Հովհաննես Ծործորեցի (†1338)
Եւ նրա գլխի վերեւը դրեցին նրա յանցապարտութեան գիրը, թէ՝ սա՛ է Յիսուսը՝ հրեաների թագաւորը:
Նրա գլխավերևում դրեցին Նրա հանցանքի գիրը թե` «Սա է հրեաների թագավոր Հիսուսը»:
Հրեաները սա չէին ցանկանում, ինչպես և ասում էին. «Մենք թագավոր չունենք, կայսրից բացի» (Հովհ. 19։15), և Պիղատոսին ասում էին. «Մի՛ գրիր` հրեաների թագավոր», որովհետև կարծում էին, թե ազգի համար ամոթ էր իրենց թագավորին խաչելը: Իսկ Պիղատոսը վճռեց թե` «Ինչ գրեցի` գրեցի» (Հովհ. 19։22), որովհետև վախենում էր կայսրից, որ մի անմեղ մարդու սպանում էր: Այդ պատճառով էլ նրա՛նց ամբաստանությունը գրեց մի տախտակի վրա. «Սա է հրեաների թագավոր Հիսուսը»` եբրայերեն, լատիներեն ու հունարեն գրերով, և դրեց խաչի վերևում` որպես ամոթ ու նախատինք անհավատ հրեաների:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Եւ նրա գլխի վերեւը դրեցին նրա յանցապարտութեան գիրը, թէ՝ սա՛ է Յիսուսը՝ հրեաների թագաւորը:
Ամեն մահապարտի համար, որը կախաղանի կամ խաչի էր դատապարտվում, սովորության համաձայն գլխավերևում մի տախակ էր փակցվում, որի վրա նշվում էր կախվածի կամ խաչվածի անունն ու հանցանքը։ Գիր վնասու ասվածը հենց այդ տախտակն էր։ Պիղատոսի հրամանով Հիսուսի համար էլ այդ տախտակը պատրաստվեց և գրությունն էլ նույն դատավորից տրվեց, քանի որ Գիր վնասու հենց դատավճռի վավերագիրն էր համարվում։ Հիսուսի անունն էր գրված՝ Հիսուս Նազովրեցի, իսկ որպես վերջնական օրինական ամբաստանություն՝ ընդունված զրպարտությունն էր, թե հանդգնել է ինքն իրեն հրեաների թագավորը հռչակել։ Այդ հիմնավորմամբ Պիղատոսի կազմած վնասու գիրն եղավ՝ Յիսուս Նազովրեցի թագաւոր հրեաների։ Հովհաննեսն է, որ այդ պատճենն է տալիս, որպես ճիշտ օրինակը, ասելով՝ Եւ էր գրեալ։ Մյուս ավետարանիչները բառերի փոքր տարբերություններ ունեն և ընդօրինակությունը չեն տալիս, այլ միայն իմաստն են քաղում, ասելով, թե վնասու գիրը հայտնում էր, թե այս է Յիսուս թագաւորն Հրէից-թէ թագաւոր Հրէից-թե սա է արքայն Հրէից։
Գիր վնասուն դրված էր խաչի ուղղաձիգ թևի վրա և գրված էր երեք լեզվով՝ լատիներեն, եբրայերեն և հունարեն։ Լատիներենը որպես Հռոմեական կայսրության պաշտոնական լեզու, եբրայերենը՝ հրեաների ազգային լեզու և հունարենը՝ ժամանակի ընդհանրացած միջազգային լեզու։ Լատիներենը մեր թարգմանության մեջ ասված է Դաղմատերէն, իսկ հունական բնագրի մեջ՝ Հռովմայերէն, և այդ տարբերությունը հայերիս համար հատուկ լեզվաբանական խնդիր է։ Թե ինչու են մերոնք լատիներենին դաղմատերեն ասել, լուծումը թողնում ենք մեր լեզվաբաններին և միայն հպանցիկ հիշենք, որ Դոկղետիանոսի և Մաքսիմիանոսի ժամանակներում դաղմատացի կայսրերի շնորհիվ Դաղմատիան մեծ կարևորություն էր ստացել, և մերոնք գուցե Հռոմեական կայսրության կենտրոնը Դաղմատիան են կարծել։
Տախտակը բավականին մեծ պետք է եղած լիներ, թե՛ երեք լեզվով գրությունը պարունակելու և թե՛ այնքան մեծ տառերով գրված լինելու համար, որ հնարավոր եղավ քաղաքի մոտակայքից իսկ կարդալ, ինչպես Հովհաննեսն է գրում․ Զայն տախտակ ընթերցանի բազումք ի Հրէից, զի մօտ էր ի քաղաք անդր տեղին՝ ուր խաչեցաւն Յիսուս։ Պիղատոսն արդեն դժգոհ ու դժկամ, հրեաների՝ իրեն ստիպած լինելու համար ավելի դառնացած, իր վարանումներով ու կնոջ երազով է՛լ ավելի հուզված, ուզեցել էր հրեաներից քեն լուծելու պես նրանց մի նոր արհամարհանք ցույց տալ և Հիսուսին ոչ թե բախտախնդիր ու ապստամբ ներկայացնել, այլ որպես թե Հիսուսն իսկապես հրեաների թագավորն էր, որով ուղղակի հրեա ազգը անարգված ու նախատված էր լինում՝ իր թագավորի արհամարհված և խայտառակ մահվամբ։
Սինեդրիոնում հազիվ լուրն ստանալով և վնասու գրի օրինակը տեսնելով, ժողովականները հասկանում են այդ ծածուկ խաղը, բայց իբր թե Պիղատոսի հրամանը ճշգրիտ չի կատարվել, կամ թե Պիղատոսն ինքն է թելադրելիս շփոթվել, իրենց միջից մի քանի հոգի են նշանակում, որ գնան Պիղատոսի հետ խոսեն և գրությունը ուղղել տան, որպեսզի Հիսուսը ոչ թե հրեաների թագավոր, այլ ինքն իրեն հրեաների թագավոր ներկայացնող մի բախտախնդիր ասվի։
Պատգամավոր քահանայապետերը ներկայանում են Պիղատոսին և հայտնում, որ վնասու գրի մեջ մի շփոթություն է սպրդել և այնպես է հասկացվում, թե Նազովրեցին հրեաների թագավորն է, ինչը որ իրենք չեն կարող հանդուրժել, որովհետև կայսրից բացի ուրիշ թագավոր չեն ճանաչում․ ուստի խնդրում են, որ տախտակը փոխել տա և այնպես գրվի, թե Հիսուս Նազովրեցին ինքն իրեն հրեաների թագավորի տեղը դնող մի խաբեբա է։ Պիղատոսը լսում է եկած ժողովականների դիտողությունները, բայց որովհետև ինքն իր արածը գիտեր և նպատակից հեռանալու ցանկություն չուներ, չարացած ու չոր պատասխանելով պատգամավորներին մերժում է՝ ասելով․ «Զոր ինչ գրեցի, գրեցի»․ գրածս գրած է, փոխելու բան չկա։ Պատգամավորները Պիղատոսի խոսքերից ու դեմքից կռահում են իրենց առաջարկության անհնարությունը և, վախենալով, որ պնդելը կարող է նոր դեպքերի առիթ ընծայել, ձայները կտրում են և առանց կրկնելու դուրս գալիս ու գնում մեծ քահանայապետին ու ժողովին հաղորդելու իրենց պատգամավորության արդյունքը։
Հետևանքն այն է լինում, որ հակառակ հրեաների թշնամության և հակառակ բոլոր դիտավոր պատրաստությունների, ճշմարտությունն է հռչակվում, թե Նազովրեցի Հիսուսը հրեաների թագավորն է, բայց ոչ թե խավարամիտ ժողովրդի սպասած երկրային և աշխարհային թագավորը, այլ մարգարեների գուշակած և Դավթի ցեղից սպասված Երկնքի Արքայության աստվածային թագավորը։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: