Հովհաննես Ծործորեցի (†1338)
62-63. Եւ հետեւեալ օրը, որ ուրբաթի յաջորդ օրն է, քահանայապետներն ու փարիսեցիները հաւաքուեցին Պիղատոսի մօտ ու ասացին. «Տէ՛ր, յիշեցինք, թէ այն մոլորեցնողը, քանի կենդանի էր, ասում էր, թէ՝ երեք օրից յարութիւն պիտի առնեմ:
Հաջորդ օրը` ուրբաթից հետո, քահանայապետերն ու փարիսեցիները հավաքվեցին Պիղատոսի մոտ ասացին. «Տե՛ր, հիշեցինք, որ այն մոլորեցուցիչը, երբ ողջ էր, ասում էր` երեք օրից հարություն եմ առնե լու:
Քահանայապետերն ու փարիսեցիները Զատիկը լուծեցին չուտելով և շաբաթը պղծեցին կուսակալի մոտ ընթանալով ու ասացին.«Տե՛ր, հիշեցինք, որ այն մոլորեցուցիչը, երբ ողջ էր, ասում էր...»:Տեսնո՞ւմ ես, որ ամեն տեղ մոլորությունն ինքն իր դեմ է կռիվ տալիս և ակամա ջատագով դառնում ճշմարտությանը. որովհետև պետք է ապացուցվեր, որ [Հիսուսը] մեռավ, թաղվեց ու հարություն առավ, ուստի այս ամենը թշնամիների կողմից է հաստատվում, քանի որ թշնամիների վկայությունն ավելի զորեղ է:
Եվ տես, թե ինչպես են վկայում. «Հիշեցինք, որ այն մոլորեցուցիչն ասում էր». վայել է ասել. ո՛վ հիմարներ, եթե մոլորեցուցիչ ու ստախոս եք [Նրան] համարում, ինչպես ասում եք, էլ ինչո՞ւ եք կասկածում, ինչո՞ւ եք խառնվել իրար և տարբեր հնարներ մտածում: «Երբ ողջ էր»,- ասում են. ցույց են տալիս, որ [Հիսուսը] ճշմարտապես վախճանվեց: «[Ասում էր]` երեք օրից հարություն եմ առնելու». արժե քննել, թե որտե՞ղ ասաց սա. կամ Հովնանի վերաբերյալ [ասածն] էին հիշում. «Ինչպես որ Հովնանը կետի փորում մնաց երեք օր ու երեք գիշեր, այդպես և Մարդու Որդին երկրի սրտում կլինի երեք օր ու երեք գիշեր» (Մատթ. 12։40), կամ էլ այն, որն ասաց Գալիլեայում. «Մարդու Որդին մատնվելու է մեղավոր մարդկանց ձեռքը, խաչվելու է և երրորդ օրը հարություն առնելու» (հմմտ. Մատթ. 17։21): Ուրեմն գիտեին բարին և կամովին էին չարը գործում:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
62-66. Եւ հետեւեալ օրը, որ ուրբաթի յաջորդ օրն է, քահանայապետներն ու փարիսեցիները հաւաքուեցին Պիղատոսի մօտ ու ասացին. «Տէ՛ր, յիշեցինք, թէ այն մոլորեցնողը, քանի կենդանի էր, ասում էր, թէ՝ երեք օրից յարութիւն պիտի առնեմ: Արդ, հրամայի՛ր, որ մինչեւ երեք օր գերեզմանի ապահովութեանը հոգ տարուի. գուցէ աշակերտները գիշերով գան եւ գողանան նրան ու ժողովրդին ասեն, թէ՝ մեռելներից յարութիւն առաւ. եւ վերջին մոլորութիւնը աւելի վատ լինի, քան առաջինը»: Պիղատոսը նրանց ասաց. «Զինուորներ ունէք. գնացէ՛ք ապահովութեանը հոգ տարէք, ինչպէս որ գիտէք»: Եւ նրանք գնացին գերեզմանի ապահովութեանը հոգ տանելու եւ վէմը կնքեցին՝ զինուորներ նշանակելով:
Հիսուս մահացել էր, հրեական սինեդրինին սարսափ ազդող այս նոր մարգարեն այլևս չկար, հակառորդներն
ուրախանում էին իրենց ատելությանը հագուրդ տալու գոհունակությամբ, անշուշտ իրենց մեջ ցնծության հավաքույթներ էլ կազմակերպելով, բայց չնայած դրան հանգիստ ու ապահով չէին զգում։ Հիսուսի անունը, նրա ստվերը տանջում էր իրենց և մատնում մտահոգության։ Իրենց միջից ավելի հոգատարները հիշում են, որ Հիսուս, դեռ կենդանության օրոք ասել էր, թե պիտի մատնվի, չարչարվի, խաչվի և սպանվի,ինչն իրոք եղել էր նույնիսկ սինեդրիոնի մտադրության հակառակ, որովհետև իրենց նպատակը միայն նենգ դավաճությամբ սպանելն էր, այլ ոչ թե՝ դատավարությամբ ու կայսերական իշխանության վճռով մահապատժի ենթարկելը։ Ուրեմն, Հիսուս իրոք որ ապագան իմացող և հոգետես մի մարգարե էր։ ԵՒ Հիսուս ասել էր, թե մեռնելու երրորդ օրը հարություն պիտի առնի։ Արդ, եթե Իր խոսքի առաջի մասը ճշմարտվեց, անշուշտ մյուս մասն էլ պիտի իրականար և այդպես կարծես թե սինեդրիոնի մտահոգությունն ամբողջությամբ նորոգվեց և մտածեցին այդ վտանգի առաջն առնելու մասին մտածել։ Խորհրդացությունների և խորհրդակցությունների վերջում որևէ այլ եղանակ չկարողացան գտնել բացի քաղաքական իշխանության միջամտությունը հրավիրելուց, նրա միջոցով եղելությունը ստելուց և այս ձևով ամբոխի վրա ազդել ու կատարվածի ազդեցությունը խափանել։
Շաբաթ առավոտ լուսաբանում և գործի ժամն սկսելուն պես, ժողովի կողմից որոշված քահանայապետի և փարիսեցի դպիրների մի պատգամավորություն է գալիս պրոտեոն, և ներկայանալով Պիղատոսին, ասում. «Տեր դատավոր, այս գիշեր, մեր երկրում խաղաղության համար խորհրդակցելու և խոսելու ժամանակ հիշեցինք, որ այն մոլորեցուցիչ Նազովրեցին, որ վերջապես քո արդարադատ վճիռով իր արժանավոր պատիժը ստացավ, երբ ողջ էր և ամենուր խռովություններ առաջացնելու քարոզներ էր խոսում, միշտ ասում էր,թե երբ ինքը մեռնի ու սպանվի էլ, երեք օր հետո նորից պիտի կենդանանա և հարություն առնելով պիտի գործի։ Այս խոսքը, որ իր աշակերտներին նրծանոթ է, կարող է լավ պատրվակ հանդիսանալ նրանց ձեռքում՝ վերսկսելու համար իրենց գլխավորի խռովությունները, որովհետև կարող են Նազովրեցին մարմինը գերեզմանից գողանալ ու վերցնել և ժողովրդին հավատացնել, թե հարություն է առել։ Իսկ սա կարող է կույր ամբոխի վրա մեծ ազդեցություն գործել, և մինչ մենք կուրախանանք, թե քանդել ենք երկրում խռովության և կայսրության դեմ ապստամբության սերմերը, նոր և ավելի ծանր վտանգի ու խռովության դեմ
հանդիման կգտնվենք։ Ուստի մտածեցինք և հուսով ենք, որ քո բարեխնամ իմաստությունն էլ հավանություն կտա, որ երեք օր գերեզմանի պահպանության համար մի ջոկատ զինվոր հատկացվի, որպեսզի մարմինը հողում չվերցվի։ Իսկ երեք օր անցնելուց հետո մոլորեցուցիչ դրած պայմանաժամանակը լրացած կլինի, կասկածը կփարատվի և կանցնի երկրի հանդարտությունը վտանգելու վախը»։
Պիղատոսը դժգոհ ու դժկամությամբ լսեց պատգամավորության առաջարկը. Իր սիրտն ու միտքը դեռևս հուզված էին Նազովրեցուն մահվան դատապարտելու վճռի համար։ Հարյուրապետին էլ իր հրաշալի պատմություններով ավելի էր վրդովվել նրա սիրտը, անհանգիստ գիշեր էր անցկացրել, իսկ Պրոկուղան էլ անշուշտ չէր մոռացել հիշեցնել իր նախորդ օրվա երազը։ Այդ նախանձ ու զրպարտող հրեաների ընթացքը չէր կարող զզվանք չառաջացնել, սպանելուց հետո էլ դեռ հալածում էին սպանվածի։ Ուստի ձանձրացած և խոսքը կարճ կապելու մտադրությամբ պատասխանեց. «Արդեն քահանայապետարանի պահպանության համար ժողովիդ տրամադրության ներքո մի ջոկատ զինվոր եմ տվել, ունիք զզօրական, նորից ինձ հարցնելու անհրաժեշտությունը չկա, գնացեք, ձեր իմացածի նման և ձեր խելքի համեմատ ինչ զգուշավորություն ուզում եք, կարգադրեք»։
Պատգամավորություն այդքան արտոնությունից էլ գոհ մնաց և, վերադառնալով, ժողովրդին հաղորդեց ձեռք բերած արդյունքը։ Անմիջապես քահայնապետերն սպիրտներից մի նոր հանձնախումբ կազմվեց, նրանց հետ դրվեցին քահանայապետարանի պաշտոնյաներ և հռոմեացի զինվորների ջոկատի մի մասը և բոլորը միասին մեկնելով քահայնապետարանից՝ եկան Գողգոթայի շուրջը, Արեմաթացու պարտեզը, ուր էր Հիսուսի գերեզմանը։ Անշուշտ ամենից առաջ ներքին գերեզմանի դռան մեծ քարը շարժեցին, որպեսզի տեսնեն, թե արդյոք մարմինը չե՞ն վերցրել։ Ստուգելով, որ Հիսուսի մարմինն իր տեղում է, նորից դռան կափարիչ մեծ վեմը գլորեցին, դրեցին տեղը և որպեսզի այլևս որևէ մեկը չկարողանա խախտել՝ կնքեցին զվէմն, ինչպես գրում է Մատթեոսի։ Թե ինչպես կարողացան վիմափոր գերեզմանի դուռը փակող մեծ քարի վրա կնիք դնել, ավետարանում չի բացատրվում։ Մենք էլ ավելորդ ենթադրությունների հետևից չընկնելու համար, մանրամասնությունների մեջ չենք ուզում մտնել։ Միայն թե փոքրիկ կնիքով միմյանց չեն կարող միացվել ժայռի կտորն ու խոշոր քարը, այլ հարկ կլինի երկուսը նախօրոք կապելով ու հանգույցելով իրար կապել և այդ հետո այդ կապերի և հանգույցների ծայրերը կնքել, այնպես որ հնարավոր չլինի առանց կնիքը խախտելու և առանց կապերը ջարդուբուրդ անելու, գերեզմանի դռնից կափարիչ վեմը հեռացնել։ Կնքելուց հետո հրեաների մեկնելուց հետո հրեաները մեկնեցին, մնացին միայն զինվորները։
Բայց արդյոք իրենց կարգադրած նախազգուշություններով ի՞նչ էին կամենում անել քահայնապետերն։ Անշուշտ իրենց կնիքն անկարող էր արգելել աստվածային զորությունը և խափանել հրաշալի հարությունը, ինչը որ իրենք ակամա վկայում էին իրենց խղճի առջև,տեսած լինելով Հիսուսի երկնային վարդապետությունը և աստվածային հրաշագործությունը, անգամ իր մահվան մասին արած մարգարեությունը։ Նույն կերպ նրանց կնիքը պիտի չկարողանար կասեցնել առաքյալներին, եթե իրոք Հիսուսի մարմինը գողանալու համար որևէ գործողություն ձեռնարկելու համարձակություն ունենային։ Ամբողջ նպատակը հռոմեացի զինվորների վկայությամբ հարությունն ուրանալու փաստ գտնելու մտածմունքն էր։ Մյուս կողմից նույնիսկ զինվորների վրա էլ կատարյալ վստահություն չունեին, որը դրսևորվեց գերեզմանի դուռը կնքելով։ Որովհետև երբ մի բան է հանձնվում հռոմեացի զինվորի պահպանությանը, կնիք դնելն ավելորդ է դառնում, քանի որ այդ դեպքում ցույց քէ տրվում, թե զինվորն իրեն հանձնված գործին անհավատարիմ պիտի գտնվի։ Ինչ էլ որ լինի քահայնապետերի դիտավորությունը, միևնույնն է, նրանց նախազգուշությունը ծառայեց միայն հարության իրականության ստուգելուն։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: