Հովհաննես Ծործորեցի (†1338)
1-2. Երբ առաւօտ եղաւ, բոլոր քահանայապետները եւ ժողովրդի ծերերը խորհուրդ արեցին Յիսուսի դէմ՝ նրան սպանելու համար: Նրան կապեցին, առան գնացին եւ յանձնեցին պոնտացի Պիղատոս կուսակալի ձեռքը:
Առավոտյան բոլոր քահանայապետերն ու ժողովրդի ծերերը խորհրդակցեցին Հիսուսի վերաբերյալ` սպանելու Նրան: Նրան կապեցին, առան գնացին և հանձնեցին կուսակալ Պոնտացի Պիղատոսին:
Մտածեցին սպանել Նրան, բայց իրենք չկարողացան տոնի պատճառով կամ չհամարձակվեցին, ուստի իբրև մահվան արժանի մեկի` կապեցին և կուսակալի ձեռքը մատնեցին, որպեսզի կատարվեր գրվածը` «Կապենք արդարին, որովհետև տհաճ եղավ մեզ» (Ես. 3։10): Բայց դու ուշադ րությո՛ւն դարձրու, թե ինչպես այդ դեպքերը կատարվեցին [Զատկի] տոնին. պատճառն այն էր, որ ի սկզբանե այդպես էր գծագրվել գառի միջոցով. մորթվեց նաև մեր Տերը` Զատիկը, որ Իր վրա առավ աշխարհի մեղքը` ըստ Հովհաննեսի խոսքի 1551: Այդ պատճառով էլ [քահանայապետերն ու ծերերը] չկերան Զատկի [գառը]` ցույց տալով, որ անհաղորդ եղան Աստծո ճշմարիտ Գառին` պղծվելով այդուհետ հավիտյանս:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Երբ առաւօտ եղաւ, բոլոր քահանայապետները եւ ժողովրդի ծերերը խորհուրդ արեցին Յիսուսի դէմ՝ նրան սպանելու համար:
Նիսան 15, ապրիլի 7, ուրբաթ օրը լուսացավ, չենք ասում սկսվեց, որովհետև հրեաների արևելյան ժամահաշվով ուրբաթը նախորդ մայրամուտից էր սկսվել։ Գիշերը ծառայել էր դավաճանության գործը կարգադրելու՝ Հիսուսի ձերբակալությամբ և ամբաստանությամբ, ցերեկը պիտի ծառայեր միևնույն գործը վերջացնելուն՝ Հիսուսի դատապարտությամբ և մահվամբ։ Գիշերային հավաքը դատավճռի ատաղձը պատրաստել էր, եթե այսպես կարելի է բացատրել, առավոտյան ժողովը նրա օրինականացման ձևը և գործնական լրումը պիտի տար։ Մի փոքր վաղ սինեդրիոնի ատյանը կազմվեց և սկսվեց, որին «ծերակոյտ ժողովրդեան» է անվանում Ղուկասը և քահանայապետերից, դպիրներից ծերերից անդամները հավաքվեցին՝ Կայիափա քահանայապետի նախագահությամբ։ Դատավարության ձևակերպումները անտեսած չլինելու համար որոշեցին մի անգամ էլ Հիսուսին ատյան բերել, Նրա վերջնական հայտարարությունն ու իր պաշտպանության խոսքը լսելու համար։
Հիսուսի վրա բարդվելիք հանցանքը Մեսիա և Որդի Աստծու լինելու հայտարարությունն էր ոչ թե վկաներով, այլ ատյանի ժողովի ասված խոսքերով հաստատված։ Հետևաբար, մնում էր որ կամ այս հայտարարությունը ետ վերցներ, և այդ ժամանակ իբրև նախօրոք հայհոյող վճիռ պիտի ընդունվեր, կամ հայտարարությունը պիտի պնդեր, և այդ ժամանակ իբր հայհոյող պիտի դատվեր։ Ժողովի ծրագիրը՝ երկու դեպքում էլ իրեն նպաստավոր պիտի լիներ և Հիսուսին կրկին խոսեցնելով, իրենց նպատակին վնաս չէր հասցնում։
Հիսուսին բերում են ատյան և կրկին հարցաքննում։ Ղուկասը «Եւ ասին» բացատրությունն է գործածում, որը ցույց է տալիս, թե բոլոր ժողովականները հավասարապես են խոսել, սակայն եթե միայն Կայիափան էլ խոսեր իբրև նախագահ, կարելի էր ասել, թե բոլոր ժողովը խոսեց։ Հիսուսին ուղղված հարցումն այս էր․ « Նախորդ գումարման ժամանակ, ժողովի ատյանում բացահայտ ասացիր, թե դու ես խոստացված Մեսիան, Քրիստոսը։ Ուզում ենք իմանալ, թե արդյոք նույն համոզմա՞ն ես և պնդո՞ւմ ես, որ Քրիստոսն ես, կամ քո պաշտպանության համար ուրիշ ի՞նչ ասելիք ունես, սպասում ենք, որ ինչ-որ պիտի ասես վերջնականապես ասես․ «Ասա՛ մեզ»։
Հիսուսը պատասխանում է․ «Ես ճշմարտությունը ասացի, բայց դուք լսել չցանկացաք․ այստեղ ասածներս վաղուց քարոզել և հրաշքներով հաստատել էի ու չհավատացիք։ Եթե հիմա նորից կրկնեմ ասածներս, նորից պիտի չհավատաք։ Եթե ձեզ խնդիրներ առաջարկեմ ու մարգարեական պատգամների բացատրությունները պահանջեմ, պատասխան չեք տա, որպեսզի մարգարեությունների կատարված լինելը չխոստովանեք։ Ինձ համար էլ որքան ատդարացման փաստեր բերեմ և պաշտպանողական խոսքեր ասեմ, խոսքերս համոզիչ էլ գտնեք, դարձյալ ինձ չպիտի ազատեք։ Ի՞նչ եք ուզում ուրեմն, որ ասեմ, հայտարարությունս միշտ նույնն է, հակառակ իմ այս նկուն և ընկճված վիճակին, մի օր պիտի տեսնեք, որ Մարդու Որդին, երկնային փառքով պսակված և աստվածային զորությամբ հաղթանակած, իր ով լինելը պիտի ցույց տա»։ Նախագահն ու ժողովականները այդ հայտարարություններին պատասխանում են․ «Որեմն դու տակավին պնդում ես, որ Օծյալ Մեսիան և Աստծու Որդին ես»։ Հիսուս վրա է բերում․ «Դուք ձեր բերանով ճշմարտությունն ասացիք, թե իրոք ես եմ»։ Ժողովի եզրակացությունը կլինի այն, ինչ-ոչ գիշերային գումարման ժամանակ հաստատվել էր, թե Հիսուս հայհոյիչ է, որովհետև Ինքն Իրեն Մեսիա և Աստծու Որդի անունն է տալիս․ Իր հայհոյանքների համար վկաներ հարկավոր չեն, որովհետև ժողովի ատյանում համարձակ կրկնեց, և ամենքն իրենց ականջով Նրա բերանից ելած խոսքերը լսեցին։ Այդ եզրակացության համապատասխան կրկնվեց «Մահապարտ է» վճիռը։
Պետք չէ կարծել, որ այդ մասին վճռագիր է կազմվել, որովհետև ոչ միայն հին ժամանակներում կենդանի խոսքը պաշտոնականության կնիք էր կրում և ինքնըստինքյան բավական էր, այլև սինեդրիոնի վերջնական վճիռը գործնական վճռի կերպարանք չուներ, քանի որ վճիռ տվող սինեդրիոնը անմիջական գործադրությունը հրամայելու իրավունք չուներ, այլ պարտավոր էր իր վճիռը իբրև պարզ մի որոշում, հռոմեացի դատավորին ներկայացնել։ Նա էլ իրավունք ուներ գործը վերստին քննել և կրկին
դատավարություն կատարել և երբ ինքն էլ վճիռը արդար գտնել, կատարման հրաման կտար, եթե ոչ՝ գործադրությունը կարգելեր և վճիռը չեղյալ կհամարեր։ Այս տեսակով սինեդրիոնի վճիռը ամբաստանողի սենյակային որոշումից այն կողմ չէր անցնում, և հռոմեացի դատավորը ոչ թե վերաքննիչ ատյան էր, այլ տիրապես նախադատ մի ատյան՝ մահվան վճիռ կայացնելու կամ, մեր բացատրությամբ, եղեռնապատ ատյան էր։
Հիսուսի դեմ օրինազանցությունների ամբաստանությունները բոլորովին մի կողմ թողնվեցին, երբ վկաներով որևէ բան հաստատել անհնար եղավ։ Հրեաների ձեռքում մնաց միայն հայհոյության ամբաստանությունը, այն էլ ոչ թե վկաներով հաստատված, այլ ժողովականների լսածի վրա հիմնված, որով իբրև վճիռ տվողներ դատավոր, միաժամանակ և՛ վկա, և՛ դատախազ էին լինում, ինչ որ ամենևին օրենքը թույլ չի տալիս, այլ վճռի անիրավության և ապօրինության փաստն է կազմում։
Ավետարանական պատմությունը սինեդրիոնի գործողությունների մասին ուրիշ փաստեր չի ավելացնում և ուրիշ ամբաստանությամբ զբաղված լինելը չի պատմում, սակայն գործողությունների ընթացքը ցույց է տալիս, թե գործն այսքանով չի ավարտվում։ Սինեդրիոնը գաղտնի մտադրություններ էլ է ունեցել, որին ավետարանիչները հետամուտ չեն եղել կամ թե հետագա պատմություններից իմացվելը բավական են համարել։ Ըստ այսմ պաշտոնական հարցաքննությունը վերջացած հայտարարելով, և Հիսուսի մահապարտության վճիռը արտասանած լինելով, Հիսուսին ատյանից հանում են և բարապաններին հանձնում, որպեսզի Նրան կապանքներով և պահպանությամբ հռոմեացի դատավորին տանելու պատրաստությունը կարգադրեն։
Այդ պահին քահանայապետարանի ժողովականները հարկավ անհրաժեշտություն ունեին գաղտնի խորհրդակցելու, որովհետև իրավունք ունեին կասկածելու թե դատավորը չի ցանկանա իրենց վճիռը հարգել և Աստծու Որդի ու Մեսիա արտահայտությունների վրա հիմնված հայհոյության ոճիրը չհամոզի, քանի որ նա այդպիսի բաների կարևորություն չտվող և իր անիրավություններով ու ավելորդապաշտություններով ծանոթ դատավոր էր։ Կրոնական խնդիրների ազդեցություններից զուրկ մնալը նախատեսելով՝ պետք էր խոսեին դատավորի վրա ազդող ամբաստանությունների մասին և դրա համար անհրաժեշտ նախապատրաստությունները անշուշտ կատարվեցին սինեդրիոնի առավոտյան գումարման լրացուցիչ և գաղտնի մասում։ Այդպիսի ամբաստանությունները մենք կլսենք դատավորի առջև խոսելու ժամանակ, բոլորովին քաղաքական ամբաստանություններ, որոնք անշուշտ նույն տեղում միանգամից չէին կարող կազմվել, եթե վաղուց մտածված ու ծրագրված չլինեին։ Այդ նախազգուշական
խորհրդակցությունների հետևանքով Քրիստոնեությունը՝ հրեաների թագավորություն էր փոխվել, Երկնքի Արքայությունը՝ քաղաքական ապստամբության, Ավետարանի քարոզությունը՝ ժողովրդին գրգռել համարվեց և այսպիսի ուրիշ կետեր էլ կերպարանափոխվեցին։ Ժողովականները Հիսուսին դատավորի մոտ տանելու ժամանակ ամբաստանության պահեստի զենքերն էլ հետն էին տանում։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: