Ծննդոց գրքի մեկնություն 41:50

Ա. Լոպուխին

50-52. Նախքան սովի յոթ տարիների վրա հասնելը Հովսեփը երկու որդի ունեցավ․  նրանց  ծնեց Ասանեթը՝  Արեգ քաղաքի քուրմ Պետափրեսի դուստրը։[50] Հովսեփն անդրանիկին անվանեց Մանասե՝ ասելով․ «Աստված ինձ մոռանալ տվեց իմ հոր ողջ տունը և իմ բոլոր վշտերը»։ Իսկ երկրորդ որդուն անվանեց Եփրեմ՝ ասելով․ «Աստված ինձ հզորացրեց իմ տառապանքների երկրում»։ (Սինոդական թարգ․)
   
   Առատության տարիներին՝ հավանաբար այդ շրջանի երկրորդ կեսին, Հովսեփը և Ասանեթը երկու որդի ծնեցին, որոնց ժառանգները Իսրայելի հետագա պատմության մեջ մեծ նշանակություն ունեցան։ Նրանց ծննդյան մասին սրբազան հեղինակն այստեղ խոսում է՝ պահպանելով դեպքերի ժամանակագրությունը, քանի որ ցանկանում է լիարժեք տեղեկություններ հաղորդել Եգիպտոսում Հովսեփի կյանքի նոր շրջանի մասին (հմմտ․ հմր․ 45)։ Հատկանշական են Հովսեփի երկու որդիների անունները, քանզի նրանք արտահայտում են նրա հոգեվիճակը։ Մանասեն (եբր․՝ Մենաշե, նշանակում է «մոռանալ ստիպող») Հովսեփին ստիպում է մոռանալ բոլոր այն դժբախտությունները, որոնք նա կրել է հոր տնից մեկնելուց սկսյալ, անգամ նույնիսկ այնտեղ եղած ժամանակ, որովհետև հայրական տան մասին հիշելը տրտմություն էր հարուցում նրա մեջ։ Հովսեփը դա և բոլոր դժբախտությունները մոռանում է Աստծու ողորմածության շնորհիվ։ Այսպիսով, եթե առաջին որդու անունն ունի ավելի շատ բացասական իմաստ, թեև Հովսեփի կողմից Աստծուն ուղղված շնորհակալություն է պարունակում, ապա Հովսեփի երկրորդ որդու՝ «կրկնակի պտղաբերություն» նշանակող Եփրեմ անունը (եբր․ Եփրաիմ) ցույց է տալիս նրա՝ Եգիպտոսում բարձրացման դրական արդյունքը՝ դժբախտություններից ազատվելը և փառավորվելը։
--------------------------------
[50](Էջմիածին թարգ․) Երբ դեռ չէր եկել եօթը տարուայ սովը, Յովսէփն ունեցաւ երկու որդի, որոնց ծնել էր Արեգ քաղաքի քուրմ Պետափրէսի դուստր Ասանէթը նրա համար:
(Արարատ թարգ․) Եվ Հովսեփն առաջնեկի անունը Մանասե դրեց, որովհետև ասաց. «Աստված մոռացրեց իմ բոլոր վշտերը և իմ հոր ամբողջ տունը»:
(Գրաբար) Եվ Հովսեփն առաջնեկի անունը Մանասե դրեց, որովհետև ասաց. «Աստված մոռացրեց իմ բոլոր վշտերը և իմ հոր ամբողջ տունը»: