ապրուստի համար, պահողը Հուդան էր, և ինչի կարիք որ ունեին գնողն ու պատրաստողը դարձյալ նա էր։ Դժբախտաբար իր գործին հավատարիմ չէր, արծաթասեր, ագահ մի մարդ էր՝ իր անձնական շահին հետամուտ, որ ձեռքն ընկած դրամներից չէր զգուշանում խաբեությամբ մի մասը յուրացնելուց, որովհետև «գող» էր, ինչպես նրա մասին գրում է ընկերակիցը Հովհ. 12:6։ Հուդայի համար մեծ վնաս էր եղել անցյալ շաբաթ օրը Բեթանիայում երեք հարյուր դինարի արժողությամբ Հիսուսի պատվի համար նարդոսյան յուղի հեղվելը, որովհետև եթե հեղելու փոխարեն յուղը սրվակով Հիսուսին ընծայեին, ապա այն իրեն պիտի տրվեր, որը պիտի վաճառեր և գինը աղքատներին բաժանելու պատրվակով իր համար մի մեծ բաժին պիտի հաներ։ Այն օրից ի վեր, այդ կորստի ցավը և հնարավոր շահի ձեռքից թողնելը Հուդայի սրտից դուրս չէր եկել։ Այն հեղել տվող և հեղումն էլ պաշտպանող (Մատթ. 26:6-7) Հիսուսի դեմ առաջացած զայրույթը չէր անցել և միշտ մտքում պահում էր ինչ-որ ձևով կորցրածի տեղը լցնել և այլ եղանակով նույն շահը ձեռք բերել։
Չորեքշաբթի օրը, երբ Հիսուս չէր ցանկացել քաղաք իջնել և Ձիթենյաց լեռան վրա սկսել էր կատարածների մասին քարոզը խոսել, Հուդան միայնակ եկել էր քաղաք, ինչը որ շատ բնական էր մատակարարի պաշտոնի համար, որպեսզի այդ օրվա կարիքները հոգա և զատկական ծախսերի պատրաստությունը սկսի։ Առաքյալների համար քննարկելու արժանի նյութ չէր կարող լինել Հուդայի միայնակ մեկնելը, քանի որ շատ հաճախ նրա ելևմտական պաշտոնը Հիսուսի քարոզություններից հեռու լինելու պատճառ էր դառնում։
Հուդան Երուսաղեմ հասնելով և քաղաքում շրջելով՝ լուր է առնում քահանայապետական սինեդրիոնի հատուկ գումարման մասին, այնտեղ առաջ քաշված խնդրի, կայացրած որոշման և Հիսուսին ապահով ձերբակալելու համար մտածված հոգածության վերաբերյալ։ Թե կանխավ չարամիտ մտածումով էր քաղաք եկել կամ թե այս առիթը իր առջև շահի դուռ էր բացում, որոշակի ճշտելը դժվար է։ Միայն թե Ավետարանը Հուդային երբեք Հիսուսի դեմ ունեցած ատելության ոգի չի վերագրում, այլ շեշտում է լոկ դրամական շահի գրգռումով գործած լինելը, որով պատմական ուղղությունից շեղված չենք լինի, եթե ասենք, թե Հիսուսի առաքյալին մատնության մղեց գաղտնի տեղեկության և լրտեսական գործունեության համար սինեդրիոնից խոստացված վարձը և այդ հոգին է, որի մասին գրում է Ղուկասը, թե «Եմուտ սատանայի ի Յուդա կոչեցեալն Իսկարիովտացի»։
Հուդան այս վարձատրության հույսով էր եկել սինեդրիոն, ուստի բացահայտ կերպով առաջարկեց, որ ինքը կարող է շատ հեշտությամբ Հիսուսին ձերբակալելու ուղին ցույց տալ և առանց ամբոխի իմանալու՝ Հիսուսին գաղտնաբար նրանց հանձնել, եթե իրեն արժանի վարձատրություն տան դրա դիմաց։ Հուդայի համար այդ գործը շատ հեշտ էր, որովհետև միշտ Հիսուսի հետ էր և, պաշտոնի բերումով, կանխավ իմանում էր նաև նրա ուր գնալը և կարող էր ճիշտ ժամանակին քահանայապետերին լուր տալ, իսկ դրանից հետո նրանց կմնար միայն Հիսուսին ձերբակալելու միջոցները գործադրել։ Հուդայի պայմանն էր. «Մատնեալ զնա նոցա, մեկուսի յամբոխէն»։ Թե դա երբ պիտի տեղի ունենար, որոշակի չի ասվում, բայց անպայման ոչ «» ձերբակալելու որոշումը հաստատուն էր մնում, և Հուդայի մեծ օգնությունը պիտի լիներ զգուշանալ, որ Հիսուս տոնից հետո հանկարծ և գաղտնի կերպով չհեռանար։
Հուդայի առաջարկը հաղորդվեց ժողովին, և սիրով համաձայնեցին լավ վարձատրություն կատարել. «խոստացան տալ նմա արծաթ»,- ասում են Ղուկասն ու Մարկոսը, մինչ Մատթեոսը նշում է. «Կշռեցին նմա երեսուն արծաթի»։ Իհարկե, պետք չէ կարծել, թե դրամը նույն օրը հանձնեցին, այլ Հուդային տրվելիք վարձը սակարկեցին և երեսուն արծաթ սիկղ որոշեցին տալ, որից Հուդան գոհացավ և հանձն առավ Հիսուսին հանձնել ու սակարկված գումարը ստանալ։ Սակարկությունն ավարտելով՝ Հուդան վերադարձավ Ձիթենյաց լեռը, որտեղ թողել էր Վարդապետին ու իր ընկերներին, միշտ մտքում քննարկելով, թե երբ և ինչպես իր խոստումը կատարի ու վարձն ստանա. «Յայնմհետէ խնդրէր պարապ, զի մատնեսցէ զնա նոցա»։
Հուդայի սակարկած գումարի մասին որոշակի բացատրություն տալը դժվար կլինի, որովհետև սիկղը թե կշիռ էր և թե դրամ, ու նաև գոյություն ունեին տեսակ-տեսակ սիկղեր։ Հին օրենքում երեսուն արծաթը գերու արյան գինն էր. «Եթէ զծառայ կամ զաղախին հարկանիցէ ցուլն, երեսուն կրկին սատեր արծաթ տացէ տեառն նոցա» Ելք. 21:32։ Մարգարեություններում երեսուն արծաթը ամբողջ տարեկան վարձատրության չափն է. «Եւ կշռեցին զվարձս իմ երեսուն արծաթի» Զաք. 11:13։ Եվ ավելի ներքևում պիտի տեսնենք, թե երեսուն արծաթը Բրուտների Ագարակի չափ հողատարածության գինն է կազմում Մատթ. 27:7։ Ըստ այսմ՝ կարիք չկա դրամների կարգն ու արժեքը իրենց չափ ու կշռի համեմատությամբ հաշվել՝ այլ այն համեմատական արժեքով, որը կատարվում էր հնում։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: