Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 26:26

Հովհաննես Ծործորեցի

Եւ մինչ նրանք դեռ ուտում էին, Յիսուս հաց վերցրեց, օրհնեց ու կտրեց եւ տուեց աշակերտներին ու ասաց. «Առէ՛ք, կերէ՛ք, այս է իմ մարմինը»:
   
    Եվ մինչ ուտում էին նրանք, Հիսուսը հաց վերցրեց, օրհնեց ու մասնատեց և տվեց աշակերտներին` ասելով. «Առե՛ք, կերե՛ք, սա Իմ մարմինն է»:

    Ինչո՞ւ նախքան հրեական Զատիկը չավանդեց խորհուրդը թե` «Առե՛ք, կերե՛ք», այլ հետո՛, երբ գառը կերան և արդեն ուրիշ բան էին ուտում: Քանի որ դրանից հետո դադարելու էին Օրենքի [կարգերը], ուստի նրա գլխավոր տոները խափանում է և մի ուրիշ ահավոր սեղան հաստատում, ինչպես ասում է [Ավետարանը]. «Հիսուսը հաց վերցրեց, օրհնեց»: Ինչպես արդեն ասել ենք, գառից հետո բազմեցին ուրիշ բան ուտելու, այսինքն` բաղարջ` ըստ Օրենքի, և եղրդակ 1469: Յոթ օր [էին բաղարջ ուտում] 1470 Եգիպտոսում ունեցած խոնարհ կյանքի և դառն ծառայության պատճառով: Հիսուսը ձեռքն առավ բաղարջ հացը` Իր անսերմ և անապական կուսածին մարմնի պատճառով, որն էլ օրհնելով` ասաց վերնատանը
«Սա Իմ մարմինն է»
, որն իսկապես այդպես եղավ. ինչպես որ երկինքն ու երկիրը [ստեղծվեցին Նրա խոսքով], այդպես էլ հացը [դարձավ] Նրա մարմինը: Իսկ ինչո՞ւ տվեց [աշակերտներին]. որպեսզի նրանք ևս Նրա մարմինը դառնային` ըստ այսմ. «Ով ուտում է Իմ մարմինը, Իմ մեջ կբնակվի, և Ես` նրա» (հմմտ. Հովհ. 6;57):

    Բայց ի՞նչ է «Հիսուսը հաց առավ, օրհնեց ու մասնատեց»-ը:

    [Ավետարանիչն] ըստ իրողությունների հերթագայության է խոսքը կազմում: Որովհե տև Խոսքը նախ մարմին առավ Կույսից ու հրեշտակի կողմից կոչվեց «Հիսուս», որ նշանակում է «փրկիչ», քանի որ նույն այդ մարմնով «էր փրկելու Իր ժողովրդին մեղքերից» (Մատթ. 1։21): Ինչպես այն ժամանակ, այդպես էլ այժմ է նույն խորհրդով [«հաց առնում»]: Եվ երբ մարմին առավ, «մեզ օրհնեց երկնային [ոլորտներում] ամեն հոգևոր օրհնությամբ ի Քրիստոս»` ըստ առաքյալի (Եփես. 1։3), քանի որ օրհնությունն այլ բան չէ, քան բոլոր մտքերից ու լեզուներով օրհնված Խոսքը` միացած մարմնին, որով մենք ևս օրհնվեցինք: Կամ էլ երբ [Խոսքը] մարմնացավ, այդ մարմինը հայտնվեց որպես Որդի Օրհնյալի (այսինքն` Աստծո), որովհետև «օրհնված»-ը «հայտնված» է նշանակում, և ապա Նա այն մասնատեց խաչի վրա Իր կամավոր մահվամբ և աշակերտներին տվեց ուտելու, այսինքն` խաչով ու չարչարանքով հետևելու Իրեն, ինչպես ասում էր. «Ով իր խաչը չի վերցնում ու չի գալիս Իմ հետևից, չի կարող Իմ աշակերտը լինել» (Ղուկ. 10։38): Ուստի ավելացնում է. «Սա Իմ մարմինն է»` սրանով մեծ իմաստություն ավանդելով, որովհետև ովքեր Քրիստոսին չարչարակից են լինում, ճշմարտապես Նրա մարմինն են անվանվում: Կարծեք ասում է [Տերը]. «Ով մարմնով մեռնում է Ինձ համար, նա՛ է Իմ մարմինը, քանզի Ես ևս Իմ մարմնով նույնը կրեցի»: Սա գիտենալով էր Պողոսն ասում. «Տիրոջ չարչարանքների պակասությունն եմ կրում իմ մարմնում» (հմմտ. Կող. 1։24), նաև` «Ամենքս հասնենք... կատարյալ մարդու [վիճակին] Քրիստոսի մարմնի 1471 հասակի չափով» (հմմտ. Եփես. 4։13): Ուրեմն լսի՛ր, որ մենք Նրա մարմինն ենք, այն չարչարանքներով, որ կրում ենք: Սրանից սովորում ենք, որ ովքեր Տիրոջ Մարմնին ու Արյանն են հաղորդվում, պարտավոր են մահակից լինել Նրան:

    Այժմ տեսնենք սրբերի խոսքերը «Հիսուսը հաց առավ, օրհնեց, մասնատեց ու տվեց աշակերտներին»[նախադասության վերաբերյալ]: Ոմանք ասում են, որ այդ ժամանակից սկսած, երբ [Տերն] Իր մահվան խորհուրդը բաշխեց աշակերտներին, թվով երեք օր է կազմում [մինչև հարությունը], որովհետև [Տերը] խորհրդաբար թաղվեց առաքյալների սրտում ու մեռած համարվեց. ինչպես Ադամն այն պտղից ուտելու պահից մեռած համարվեց, թեպետ դեռ երկար տարիներ ապրեց, այդպես էլ մեր Տերը 1472: Ուստի, ըստ մարգարեության 1473, հարություն առնելով երրորդ օրը, կենդանացրեց մեզ. որովհետև [հրեաների] գերեդարձը կատարելապես եղավ ոչ թե մեկ անգամ, այլ երեք 1474. ոմանք Կյուրոսի օրերին վերադարձան, ոմանք` Արտաշեսի, ոմանք էլ` Դարեհի օրերին, երբ կառուցվեց [Երուսաղեմի երկրորդ] Տաճարը, և նորոգվեցին բոլոր կարգերը 1475: Նույն կերպ էլ ովքեր հավատացին երեք օրից հարություն առած Տիրոջը, նախկին ախտերից բժշկվեցին ու մահվան գերությունից, ուր գտնվում էին որպես ծառայության վտարվածներ, [ազատվեցին] Նրա մարմնի տաճարի միջոցով, որով նորոգվեցինք և մե՛նք հնությունից` հույսով դառնալու Նրա արքայության հոգևոր տաճար:

    Նրա գոհանալն 1476 ու օրհնելը նաև սովորեցնում է մեզ, թե ինչպես է պետք [Հաղորդության] խորհուրդը կատարել կամ քանի՛ բանի [առկայությամբ]: Այն ցույց է տալիս, որ չորս բան է հարկավոր, և սա` ո՛չ առանց խորհրդի, քանի որ չորսը գոյացությունն է տասի 1477, որը սուրբ [թիվ] է: Նախ` սեղան, որովհետև Տերը սեղանից վերցրեց [հացն ու գինին], և ո՛չ սոսկ սեղան, այլ խաչով օրհնված: Ապա` հաց` ցորենից պատրաստված բաղարջ, և գինի: Երրորդ` քահանանե՛րը [պիտի կատարեն խորհուրդը], ինչպես որ [Տերն] Ինքն էլ [«քահանա»] կոչվեց մարգարեի կողմից 1478: Չորրորդ` սրտի կամք, որի սիրով լի փափագից է բխում օրհնության խոսքը, որով էլ հացն ու գինին դառնում են Աստծո Որդու մարմին ու արյուն: Եթե սրանցից մեկը պակասի, պատարագ չի լինի, քանի որ [Ավետարանն] ասում է, որ [Հիսուսը] «սեղանից» վերցրեց 1479, «հաց» վերցրեց, Ի՛նքը վերցրեց և սրտանց «օրհնեց», ուստի [հացը] դարձավ մարմին, և ապա այդպիսի գոհությամբ ճաշակելով էլ` բաշխեց նաև մյուսներին: Օրհնելով ու գոհանալով [Տերը] նաև ցույց է տալիս, որ ոչ թե ակամա, այլ կամավոր փափագով է գնում չարչարվելու` ըստ այսմ. «Ցանկանալով ցանկացա ուտել ձեզ հետ այս պասեքը, քանի չեմ չարչարվել» (Ղուկ. 22։15): Նաև խրատում է մեզ, որ ինչ չարչարանք որ կրում ենք, պարտավոր ենք գոհությամբ կրել և Նրա փառքին ընծայել:

    Հարկ է քննել նաև այն, թե աշակերտներն ինչո՛ւ չխռովվեցին, երբ լսեցին.
«Սա Իմ մարմինն է»: Կասենք, որ կամ համարձակություն ստացան, երբ [Տերն] ըստ Իր սովորության օրհնեց ու խաչաձև մասնատեց [հացը] խաչի խորհրդով, Ինքը կերավ և հետո տվեց նաև նրանց, ուստի վստահությամբ ճաշակեցին նաև նրանք առանց ամբոխման: Կամ էլ բազմաթիվ ու կարևոր բաներ էր ասել հրեաներին այդ իրողության վերաբերյալ, ուստի դրանցից սովորել էին նաև աշակերտները և բավական օգուտ քաղել. «Եթե չուտեք Նրա Որդու մարմինն ու չխմեք Նրա արյունը, ձեր մեջ կյանք չեք ունենա» (հմմտ. Հովհ. 6։54), «Ես եմ կյանքի հացը» (Հովհ. 6։35), «Իմ մարմինը ճշմարիտ կերակուր է, և Իմ արյունը` ճշմարիտ ըմպելիք» (Հովհ. 6։56), և այլ այսպիսի [խոսքեր]: Ուստի հացը վերցնելով` «Իր մարմինը» կոչեց, և բաժակի [գինին]` «արյունը», և [աշակերտները] բնավ չխռովվեցին:

    Բայց եկ զարմացի՛ր մատնիչի կուրության վրա, որ հաղորդակից եղավ այդ խորհրդին, վայելեց սեղանից, բայց իր լկտի միտքը չփոխեց: Հովհաննեսն է հայտնում այս մասին. «Պատառից հետո սատանան նրա մեջ մտավ» (Հովհ. 13։27)` ոչ թե [Տիրոջ] մարմինն արհամարհելով, այլ մատնիչի անամոթությունը ծաղրելով: Որովհետև [Հուդան] կրկնակի մեղք գործեց. այդպիսի խորհրդով մոտեցավ սեղանին և մոտենալով չուղղվեց` ո՛չ երկյուղից, ո՛չ երախտիքից ու պատվից: Եվ Քրիստոսն էլ չարգելեց նրան, որպեսզի սովորես, որ ինչ որ պատշաճ էր, պակաս ոչինչ չարեց, որ ուղղության բերեր նրան: Ուստի երբ [Հուդան] մերկացավ շնորհից, սատանային հագավ, ո՛չ Բանսարկուի իշխանությամբ, հեռո՛ւ քեզնից այդպիսի [մտածումը]. որովհետև եթե [սատանան] կարողանար, ավելի շատ կցանկանար Պետրոսի ու Հովհաննեսի մեջ մտնել, ովքեր սիրված էին Տիրոջից: Այլ երբ Հուդան իրեն պատրաստեց նրա համար բնակարան լինելու, ինչպես ժամանակին` Սավուղն ու առաջին օձը 1480` կատարելու նրա խորհուրդները, [սատանան] տեղ հաստատեց նրա մեջ:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

26-28․ Եւ մինչ նրանք դեռ ուտում էին, Յիսուս հաց վերցրեց, օրհնեց ու կտրեց եւ տուեց աշակերտներին ու ասաց. «Առէ՛ք, կերէ՛ք, այս է իմ մարմինը»: Եւ բաժակ վերցնելով՝ գոհութիւն յայտնեց, տուեց նրանց ու ասաց. «Խմեցէ՛ք դրանից բոլորդ, որովհետեւ այդ է նոր ուխտի իմ արիւնը, որ թափւում է շատերի համար՝ իրենց մեղքերի թողութեան համար:
   
    Զատկական ընթրիքի գլխավոր և էական մասը շարունակվում էր, այսինքն՝ բաղարջն ու գառը և նրանից հետո ուրիշ կերակուրներ ուտելու վրա էին, երբ որ մատնությունը հայտնի դարձավ, Հուդան մեկնեց, և մեծ լինելու խնդիրը ծագեց։ Այդ դեպքերից հետո էր, որ Հիսուս, Իր մեկնելը նկատի առնելով, Իր աշակերտների և հավատացյալների հետ մշտատև Իր ներկայության ձևը հաստատելու համար՝ նոր խորհուրդ կան նոր խորհրդական ներկայություն ուզեց հաստատել, և սա եղավ Մարմնի ու Արյան խորհուրդը, կամ, ինչպես ուրիշ եկեղեցիներում են անվանում, Սուրբ Գոհության խորհուրդը։ Դեռ բոլորն ուտելով էին զբաղված՝ «Մինչդեռ ուտէին», - ինչպես Մատթեոսն ու Մարկոսն են ճշտում։ Զարմանալի չէ, որ ուտելը երկարում էր, որովհետև մատնության հայտնության և խառնաշփոթի պատճառով՝ ընթրիքը իր կանոնավորությունը կորցրել էր։
    Ուտելը վերջանալու վրա էր, և երկրորդ բաժակի հերթն էր մոտեցել, և Հիսուս այդ առիթի համար էր պահել Իր մեծ խորհրդի հիշատակումը։ Վերցրեց մի բաղարջ հաց, որոհետև սեղանին բաղարջակերության ընթրիքն էր, և Հիսուս Ինքն էլ նախապես հայտնել էր, թե Իր այդ սեղանը զատկական բաղարջակերության սեղանն էր․ «Ցանկանալով ցանկացայ զայս պասէք ուտել ընդ ձեզ»։ Վերցրած հացը ձեռքի մեջ օրհնեց, Երկնավոր Հոր գոհության հառաչանքն արձակեց և ասաց․ «Վերցրեք այդ հացը և կերեք, ո՛չ իբրև սովորական հաց, այլ իբրև իմ մարմինը, որովհետև այս հացը իմ մարմինն է, որ բոլորի փրկության համար է տրվում»։ Եվ հացը բեկանելով՝ մաս-մաս արեց և առաքյալներին տվեց, որ մի-մի կտոր ուտեն և կերան։ Հետո բաժակը վերցրեց, այն էլ օրհնեց, կրկին գոհության հառաչանքը կրկնեց և ասաց․ «Վերցրե՛ք այդ բաժակը և դրանից խմեցեք, ո՛չ իբրև սովորական գինի, այլ իբրև իմ արյունը, քանզի այս բաժակի գինին իմ արյունն է, որ բոլորի փրկության համար է թափվում»։ Այս ասելով՝ բաժակն ուղղում է առաքյալներին, որ մի-մի ումպ խմեն, և խմեցին։ Եվ որպեսզի Իր արածի տևական նշանակություն ունենալը ցույց տա, ավելացրեց․ «Ինչպես որ ես այժմ կատարեցի, դուք էլ այնուհետև միշտ նույնն արեք և իմ Մարմնի ու Արյան խորհուրդը կատարեցեք իմ հիշատակի համար՝ միշտ հիշելով, որ բոլորի փրկության համար մարմինս տվեցի և արյունս թափեցի․ Զայս արասջիք առ իմոյ յիշատակի»։ Ինչ որ ավետարանիչը Հիսուսի մի քանի բառերով հիշատակում է, ավելի ընդարձակ մեջ է բերել Պողոս Առաքյալը․ «Զայս արարէք առ իմոյ յիշատակի: Զայս արարէք քանիցս անգամ թէ ըմպիցէք, առի մոյ յիշատակի»։ Եվ Հիսուսի բերանով այս խոսքերը հիշատակելուց հետո՝ իր կողմից էլ ավելացնում է․ «Քանիցս անգամ թէ ուտիցէք զհացս զայս եւ զբաժակս ըմպիցէք, զմահն Տեառն պատմեցէք, մինչեւ եկեսցէ նա» (Ա Կորնթ․ 11:24-26):
Մարմնի և Արյան խորհուրդը քրիստոնեական եկեղեցու գլխավոր և հատկանշական խորհուրդներից և խնդիրներից մեկն է եղել, և որքան էլ նրա շուրջը ստեպ-ստեպ վարդապեոթյուններ, արարողություններ և սովորություններ են ստեղծվել, և զանազան եկեղեցիներ իրար հետ սաստիկ վեճեր են ունեցել, սակայն ընդհանրապես՝ ընդունված և անվիճելի կետ է եղել նրան տրված մեծ նշանակությունը, խորին հարգանքը, տևական կիրառությունը և ընդունելությունը՝ առանց հակառակության։ Մեր նպատակից դուրս է Սուրբ Հաղորդության խորհրդին վերաբերող դավանական վարդապետությունների մեջ խորանալ և ծիսական արարողություններ մեջբերել, և մյուս կողմից էլ՝ այսպիսի կարևոր կարևոր մի խնդրի վրա էլ բոլորովին լուռ չմնալու համար՝ հիշենք մի քանի կետեր, որոնք ավելի պատմական բնույթ ունեն։
    Մարմնի և Արյան խորհդի կատարման համար էական նշանակություն ունեն արտասանված բառերը, որոնք, ըստ աստվածաբանների, խորհրդի ձևն են կազմում։ Արդ՝ այս բառերը բոլոր ավետարանիչների կողմից միևնույն կերպով չեն հիշատակված և խնդրո առարկա է, թե ճիշտ Հիիսուսի բերանից դուրս եկած բառերը քանիսն էին և որոնք էին։ Հացի վրա արտասանած բառերն ըստ Մատթեոսի եղել են՝ «Առէք կերայք, այս է մարմին իմ», ըստ Մարկոսի՝ «Առէք, այդ է մարմին իմ», ըստ Ղուկասի՝ «Այս է մարմին իմ, որ վասն բազմաց տուեալ» և ըստ Պոողոսի՝ «Այս է իմ մարմին, որ վասն ձեր»։ Իսկ բաժակի վրա արտասանված բառերն են․ ըստ Մատթեոսի՝ «Արբէք ի դման՝ ամենեքին, զի այդ է արիւն իմ նորոյ ուխտի, որ ի վերայ բազմաց հեղու ի թողութիւն մեղաց», ըստ Մարկոսի՝ «Այս է արիւն իմ նորոյ ուխտի, որ փոխանակ բազմաց ձեր հեղելեյ», ըստ Ղուկասի՝ «Այս բաժակ է նորո ուխտի իմով արեամբ, վասն ձեր հեղելեյ» և ըստ Պողոսի՝ «Այս բաժակ նոր ուխտ է իմով արեամբ»։ Ինչպես երևում է՝ իրարից բավական տարբեր ձևով են բերվում Հիսուսի խորհրդական խոսքերը, որոնք, անշուշտ, միակ և որոշակի ձև են ունեցել։ Եկեղեցին խորհրդի կատարման համար մի հաստատուն ձև է որոշել և օրինադրել՝ առաջ բերված բոլոր ձևերից մեկ ամբողջություն կազմելով և իրար լրացնելով, ինչպես որ Պատարագի մեջ գործածում ենք «Առէք կերայք, այս է մարմին իմ, որ վասն ձեր եւ բազմաց բաշխի ի քաւութիւն եւ ի թողութիւն մեղաց: Արբէք ի սմանէ ամենեքեան, այս է ար»։ Այսպես՝ հացի և բաժակի սրբագործության ձևերը իրար նման և համաչափ ձևերով են արտահայտված, և ավետարանիչների տարբեր բառերն իրար միացված և արդեն նվիրական ու անփոխարինելոի են դարձել։
    Մյուս խնդիրն էլ այն է, թե ինչպես հացն ու գինին Հիսուսի ներկայության միջնորդ են դառնում։ Եկեղեցիների հին խումբը ամուր պահում է իրական ներկայության վարդապետությունը, թեպետ տարբերվում են նրա էությունը բացատրելու մեջ։ Իսկ նորաղանդ եկեղեցիները պարզապես ընդունում են օրինակի և հիշատակի ներկայությունը՝ առանց գոյության իրականության։ Լատին եկեղեցին, որ միշտ եղել է բոլորից ծայահեղը՝ իր դավանական ձևերի մեջ, գոյացափոխության ձևն է ուսուցանում․ թե՛ հացի, և թե՛ գինու գոյությունը, գոյացությունը անհետանում է և ջնջվում, իսկ Հիսուսի Մարմինն ու Արյունը նրանց է փոխարինում։ Այդ պարագայում՝ դժվարիմանալի բացատրությունների մեջ են մտնում, թե ինչպե՞ս արդյոք հացի և գինու բոլոր հատկությունները՝ համը, հոտը, գույնը, քանակը, տեսակը, որակը, չափը առանց գոյության կարող են մնալ, և թե ինչպե՞ս են հացն ու գինին մնացած կամ ճաշակված պահերին, փտության, փսորման, փոփոխության բոլոր պարագաները նարկայացնում, եթե գոյությունը ջնջված է։ Ստիպված են լինում մի շարք ավելորդ և մտացածին հրաշալիքներ ավելացնել, ինչպես օրինակ՝ հացի և գինու ի Մարմին եւ յԱրուն Յիսուսի գոյափոխվելուց հետո վերստին Հիսուսի մարմնի և Արյան՝ հացի ու գինու գոյափոխվելն ընդունելը և նմանօրինակ բռնազբոսիկ խնդիրներ։ Սրանցից խուսափելու համար՝ ուրիշները Հիսուսի Մարմնի և Արյան՝ հացի և գինու հետ միավորման ձևը խորհեցին, հացեղության և գինեղության վարդապետությունը՝ մարդեղությյան վարդապետության նման։ Շատերը համահացության բացատրությունը նախընտրեցին, որը Հիսուսի իրական ներկայությունն է՝ հացի և գինու իրական գոյությունը պահելով։ Բայց շատերն էլ նախադասում են անճառ խորհուդների բացատրությունից խուսափել, խորհուրդն ընդունել իբրև աստվածային հայտնություն, բացատրությունը չփնտրել՝ իբրև գերբնական և անիմանալի գաղտնիք։ Մեզ համար էլ այս խնդիրների խորը թափանցելն ավելորդ է, քանի որ նպատակ չունենք աստվածաբանական հատոր կազմելու։
    Իբրև պատմական խնդիր է համարվում նաև այն, թե Հիսուս Ինքն էլ ճաշակե՞ց արդյոք սրբագործված հացից ու բաժակից, կամ Հուդան մասնակից եղա՞վ արդյոք նորահաստատ խորհրդին, և թե Հիսուսի սրբագործած հացից ու բաժակից ավելորդ մասեր մնացի՞ն արդյոք, թե նույն պահին ամբողջովին սպառեցին։ Հիսուսի ճաշակած լինելը մտքին դեմ չէ, քանի որ արարողակարգի համաձայն էլ՝ սեղանի մեծի՝ առաջինը ճաշակելը կանոն էր։ Հուդայի համար լավագույն կարծիք է արդեն նրա մեկնած լինելը, ինչպես մենք էլ պատմեցինք՝ ավետարաններին հետևելով։ Ամբողջ խնդիրը ծագում է Հովհաննեսի՝ խորհրդի վրա չխոսելուց, մինչ միայն ինքն է Հուդայի մեկնելը պատմում։ Իսկ սրբագործված մասերի և բաժակի՝ նույն պահին սպառվելը ավելի հավանական և ընդունելի է։