Հովհաննես Ծործորեցի (†1338)
35-36. Եւ նրան խաչը հանելով՝ բաժանեցին նրա զգեստները՝ վիճակ գցելով, որպէսզի կատարուի այն խօսքը, որ ասուեց մարգարէի կողմից. «Իմ զգեստները բաժանեցին իրենց մէջ եւ իմ պատմուճանի վրայ վիճակ էին գցում»: Ու նստած՝ նրան պահպանում էին:
Նրան խաչը հանեցին, Նրա հագուստը վիճակով բաժանեցին, որպեսզի մարգարեի ասած խոսքն իրականանար. «Հագուստս բաժանեցին իրենց մեջ և պատմուճանիս վրա վիճակ գցե ցին», և նստեցին ու պահպանում էին Նրան:
Խաչելուց առաջ լեղախառն գինի տվեցին` ըստ Մատթեոսի ու Մարկոսի, թմրեցնելու համար, ինչպես ասացի, իսկ հետո` խաչի վրա, երբ ասաց` ծարավ եմ, սպունգով քացախ մոտեցրին Նրա բերանին` ըստ Հովհաննեսի 1589: «Նրան խաչը հանեցին, Նրա հագուստը բաժանեցին»,- ասում է [ավետարանիչը]. սա անում էին ամենախեղճ ու քամահրելի մահապարտների հետ, ովքեր ոչ մի տեղ տեր չունեին: Այդքան անհոգաբար էին հագուստը բաժանում, որովհետև Քրիստոսի թաքնված զորությունը, որ մի ժամանակ նրանց առաջ զանազան հրաշքներ էր գործում, այդ ժամանակ թույլ տալով բնավ չէր հակազդում, որպեսզի երևար, որ խաչելությունը կամավոր էր, ինչպես նաև իրականանար մարգարեությունը` «Հագուստս բաժանեցին իրենց մեջ» (Սաղմ. 21։19). նախ իրենք բաժանվեցին միմյանցից, հետո էլ Նրա հագուստը չորս մասի բաժանեցին 1590: Իսկ պատմուճանը, որ «անկար էր, վերևից փորանկյալ»` ըստ Հովհաննեսի (Հովհ. 19։23), որը, ասում են, Աբգարին է ուղարկվել, չբաժանեցին, այլ վիճակ գցեցին, ում էլ որ ընկներ, [Հիսուսի] աստվածության խորհրդով, որովհետև ոչ ոք չի կարող բաժանել Նրա աստվածությունը Նրա մարմնից, այլապես այդ զինվորներից էլ չար կլինի: Այլև Նրա անապական մարմինը մաս-մաս չի բաժանվում հավատացյալների միջև, այլ ասես վիճակով` ամբողջն են ճաշակում այն ամենքը, որ հավատով մոտենում են Նրան ու լուսավորվում: «Եվ նստեցին ու պահպանում էին Նրան», որովհետև առան պահպանության վարձը` հագուստն ու պատմուճանը, այլև այդպիսին էր սովորությունը. զինվորները պահպանում էին խաչվածներին: [Ուստի պահպանում էին Հիսուսին` իմանալու համար], թե երբ է հոգին ավանդելու, որպեսզի ոչ ոք առանց թույլտվության չվերցներ Նրա մարմինը:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Եւ նրան խաչը հանելով՝ բաժանեցին նրա զգեստները՝ վիճակ գցելով, որպէսզի կատարուի այն խօսքը, որ ասուեց մարգարէի կողմից. «Իմ զգեստները բաժանեցին իրենց մէջ եւ իմ պատմուճանի վրայ վիճակ էին գցում»:
Եւ հանելով զնա ի խաչ - Եւ հանին զնա ի խաչ - Անդ հանին զնա ի խաչ - Ուր եւ ի խաչն իսկ հանին զնա։ Ահա չորս ավետարանիչների ամբողջ գրածը մի այնպիսի մեծ իրադարձության մասին, որն անհուն նշանակություն ունեցավ աշխարհի համար։ Հիսուսի խաչվելը քրիստոնյայի համար փրկագործության մեծ խորհրդի կատարումն է, որ մարդկության առջև բացում էր մի բոլորովին նոր կյանք՝ կանոնավորելով ներկան և ապահովելով հանդերձյալը։ Քաղաքակիրթ աշխարհի համար էլ Հիսուսի խաչվելը ամենամեծ փոփոխության նվիրագործումն է, որով նոր ընթացք ստացավ մարդկությունը, և նոր զգացում՝ նրա ձիրքերն ու ձգտումները։ Անհատական մարդն էլ Հիսուսի արյան կամավոր հեղմամբ հաստատեց ամեն դասակարգի համար ազատության սկզբունքը, փշրեց ստրուկների գերության շղթաները, քանդեց իգական սեռի ստորադասության կապերը, հռչակեց բոլոր մարդկանց անխտիր հավասարության նշանակությունը, բացեց յուրաքանչյուրի ձիրքերի և ձգտումների անկաշկանդ ասպարեզը։ Գողգոթայի Զոհը տիեզերական պատմության ամենանշանակալի կետն է, և մեր հոգեկիր պատմիչները մեկ-մեկ բառերով չէ, որ պատմել են դրա իրականացումը։ Մեր նպատակը միայն պատմական լինելով՝ պարտավորվում ենք եղելության լոկ պատմական հանգամանքների սահմանի մեջ պարփակել մեր պարզաբանությունները։
Երբ դատապարտյալները իրենց դահիճներով Գողգոթայի գագաթը հասան, դահիճները մահապարտներին թմրեցուցիչ ըմպելիքը մատուցեցին և վերջին գործողության ձեռնարկմանն անցան։ Քանի որ ավետարանները մեզ ոչ մի պարագա չեն հաղորդում, ուստի պարտավորվում ենք սովորական ձևերով և ցանուցիր նշաններով դրանց ամբողջությունը կազմել։ Հարց է, թե ի՞նչպես էին խաչվողներին իրենց խաչերի վրա խաչում։ Ոմանք ասում են, թե խաչը դրվում էր գետնին և խաչվողները վրան դրվելով կապվում էին, հետո խաչն ու խաչյալը միասին բարձրացվելով, խաչափայտի ոտքը պատրաստված փոսի մեջ էր իջեցվում և ցցերով ու քարերով ամրացվում ուղղահայց և հաստատուն մնալու համար։ Ուրիշներն էլ ասում են, թե սկզբում միայն խաչափայտն էր լավ ամրացվում պատրաստված փոսի մեջ, և հետո մահապարտն էր դեպի վեր բարձրացվում ու պահվում, մինչև ոտքերն ու ձեռքերը ամրացնելով թողնում էին կախված։ Թերևս երկու ձևն էլ ըստ հանգամանքների գործածվել են, բայց նրանք, ովքեր խաչի չարչարանքը ավելի կսկծագին նկարագրելու միտում ունեն, առաջին ձևն են հիշատակում՝ մանրամասնելով խաչին խաչված բարձրացվելու դեպքում տեղի ունեցող ցնցումները ու կսկիծները։ Սակայն, մեր տեսակետով, խաչը խաչյալով մեկտեղ բարձրացնելը խաչողների համար էլ նոր դժվարությունների և ավելի աշխատանքի պատճառ լինելով, չենք կարծում, թե այդ ձևը նախընտրեին։ Ուրեմն կարծում ենք, որ դահճի գործը կատարելու որոշված չորս զինվորները, Գողգոթա հասնելուն պես, հարմար տեղ ընտրեցին, փոս փորեցին, Սիմոն Կյուրենացու բերած խաչի ոտքը, փոսի մեջ դնելով, ցցերով ու քարերով մի լավ ամրացրին, որպեսզի խաչյալի բեռն ապահով կրի։ Խաչյալի մարմնի ամբողջ բեռը խաչի միայն մի կողմից կախված լինելու պատճառով, պետք է խաչի ոտքը շատ
ամուր հաստատված լիներ, որպեսզի այն չկորցներ հավասարակշռությունը։
Խաչյալները մերկ վիճակով էին կախաղան բարձրացվում, հետևաբար դահիճների երկրորդ գործողությունը եղավ Հիսուսի վրայից բոլոր զգեստները հանելը․ օթոցը, պատմուճանը և ուրիշ ինչ որ ուներ՝ թե գլխին ու ոտքերին, թե արտաքին հանդերձանքների տակ։ Պրետորիոնում փաղանքի տարազը հանելուց հետո, նրան նորից իր բոլոր զգեստներն էին հագցրել, և այդպես Հիսուսը Գողգոթայի ճանապարհն էր անցել։
Դատապարտյալը խաչի վրա պրկվում էր ձեռքերից ու ոտքերից և դա արվում էր թե՛ պարանե կապերով, թե՛ մեխելով չորս թաթերը։ Հիսուսին ոչ թե կապերով, այլ մեխերով խաչված լինելը ավետարանների մեջ չի ասված, բայց հարությունից հետո Թովմաս առաքյալը Հիսուսի ինքնությունը հաստատելու համար պահանջում է ձեռքերի և ոտքերի վրա մեխերի տեղերը տեսնել Հովհ․ 20:25, և Հիսուսը նրան գոհացնելու համար առաջարկում է մեխերի տեղերը շոշափել Հովհ․ 20:27։ Սա մեզ ստույգ ցույց է տալիս, որ Հիսուսը ոչ թե կապերով, այլ մեխերով խաչվեց։ Մեխելու դեպքում ձեռքերի համար դժվարություն չկար․բազուկները խաչի հորիզոնական թևերի վրա տարածելով, ափերի միջից խփում էին մեխերը։ Սակայն ոտքերի համար, սովորական նկարներում երկու ոտքերը իրար վրա բերելով մեկ մեխով բևեռված են պատկերում, որը շատ դժվար դիրք է թե՛ պահելու, թեծ խփելու համար և նույնիսկ, պետք էր անսովոր երկարության մեխ ունենալ։ Ուստի ավելի հավանական է թվում, որ ոտքերը առանձին-առանձին մեխերով կողք-կողքի բևեռվեցին խաչի ուղղաձիգ մասին։
Խաչի ձևի մասին խոսելիս (Մատթ. 27:31) հիշեցինք, որ խաչի երկու կողերից բացի երկու մանր
կտորներ էլ էին գտնվում նրա վրա, մեկը՝ երկու ազդրերի միջև՝ խաչյալի զիստին դրված, որպեսզի նրա վրա հեծնի և ամբողջ մարմինը ափերի վերքերից կախված չմնա, և մյուսը ոտքերի տակ մի թեք պատվանդան՝ ոտքերի թաթերը վրան դնելով հեշտությամբ բևեռելու համար։ Սովորական նկարները, նաև հնագույնները, Հիսուսի խաչի վրա չեն պատկերում այդ երկու մասերը, որոնք, սովորաբար, խաչերն ամբողջացնող մասերն էին։ Սակայն անհավանական չէ ենթադրել, որ հատուկ չարամտությամբ քահայանապետերի գրգռմամբ, Հիսուսի համար դրանք չգործածվեին՝ չարչարանքն ու ցավերը սաստկացնելու դիտավորությամբ։ Ամեն դեպքում դժվար է վերջնական կարծիք կազմել, քանի որ ոչ մի փաստ չունենք և ոչ էլ որևէ ակնարկ Ավետարաններում։
Ուրեմն, հավանական ենթադրությունները միացնելով կարող ենք ասել, որ սկզբում չորս զինվորը խաչի փոսը պատրաստեցին, հետո խաչի ոտքը դրա մեջ ամրացրին, Հիսուսին ամբողջությամբ մերկացրին, երկու զինվորները երկու կողմից, իրենց ոտքերի տակ ինչ-որ բան դնելով, մինչև հորիզոնական թևերը բարձրացան՝ մուրճ ու մեխ ձեռքերում, մինչդեռ մյուս երկուսը, Հիսուսի ոտքերից գրկելով, բարձրացրին դեպի վեր։ Երկու բարձրացնողները, Հիսուսի բազուկները տարածելով և քաշելով, ափերից բևեռեցին հորիզոնական թևերի վրա։ Դրանից հետո Հիսուսի մարմինը կախված թողնելով, ոտքերը դրեցին ուղղաձիգ թևերի վրա և ուրիշ երկու մեխով կողք-կողքի բևեռեցին ու թողեցին՝ ավարտելով իրենց պաշտոնը։
Վերջապես հրեական ատելության ճիգերն իրենց լուծումն էին գտել և, Նազովրեցի Հիսուսը, հրաշագործ նոր մարգարեն, երկնառաք վարդապետը, ակնկալված Մեսիան, Աստծու Որդի հռչակվածը, այնքան բարիքների և ճշմարտությունների դիմաց, խաչի խայտառակ պատժով ի տես ժողովրդի, ի տես աշխարհի, քառաթև կախաղանի վրա մերկանդամ պրկված, իր կյանքի վերջին վայրկյանին էր մոտենում։ Կայիափա քահանայապետի խելքով մի այր էր մեռնում, զի մի ամենայն ազգն կորիցե։ Բայց աստվածային նախախնամ կարգադրությամբ մեռանելոց էր Յիսուս, որպեսզի զորդիսն Աստուծոյ զցրուեալսն ժողովեսցէ ի մի (Հովհ․ 12:50-52), ինչպես որ Հիսուսն էլ նախապես հաստատել էր, թէ յորժամ բարձրացայց յերկրէ, զամենեսին ձգեցից առ իս Հովհ․ 11:32։ Խորհրդավոր խորհրդածությունները մեզ շատ ավելի տեսությունների են տանում, մենք մեր նպատակին դառնանք և պատմական հանգամանքները բացատրենք։
Խաչի շուրջ կատարված և ավետարանիչների նկարագրած մանրամասնությունները խառն են ու տարբեր և ոչ էլ ավետարանիչները խիստ ժամանակագրական մի հաջորդականություն են պահում․ հետևաբար մենք էլ լավագույնը համարում ենք ավելի նմաններն իրար մոտ բերելը, քան թե դրանց ժամանակագրական հաջորդականությունը պրպտելը, քանի որ ամբողջը միասին երեք ժամ տևողության մեջ պարունակված իրողություններ են։ Ըստ այսմ՝ նախ պաշտոնական կամ իրական եղելություններն ենք դնում, և հետո Հիսուսի խոսքերին կանցնենք։
35-36. Եւ նրան խաչը հանելով՝ բաժանեցին նրա զգեստները՝ վիճակ գցելով, որպէսզի կատարուի այն խօսքը, որ ասուեց մարգարէի կողմից. «Իմ զգեստները բաժանեցին իրենց մէջ եւ իմ պատմուճանի վրայ վիճակ էին գցում»: Ու նստած՝ նրան պահպանում էին:
Դահճի պաշտոնը վարող զինվորների իրավունքն էր սափականացնել ինչ որ վչռի գործողության ժամանակ
գտնվում էր մահապարտի վրա։Բնական է, որ եթե մի արժեքավոր բան լիներ, նախապես արդեն դատարանում վրայից վերցրած կլինեիր և հազիվ թե մահապարտը իր սովորական զգեստով լիներ պատժի իրականացման ժամանակ։ Մերկացումը շատ սովորական մի պայման էր ամեն պատժապարտության ժամանկ․ սովորական զգեստներին էլ մեր նման բոլոր կողմերից փակված չէին, գերիները և ծառաները գրեթե կիսամերկ էին․ հանցավորների ու պատժապարտների վրա կատարվելիք գործողությունները սկսում էին մերկացնելուց։ Հիսուսն իր սովորական զգեստներով էր Գողգոթա եկել, բայց խաչվելու համար բոլորն էլ վրայից հանվել էին և ամբողջությամբ մերկացրել․ այդ հագուստները համարվում էին դահիճ զինվորների, այսպես կոչված իրավունք կամ կողոպուտը։ Սակայն զինվորները չորսն էին, ուստի հարկ եղավ մասերը բաժանելով, թերևս քանդվելու հնարավորություն ունեցողներն էլ քանդելով, չորս բաժին կազմել՝ յուրաքանչյուր զինվորի մի բաժին։ Զգեստների մեջ նշանավոր մի կտոր էր Հիսուսի ներքին պատմուճանը, որ միակտոր հյուսված էր, առանց կարի և կտորի և եթե կտրվեր ու կտորների բաժանվեր, ոչ մի կտորը բանի պետք չէր լինի, ուստի որոշվեց, որ առանձին այդ ամբողջական զգեստի վրա վիչակ գցվի։ Երևում է, որ նախ վիճակ գցեցին, թե չորս առանձնազված բաժիններից որը որ զինվորին պիտի ընկնի, որովհետև Մարկոսի գրածի համաձայն․ Բաժանեցին զհանդերձս նորա արկեալ վիճակս ի վերայ թէ ո՛զինչ առանուցու․ և հետո մի երկրորդ վիճակ էլ գցեցին միայն առանց կարի պատմուճանի վրա, որովհետև Հովհաննու գրածի համաձայն, չորս զինվոր համաձայնեցին․ Մի պատառեսցուք զայդ, այլ արկեցուք վիճակս ի վերայ դորա, ում և ելցէ։ Այդ առանց կարի պատմուճանի համար բարեպաշտական մի ավանդություն կա, թե Տիրամայրն այն իր ձեռքով էր հյուսել Հիսուսի երեխա ժամանակ, և թե նույն պատմուճանը Հիսուսի տարիքի հետ աճելով և երբեք չմաշվելով, նույնությամբ գործածվում էր մինչև մահվան օրը։ Հիսուսի կյանքը մարդկային կյանքի սովորական պայմաններում էր ընթանում, և ավետարանում և ուրիշ արժանավոր աղբյուրներում այս մասին ակնարկ չունենալով, մենք ավելորդ ենք գտնում ամեն սովորական պարագային հրաշալի և արտասովոր հանգամանք կցելը։
Հիսուսի հանդերձների բաժանումը և պատմուճանի վիճակահանությունը, ըստ ավետարանիչների, համապատասխանում են ԻԱ սաղմոսի խոսքերին․ Բաժանեցին զհանդերձս իմ յիւրեանս, և ի վերայ պատմուճանի իմոյ վիչակս արկանէին Սաղմ. 20:19։ Այդ ԻԱ սաղմոսը, գրեթե ամբողջ համարներով, մարգարեական հարաբերություն ունի Հիսուսի փրկագործ չարչարանքներրի պարագաների, և Եսայու ԾԳ
գլխի հետ՝ Սուրբ Գրքի այս երկու կտորները քրիստոնեական մարգարեությունների ամենանշանավոր հատվածներն են կազմում։ Թեպետ ավետարանիչները չեն հիշատակում, սակայն Հիսուսի խաչելության համար էլ տեղին էր նախընթաց համարի կանխասացությունը մեջ բերելը․ Ծակեցին զձեռս իմ և զոտս իմ, և թուեցին զամենայն ոսկորս իմ, և նոքա հայեցան և տեսին զիս Սաղմ. 20:18։
Չորս զինվոր, երբ Հիսուսին խաչեցին ու կողոպուտը բաժանեցին, ուրիշ գործ չմնաց անելու, բացի
նստելուց և խաչյալին պահպանություն անելուց, քանի որ իրենց պարտավորությունն էր խիստ պահպանություն անել՝ քանի դեռ խաչյալը կենդանի էր, որպեսզի ոչ մի կողմից վճռի կատարումը խափանող կամ արգելող ձեռնարկ կամ պատահար տեղի չունենար։ Այս է որ ավետարանն ասում է․ «Եվ նստալ պահէին զնա»։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: