Հովհաննես Ծործորեցի (†1338)
Եւ հասնելով Գողգոթա կոչուած տեղը, որ նշանակում է կառափնատեղի,
Եվ եկան այն վայրը, որ կոչվում է Գողգոթա, որը կառափնատեղի 1582 է [նշանակում]:
[Հիսուսին տարան] այնտեղ, ուր մահվան դատապարտված մարդկանց գլուխն էին հատում, որպեսզի Նա ևս համարվեր դրանցից մեկը: Նաև [աստվածային] տնօրենությամբ էր, որ [Քրիստոսը խաչվեց] այնտեղ, ուր առաջին մարդու շիրիմն էր` ըստ նախնիների ավանդության, որպեսզի կառափնատված Ադամին առողջացներ. որովհետև ինչպես որ Բեթղեհեմ քաղաքում Իր ծնունդով վերացրեց Եվային [տրված] անեծքը 1583, այդպես էլ Գողգոթա [կոչվող] վայրում` Ադամինը: [Գողգոթան] նաև խաչի բարձրությունն է խորհրդանշում` ըստ Միքիայի մարգարեության` «լեռների գլխին» (Միք. 4։1), որը «կառափ»-ն է նշանակում, և որը կուռքերի ամեն տեսակ երկրպագությունից առա վել բարձրացավ` Հակոբի Աստծո տունը լինելով` ըստ մարգարեի 1584: Այդտե՛ղ Իսրայելը վեմի վրա յուղ լցրեց, երբ սանդուղքի տեսիլքը տեսավ 1585, և այնտեղի՛ց «լեռները քաղցրություն բխեցրին, բլուրները կաթով ոռոգվեցին» (հմմտ. Հովել 3։19, Ամովս. 9։13), այսինքն` մարգարեներն ու առաքյալները խաչի աստվածաբուխ ուսմունքը [քարոզեցին]` այն իրենց լեզվի տակ որպես կաթ ու մեղր ունենալով և որպես հաստատուն կերակուր ու կաթ ջամբելով աշակերտներին:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Եւ հասնելով Գողգոթա կոչուած տեղը, որ նշանակում է կառափնատեղի,
Հիսուսին թողեցինք Գողգոթայի ճանապարհին, բլրի ստորոտում, որն իր վրա լացող ու իրեն խղճացող կանանց ուղղելով խոսքը մեկ անգամ եւս կրկնեց Երուսաղեմի կործանման գուշակությունը։ Մնացած ճանապարհը նույն կերպ անցավ․ փարիսեցիներն ու դպիրները ջանում էին ժամ առաջ տեղ հասնել եւ նոր պարագա ի հայտ չեկած, դատավորից նոր հրաման չեկած, Հիսուս դեռ չնվաղած, հագուրդ տալ իրենց ատելությանը։ Իսկ զինվորներն էլ շտապում էին իրենց պաշտոնը կատարելով ազատվել պատասխանատվությունի, գուցե եւ քահանայապետերից ավելի վարձ էլ ստանալ։ Մահապարտների թափոր էին կազմում իրենց խաչերը շալակած երկու ավազակները, առանց խաչի քայլող Հիսուսը, Սիմոն Կյուրենացին՝ Հիսուսի խաչն ուսին, հսկող հարյուրապետը, տասներկու զինվոր՝ որոնք կատարելու էին երեք մահապարտի դահճությունը, քահանայապետերից, դպիրներից ու ծերերից կազմված մի խումբ, գործի ավարտը տեսնելու միտումով, հետաքրքրասեր ժողովրդի մի բազմություն՝ տարբեր զգացումներով տոգորված, ինչպես որ քանիցս առիթ ունեցանք բացատրել։
Գողգոթայի մասին էլ խոսել ենք արդեն (Մատթ. 27:31) եւ նորից նկարագրելու կարիք չունենք։ Հովհաննեսը նշում է, որ Գողգոթայի գագաթը քաղաքին շատ մոտ էր Հովհ․ 19:20, եւ սրանից հետեւություն ենք անում, որ պրետորիոնից Գողգոթա գնալու համար երկար ժամանակ պետք չէր, եւ որ տոնական օրվա հանգիստն արգելիք չէր լինի հրեաներին մինչեւ այնտեղ քայլելու, եւ որ քաղաքից էլ հնարավոր էր դիտել ու տեսնել Գողգոթայի վրա կատարվող գործողությունները։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: