Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 27:46

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Ժամը երեքի մօտ Յիսուս բարձր ձայնով գոչեց ու ասաց. «Էլի՜, Էլի՜, լա՞մա սաբաքթանի», այսինքն՝ Աստուա՜ծ իմ, Աստուա՜ծ իմ, ինչո՞ւ թողեցիր ինձ:

   

   Եվ իններորդ ժամին Հիսուսը բարձր ձայնով գոչեց` ասելով. «Էլի՛, Էլի՛, լա՞մա սաբաքթանի», այսինքն` Աստվա՛ծ Իմ, Աստվա՛ծ Իմ, ինչո՞ւ թողեցիր Ինձ:

   Ծածուկ կամ թաքուն չասաց, այլ հայտնապես ու բարձր ձայնով, և ոչ թե Իրենից ասաց, այլ մարգարեական խոսքը գործածեց 1608, որպեսզի մինչև վերջին շունչն էլ հասկացներ, որ հակառակ չէ Հորը կամ հին Օրենքին, ինչպես կարծում էին: Խոսեց եբրայերեն 1609, որպեսզի [առաջին հերթին] հենց [հրեաներին] հայտնի ու տեսանելի լիներ և ամենուր Ծնողին համաձայն ցույց տրվեր: Իսկ ասաց. «Աստված Իմ, Աստված Իմ, ինչո՞ւ թողեցիր Ինձ», ոչ թե որովհետև թողնվեց Հորից կամ Իր աստվածությունից, ինչպես թվաց ոմանց, թե [աստվածությունը] չարչարանքներից զարհուրեց և այդ պատճառով էլ հետ քաշվեց, այլ [աստվածությունն] անբաժան էր [Քրիստոսից], և քանի որ [նաև] մեր բնությունն ուներ Իր մեջ, ուստի մե՛նք էինք, որ թողնվեցինք Ադամի հանցանքի խոսքի պատճառով և չարչարանքից փրկվեցինք [Քրիստոսի] չարչարանքներով: Ուրիշ կերպ ևս [կարելի է մեկնել]. ոչ թե թողնվեց, ինչպես ասացի, Նա, Ով երբեք չի բաժանվում [աստվածության ու մարդկության] անշփոթ միության պատճառով, այլ կամեցավ չարչարանքի ծանրությունը հայտնել` [կարծեք ասելով]. «Ինչո՞ւ այդպիսի չարչարանք տվեցիր կրել Քո այս մարմնին, այն աստիճան, որ մարդիկ կարծելու են, թե թողել ես Ինձ»:Որովհետև ոչ թե թողնվել էր, այլ մարդկանց կարծիքը կամեցավ հայտնել: Եվ իմացիր, որ [Քրիստոսի] մարդկությունն էր Նրա աստվածությանն ասում սա (քանի որ [Քրիստոսը] ճշմարիտ մարդ էր), և ոչ թե [բնությունների] միավորությունն էր Հորը դիմում ի դեմս մեր 1610, ինչպես արդեն ասացի:
   

Ստեփանոս Սյունեցի (†735)

Ժամը երեքի մօտ Յիսուս բարձր ձայնով գոչեց ու ասաց. «Էլի՜, Էլի՜, լա՞մա սաբաքթանի», այսինքն՝ Աստուա՜ծ իմ, Աստուա՜ծ իմ, ինչո՞ւ թողեցիր ինձ:
   
   «Եվ իններորդ ժամին Հիսուս բարձր ձայնով գոչեց ու ասաց. «Էլի՜,Էլի՜, լա՞մա սաբաքթանի», այսինքն՝ Աստվա՜ծ իմ, Աստվա՜ծ իմ, ինչո՞ւ թողեցիր ինձ:
   Եվ ինչո՞ւ թողեց, կհարցնի մեկը: Բայց կարծեմ այսպես պետք է հասկանալ: Ձայնով գոչեց, թե Հայրը կամենում է Ինձ թողնել, որպեսզի մարգարեներից հետո Նրա դեմ այսչափ մեղանչած ժողովուրդներն արժանապես մեկուսացվեն լույսից և լինեն խավարի մեջ, և Նրա պատվական արյունը հեղվի հեթանոսների համար:

   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

46-47. Ժամը երեքի մօտ Յիսուս բարձր ձայնով գոչեց ու ասաց. «Էլի՜, Էլի՜, լա՞մա սաբաքթանի», այսինքն՝ Աստուա՜ծ իմ, Աստուա՜ծ իմ, ինչո՞ւ թողեցիր ինձ: Այնտեղ կանգնածներից ոմանք, երբ լսեցին, ասացին. «Դա Եղիային է կանչում»:
   
    Հիսուսի խոսքերը խաչի վրա ասված` յոթն են հաշվում, որոնցից երեքն արդեն բացատրեցինք. Անհիշաչար աղոթքը, ավազակին տված խոստումը և մոր հանձնելը աշակերտին. Չորսն էլ պիտի բերենք, որոնց մասին ուշադրության արժանի կետերը գլխավորաբար ժամանակի պարագան է: Չորրորդի մասին հիշելու ժամանակ Մատթեոսը գրում է, թե. «Զինն ժամաւն գոչեաց», և Մարկոսն ավելի ճշտելով, գրում է, թե. «Յիններորդ ժամուն աղաղակեց»: Ասել է, թե Հիսուսի խաչելության առաջին ժամերը բոլորովին լռությամբ անցան և միայն մահվան պահը մոտենալու ժամանակ է, որ Հիսուսի վրա կրկին ծանրանում են այն մահաշունչ տագնապները, որոնք Գեթսեմանիում եղան, որոնք սրտի դառնագին հառաչանքներն են, իբրև հայտարարություն Նա խոսում է խաչի բաժմաչարչար բեմից: Եթե մի կողմից Հիսուսի վրա ծանրանում էր դառնակսկիծ մահվան սաստկությունը, ինչպես Գեթսեմանիում, մյուս կողմից նրա սրտի հոժարությունը և մտքի ուղղությունն է ցոլում իր հառաչանքների միջից, իսկ ներքին կորովը երևում է իր ձայնի արիական շեշտով. «Գոչեաց, աղաղակեաց», - գրում են վետարանիչները, որ բարձր, զորավոր, հաստատուն և անհողդողդ սրտի հայտնի ապացույցն է:
   Հիսուսի այս անգամ արձակած հառաչանքը բուն եբրայերեն բառերով են մեջ բերում ավետարանիչները. «Էլի, էլի, լամա սաբագթանի», կամ ավելի ճշտությամբ «Էլօի, էլօի, լեմա սաբագթանի», որը թարգմանվում է «Աստուա՛ծ իմ, Աստուա՛ծ իմ, ընդէ՞ր թողեր զիս»: Բնագրային լեզվով մեջբերելու երկու պատճառներ կարող ենք նշել: Մեկը` այդ հառաչանքի տեղիք տված բառախաղի բացատրությունը տալ, մյուսը` խոսքերը սաղմոսից վերցրած լինելով, նույնիսկ նվիրական բառերը հիշված լինելու համար:
    «Էլի, Էլի»-ն կամավոր փոփոխությամբ, իբրև «Էլիա, Էլիա» ընդունելով, այն Եղիա մարգարեին ուղղված դիտեցին և սկսեցին չորս կողմից ծիծաղելով կրկնել. «Եղիային է դիմում, Եղիային է կանչում, տեսնենք Եղիան կգա՞ արդյոք` իրեն խաչից ցած իջեցնելու»: Քահանայապետերն ու դպիրները, Սուրբ Գրքի հմուտ անձինք, անշուշտ չէին կարող սաղմոսի ծանոթ մեկ համարը չիմացության տալ, հետևաբար լոկ ծաղրական և կամակոր մի խաղ էր իրենց արածը: Իսկ Եղիային վերաբերելու փաստը կապ ուներ Մեսիական խնդրի հետ, իբրև Եղիան պիտի լիներ Մեսիայի կարապետը` Մաղաքիայի մարգարեության համապատասխան Մաղ. 3:5 և սրանով Հիսուսի` Մեսիա հռչակված լինելն էր ծաղրում, երբ Եղիային օգնության է կանչում, ասում էին նրանք: Ոմանք հռոմեացի զինվորների տգիտությանն էին վերագրում Աստծո անունը Եղիայի անվան հետ շփոթելը, սակայն հռոմեացի զինվորները ոչ եբրայերեն գիտեին, և ոչ էլ Եղիային էին ճանաչում, որպեսզի այս տեսակ բառախաղ կարողանային ստեղծել: Պատահածը բանիմաց դպիրների և հմուտ քահանայապետերի կամավոր և ծաղրական աղավաղման հետևանքն էր:
    Հիսուսի արձակած հառաչանքը քանիցս հիշատակված ԻԱ սաղմոսի առաջաբանն է. «Աստուա՛ծ իմ, Աստուա՛ծ իմ, նայեաց առ իս, ընդէ՞ր թողեր զիս, հեռի եղեր ի փրկութենէ իմմէ վասն բանից յանցանանց իմոց»: Այս սաղմոսից քանի-քանի համարներ արդեն հիշեցինք, որոնք ավետարանիչների կողմից իբրև մեսիական մարգաեություն էին ընդունում, և որոնք շատ պատշաճում էին Հիսուսի չարչարանքներին և խաչելությանը: Քրիստոնյա մեկնիչներն ամբողջ սաղմոսը իբրև մեսիական մարգարեություն են ընդունում և չպիտի հանդուգն և անհավանական ենթադրություն համարվի, եթե ասենք, որ Հիսուս Իր վերջին րոպեներին բարձրաձայն սկսած սաղմոսը շարունակում է լռությամբ, ամբողջաբար այն ասելով` մարգարեության և ԻՐ փրկագործ մահվան խորհուրդը հաստատեց: Այդ սաղմոսի միջից ոմանք որոշ բացատրություններ Հիսուսին հարմար չեն գտնում, որոնք հանցանքի խոստովանություն են պարունակում, ինչպես, օրինակ «Վասն բանից հանցանաց իմոց: Այլ ես որդն եմ, եւ ոչ եմ մարդ, նախատինք մարդկան, եւ արհամարանք ժողավրդաց» Սաղմ. 21:1 և 7: Սակայն պետք չէ մոռանալ, որ Հիսուս մարդկության մեղքն Իր վրա վերցնելով, նրանց մեղքերի ծանրությունն էր կրում, իբրև թե Ինքն է նույն մեղքերին պարտավոր, հետևաբար այդ տեսակետով ավելի հարմար է նկատել փրկագործության խորհրդի հետ հարմար գալը, քան թե անհարմարությունը: Այդ մտքով էր վաղուց ասվել մարգարեի բերանով. «Նա զմեղս մեր բառնայ եւ վասն մեր չարչարի, եւ մենք համարեցաք զնա ի ցաւս եւ ի հարուածս եւ ի չարչարանս իբրեւ յԱստուծոյ. բայց նա վիրաւորեցաւ վասն մեղաց մերոց, եւ պատժեցաւ վասն մերոց անիրաւութեանց» Ես.53:4-5: