Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 27:5

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Եւ արծաթ դրամները նետեց տաճարի մէջ եւ հեռացաւ ու գնաց ինքն իրեն կախեց:

 

    Գցեց արծաթը Տաճարում և գնաց խեղդվեց:

    Զղջալը, արծաթը գցելն ու հրեաների ամբոխից չվախենալն ընդունելի էին, բայց խեղդվելը` սեփական անձին չարիք հասցնելով, դևի գործ է և ոչ թե մարդու: Բայց խեղդվեց, որպեսզի քարոզեր այդ մոլորությունը, որովհետև համարեց, թե փրկվեց ամոթից ու ազատվեց խայտառակությունից և ոչինչ չէր լինի նրա հետ այստեղից նրա հեռանալուց հետո: Նաև որպեսզի ողորմությունը չպղծվեր նրա պատիժներով, խաղաղության ու ճշմարտության որդիների միջից ոչ ոք չսպանեց նրան, այլ ինքը խեղդեց իրեն, որպեսզի ցույց տար, որ վերջին օրը նույնպես նրա մոլորությունը կորստյան պիտի մատնի նրան: Այլև ինչպես մատնելն է սատանայից, այդպես էլ` խեղդվելը. որովհետև ամեն ոք, ով իր թշնամու վրա նետ է արձակում, և նետը հետ դառնալով հարվածում է այն արձակողին, նա նետը փշրում ու աղեղը խորտակելով` կրակին է տալիս. այդպես էլ սատանան, երբ տեսավ, որ Որդու մահն աշխարհի դեմ տարված հաղթանակ է և Նրա խաչը` արարածների ազատիչը, մտավ իր անոթի` Հուդայի մեջ` ըստ այսմ. «Սատանան կկանգնի նրա աջ կողմում» (Սաղմ. 108։6), և [Հուդան] գնաց խեղդվեց, ինչպես ապերախտ Աքիտոփելը 1555, և [նրա որովայնը] պատռվեց, որպեսզի «նրա բնակությունն ավերակ լինի, և նրա հարկերի տակ ոչ ոք չլինի, որ բնակվի» (հմմտ. Սաղմ. 68։26), և «նրա տեղը մի ուրիշը ստանա» (հմմտ. Սաղմ. 108։8):

    Իսկ որ Պետրոսն ասում է, թե նրա փորը թափվեց 1556, [նշանակում է] կամ, որ նրա փորը թուլացավ այն [առարկայի] վրա, որի վրա նա կանգնեց և իրեն խեղդեց, կամ էլ նրան խեղդող պարանը կտրվեց, նրա փորը պատռվեց, և դուրս թափվեցին նրա աղիքները: Եվ կամ, ինչպես ասում են այլք, դուռը փակել էր, ուստի նեխեց և քայքայվելով` մասմաս թափվեց գետնին, և հոտից իմացան պատահածը:

    Բայց դու հասկացիր, թե ի՛նչ է անում փողասիրությունը, որ արմատն է բոլոր չարիքների 1557: Ինչպես գրում է մի մարգարե. «Հարստացա և ինձ համար ցավեր գտա» (հմմտ. Ովսե 12։8): Որովհետև [Հուդան] հոգին կորցրեց ու մեղքը շահեց, այս կյանքը չվայելեց, հանդերձյալ [կյանքից] էլ զրկվեց:

   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Եւ արծաթ դրամները նետեց տաճարի մէջ եւ հեռացաւ ու գնաց ինքն իրեն կախեց:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 27:3