Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 5:27

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Դուք լսել եք, թե ի՛նչ ասվեց նախնիներին. «Շնություն մի՛ գործիր»»։
   
   Այսպիսով, ինչու՞ է [Քրիստոս] մեզ հիշեցնում հին օրենքի մասին՝ մտադիր լինելով մեկ այլ օրենք ներմուծել: Որպեսզի դու, համեմատելով [երկու օրենքները], իմանաս, որ դրանց միջև հակասություն չկա, քանի որ երբ կատարվում է [երկու նյութերի] համեմատություն, այդժամ [դրանց մասին] դատողությունն ավելի պարզ է դառնում: Քանի որ ոմանք պատրաստ էին առարկելու, թե [Քրիստոսը], սա ասելով, ներմուծում է նախկին օրենքին հակառակ մի օրենք, ուստի, ահա, Նա ասում է. «Ես երկու օրենքները դնում եմ կողք կողքի. փորձիր և ճանաչիր դրանց համաձայնությունը միմյանց հետ»: Սակայն Հիսուս դա անում է ոչ միայն այդ պատճառով, այլ նաև` ցույց տալու համար, որ այս [նոր օրենքը] և՛ հեշտ է, և՛ ճիշտ ժամանակին է ներմուծվում: Այդ նպատակով Նա ասում է. «Դուք լսել եք, թե ի՛նչ ասվեց նախնիներին. «Շնություն մի՛ գործիր». այսքան ժամանակ դուք վարժվել եք այդ հին օրենքին»: Եվ ահա Հիսուս, որպես ուսուցիչ, դիմելով այն ծույլ պատանուն, որը դեռ ցանկանում է զբաղվել հին դասերով, և մտադիր լինելով այդ պատանուն տանել դեպի ավելի բարձր [ճանաչողությունը], կարծես ասում է. «Հաշվի՛ր, որքան ժամանակ ես ծախսել այդ ուսման վրա»: Այդ կերպ է անում նաև Քրիստոս. հիշեցնելու համար, որ Իր [ունկնդիրները] երկար ժամանակ վարժվել են հին օրենքին ու շատ են նվիրվել դրան, և որ արդեն ժամանակն է անցնելու ավելի բարձր մի օրենքի, Նա մատնացույց է անում այն օրենսդրությունը, որը նախկինում մի ժամանակ կիրառվել էր նրանց հայրերի կողմից: Ուստի Հիսուս ասում է. «Դուք լսել եք, թե ի՛նչ ասվեց նախնիներին. «Շնություն մի՛ գործիր»: Դա ասված էր նախնիներին, իսկ Ես ասում եմ ձեզ…»:
   Եթե Նա (Աստված) այս ամենը խոսեր նախնիների հետ, դու կարող էիր բողոքելու պատճառ ունենալ, քանի որ այն ժամանակ մեր բնությունը պակաս կատարյալ էր: Իսկ այժմ, երբ մեր բնությունն ավելի մեծ զորություն է ստացել և դարձել է ավելի կատարյալ, ուստի արդեն իսկ եկել է ավելի կատարյալ ուսուցման ժամանակը:
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

27-28. Լսել էք, թէ ինչ ասուեց. «Մի՛ շնանար». իսկ ես ձեզ ասում եմ. ամէն մարդ, որ կնոջ նայում է նրան ցանկանալու համար, արդէն շնացաւ նրա հետ իր սրտում:
   

   Լսեցիք, որ ասվեց. «Մի՛ շնացիր»: Իսկ Ես ձեզ ասում եմ, որ ամեն ոք, ով կնոջը նայում է նրա հանդեպ ցանկությամբ, իր սրտում արդեն շնացավ նրա հետ:

   Իր վարդապետության համար [Տերը նյութ] է վերցնում մեր բնածին ախտերը՝ բարկությունն ու [անմաքուր] ցանկությունը: [Նախ] խափանեց բարկությունը, որ [մեր հոգու] ցասմնական [զորության] մոլությունն է  1, և նրա մասերը՝ ընկերոջը խոսքով թշնամանելն ու ցեղակցի հանդեպ սրտում խեթ պահելը, իսկ այժմ մերժում է [անմաքուր] ցանկությունը, որը բարկությունից ուժեղ է, որովհետև անգամ լեռներում միայնացողները զերծ չեն [անմաքուր] ցանկությունից: Բայց դու տե՛ս այս խոսքի պատշաճ կազմությունը. չի ասում թե՝ «ով կնոջը նայում է, շնացավ», քանի որ անհնար է երեսը նկատելն արգելել, այլ ավելացնում է «ցանկությամբ»-ը, ինչպես որ [նախորդ պատվերում էլ արգելում էր] ոչ թե բարկանալը, այլ անհարկի՛ [բարկանալը]: Որովհետև նայելը բնական բան է, բայց տեսնվողի կերպարանքը զննելը սատանայից է և մեր չար կամքից, որպեսզի դրանով միտքն ապուշանա և այնուհետև [անմաքուր] գործի սկիզբը դնի: Եվ ինչպես որ [Տերն] ասաց. «Չեկա խափանելու Օրենքը, այլ լրացնելու», այդպես էլ, քանի որ Օրենքը շնանալն արգելում էր, բայց, թերի լինելով, խորհրդի ցանկությունը չէր զսպում, ուստի Տերը, պակասը լրացնելով, շնության աղբյուր է անվանում սրտի ցանկությունը՝ ասելով. «Իր սրտում արդեն շնացավ»: Եվ հիրավի՛. որովհետև ով ցանկությամբ է նայում կնոջը, իսկույն մտքով խառնակցում է նրա հետ, ինչպես [ասում է] մարգարեն. «Երդվեցի ես նրանց շնացող սրտին… ու պոռնկացող աչքերին» (Եզեկ. 6:9), իսկ գործը խափանվում է ժամանակի և տեղի պատճառով. եթե [հարմար] ժամանակ և տեղ լինեին, դա է՛լ անհապաղ կկատարեր: [Տերը] սրանով ցույց է տալիս, որ [շնության] ոչ միայն գործն է դատաստանի ենթակա, այլև հոժարությունը, [որն ունեցողները] զրկվում են արքայությունը ժառանգելուց իբրև շնացողներ: Գիտե՛ր այս մասին արդար Հոբը, որ ամեն օր զոհ էր մատուցում. «Գուցե որդիներս,- ասում էր,- իրենց մտքում ինչ-որ անիրավություն են գործել Աստծո դեմ» (Հոբ 1:5): Սողոմոնն էլ գրում է. «Ամբարիշտների խորհուրդները հարցուփորձի են ենթարկվելու» (Իմաստ. 1:9): Բայց թե ինչո՛ւ [Տերը] շնացողին նույնպիսի դատաստանի չի ենթարկում, ինչպիսին բարկացողինն էր, [պատճառն այն է], որ կամ հնում [բոլորին] հայտնի էր շնացողի պատիժը, կամ էլ՝ որ հետո՛ է խրատելու [անմաքուր ցանկությունը] դեն նետել, և եթե [մարդն այն իրենից] չհեռացնի, [Տերը] ցույց է տալիս, որ նա գեհենին արժանի կլինի:
   

Ստեփանոս Սյունեցի (†735)

27-28. Լսել էք, թէ ինչ ասուեց. «Մի՛ շնանար». իսկ ես ձեզ ասում եմ. ամէն մարդ, որ կնոջ նայում է նրան ցանկանալու համար, արդէն շնացաւ նրա հետ իր սրտում:
   
   «Լսել եք, թե ինչ ասվեց. «Մի՛ շնանար». իսկ ես ձեզ ասում եմ. ամեն մարդ, որ կնոջը նայում է նրան ցանկանալու համար, արդեն շնացավ նրա հետ իր սրտում»:

   Մովսիսական օրենքներում արգելքներ սահմանվեց միայն գործերի վրա, իսկ Քրիստոս՝ նաև ցանկությունների: Ապա էլ ինչո՞վ քրիստոսյան օրենքը լի և կատարյալ չէ, քան մովսիսականը: Հետևաբար, չեկավ օրենքներն ու մարգարեներին ջնջելու, այլ թերագույնը լրացնելու և կատարելու, որով ոչ միայն գործերից, այլև ցանկությունից հրամայեց հեռու մնալ: Բայց եթե մեկն ասի. «Նա, ով ցանկացավ գործերին, սակայն չկատարեց, ինչպե՞ս շնացավ իր սրտում»:

   Այս մասին ասում ենք, թե նա, ով իսկապես ցանկացավ շնանալ, սակայն ինչ-ինչ հանգամանքների բերումով, այսինքն՝ մարդկային ամոթի, անկարողության կա՛մ կնոջ անկամության պատճառով արգելվեց, ապա նա հաստատապես շնացավ, քանզի իրենից և իր մտածումից ոչինչ չպակասեց գործը մարմնապես կատարելու համար: Ուստի և Փրկչի կողմից պարզապես չասվեց, թե շնացավ, այլ թե՝ արդեն իր սրտում շնացավ:

   Բայց թերևս հիմա մեկն էլ կավելանա հարցուփորձելու համար և կասի. «Թե ցանկացավ, սակայն ինչ-որ այլ պատճառներից չէ, որ ստիպվեց չկատարել, այլ զղջալով իր մտածումներից՝ սանձահարվեց: Արդյո՞ք այդպիսիի համար պիտի ասվի՝ «իր սրտում շնացավ»:

   Այս հարցումին կպատասխանեմ այսպես, թե ցանկանալով արդեն շնությունը կատարվեց, իսկ ցանկությունը դադարեցնելով և այն զղջմամբ և ապաշխարությամբ փոխելով` ցանկության հանցանքներին թողություն տրվեց, թեպետև նրա համար, ով ցանկացավ շնություն, ասվեց, թե շնացավ [իր] սրտում: [Բայց] քանի որ կամեցածը գործով չկատարվեց, կարծում եմ, որ այն թեթևագույն շնություն է, քան մարմնական գործերի աղտեղի կատարումը»:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Լսել էք, թէ ինչ ասուեց. «Մի՛ շնանար».
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 5:17