Ծննդոց գրքի մեկնություն 42:14

Ա․ Լոպուխին

14-16. Եվ Հովսեփը նրանց ասաց․ «Հենց դա է, որ ասացի ձեզ, թե լրտեսներ եք։ [14] Ահա՛, այս կերպ դուք կփորձվեք․ փարավոնի արևով եմ երդվում, այստեղից չեք գնա, մինչև ձեր կրտսեր եղբայրն այստեղ չգա»։ Արդ, ձեզանից մեկին ուղարկե՛ք, և թող նա բերի ձեր եղբորը, իսկ դուք բանտարկված կլինեք, մինչև որ պարզվի՝ ճի՞շտ եք ասում, թե՞ ոչ։ Հակառակ դեպքում, երդվում եմ փարավոնի արևով, որ դուք լրտեսներ եք։ (Սինոդական թարգ․)
   
   Ցանկանալով համոզվել Բենիամինի նկատմամբ եղբայրների բարյացակամ վերաբերմունքի հարցում՝ Հովսեփը պահանջում է, որ նա Եգիպտոս ժամանի։ Սակայն Հովսեփի խոր հոգեկան հուզմունքը այստեղ արտահայտվում է իր որոշումների հանդեպ անհետևողականությամբ։ Նա մեկ նրանց մահապատժի արժանի հանցագործության մեջ է մեղադրում (Ծննդ․  42:9, 12, 14), մեկ բանտարկում է, մեկ բոլորին Եգիպտոսում թողնելով՝ առաջարկում է եղբայրներից մեկին ուղարկել Բենիամինի հետևից։ Հետո էլ ընդունում է հակառակ որոշում՝ մեկին գերի պահել, իսկ մնացածին արձակել (Ծննդ․ 42:18-20)։ Թագավորի անունով երդվելը բավականին տարածված էր Հին և Նոր Արևելքում (ներկայումս՝ պարսիկների մոտ) և այստեղից էլ, հավանաբար, անցել է Հռոմ, որտեղ էլ դրա բանաձևը «per salutem Caesarum»-ն էր։ Հերոդոտոսի համաձայն՝ այս երևույթը գոյություն է ունեցել նաև սկյութների մոտ (գիրք 4, գլ․ 68)։ Աստվածաշնչում բազմիցս հանդիպում է թագավորի արևով երդվելու սովորությունը (Ա Թագ․ 17։55,  20։3, 25։26, հմմտ․ Դ Թագ․ 2։4)։ Յոթանասնիցում՝ τη΄ την΄δγιεαν Φαραω, Վուլգաթայում՝ per salutem Pharaonis։
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) Յովսէփն ասաց նրանց. «Ահա թէ ինչպիսի փորձի պիտի ենթարկուէք. հէնց դրա համար ասացի ձեզ՝ դուք լրտեսներ էք:
(Արարատ թարգ․) Եվ Հովսեփն ասաց նրանց. «Ահա հենց այդ պատճառով ասացի, թե դուք լրտեսներ եք:
(Գրաբար) Ասէ ցնոսա Յովսէփ. Այդ իսկ է զոր ասացի, թէ լրտեսք էք: