Ա. Լոպուխին
42-43. Եվ փարավոնը, մատից հանելով իր մատանին, դրեց Հովսեփի մատին, նրան հագցրեց բեհեզե պատմուճան և ոսկի մանյակ անցկացրեց նրա պարանոցին, [42] նրան բարձրացրեց իր երկրորդ կառքը, և մունետիկը նրա առջևից «խոնարհվե՛ք» ազդարարեց։ Այսպիսով՝ նրան կառավարիչ կարգեց եգիպտացիների ողջ երկրի վրա։ (Սինոդական թարգ․)
Փարավոնի կամքով Հովսեփին շնորհված գայիսոնը և պատիվները զուտ եգիպտական և ընդհանրապես հատուկ արևելյան բնույթ են կրում։ Այսպես, մատից մատանի հանելն ու նոր բարձր իշխանություն ստացած մարդու ձեռքին դնելը շատ տարածված սովորույթ էր Հին Արևելքի արքաների մոտ (Եսթ․ 3։10, 8։2, Ա Մակաբ․ 6։15)։ Միայն Եգիպտոսում աճող բամբակից ստացվող «շեշ» կամ «լուզ» կտորից պատրաստվող բեհեզե զգեստը (Եզեկ․ 27։7) Եգիպտոսի բարձր դասերի կյանքին պատկանող պատշաճ մասնիկ է։ Նմանապես ոսկեղեն վզնոցը և հանդիսավոր կառքը, որով շրջում էր Հովսեփը («երկրորդը», այսինքն՝ փարավոնի անձնական կառքից հետո), բնիկ եգիպտական իրականության մեջ եղած արքայական պալատին պատկանելիության նշաններն են։ Ոմանց կարծիքով, Հովսեփին բեհեզ հագցնելը նրան քրմական դասի մեջ ներառել էր նշանակում։ Հովսեփի բարձրացման մասին, «ավրեխ» բացականչելով, հայտարարում էր նրա կառքը կառավարող մունետիկը։ Վերջին բառը մեկնիչների մեծամասնության կողմից ճանաչվում է որպես եգիպտական (ինչպես մինչև այժմ մեզ հանդիպող եգիպտական «եոր» և «ախու» արմատները, տե՛ս 1 և 2 համարներում), սակայն դրա իմաստի մասին մեկնիչների մոտ եղած մոտեցումները նույնական չեն։ Ոմանք (Գրոցիոսը, Յաբլոնսկի և այլք) այն մերձեցնում են ղպտերեն «ապերեխ» կամ «ուպերեխ» բառին, որը նշանակում է «խոնարհեցրե՛ք գլուխը»։ Այս կամ նման (այսինքն՝ ծնկի գալու) իմաստով են հասկանում նաև Ակյուղասն ու Վուլգաթան (ut omnes coram eum genu flecterent)։ Թարգումների համաձայն՝ «ավրեխ» նշանակում է «թագավորի հայր»․ տիտղոս, որն ամենայն հավանականությամբ կրում էր Հովսեփը (Ծննդ․ 45:8)։ Հրեա մեկնիչների կարծիքով այս բառը համարժեք է եբրայերեն «բարաք» բառին․ «գիֆիլ»՝ «ծնրադրել» ձևով (հունարեն թարգմանությունը «ավրեխ» բառը ընդունում է որպես մունետիկի անվանում)։
--------------------------------
[42](Էջմիածին թարգ․) Եւ փարաւոնը մատից հանելով իր մատանին՝ դրեց Յովսէփի մատին, նրան հագցրեց բեհեզեայ պատմուճան, ոսկէ մանեակ անցկացրեց նրա պարանոցին,
(Արարատ թարգ․) Եվ փարավոնն իր ձեռքից հանեց մատանին և Հովսեփի մատին դրեց, նրան բեհեզյա հանդերձներ հագցրեց ու նրա պարանոցին ոսկե մանյակ անցկացրեց:
(Գրաբար) Եւ հանեալ փարաւոնի զմատանին իւր ի ձեռանէ իւրմէ` եդ ի ձեռին Յովսէփայ. եւ զգեցոյց նմա պատմուճան բեհեզեայ, եւ արկ մանեակ ոսկի ի պարանոց նորա:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: