Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 27:44

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Նրա հետ խաչուած աւազակներն էլ էին նոյն ձեւով նախատում նրան: 
   

    Նույն կերպ նախատում էին Նրան նաև ավազակները, որ խաչված էին Նրա հետ:

    Ինչո՞ւ է Ղուկասն ասում, թե [ավազակներից] մեկը մյուսին սաստում էր [Հիսուսին նախատելու համար] 1595: Երկուսն էլ` [Մատթեոսն ու Ղուկասը], ճիշտ են. որովհետև սկզբում երկու [ավազակներն] էլ նախատում էին` հրեաներին հաճոյանալու համար, որպեսզի թերևս [խաչից] իջեցնեին նրանց: Այլ կերպ ևս [կարելի է բացատրել]. որպեսզի չկարծես, թե [ավետարանիչներն] իրար հետ համաձայնեցնելով են [գրել], կամ էլ ավազակին չհամարես ավազակ, [Մատթեոսը] նախատինքով է սա ցույց տալիս. խաչի վրա էին ու նախատում էին, բայց մեկը, որ ծանր չարիքներ էր գործել, ամբողջ կյանքը վատնել սպանությանների ու գողությունների վրա, երբ տեսավ ու լսեց այն ամենը, [որ ասում էին Հիսուսի մասին], հանկարծ դարձի եկավ, հարկադիր մահը պատվասիրության վերածեց և մահվամբ գնեց կյանքը` խոստովանելով [Քրիստոսին]. «Հիշի՛ր ինձ, Տե՛ր, երբ գաս Քո արքայությամբ» (Ղուկ. 23։42): Թեպետ ամբողջ ամբոխը ցավում էր [Հիսուսի] համար, սակայն Ճշմարտությունը հակառակով էր զորանում և խոսքով բացեց դրախտը` ասելով. «Այսօր Ինձ հետ դրախտում կլինես» (Ղուկ. 23։43): [Այս խոսքը նշանակում է, որ] կամ աստվածությամբ ամենուրեք էր` խաչի վրա և դրախտում, կամ` «Այսօր Ինձ հետ խաչի վրա ես, նաև փառակից կլինես դրախտում», կամ էլ, ինչպես մեկ այլ թարգմանության մեջ գտանք, «Այսօր Ինձ հետ արքայության մեջ կլինես», որովհետև [ավազակը] դա խնդրեց. «Հիշի՛ր ինձ, Տե՛ր, երբ գաս Քո արքայությամբ», և արքայությունը ոչ այլ ինչ է, քան Աստծո փառքի տեսությունը, ինչպես վկայում է [Սուրբ] Գիրքը: Ուրեմն` երբ նրա հոգին [Տիրոջ] հետ էր` երկնքում թե դժոխքում, Աստծո տեսությունն էր վայելում, որը ճշմարիտ արքայություն ու դրախտ է:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Նրա հետ խաչուած աւազակներն էլ էին նոյն ձեւով նախատում նրան: 
   
    Մատթեոսը և Մարկոսը հայտնապես գրում են, որ Հիսուսի հետ խաչված ավազակներն էլ, խաժամուժ ամբոխին ձայնակցելով, նախատում եւ հայհոյում էին Հիսուսին, մինչդեռ Ղուկասը միայն մեկի նախատելն ու հայհոյելն ու մյուսի դարձն է պատմում: Դարձի եկող նախատած եւ հայհոյած լինելը հավանական չհամարելով, մեկնիչների մի մասը Մատթեոսի եւ Մարկոսի հոգնակի բացատրությունը որպես եզակի է ընկալում, կարծես թե անորոշ ասված լիներ, թե մինչեւ իսկ խաչված ավազակներից էլ նախատող ու հայհոյող կար: Թեպետ այս մեկնությունը օտար չէ ավետարանին, բայց մյուս կողմից մենք դժվարություն չենք զգում ժամանակների տարբերություն դնել երկու պատմությունների մեջ եւ այդպես երկուսն էլ բառացի ընդունել: Սկզբում, երբ ամբոխը գոռում ու գոչում էր, խաչված ավազակներն էլ իրենց ցավերի եւ հուսահատ զգացմունքների մեջ ամբոխին ձայնակցեցին` Հիսուսին անարգանքի խոսքեր ուղղելով: Սակայն մեկ կամ երկու ժամ անցնելուց հետո, ավազակներից մեկը Հիուսի համբերատար ու առաքինի վիճակը տեսնելով եւ նրա անհիշաչար աղոթքը լսելով, զգացվեց եւ կամաց - կամաց փափկեց ու փոխվեց, եւ քանի որ այլեւս այս աշխարհի կյանքի վրա հույս չուներ, մտածեց Հիսուսին արիություն եւ համբերություն տվող հանդերձյալ կյանքից օգտվել: Մի ավանդություն պատմում է, թե դարձի եկող ավազակը, ժամանակին, Հիսուսի Եգիպտոս տարվելու ժամանակ (Մատթ. 2:13-15), անապատի մեջ այդ խեղճ քարավանին հանդիպել ու խղճալով անվնաս թողել ու անցել էր: Այդ հիշողությունը ավելի ուշ մտաբերելով, եւ Հիսուսի այն հրաշալի մանուկը լինելը հիշելով, իրոք կարող էր մտափոխվել եւ հակառակությունից համակրության անցնել:
    Դարձի եկող ավազակը միշտ աջակողմյան ավազակ է կոչվել, թեպետ ավետարանը ավազակներից մեկին մի ոմն, իսկ մյուսին ընկեր է կոչում եւ աջի ու ձախի հիշատակություն չունի: Թեպետ եւ աջակողմյան կարծելը` աջը հաջող, եւ ձախը` ձախորդ ըմբռնումից է երեւի առաջ եկել, սակայն ընդհանրացած ավանդությանը հակառակ ենթադրություն անելու բնավ պատճառ չունենք: Երկու ավազակներից դարձի եկողը, ըստ ավանդության, Դիսմասն է եղել, եւ լատին Հայսմավուրքը Սուրբ Դիսմասի հիշատակությունն էլ ունի: Ըստ այսմ, չզղջացող ավազակն էլ Գիսմասն է ուրեմն:
    Երբ որ ավազակների առաջին բորբոքումը մարեց եւ բավական ժամանակ անցավ, Գիսմասն իր վիճակից դառնացած եւ վերքերից զայրացած, եւ թերեւս մի պահ` Հիսուսի հրաշքով ազատվելու հույսն ունենալով ու հուսախաբ մնալով, դիմելով Հիսուսին ծաղրական շեշտով գոռում է. «Մի՞թե դու փրկիչ Քրիստոսը չես, ուրեմն ցույց տուր քեզ, քե'զ էլ ազատիր, մե'զ էլ ազատիր»: Դիսմասը, որ բարի խորհուրդներով սկսել էր հանդարտվել, հանկարծ ցնցվելով, զայրացկոտ հանդիմանությամբ դիմում է ընկերոջն ու սաստելով ասում. «Աստծուց է՞լ չես վախենում, որ այսպես անմեղ մեկին նախատում ես. Բոլորս էլ նույն մահապարտության պատիժն են քաշում, սակայն մեր արածը հայտնի է, մեր արածն է մեր գլխին եկել, ուրիշին սպանեցինք` մեզ են սպանում: Իսկ այս խեղճը ի՞նչ ոճիր է գործել, մի՞թե չգիտենք, թե ո'վ է, դու է՞լ չգիտես միթե, որ չարագործ մեկը չէ»:
    Գիսմասը լռում է, բայց զայրույթից ու դառնությունից բարի խորհուրդ հղանալ չի կարողանում: Իսկ Դիսմասը Հիսուսին դիմելով ասում է. «Գիտեմ, որ քո մահը հայտնություն պիտի լինի, հավատում եմ, որ ինչպես քարոզում էիր այս կյանքից հետո Երկնքի Արքայության նոր կյաքը պիտի վարես: Երբ որ փառավորվես, ինձ էլ մի մոռացիր քո հետեւորդների մեջ ընդունել»: «Օրհնյալ լինես.- պատասխանում է Հիսուսը,- զգացմունքներդ ճիշտ են եւ ընդունելի. Այսօր իսկ, երբ այս խաչի վրա հոգիս զվանդելով հանդերձյալ կյանքի երջանիկների օթեւանը գնամ, քեզ էլ ինձ հետ այնտեղ կտանեմ. Այսօր նդ իս իցէս ի դրախտին»:
    Քրիստոնեական վարդապետության համաձայն, Հիսուսի մահվանից առաջ արդարները Փրկչի գալստյան ակնկալությամբ հատուկ մի տեղ էին սպասում եւ այդտեղ էլ իջավ Հիսուսն` իր մահվանից հետո եւ այդ փակված հոգիներին ավետեց կատարված փրկությունը: Հիսուսի մահվանից հետո էլ արդարներն ու սրբերը մինեւ վերջին դատաստանը` փառաց հույսով ուրախանում են իրենց կայանում, մինչեւ որ փառանց լույսով աստվածայի տեսությանը հասնեն: Սրանք են Դրախտ անվան տակ հասկացվող տեղերը, որ երկնային դրախտներ են կոչվում, երկրային դրախտի նմանությամբ, իբրեւ տեղ փափկության եւ երանության: