Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 26:27

Հովհաննես Ծործորեցի

27-28. Եւ բաժակ վերցնելով՝ գոհութիւն յայտնեց, տուեց նրանց ու ասաց. «Խմեցէ՛ք դրանից բոլորդ, որովհետեւ այդ է նոր ուխտի իմ արիւնը, որ թափւում է շատերի համար՝ իրենց մեղքերի թողութեան համար:
   

    Եվ վերցնելով բաժակը` գոհացավ, տվեց նրանց և ասաց. «Խմե՛ք ամենքդ դրանից. որովհետև դա նոր ուխտի Իմ արյունն է, որ հեղվում է շատերի համար` ի թողություն մեղքերի:

    Ոչ միայն հաց վերցրեց, այլև բաժակ, որովհետև ոչ միայն մարմնով, այլև կենդանի արյամբ [աշխարհ] եկավ` ըստ Հովհաննեսի 1481, որպեսզի պարզ դառնար, որ մեր Հիսուսը ոչ միայն մարդ է, այլև ճշմարիտ Աստված: Սրանով Նա նաև Ապողինարին 1482 է ամաչեցնում, ով ասաց, որ Խոսքը միայն մարմին առավ, առանց հոգու և մտքի. այստեղ [Տերը] ցույց է տալիս, որ ոչ միայն հաց վերցրեց, որը Նրա մարմինն է նշանակում, այլև գինի, որն արյունն է ցույց տալիս: Իսկ եթե [ցույց է տալիս] արյունը, ապա պարզ է, որ նաև շունչը, քանի որ արյունն առանց շնչի չի լինում, և եթե [Տիրոջ մեջ] կա մարդու շունչ, պարզ է, որ նաև հոգի և միտք, որովհետև միտքը հոգու աչքն է, և շունչը` նրա կապը, քանի որ շնչով է կապվում հոգին մարմնին: Այդ բաժակով [Տերը] ցույց է տալիս նաև այն մեծ ուրախությունը, որ Նրա մահվամբ եղավ ամբողջ աշխարհի համար: Այլև սրանով Իր մահն ըղձալի է ցույց տալիս, որովհետև ինչպես որ բաժակն է ախորժելի ծարավներին, այդպես էլ Նրա` խաչելությամբ կամավոր մահն է Նրա համար ցանկալի, որին մենք էլ ենք փափագելով ձգտում` ոչ միայն անմահ հացի քաղցն ունենալով, այլև հոգևոր բաժակի մեծ իղձը, և ըմպելով Նրա տան պարարտ վտակներից 1483` հաճույք ենք ստանում` ըստ Նաում մարգարեի. «Նշի՛ր քո բարեկենդանությունը, Հուդա՛, և կատարի՛ր ուխտերդ» (հմմտ. Նաում 1։15):

    «Եվ վերցնելով բաժակը` գոհացավ, տվեց նրանց և ասաց. «Խմե՛ք [ամենքդ] դրանից»»:

    Ցույց է տալիս, որ սա ոչ թե Իր կարիքների համար է մատակարարում, այլ մեր փրկության, և ոչ թե մեկի, այլ շատերի համար է այն պատրաստում:«Որովհետև դա նոր ուխտի Իմ արյունն է»:«Նոր» ասելով` հնացնում է նախկին [ուխտը], և «ամեն ինչ, որ հնանում է, մոտ է ապականման և վախճանի»` ըստ առաքյալի (հմմտ. Եբր. 8։13): Ուրիշ կերպ ևս [կարելի է բացատրել]. «նոր» ասելով ցույց է տալիս, որ Հին ուխտի դաշինքը անասունների զոհաբերությամբ էր կնքվում, իսկ այստեղ ոչ թե ոչխարի արյամբ, այլ Ի՛ր սուրբ մարմնով ու արյամբ: Նաև նոր օրենքի համար խոստման ուխտ ավետեց, որովհետև ինչպես որ Հին ուխտն արյամբ նորոգվեց, այդպես էլ Նորը` Նրա՛ արյամբ:

    Բայց տեսնենք, թե ինչ է ուխտը: Ուխտը խոստացվածի անվրեպ իրականացումն է: Ուստի ինչպես որ [Տերն] այնտեղ ուխտեց նրանց` տալու պարգևական երկիրը, և դա կնքեց անբան [կենդանիների] արյամբ` ըստ այսմ. «Սա է արյունը կտակի, որի մասին խոսեց Տերը ձեր ականջներին» (հմմտ. Ելք 24։8, Եբր. 9։20), այդպես էլ այստեղ է ուխտում մեզ արքայությունը և որպես այս ուխտի առհավատչյա տալիս մեզ Իր սուրբ արյունը, ինչպես [ասում է] այստեղ. «Ինչպես Իմ Հայրն ուխտեց Ինձ, այդպես էլ Ես եմ ձեզ ուխտում արքայությունը» (Ղուկ. 22։29): Վկայում է նաև Զաքարիան. «Եվ դու Քո ուխտի արյամբ ազատեցիր կապվածներին անջուր գուբից» (Զաք. 9։11): Տես, որ չի ասում` «գառի արյամբ», այլ «Քո ուխտի արյամբ». ինչպես որ գառի արյամբ ազատեցիր Իսրայելին Եգիպտոսից, այդպես էլ Քո արյամբ կռապաշտության անջուր գուբից, որը Երեմիան «ծակոտկեն» կոչեց 1484, կապված հեթանոսներին ազատեցիր դեպի երկինք, ինչպես մի ուրիշ մարգարե էլ ասում է. «Ձեզ նոր ուխտ կտամ` ո՛չ ըստ նախկին ուխտի» (հմմտ. Երեմ. 31։31-32), Ովսեեն էլ` «Նրանց հետ ուխտ կկնքեմ և նոր կտակարաններ կտամ նրանց» (հմմտ. Ովսեե 2։18): Սա՛ է ասելը. «Դա նոր ուխտի Իմ արյունն է», որին Ղուկասն ավելացնում է. «Դա արե՛ք Իմ հիշատակի համար» (Ղուկ. 22։19), այսինքն` ամեն տարի նույն ժամանակին, այլև ամեն օր: Ըստ առաքյալի` «Քանի անգամ որ ուտեք այս հացն ու [խմեք] այս բաժակից, Տիրոջ մահը պատմեք, մինչև Նա գա» (հմմտ. Ա Կոր. 11։26): Ինչպես որ [Հին ուխտում] էին զատկական [գառը] մորթում ի հիշատակ [հրեա] անդրանիկների փրկության և Եգիպտոսում գործված հրաշքների, այդպես էլ դուք, [ասում է Տերը], ի հիշատակ Իմ մահվան ու չարչարանքների և ձեր փրկությա՛ն կատարեք Իմ մահվան խորհուրդը արյամբ և մարմնով. Իմ արյան խաչադրոշմ նշանից պատկառում է հրեշտակը: Սրանով [Տերը] նաև մխիթարում է աշակերտներին. [ասում է]` ինչպես որ Մովսեսն այն [տոնը] թողեց որպես իր հիշատակի արձան, այդպես էլ սա թող Իմ կամավոր մահվան հիշատակը լինի:

    «Որ հեղվում է շատերի համար ի թողություն մեղքերի»: Այժմ էլ խոսում է մահվան պատճառների մասին: Այն հեղվում է «շատերի համար»` ըստ այսմ. «Իրեն որպես փրկանք մատուցեց շատերի համար» (հմմտ. Մատթ. 20։28): Եվ չի հեղվում անհարկի, այլ որպեսզի մաքրի հանցանքներից` ըստ Հովհաննեսի. «Հիսուսի արյունը մաքրում է մեզ ամեն մեղքից» (Ա Հովհ. 1։7): [Տերն] ասում է, որ [Իր արյունը] «շատերի համար» է հեղվում և ոչ թե ամենքի, որովհետև թեպետ Նա բոլորի համար էր կամենում, ինչպես ասաց. «Խմեք ամե՛նքդ դրանից», սակայն նրանք չկամեցան, այլ խոստովանության միածնունդ եղբորորդինե՛րը խմեցին ու արբեցին 1485, ուստիև ասում է` «շատերի» համար, այսինքն` հավատացյալների: Ինչպես որ [Հին ուխտում], երբ օձը ցցի վրա հագցրին, ո՛չ ամենքը փրկվեցին թունավոր օձերի խայթոցներից, այլ ովքեր հավատացին 1486, այդպես էլ այստեղ, քանի որ Մարդու Որդին [խաչը] բարձրացավ, ովքեր կհավատան Նրա` անմեղ մարմնով զոհաբերությանը մեզ համար, Նա հավիտենական կյանք կտա նրանց: Եվ ասում է` «հեղվում է» և ոչ թե «հեղվեց» կամ «կհեղվի», որպեսզի ցույց տա [Իր արյան] մշտնջենավոր և անսպառ մատուցումը, որովհետև քանի դեռ մարմնի մեջ ենք` լինելով Նրա անդամները, մեր դյուրագայթ մարմնի պատճառով մեր կամքին հակառակ հանցանքներ ենք գործում, ուստի մեր Գլուխը, իջնելով իմ չափին, պատարագվելով մորթվում է միշտ եկեղեցում` քավելով ինձ:

    Այլև ասում է «հեղվում է» և ոչ թե «հեղում են», որպեսզի ցույց տա, որ [Իր խաչելության] շնորհը կամավոր ու առատ է: Նաև, երբ [գինին] տվեց, արյունը բաժակի մեջ ծածկված էր` ասես շորի մեջ ծրարված, այդ պատճառով էլ ասաց` «հեղվում է», այսինքն` երբ խաչի վրա հեղվի, տեսե՛ք դրա որպիսությունը: Եվ տեսանք. դա արյուն և ջուր էր, ինչպես վկայեց ավետարանիչը 1487:

    Բայց այստեղ տարակուսանք է ծագում. ինչո՞ւ ավետարանիչները նախ հացն են ներկայացնում և ապա՛ բաժակը, իսկ Պողոսը կորնթացիներին ասում է. «Բաժակը, որն օրհնում ենք, մի՞թե Քրիստոսի արյան հաղորդությունը չէ. և հացը, որ մասնատում ենք, մի՞թե Քրիստոսի մարմնի հաղորդությունը չէ» (Ա Կոր. 10։16): Այստեղ չկա հակասություն: Ավետարանիչները կամենում են միայն հայտնել, որ նախ հացը ներկայացնելով` դրա թանձրության պատճառով [Տիրոջ] մարմինը նկատի ունեն, քանի որ Նրա մարմնի միջոցով ճանաչեցինք Նրա աստվածությունը, որը խորհրդանշվում է գինով` անոսրության պատճառով: Իսկ Պողոսը ներկայացնում է նախ գինին, որովհետև Խոսքը կար նախքան մարմին առնելը:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Եւ բաժակ վերցնելով՝ գոհութիւն յայտնեց, տուեց նրանց ու ասաց.
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 26:26