Ա. Լոպուխին
Սրանք են այն թագավորները, որոնք թագավորեցին Եդովմի երկրում, երբ դեռ որևէ թագավոր չէր իշխում Իսրայելի որդիներին: [31] (Սինոդական թարգ․)
Հաջորդիվ թվարկվում են այն թագավորները, որոնք թագավորել են Եդովմի երկրում, «երբ դեռ որևէ թագավոր չէր իշխում Իսրայելի որդիներին» (եբր.՝ «մինչ թագավորի գահակալելը»): Սեիրի բնակչության երկտեսակ կազմից՝ եդովմացիներից և քոռեցիներից, ոչ այնքան տևական ժամանակահատվածում առաջացած թագավորության համար ներկայացված թագավորների ցուցակը նախնադարյան տպավորություն է թողնում. Եդովմի երկրում առաջացել էր թագավորություն, որի 8 թագավորներն էլ թվարկվում են: Միդրաշում (Bereschit–rabba. Раr. 83, S. 406) Եդովմի թագավորները համեմատվում են Իսրայելի դատավորների հետ: Իրոք, ամենայն հավանականությամբ, այդ հնագույն ժամանակներում Եդովմում թագավորական իշխանությունը ժառանգական չէր (ինչպիսին հուդայականների մոտ էր՝ սկսած Դավթի և Սողամոնի ժամանակից, Գ Թագ. 11։14): Այս 8 թագավորներից ոչ մեկը թագավորական իշխանությունն իր հորից չի ժառանգում. ժողովրդական բռնազավթումով էր որոշվում, թե ով էր դառնալու հաջորդ թագավորը: Ընդ որում՝ եղել են անգամ օտարազգի թագավորներ, ինչպես, օրինակ, Սավուղն էր՝ Եփրատի Ռեհոբովթ (հայերեն թարգմանության մեջ՝ Ռոբոթ, ծանոթ.՝ թարգմանչի) քաղաքից (Ծննդ. 36:7): Այս ամենից կարելի է եզրակացնել, որ գահակալումը կարճաժամկետ էր, և կարելի է ենթադրել, որ այն 200–ամյա ժամանակահատվածում, որը հաշվարկել էր Մովսեսը Եսավի մահից հետո, նրանք բոլորն էլ իշխանների հետ միասին էին թագավորում (Ծննդ. 36:15-19):
Որոշ մեկնիչների կարծիքով (այդ թվում՝ սուրբ Ֆիլարետի)՝ հնարավոր է, որ եդովմացիների՝ այստեղ հիշատակված վերջին թագավոր Ադադը (Ծննդ. 36:39), որի մահվան մասին հատուկ հիշատակություն չկա, Մովսեսի ժամանակ դեռ ողջ էր, և վերջինս Կադեսից հենց նրա մոտ է դեսպաններ ուղարկում՝ նրա տարածքով անցնելու թույլտվություն խնդրելով (Թվ. 20։14–17 ): Իսկ Եդովմի իշխանները՝ ավագները, որոնք հիշվում են 15–19–րդ և 40–43–րդ համարներում, անկասկած կարող էին թագավորների հետ համատեղ առանձին քաղաքներ կամ համայնքներ ղեկավարել՝ Եդովմի պատմության մեջ առանձին դարաշրջան չկազմելով: Այս դատողություններով թուլանում կամ էլ նույնիսկ լիովին լուծվում է այն դժվարությունը (որը դրդել է որոշ հրեա և քրիստոնյա մեկնիչներին 31–39–րդ համարների գրման թվականը հասցնել մինչև Հովսափատի ժամանակները), որ նշված համեմետաբար կարճ ժամանակահատվածում Եդովմի երկիրը կառավարում էին և՛ իշխանները (Ծննդ. 36:15-19 ), և՛ թագավորները (Ծննդ. 36:31-39), և՛ հետո կրկին իշխանները (Ծննդ. 36:40-43):
Մեկ այլ խոչընդոտ է առաջ բերում 31–րդ համարի դիտարկումը, ըստ որի եդովմացիներից հետո թվարկվող թագավորները թագավորել են մինչև Իսրայելում թագավորության առաջ գալը: Այս տեղեկությունից եզրակացնում են, որ Ծննդոց գիրքը (նաև ամբողջ Հնգամատյանը) իր ներկա տեսքով ձևավորվել է միայն Իսրայելի թագավորների ժամանակաշրջանում, որոնց մասին իբր Մովսեսը չէր կարող խոսել: Բայց հնարավոր է, որ Մովսեսը այստեղ խոսում էր հետագայում թագավորական իշխանության առաջացման մասին, իսկ այն, որ թագավորական իշխանության գաղափարն ընտրյալ ազգի համար հարազատ էր ոչ միայն Մովսեսի, այլև Աբրահամի, Իսահակի, Հակոբի սերնդի յուրաքանչյուր հավատացյալի հոգուն, պարզ է այն հանգամանքից, որ այս նախահայրերից յուրաքանչյուրին ժողովուրդների ծագման ավետիսի հետ ավետվել էր նաև թագավորների մասին (Ծննդ. 17։6, 26։3, 35։11): Հենց այս գաղափարից է ազդվել օրենսդիր Մովսեսը, որը Բ Օր. 17։14–20–ում թագավորական իշխանության մասին ծավալուն օրենսդրություն է ներկայացնում: Թագավորական իշխանության գոյություն է ենթադրվում նաև ժողովրդի և արքայի գերության մասին մարգարեության մեջ (Բ Օր. 28։36): Թեև հնարավոր է, որ Ծննդ. 36:31-39–րդ համարներն ընդգրկող ողջ հատվածը այս գլխի մեջ ներառվել է ավելի ուշ (Ա Մնաց. 1։43–53–րդ համարներից, որը բացարձակապես նույն բովանդակությունն ունի, սակայն այս ցանկի հնությունն ու նշանակությունը դրանից չի նսեմանում, քանի որ Մնացորդաց գրքի ազգաբանական ցանկերը սկիզբ են առնում շատ հին ժամանակներից:
--------------------------------
[31](Էջմիածին թարգ․) Սրանք են այն թագաւորները, որոնք թագաւորեցին Եդոմայեցիների երկրում, երբ դեռ որեւէ թագաւոր չէր թագաւորում Իսրայէլում:
(Արարատ թարգ․) Եվ սրանք էին այն թագավորները, որոնք թագավորեցին Եդոմի երկրում, երբ Իսրայելի որդիները դեռևս թագավոր չունեին:
(Գրաբար) Եւ այս են թագաւորք որ թագաւորեցին յերկրին Եդոմացւոց, մինչ չեւ թագաւորեալ էր թագաւոր յԻսրայէլի:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: